22.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Նոյեմբե­րի վերջին Հայաստա­նի կառա­վա­րությունը Մդի­վա­նիից պահանջել էր հստակ ու վերջնա­կան պատասխան տալ, թե սահմա­նա­յին հարցում ինչ դիրքո­րո­շում ունի Վրաստա­նի կառա­վա­րությունը։

Ստո­րեւ ներկա­յացվող Դրաստա­մատ Կանա­յա­նի հաղորդագրությա­նը նախորդել էր Օձունի (Ուզունլար) բնա­կիչնե­րի ապստամբությունը վրա­ցա­կան զորքե­րի դեմ. բռնություննե­րից ու ձերբա­կա­լություննե­րից վրդովված գյուղա­ցի­նե­րը զենք էին վերցրել։ Սկսվել էր հայ-վրա­ցա­կան պատե­րազմը։

«Ուզունլարցի­ներն ահա երկու օր է, որ գտնվում են վրա­ցա­կան զորքի թնդա­նո­թա­յին եւ գնդա­ցի­րա­յին կրա­կի տակ: Լոռու շրջա­նի հյուսի­սա­յին մասի հայ գյուղե­րը ենթարկվում են թալա­նի ու կողո­պուտի, նույն զորքե­րի կողմից: Ազգաբնա­կությունը օգնություն է խնդրում. դրությունը ծայր աստի­ճան հուսա­հա­տա­կան է: Հայտնում եմ, որ եթե վրա­ցա­կան զորա­մա­սե­րը շարունա­կեն տանջել հայ ժողովրդին, այլեւս չեմ կարող լռել: Խնդրում եմ Հայաստա­նի կառա­վա­րությա­նը ձեռք առնել կտրուկ միջոցներ: Սպա­սում եմ շուտա­փույթ պատասխա­նի: Դրո»:

Ախալքա­լա­քի եւ Բորչա­լուի գավա­ռի հայաբնակ շրջաննե­րի համար վեճը ոչ մի կերպ չէր հանգուցա­լուծվում. վրա­ցի­նե­րը, չնա­յած նախկի­նում արված բազմա­թիվ հավաստիա­ցումնե­րին, գտնում էին, որ այդ շրջաններն իրենցն են։ Հոկտեմբե­րի առա­ջին զինված բախումից եւ Անդրկովկասյան խորհրդա­ժո­ղո­վի ձախո­ղումից հետո Վրաստա­նի ներկա­յա­ցուցիչ Մդի­վա­նին շաբաթներ շարունակ բանակցում էր Հայաստա­նի կառա­վա­րության հետ։

Հայկա­կան կողմը պնդում էր, որ երկու երկրնե­րի սահմաննե­րը պետք է որոշվեն էթնիկ սկզբունքով, այսինքն՝ այն բնա­կա­վայրե­րը, որտեղ հայե­րը բացարձակ մեծա­մասնություն էին, պետք է լինեին Հայաստա­նի կազմում։ Վրա­ցի­նե­րին այս տարբե­րա­կը ձեռնտու չէր, եւ նրանք առաջնորդվում էին Ցարա­կան Ռուսաստա­նի վարչա­կան բաժանման սկզբունքով։

Հայկա­կան գյուղե­րում բռնության դեպքեր եղել էին 1918թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսնե­րին Օձունում, Շուլա­վե­րում, Ախալքա­լա­քում եւ այլուր, ինչի առի­թով հայ պաշտոնյա­նե­րը բազմիցս բողո­քել էին Վրաստա­նի իշխա­նություննե­րին։ Նոյեմբե­րին Արշակ Ջամալյա­նը դիմել էր Վրաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Գեգեչկո­րիին՝ նախազգուշացնե­լով, որ վրա­ցա­կան կողմի գործո­ղություննե­րը կարող են անցանկա­լի հետեւանքնե­րի հանգեցնել։

«Շուլա­վե­րին ներկա պահին շրջա­պատված է զինվո­րա­կան ջոկա­տով, որը ռմբա­կոծման սպառնա­լի­քի տակ պահանջում է անհա­պաղ իրեն հանձնել երկու հազար հրա­ցան, վեց գնդա­ցիր, երեք հազար ռումբ եւ վեց հարյուր ատրճա­նակ… Բնակչությունը, հնա­րա­վո­րություն չունե­նա­լով կատա­րե­լու այդ պահանջը, խուճա­պա­հար սպա­սում է ռմբա­կոծման: Ես ավե­լորդ եմ համա­րում մատնանշել, թե ինչպի­սի տխուր հետեւանքներ կարող է ունե­նալ Բորչա­լուի հայկա­կան բնակչության նկատմամբ վրա­ցա­կան իշխա­նություննե­րի թշնա­մա­կան վերա­բերմունքը… հատկա­պես նկա­տի ունե­նա­լով մոտա­կայքում տեղա­բաշխված հայկա­կան զորա­մա­սե­րին, որոնք նույնիսկ առանց Հայաստա­նի կառա­վա­րության կամքի կարող են ներգրավվել անցանկա­լի բախման մեջ»,- գրում էր Ջամալյա­նը (Վանիկ Վիրաբյան, Հայ-վրա­ցա­կան ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րություննե­րը 1918–21թթ., Երեւան 2016թ.):

Բանակցություննե­րի ձախո­ղումը

Նոյեմբե­րի վերջին Հայաստա­նի կառա­վա­րությունը Մդի­վա­նիից պահանջել էր հստակ ու վերջնա­կան պատասխան տալ, թե սահմա­նա­յին հարցում ինչ դիրքո­րո­շում ունի Վրաստա­նի կառա­վա­րությունը։ 1918թ. դեկտեմբե­րի սկզբին Մդի­վա­նին հայտնում է, որ Ախալքա­լա­քը եւ Բորչա­լուն ամբողջությամբ պետք է անցնեն Վրաստա­նին, քանի որ ունեն տնտե­սա­կան եւ ռազմա­կան նշա­նա­կություն, եւ «Վրաստա­նում չկա մեկ մարդ, որը համա­ձայնի Ախալքա­լա­քի գավա­ռը զիջել հայե­րին»։

«Զանգ», 5 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 76

«Ախալքա­լա­քը, իհարկե, Հայաստա­նի անբա­ժան մասն է: Այսօր հայկա­կան Ախալքա­լա­քը կամե­նում են գրա­վել Վրաստա­նի ղեկա­վարնե­րը: …Նույնիսկ տաճիկնե­րի եւ նրանց մեջ համա­ձայնություն էլ է գոյա­ցել, որ տաճիկ զորքե­րը հեռա­նա­լիս Ախալքա­լա­քը հանձնեն վրա­ցի­նե­րին, եւ գենե­րալ Մակաեւի զորա­մա­սը պատրաստ կանգնած է Բակուրիա­նիում, որ առաջ շարժվի: Պարզ է, որ Վրաստա­նի այս ագրե­սիվ եւ անարդար քայլը պետք է հանդի­պի Հայաստա­նի կառա­վա­րության եւ բովանդակ ժողովրդի կողմից բուռն դիմադրության… Թող մտա­ծե վրաց սոցիալ-դեմոկրա­տիան, որ իր դրո­շի վրա գրել է «ազգե­րի ինքնո­րո­շում» նշա­նա­բա­նը, իսկ իրա­կա­նի մեջ խեղդում է ազգե­րի իրա­վունքը եւ պատրաստվում է «երկա­թով եւ արյունով» նվա­ճե­լու հայաբնակ, Հայաստա­նի մասը կազմող եւ Վրաստա­նի հետ միա­նալ չուզող Ախալքա­լա­քը»:

«Թելադրված է տեղի բնակչության շահե­րով»

Հայաստա­նի կառա­վա­րությունը դեկտեմբե­րի սկզբին քննարկում է ստեղծված իրադրությունը եւ որո­շում ձեռնպահ մնալ Ախալքա­լաք զորք մտցնե­լուց։ Չնա­յած ձեռնարկված դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րին՝ 1918թ. դեկտեմբե­րի 5‑ին վրա­ցա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րը գենե­րալ Աբել Մակաեւի (Մակաշվի­լի) հրա­մա­նա­տա­րությամբ մտնում են Ախալքա­լաք, եւ Մակաեւը նշա­նակվում է նահանգա­պետ։

Օձունում

Նույն օրե­րին Օձունում հանդի­պե­լով հայ բնակչության համառ դիմադրությա­նը՝ վրա­ցա­կան զորքե­րը սկսում են հրե­տա­կո­ծել գյուղը։ Դեկտեմբե­րի 9‑ին ծավալված մարտե­րի ժամա­նակ գյուղի վրա­ցա­կան կայա­զո­րը զինա­թափվում է եւ գերե­վարվում։ Օգնության եկած գենե­րալ Ծուլուկի­ձեի 400 հեծյա­լը եւ մեկ զրա­հագնացք Սանա­հի­նից հաջո­ղություն չեն արձա­նագրում, եւ վրա­ցի­նե­րը կորուստներ կրե­լով նահանջում են։ Շուտով Ալա­վերդի է հասնում հայկա­կան 4‑րդ հետեւա­կա­յին գունդը, որը գնդա­կո­ծում է Սանա­հի­նը, իսկ վրա­ցա­կան զրա­հագնացքը երկա­թուղա­յին գծե­րի վնասվե­լու պատճա­ռով մնում է Սանա­հի­նի եւ Ալա­վերդու միջեւ։ Ծուլուկի­ձեն երկրորդ զրա­հագնացքն է պահանջում։

«Հայե­րը մեծ քարեր էին նետում կայա­րա­նի վրա եւ առաջ բերե­ցին ռազմամթերքով բեռնված երեք թուրքա­կան վագոննե­րի պայթյունը»

Վրա­ցի գենե­րա­լը նույն օրը հեռագրում էր. «Զրա­հա­պա­տից պատասխա­նե­ցինք հրե­տա­նա­յին եւ գնդացրա­յին կրա­կով: Մեր հետեւա­կը չկա­րո­ղա­ցավ սարը բարձրա­նալ եւ նահանջեց, թողնե­լով մեկ գնդա­ցիր… Մեր հետեւա­կը խիստ տուժեց, հայե­րը մեծ քարեր էին նետում կայա­րա­նի վրա եւ առաջ բերե­ցին ռազմամթերքով բեռնված երեք թուրքա­կան վագոննե­րի պայթյունը: Անհրա­ժեշտ է, որ Սանա­հին եւ Այրում կայա­րաննե­րի միջեւ անընդմեջ տեղա­շարժվի զրա­հագնացք»։

Դեկտեմբե­րի 9‑ին Հայաստա­նի կառա­վա­րության նիստում վարչա­պետ Քաջազնունին անդրա­դառնում է Բորչա­լուի դեպքե­րին եւ հանձնա­րա­րում արտա­քին գործե­րի նախա­րա­րին կապվել Վրաստա­նի կառա­վա­րության հետ եւ «խստիվ բողո­քել վրաց զորքե­րի վայրա­գություննե­րի դեմ մի շրջա­նում, որը պատկա­նում է Հայաստա­նին եւ ապօ­րի­նի կերպով բռնված է վրաց զորքե­րով»։

Դեկտեմբե­րի 10-ին Սանա­հին են հասնում Ավե­տիս Ահա­րոնյա­նը, Միքա­յել Պապա­ջանյա­նը, որոնք Փարիզ մեկնող հայկա­կան պատվի­րա­կությանկազմում էին։ Նրանց հետ էր նաեւ Մդի­վա­նին։ Սանա­հի­նում երկաթգի­ծը քանդված էր։ Մդի­վա­նին հանդի­պում է Դրո­յի հետ, ապա հեռագրում արտա­քին գործե­րի նախա­րար Տիգրանյա­նին՝ առա­ջարկե­լով հայ-վրա­ցա­կան խառը հանձնա­ժո­ղով ստեղծել հայ բնակչությա­նը հանգստացնե­լու համար։ Տիգրանյանն ի պատասխան ասում է, որ ինքը չի կարող ստի­պել Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին՝ օտար իշխա­նության ենթարկվել։

Դեկտեմբե­րի 10-ին եւ 11-ին բանակցություննե­րը շարունակվում են, սակայն որեւէ արդյունք չի արձա­նագրվում։ Նույն օրե­րին վրա­ցի­նե­րը ստա­նում են լրա­ցուցիչ ուժեր եւ դեկտեմբե­րի 12-ին կարո­ղա­նում են տիրել Ալա­վերդու մոտա­կա բարձունքնե­րին։

Դեկտեմբե­րի 12-ին Դրոն հեռագրում է, որ վրա­ցի­նե­րը հարձակվել են նաեւ Ախալքա­լա­քի ուղղությամբ, ինչի պատճա­ռով հայկա­կան ուժե­րը նահանջել են նախ Բոգդա­նովկա­յից, ապա՝ Գորե­լովկա գյուղե­րից։ Նույն օրը վարչա­պետ Քաջազնունին պատե­րազմի ընդլայնումը կանխե­լու եւս մեկ փորձ է անում՝ հեռա­գիր ուղարկե­լով Վրաստա­նի կառա­վա­րության նախա­գա­հին.

«Վրաստա­նի կողմից բռնությամբ գրավված Բորչա­լուի գավա­ռի հայկա­կան մասում վրաց զորքե­րի կատա­րած գործառնություննե­րը մի կացություն են ստեղծել շրջա­նում, որն այլեւս տանե­լի չէ: Միայն անհա­պաղ հետ քաշե­լով այդ շրջա­նից վրաց զորքե­րը կարե­լի կլի­ներ արյունա­հե­ղությունը շարունա­կե­լու առաջն առնել եւ հաստատ բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ ամրապնդել Վրաստա­նի եւ Հայաստա­նի միջեւ: Այս պատճա­ռով Հայաստա­նի կառա­վա­րությունը պատիվ ունի առա­ջարկե­լու Վրաստա­նի կառա­վա­րությա­նը դուրս հանել առանց որեւէ հապաղման վրաց զորքե­րը Բորչա­լուի գավա­ռի հայկա­կան մասից: Ձեր կողմից մերժե­լու կամ ձգձգե­լու դեպքում Հայաստա­նի կառա­վա­րությունը հարկադրված կլի­նի անհրա­ժեշտ միջոցներ ձեռք առնել Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին վրաց զորքի բռնություննե­րից ու անկարգություննե­րից ազա­տե­լու համար»:

Դեկտեմբե­րի 13-ին Մդի­վա­նին հեռագրում է Ֆրանսիա­յի ռազմա­կան կցորդ Անտոն Պուա­դե­բա­րին եւ հայտնում, որ Քաջազնունու պահանջը Վրաստա­նի ներքին գործե­րին միջամտե­լու փորձ է։ Մդի­վա­նին խնդրում էր ճնշում գործադրել Հայաստա­նի կառա­վա­րության վրա, որպեսզի վերջինս հրա­ժարվի Բորչա­լու գավա­ռի հայաբնակ գյուղե­րից։

Հաղթե­լու վճռա­կա­նությունը

Տեսնե­լով, որ բանակցություննե­րով արդյունքի հասնել չի հաջողվում, Հայաստա­նի կառա­վա­րությունը հանձնա­րա­րում է Դրո­յին վրա­ցա­կան զորքե­րից ազա­տել Լոռին։ Ըստ Սիմոն Վրացյա­նի՝ hայկա­կան զորքե­րի ընդհա­նուր թիվը շուրջ 6 հազար էր, 16–20 թնդա­նոթ եւ շուրջ երկու հազար աշխարհա­զո­րա­յին։

«Պարե­նա­վորման, սարքա­վորման, հագուստի ու մատա­կա­րարման տեսա­կե­տից հայկա­կան զորա­մա­սե­րը աննա­խանձե­լի վիճակ էին ներկա­յացնում։ Օր-կուշտ, օր-սոված, ցնցո­տի­ներ հագին, բայց, գուցե, հենց այդ պատճա­ռով, հաղթե­լու վճռա­կա­նությամբ լի՝ հայ զինվո­րը կռվի դաշտ նետվեց արտա­կարգ աշխույժով»,- գրում է Վրացյա­նը։

Դեկտեմբե­րի 13–16‑ը հայկա­կան ուժե­րը ազա­տագրում են Վորոնցովկան, Պրի­վոլնո­յեն, Ալա­վե­րին եւ հարձակման անցնում Բոլնիս-Խաչեն-Եկա­տե­րինֆելդ ուղղությամբ։ Նույն օրը գնդա­պետ Կորոլկո­վի ստո­րա­բա­ժա­նումնե­րը մտնում են Այրում կայա­րան։

Աջակցել ֆրոնտին ամեն բանով

1918թ. դեկտեմբե­րի երկրորդ կեսին Հայաստա­նի իշխա­նություննե­րը դիմում են բնակչությա­նը՝ խնդրե­լով բանա­կին հանձնել Լեբել հրա­ցաններ, Մոսի­նի եւ այլ փամփուշտներ, ինչպես նաեւ զինվո­րագրվել հայրե­նի­քի պաշտպա­նությա­նը։ Մամուլը ծավա­լուն քարոզչություն է իրա­կա­նացնում՝ նշե­լով, որ բանակն ունի թիկունքի աջակցության կարի­քը։

«Զանգ», 25 դեկտեմբե­րի, 1918թ., թիվ 84

«Մեր զորքը ահա­գին գործ է կատա­րում ֆրոնտում, իսկ ի՞նչ է անում թիկունքը. կատարո՞ւմ է արդյոք նա իր պարտա­կա­նությունը:

Ֆրոնտը թիկունքից պահանջներ ունի: Անհրա­ժեշտ է անմի­ջա­պես հասցնել օգնա­կան մասեր: Հայ երի­տա­սարդությունը պարտա­վոր է շտա­պել դեպի զորա­նոց, եթե նրա համար թանկ է Հայաստա­նի պետության պատիվն ու անվտանգությունը:
Ֆրոնտի պահանջը չպետք է անարձա­գանք թողնել: Ֆրոնտին պետք է աջակցել ամեն բանով: Ֆրոնտի հաջո­ղությունից է կախված Հայաստա­նի Հանրա­պե­տության ապա­հո­վությունն ու բարգա­վա­ճումը»:

Պատե­րազմի ավարտը

Դեկտեմբե­րի 22-ին հայկա­կան ուժե­րը գրա­վում են Սադախլոն, իսկ մեկ օր անց՝ Շուլա­վե­րը։ Երկու օր անց վրա­ցա­կան նոր ուժե­րը՝ մոտ 1500 զինվոր ու սպա, գրո­հում են Շուլա­վե­րի ուղղությամբ, սակայն հաջո­ղության չեն հասնում։ Մինչեւ դեկտեմբե­րի վերջը ծանր մարտեր էին ընթա­նում՝ կողմե­րին զգա­լի կորուստներ պատճա­ռե­լով։

Հայաստա­նի եւ Վրաստա­նի միջեւ պատե­րազմն ավարտվում է 1918թ. դեկտեմբե­րի 31-ին՝ անգլիա­կան եւ ֆրանսիա­կան զինվո­րա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի գործուն միջամտությունից հետո։ Որոշվում է, որ հակա­մարտությունը կարգա­վո­րե­լու համար ստեղծվե­լու է խառը հանձնա­ժո­ղով, իսկ մինչ այդ հայկա­կան ուժե­րը պետք է հետ քաշեին զորքը մինչեւ Դսեղ-Ստե­փա­նա­վան գիծը։ Հայկա­կան եւ վրա­ցա­կան զորքե­րի միջեւ տեղա­կայվե­լու էին բրի­տա­նա­կան ուժե­րը։ Ախալքա­լա­քի եւ Լոռու շրջաննե­րի, ինչպես նաեւ սահմա­նա­յին մյուս բոլոր հարցե­րը պետք է վերջնա­կան լուծում ստա­նա­յին մեծ պետություննե­րի կողմից՝ եվրո­պա­կան խորհրդա­ժո­ղովնե­րում։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

I’m Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ