Նրան կարելի է միայն խղճալ, քանի դեռ Ռուսաստանի հասցեին ցանկացած քննադատական խոսք նա ընկալում է որպես «անձնական վիրավորանք»։
Դա ողբերգություն է։ Բայց եթե ինքը «պատիվ» է համարում, ուրեմն թող վայելի։
Բայց չփորձի աղտոտել Հայաստանի կյանքը։
Վահրամ Աթանեսյան
«Միանգամայն լուրջ մարդիկ ֆեյսբուքում քննարկում են «ընդդիմությունը մանդատ վերցնի՞, թե՞ չվերցնի» հարցը։ Իսկ դա ընդդիմությունը կամ նրա օգտին քվեարկած քաղաքացի՞ն է որոշում։ Հետեւեք քվեարկության մասին Մարիա Զախարովայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած եւ հնչեցվող գնահատականներին։ Բառացիորեն նույն տեքստերն են։
Մտածել, թե Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ Սամվել Կարապետյանի սփիչռայթերն է այն հեղինակել, միամտություն է։ Ուստի մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ընդդիմության համար լուծվելու է Կրեմլում։ Երբ կամփոփվեն ԱԳՆ-ից, ԱԴԾ-ից եւ ԱՀԾ-ից ստացված բոլոր նյութերը եւ կարվի հետեւություն։ Սպասեք մինչեւ երկուշաբթի»։

Ֆեյսբուքյան այս գրառմանը հավանաբար Ստեփանակերտից բռնագաղթած տիկին մեկնաբանություն է թողել եւ իմ «փոխարեն ամաչել»՝ հընթացս ինձ անվանելով «աստառը շուռ տված արցածցի»։ Տիկնոջ ՖԲ էջը ասում է, որ նա ավարտել է Արցախի պետական համալսարանը, մասնագիտությունը, սակայն, նշված չէ։
Առիթը եկավ, հիշեցի, երեւի, քառորդդարյա վաղեմության մի վեճ։ Որպես ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր դիմել էի կառավարությանը, թե արդյոք նպատակահարմա՞ր է փաստացի 120 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում ունենալ պետական, Շուշիի տեխնոլոգիական, «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» համալսարան՝ Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղն էլ՝ վրադիր։
Այդ հարցով ինձ «առանձնազրույցի էր հրավիրել» նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Բաբույրյանը։ Երբ հօգուտ համալսարանի բոլոր փաստարկներն սպառվեցին, նա անկեղծորեն խոստովանեց․ «Բա թողնենք, որ ջահելությունը փողոց ընկնի՞»։

Ես, ուրեմն, ամաչում եմ այդ «կրթական որակի» համար։ Եւ ինձ «աստառը շուռ տված արցախցի» անվանող տիկնոջ դեմ ոչ մի քեն չունեմ։ Նրան կարելի է միայն խղճալ, քանի դեռ Ռուսաստանի հասցեին ցանկացած քննադատական խոսք նա ընկալում է որպես «անձնական վիրավորանք»։
Դա ողբերգություն է։ Բայց եթե ինքը «պատիվ» է համարում, ուրեմն թող վայելի։
Բայց չփորձի աղտոտել Հայաստանի կյանքը։
Վահրամ Աթանեսյան
