ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ո՞վ Է Հայը

Մաս I

Ո՞րն է հայոց հայրենիքը: Ընդամենը 150 տարի առաջ մենք երեք Հայաստան գիտեինք՝ Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Պարսկական Հայաստան: Մենք գիտեինք մի քանի տեսակ հայ՝ ռուսահայ, թուրքահայ, պարսկահայ ու դրան ավելացել են ամերիկահայերը, ֆրանսահայերը, հնդկահայերը ու Աստված գիտե, թե էլ «ինչահայերը»: Ո՞վ է նրանցից իսկական հայը: Ի՞նչ է միավորում նրանց բոլորին:

Արայիկ Մկրտումյան

2020թ. պատերազմը ոչ միայն աղետալից եղավ մեզ բոլորիս համար, այլև ինչ որ չափով խթան հանդիսացավ, որ հայ հասարակության ինչ որ մասը սկսի ինքն իրեն, իր նպատակները, ծրագրերն ու երազանքները հասկանալ, արժեվորել, գնահատել: Ու այստեղ գերակշիռ դեր սկսեց տանել արդեն ծեծված արտահայություն, որը մոտավորապես հնչում է այսպես. «պահպանել ազգայինը, պահպանել հայի տեսակը, ավանդականը» և այլն:

Թեթև մակարդակում թվում է, թե առանձապես բարդ բան չկա: Իսկապես: Պետք է պահպանել մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր ազգային արժեքները: Ո՞վ չգիտի, թե որն է հայոց ավանդական մշակույթը, հայոց մշակույթը, հայի տեսակ ասվածը:

Իսկ ո՞վ գիտե:

Նախքան այդ, մի փոքր դիտարկում: Ի՞նչ ենք պատկերացնում ու ի՞նչ ենք հասկանում երբ ասում ենք անգլիացի, բրազիլացի, ճապոնացի, ֆրանսիացի, անգլիացի, ռուս և այլն: Օրինակ երբ ասում ենք անգլիացի, մեր պատկերացումներում միանգամից ուրվագծվում է անձրև, թեյ, ֆուտբոլ, Չերչիլ, դիվանագիտություն, ջենթլմեն, սըր և այլ երևույթները: Գերմանացի ասելով առաջինը, որ մեր մտքում գալիս է, հասկանում ենք ճշտապահություն, կարգ ու կանոն, Մերսեդես, երշիկ, գարեջուր և այլն: Եվ այսպես շատ շատ ազգությունների հետ կապված, երբ տալիս ենք որևէ ազգության անուն, քիչ թե շատ ինչ որ պատկերացումներ ունենք:

Եվ հիմա ասացեք խնդրեմ, թե ինչ են պատկերացնում անգլիացին, ֆրանսիացին և մյուսերը, երբ ասում են հայ: Հաշվի առեք, որ շարքային գերմանացին հայերի մասին շատ ավելի քիչ գիտե, քան շարքային հայը՝ գերմանացու մասին:

Ամենաշատը, որ շարքային եվրոպացին կարող է իմանալ հայերի մասին և փորձել ինչ որ երևույթների հետ նույնականացում անել՝ լեզուն է, եկեղեցին(որը նույնացվում է քրիստոնեության հետ), ցեղասպանությունը, Արցախի կոնֆլիկտը: Մի քիչ ավելի հետաքրքրվածները գուցե հիշեն մի քանի հայտնի անուն, ինչպես օրինակ Շառլ Ազնավուր, Քիմ Քարդաշյան, Sistem of a Down և այլն: Խոշոր հաշվով այսքանը:

Իսկ ի՞նչ գիտեք մենք մեր մասին: Իրականում շատ քիչ բան: Շատ շատ քիչ: Կանգնեցրեք այսօր փողոցում միջին կարգի քաղաքացու և խնդրեք, որ նա նկարագրի հայ ազգային ինքնությունը, հայի տեսակը, հայ մշակութային ինքնությունը և այլն: Առավելագույնը, որ նա կասի, գրեթե նույնն է, ինչ և եվրոպացին, կապված առաջին քրիստոնյան լինելու հետ կապված և այլն: Իհարկե նրանք չգիտեն, որ առաջին քրիստոնյաները ոչ թե հայերն են այլ հրեաները, քանի որ այնտեղից է տարածվել քրիստոնեություն և հայերը առաջին քրիստոնյա ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ են, ոչ թե ԱԶԳԸ, թեև դրա հետ կապված վիճաբանություններ էլ կան, բայց ինչևէ:

Քաղաքացին նաև կասի հայ ավանդական ընտանիքի, հայ տղամարդու ու կնոջ կերպարի ու դերի հետ կապված, ցեղասպանության ու էլի մի քանի երևույթի մասին:

Նա ըստ էության մեր մասին գիտե մոտավորապես այնքան, ինչքան և հայերով հետաքրքրված այլազգին: Գուցե մի փոքր ավելի շատ, բայց ոչ ավելի շատ:

Որովհետև կան հարցեր, որոնց ոչ ոք չի ուզում պատասխանել: Երբ ասում են հայ ավանդական ընտանիք, ապա ի՞նչ չափանիշներով են որոշում այդ ավանդական ընտանիքը: Ո՞ր տարածաշրջանի ու ժամանակաշրջանի ընտանիքի մոդելն է համարվում հենց այն հայկական ավանդականը, որի պաշտպանության մասին մենք խոսում ենք: Արդյո՞ք խոսքը գնում է 1800-ականների արևելյան Հայաստանի գյուղական միջավայրի մեծ գերդաստանային ընտանիքի մասին, թե խորհրդային շրջանի եռասերունդ ընտանիքի մասին, կամ արևմտյան Հայաստանում մ.թ.ա. 5-րդ դարում գետնափոր տնակներում ապրող ընտանիքի, կամ ներկայիս ԱՄՆ-ում ապրող մեկ երեխա ունեցող զույգի մասին, կամ Պարսկաստանում նախորդ դարի կեսերին ապրող հայ ընտանիքի մասին:

Ո՞վ է հայը: Ի՞նչ գիտե հայի մասին հայը և ինչ է մտածում հայի ու Հայաստանի մասին հայը:

Ո՞րն է հայոց հայրենիքը: Ընդամենը 150 տարի առաջ մենք երեք Հայաստան գիտեինք՝ Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Պարսկական Հայաստան: Մենք գիտեինք մի քանի տեսակ հայ՝ ռուսահայ, թուրքահայ, պարսկահայ ու դրան ավելացել են ամերիկահայերը, ֆրանսահայերը, հնդկահայերը ու Աստված գիտե, թե էլ «ինչահայերը»: Ո՞վ է նրանցից իսկական հայը:

Մեր ինքնության սյուներից է հայոց լեզո՞ւն: Շատ լավ, իսկ արևելահայերե՞նը, թե արմտահայերենը:

Իսկական հայը որտեղի՞ց է: «Լեննագանից»,- պատասխանում է գյումրեցին ու նման կերպ տրամադրված են նաև ՀՀ մյուս մարզերի ու քաղաքների բնակիչներից շատերը:

Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում: Երբ ասում ենք հայ ավանդական հագուստ, ապա ո՞ր ժամանակաշրջանի ու ո՞ր տարածաշրջանի հագուստն ենք համարում հենց բուն հայկական, մաքուր ազգայինը, որի հիմքի վրա էլ մենք ասում ենք այդ բառերը: Տարազի տասնյակ մոդելներ կան ու ամեն մեկը ձևավորվել է մյուսից անկախ ազդեցություններով:

Նույնիսկ ուտելիքը և այսպես տասնյակ հարցեր, որին ոչ ոք չի ուզում պատասխանել, քանի որ այդ հարցերը շատ բարդ են ու խրթին: Շատերը նախընտրում են գոհանալ անորոշ ձևակերպումներով ու վերջ:

Օրինակ 1918թ. արևմտահայերը չէին ընդունում 1918թ. հռչակված Հայաստանի Հանրապետությունը: Նրանք գտնում էին, որ հայոց իրական պետությունը պիտի լինի արևմտյան Հայաստանում և Առաջին Հանրապետությանն ուղղակի անվանում էին Արարատյան Հանրապետություն: Նույնիսկ 1919թ. հունվարից հետո էլ, երբ ՀՀ-ն միջազգային ճանաչում ստացավ Ազգերի Լիգայի կողմից, արևմտահայերը համառորեն չէին ուզում ճանաչել ՀՀ-ը որպես հայոց պետություն և միայն մի քանի ամիս հետո հատուկ համագումարով ճանաչեցին: Նույնիսկ թուրքը ճանաչում էր ՀՀ-ը որպես պետություն, իսկ հայերի մի մասը՝ ոչ:

Ի՞նչ միասնության մասին է գնում խոսքը, երբ մենք չորս կրոնական առաջնորդ ունենք, որոնցից ամեն մեկը խեթ է նայում մյուսին և համարում, որ ինքն է ամենալավը:

Այո՛, Առաքելական եկեղեցին վաղուց դարձել է մեր ազգային ինքնության ցուցիչներից մեկը, բայց այն չպետք է դառնա գլխավորը, որովհետև այդ դեպքում մենք կդառնանք կրոնական ազգ, իսկ կրոնական ազգերը ապրում ենք դոգմաներով և երբեք պատրաստ չեն լայնախոհության:

Մեր ինքնության ցուցիչներից է դառել նաև ցեղասպանությունը: Իսկ դա ողբալի է: Ցեղասպանությունը և թուրքերի հանդեպ մեր իրավացի պահանջատիրությունը պետք է լինի ազգային նպատակներից մեկը, բայց ոչ երբեք ազգային ինքնության գլխավոր ցուցիչ:

Եվ հիմա երբ ասում ենք, որ պետք է պահպանել ազգային արժեքները, մենք երբեք հստակ չենք նշում, թե որոնք են դրանք, մենք կիսատ-պռատ ծամծմում ենք որոշ բառեր ու վերջ: Հիմա իհարկե գերիշխող է ռուսական ազդեցությամբ ձևավորված արևելյան Հայաստանի մասին հիշողությունները:

Երբ ասում ենք, որ պետք է համախմբվենք պետության շուրջը, ապա գոնե պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ տեսակի պետության մասին է խոսքը գնում: Ո՞րն է պետության հայ ազգի ազգային մոդելը: Օրինակ անգլիացիները մոնարխիստներ են, ֆրանսիացիները՝ համոզված հանրապետականներ, գերմանացիները սիրում են ինքնակառավարվող դաշնային ձևը, իսկ որն է հայկական մոդելը: Մենք հանրապետություն ենք ուզում, թե միապետություն, եթե հանրապետություն, ապա ի՞նչ ձևի, եթե միապետություն, ապա սահմանադրական, թե բացարձակ, եթե դաշնություն, ապա հենց դաշնություն, թե համադաշնություն: Ո՞րն է մեզ հարազատ, ո՞րն է մերը:

Պատասխան չկա: Եթե աշխարհում մոդա լիներ և ավելի շատ կիրառվեր ոչ թե հանրապետական այլ միապետական ռեժիմը, ամենայն հավանականության մենք կհետևեինք մոդային ու կունենայինք սահմանադրական միապետություն ու վստահ կլինեինք, որ այդ է ճշմարիտը, ինչքան, որ հավատացած ենք, որ ժողովրադավար հանրապետությունն է ճիշտը:

Իսկ գուցե մենք չենք կարողանում մեր ազգային արժեքները պահպանել զուտ այն պատճառով, որ չգիտենք, թե որոնք են դրանք: Որովհետև մենք այնքան ենք տարվել դրսի ազդեցությամբ, որ շատ ժամանակ հնարավոր էլ չի լինում հասկանալ, թե որևէ սովորույթ երբ և ինչպես ենք ձեռք բերել: Մերը չենք պահպանում, ուրիշներից չենք սովորում:

Ու ի վերջո մենք ընդհանրապես ի՞նչ գիտենք մեր մասին:

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *