ՄԵՐ ՈՒՂԻՆ

Առասպելից Իրականություն

Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատներում:

Սիմոն Վրացյան

Քաղաքագիտության մեջ բավական տարածված եզրույթ կա, կոչվում է «ռեալ պոլիտիկ», որը կարելի է բացատրել որպես «իրականությունից բխող կամ իրականության քաղաքականություն»:
Դրա իմաստն այն է, որ քաղաքականությունը տարվի առավելագույնս հավասարակշիռ սկզբունքով, հաշվի առնվեն բոլոր նրբությունները ու որ ամենակարևորն է, նպատակներն ու ձգտումները համապատասխանեն կարողություններին: Սա իհարկե չի նշանակում, որ թույլերը չպետք է մեծ երազանքներ ունենան, ո՛չ, երազանքները պիտի մեծ և անսահման լինեն, բայց հենց այդտեղ է գալիս երազանքի ու նպատակի տարբերությունը, իրականի ու անիրականի միջև եղած սահմանաչափը:
Որքան էլ, որ զարմանալի է, բայց ռացիոնալ թվացող քաղաքական ասպարեզը լի է ամենից ոչ ռացիոնալ ու երբեմն էլ բացահայտ «տաք» ու էմոցիոնալ իրադարձություններով, երբ փոխանակ տասն անգամ չափել մեկ անգամ կտրելու, միանգամից կտրում են, հետո հազարապատիկ զղջում:
Ընդհանրապես ռացիոնալիզմը, չնայած իր տեսական, աստվածաբանական, գոյաբանական սկզբունքային մոտեցումների մեջ եղած տարբերությունների ու մոտեցումների, հստակորեն ձևակերպում է ամենայնի՝ բանականությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը և մանավանդ երկրի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, այստեղ ոչ թե ցանկալի, այլ պարտադիր է լինել ռացիոնալ, ինչքան էլ, որ այդ բարդ լինի: Երկրի իշխանությունն իրավունք չունի լինի էմոցիաներով լի: Էմոցիոնալ քաղաքականությունն ընդունելի է միայն մի դեպքում, երբ այն ընդամենը դերասանություն է հակառակորդին մոլորեցնելու համար:
Իրական ղեկավարությունը չոր, սառը հաշվարկ է:

Ռացիոնալ ղեկավարման հետևանքով կարելի է քաղել առավելագույնը կամ՝ նվազագույն վնասներով դուրս գալ այնտեղից, ուր էմոցիան կարող է հավիտենական վազք պարտադրել և ուժասպառ անել:

Վերը թվարկվածին է վերաբերում ՝ Առաջին Հանրապետության նորընտիր վարչապետ Սիմոն Վրացյանի ներքոհիշյալ զեկույցը ՀՅԴ խորհրդի նիստում, Սուրմալուի գավառի, Կարսի մարզի և Ալեքսանդրապոլի կորստից հետո. նոյեմբեր, 1920 թ.

Մեր Ուղին

Մենք մեծամեծ վնասներ ենք կրել՝ անվերջ կռիվների բեմ դարձնելով մեր երկիրը և միշտ ընդհարվելով մեր հարևանների հետ:

Մեր փորձը պետք է մեզ բերի այն համոզման, որ մենք պետք է ամփոփվենք մեր ուժերի շրջանում և դուրս չգանք որոնելու նոր ազդեցության շրջանակներ, որոնք մեզ համար կարող են լինել նույնքան աղետաբեր, որքան և մինչև այժմ եղածը, որովհետև արտաքին ուժերը միշտ և ամենից առաջ իրենց շահերը նկատի ունեն, նրանք ամեն ժամանակ աշխատում են առնել և ոչ թե՝ տալ: Մենք պետք է ունենանք մեր սեփական կողմնորոշումը, մեր քաղաքական ծրագրերը կազմելիս աչքի առաջ ունենանք մեր սեփական ուժերը, մեր սեփական ռեալ արժևորումները, իհարկե, հարմարվելով ընդհանուր պայմաններին:

Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատներում: Մեզ հարկավոր է մի շշմեցուցիչ հարված, որ մենք զգաստանանք և այդ հարվածը արդեն հասել է մեզ: Այժմ զգաստանալու ժամանակն է: Սակայն այդ զգաստացումն էլ չպետք է չափազանց ծայրահեղության հասնի, մի բան, որը դժբախտաբար մեր ժողովրդին հատուկ է:

Եթե Կիլիկիայից մինչև Շուշին շատ շատ էր մեր համեստ ուժերի համար, եթե այդ սահմանների համար մենք շատ քիչ էինք, ապա և Նոր Բայազետի և Երևանի շրջանների մասերից կազմված մի փոքրիկ Հայաստանի համար շատ շատ ենք: Եվ այժմ, քննադատելով մեր անցյալ գործելակերպը, չպետք է ընկնենք չափազանցությունների մեջ և մեր ձգտումները հարմարեցնենք մեր ուժերին:

Մեր օրվա քաղաքականությունը ղեկավարողներից պահանջվում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտություններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը՝ նվիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար:

Եվ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք մի ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովուրդների հետ:

Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ լեզուն գտնել և կնքել անհրաժեշտ հաշտությունը:

Բայց եթե պատահի, որ մեր հարևանը չհասկանա մեր և իր ընդհանուր շահերը և արբեցած իր պատահական հաղթություններից, կամենա ոտնակոխ անել մեր անկախությունն ու մեր ժողովրդի գոյությունը, այն ժամանակ մենք ուժ և վճռականություն կունենանք պաշտպանելու և օրհասական կռիվ մղելու մեր անկախությունն ու մեր ժողովրդի գոյությունը պահպանելու համար:

Եվ ես հավատացած եմ, որ այդպիսի րոպեին մեր ժողովուրդը սթափված կկարողանա պատվով դուրս գալ ծանր ճգնաժամից:

Այդպիսի րոպեին, ես հավատում եմ, մենք չենք մնա մենակ։

Սիմոն Վրացյան


    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *