Սպան, երբ ավարտելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում, ստանում է 3 սենյականոց բնակարան և ստանում է այսօրվա աշխատավարձի կրկնակին: Այսինքն՝ սպան ապահովվեց բնակարանով, բարձր աշխատավարձով, ու ինքն արդեն էլ չի մտածում այլ աշխատանքով զբաղվելու և տունը պահելու մասին: Երբ մարդու ընտանիքն ապահովված է, իր ամբողջ ուշադրությունը լինելու է իր ծառայության վրա:
Գագիկ Մելքոնյան
Ռուսականից կամաց-կամաց պետք է փոխվենք ու գնանք դեպի Եվրոպա, հիմնականում ՆԱՏՕ-ական մոդել
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մեքոնյանը:
-Պարոն Մելքոնյան, իշխանությունը նախաձեռնել է բանակի բարեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններ։ Տեսակետներ են հնչում, որ դրանք բարեփոխումներ չեն, այլ պարզապես աշխատավարձի բարձրացման գնով փոփոխություններ, որը կարող է որոշակիորեն գայթակղիչ լինել, բայց միաժամանակ 350 հազար դրամն այն գումարը չէ, որ գայթակղիչ լինի շատերի համար։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։
Ըստ այս ծրագրի՝ ժամկետային զինծառայողը զորակոչվում է բանակ, 6 ամիս անցնում է պատրաստություն, տիրապետում է բոլոր տեսակի զենքերին: Դրանից հետո կարող է 5 տարով կնքել պայմանագիր և ստանալ բարձր աշխատավարձ: Իհարկե, զինվորականը պետք է ստանա բարձր աշխատավարձ, որպեսզի նորմալ ծառայի, չմտածի՝ հեսա շուտ ծառայությունն ավարտեմ, գնամ տաքսի քշեմ, որ մի քանի կոպեկ փող աշխատեմ: Զինծառայողի հացի խնդիրը պետք է լուծված լինի: Սպան, երբ ավարտելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում, ստանում է 3 սենյականոց բնակարան և ստանում է այսօրվա աշխատավարձի կրկնակին: Այսինքն՝ սպան ապահովվեց բնակարանով, բարձր աշխատավարձով, ու ինքն արդեն էլ չի մտածում այլ աշխատանքով զբաղվելու և տունը պահելու մասին: Երբ մարդու ընտանիքն ապահովված է, իր ամբողջ ուշադրությունը լինելու է իր ծառայության վրա:
Կարծում եք, որ այս ծրագիրը շատերին կգայթակղի՞:
Ոչ միայն գայթակղիչ է լինելու, այլ նաև դա մարդու մասնագիտությունն է դառնում: Սպայի մասնագիտությունը հայրենիքը պաշտպանելն է, և ինքը արդեն կզբաղվի իր գործով, երբ ընտանիքն ապահովված է:
Բանակում բարեփոխումների ժամանակ շեշտն ինչի՞ վրա պետք է դրվի, արդյոք խորհրդային բանակի մոդելից պետք է անցում կատարվի արևմտյան մոդելի:
Խորհրդայինից վաղուց ենք անցում կատարել դեպի ռուսաստանյանը, իսկ հիմա կամաց-կամաց պետք է փոխվենք ու գնանք դեպի Եվրոպա: Այսինքն՝ եթե արդեն պրոֆեսիոնալ է մեր բանակը, դա հիմնականում Արևմուտքի մոդելն է, ՆԱՏՕ-ական մոդելն է: Դրանով մենք արդեն լրիվ անցնում ենք պայմանագրային ծառայության: Երբ ժամկետային զինծառայողները 6 ամիս հետո գնում են պայմանագրայինի, նրանք ստանում են բարձր աշխատավարձ, ինչը, կարելի է ասել՝ գայթակղիչ է: Շատ երիտասարդներ գնում են Ռուսաստան խոպան, այս դեպքում էլ չեն գնա: Եթե մարդը 400-500 հազար դրամ է ստանում, նա իր ընտանիքի սոցիալական խնդիրը լուծում է:
Արդյոք բանակի բարեփոխումների շրջանակում չպե՞տք է լրջագույն փոփոխություններ լինեն նաև զինվորականների կրթության մասով:
Նաև բանակում պետք է ատեստացիա լինի: Եթե, օրինակ, սպան պետք է ստանա 7-8 հարյուր հազար դրամ, ուրեմն պետք է ատեստացիա անցնի և ապացուցի, որ ինքը ի վիճակի է կատարելու իր բոլոր պարտականություններն ու պարտավորությունները:
Բանակի բարեփոխումներից ենք խոսում, սակայն այդքան բարձրաստիճան զինվորականներ, որ մի շարք մեղավորություններ ունեին, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին: Բացառությունը Դավիթ Տոնոյանն է, որ դեռևս անազատության մեջ է:
Շատ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, որոնք դեռ ավարտված չեն: Հազարից ավելի մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Իսկ 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են:
Շատերը թերահավատ են, թե քննիչ հանձնաժողովը կկարողանա լուրջ բացահայտումներ անել:
Ով չի հավատում, թող մի օր գա քննիչ հանձնաժողով, տանենք, ցույց տանք, թե ինչ աշխատանքներ են կատարվում:
Մոտավորապես ե՞րբ Հայաստանը կունենա պրոֆեսիոնալ բանակ, և կկարողանա անհրաժեշտության դեպքում հավասարը հավասարի պատերազմ մղել Ադրբեջանի դեմ:
Եթե ունենանք զենք, զինամթերք, սպառազինություն, և ունենք դրանք օգտագործողը, հետևաբար, կարող ենք մեր երկիրը պաշտպանել: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա:
Հոդվածը՝1in.am կայքից։