Բանն այն է, որ Վրաստանը առանցքային նշանակություն է ստանում այն սերտ, գրեթե դաշնակցային գործակցության ֆոնին, որ ծավալում են Մոսկվան ու Թեհրանը և որի ցամաքային «կամրջի» դերը Ադրբեջանինն է:
Հակոբ Բադալյան
Սոչիից առաջ Ալիևի հապճեպ այց, որ դուրս մնաց հայաստանյան ուշադրությունից
Հայաստանում ուշադրությունից դուրս մնաց իրադարձությունը, որ արձանագրվեց նախորդ շաբաթ, բայց որն ըստ ամենայնի պարունակում է Հայաստանի համար էական նշանակության հարցեր: Խոսքը Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին է, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին և որի ընթացքում նա հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Ալիևի վրացական այցը հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանքի համատեքստում: Նա Վրաստան է այցելում վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ, և այդ այցը տեղի է ունենում այսպես ասած չբարձրաձայնված, չազդարարված, ինչը նշանակում է, որ կազմակերպվել է արագ, այսպես ասած հըթնացս անհրաժեշտությամբ: Կամ, եղել է այն մինչև վերջ չազդարարելու, չհանրայնացնելու սուր անհրաժեշտություն: Բոլոր դեպքերում, դրանք անշուշտ լրացուցիչ ինտրիգ են հաղորդում այցին:
Մյուս ինտրիգը թերևս այն է, որ Ադրբեջանի նախագահը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի հանդիպել այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն և բավարարվել է վարչապետի հետ հանդիպումով: Ավելին, կան տեղեկություններ վրացական աղբյուրներից, որ Վրաստանի նախագահը նույնիսկ տեղյակ էլ չի եղել Ադրբեջանի նախագահի այցելությունից և իրազեկվել է միայն դրանից հետո: Որրքանով է հնարավոր հավատալ այդ հանգամանքին, իհարկե հարց է, սակայն փաստ է այն, որ Ադրբեջանի նախագահը չի հանդիպել Վրաստանի նախագահին: Ալիևի վրացական այցը չի ուղեկցվել արտառոց հայտարարություններով: Նա խոսել է Վրաստանի հետ գործակցության ռազմավարական բնույթի, տնտեսական կապերի և իհարկե էներգետիկ ենթակառուցվածքների մասին, որոնք անցնում են Վրաստանի տարածքով ու Եվրոպա տեղափոխում ադրբեջանական նավթն ու գազը, որոնք այսօր Եվրոպայի համար դարձել են առավել կարևոր: Բայց հազիվ թե այդ խնդիրն է Ալիևին վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ «հապճեպ» հասցրել Թբիլիսի: Հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչը: Ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանի նախագահի Թբիլիսի այցը նախորդում է հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ Վեհաժողովին: Թվում է, թե ի՞նչ կապ ունի այդտեղ Թբիլիսին: Կամ ի՞նչ կապ կարող է ունենալ:
Բանն այն է, որ Վրաստանը առանցքային նշանակություն է ստանում այն սերտ, գրեթե դաշնակցային գործակցության ֆոնին, որ ծավալում են Մոսկվան ու Թեհրանը և որի ցամաքային «կամրջի» դերը Ադրբեջանինն է: Իսկ Սոչիի հանդիպումը, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, գործնականում «քառակողմ» ձևաչափ էր, պարզապես Իրանն այնտեղ ներկա էր ոչ անմիջապես, այլ իր ներկայությունն արձանագրեց Սոչիից ժամեր առաջ Ադրբեջանի հետ արտգործնախխարարների մակարդակով հեռախոսազրույցի և ժամեր անց՝ Հայաստանի վարչապետի հետ Թեհրանում նախագահ Ռեյիսիի հանդիպման տեսքով: Վրաստանի դերն այստեղ այն է, որ Թբիլիսիի քաղաքականությունը կարող է էական ազդեցություն թողնել ռուս-իրանական «գծի» կովկասյան ամրության կամ հեռանկարի վրա:
Ներկայումս Ադրբեջանն ունի «կամրջի» այսպես ասած «մոնոպոլ» կարգավիճակ, ինչը Ալիևի համար իհարկե մի կողմից լուրջ մարտահրավեր է, մյուս կողմից սակայն որոշակի հնարավորություն: Մարտահրավեր է այն առումով, որ Արևմուտքը բնականաբար կփորձի Ադրբեջանը դիտարկել ռուս-իրանական դաշինքի «տորպեդահարման» թիրախներից մեկը և Ալիևին ներքաշել այդ խաղի մեջ: Մյուս կողմից, Իրանն ու Մոսկվան էլ իրեն հերթին ձգտելու են նրան պահել իրենց խաղի դաշտում: Եվ այդ հանգամանքը նաև հնարավորություն է, քանի որ կարող է տալ երկու ՝ թե ռուս-իրանական, թե արևմտյան ուղղությամբ էլ առևտրի հնարավորություն: Սա շատ բարակ «կածան», նույնիսկ լար է Ալիևի համար, բայց նա կարող է զրկվել նույնիսկ դրանից, եթե Վրաստանը որոշի դիտարկել ռուս-իրանական գծին համահունչ քաղաքական վարքագծի հեռանկարներ: Իսկ հաշվի առնելով այն վարքագիծը, որ Թբիլիսին դրսևորել է ուկրաինական պատերազմի համատեքստում, ձգտելով հնարավորինս հավասարակշռված դիրքավորման, ռուս-իրանական գործակցության հանդեպ լատենտ լոյալությամբ դիրքավորումը կարող է թվալ միանգամայն հավանական: Իսկ այդ դիրքավորումը գործնականում կարող է լինել Հայաստանի հետ «կոմբինացված» մշակման հիմք, ռեգիոնալ բալանս պահելու ձգտումով, ինչը չափազանց կարևոր հանգամանք է անվտանգության առումով խոցելի թե Հայաստանի թե Վրաստանի համար: Ալիևի թբիլիսյան այցը թերևս պայմանավորված էր այդ «բալանսավորման» հեռանկարները թուլացնելու մղումով, ինչը կարող էր լրացուցիչ ծանրություն լինել Սոչիում նրա նժարի համար: Սակայն, դատելով թբիլիսյան այցի հայտարարությունների բնույթից, այդ հարցում նրա մոտ կարծես թե չի ստացվել ոչինչ: Դրա մասին է վկայում և Բաքվի նյարդային արձագանքը հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպմանը: Ըստ ամենայնի, պետք է թերևս խորհել շատ մոտ ապագայում հայ-վրացական համանման շփման մասին:
Հոդվածը՝ 1in.am կայքից: