Շատ կարեւոր է, որ հիմնադրամի հանգանակությանը մարդիկ մասնակցեն գիտակցված ընտրությամբ, այլ ոչ թե հոգեւոր կամ քաղաքական որեւէ առաջնորդի կոչով։
Հակոբ Բադալյան
Այն, որ երկու Կաթողիկոսները հրաժարվել են Հայաստան հիմնադրամի ամենամյա մարաթոնին ուղերձ հղելուց, միանգամայն նորմալ է: Բոլորս էլ հասկանում ենք իհարկե, թե ինչն է խնդիրը: Եվ դա խորը խնդիր է: Ըստ այդմ, մտորելու հարցը այդ խորը խնդրի բավականին բարդ լուծումն է:
Իսկ մինչ այդ, հիմնադրամի ամենամյա մարաթոնին ուղերձից հրաժարումը շատ ավելի արդար եւ իրականություն արտահայտող եղելություն է:
Իրավիճակը դիտարկենք հակառակ ծայրից: Իսկ ի՞նչ էր լինում մինչ այժմ, երբ լինում էին այդ ուղերձները: Այդ ի՞նչ հարց էին լուծում դրանք:
Այսինքն, եթե չլինեին դրանք, այդ 10-15 միլիոնն էլ չէր հավաքվի՞, որի գրեթե կեսը, երբեմն կեսից ավելին հավաքվում էր մի քանի խոշոր նվիրատվության շնորհիվ, իսկ հանգանակության մի զգալի մասն էլ պարզապես մնում էր թղթի վրա, որպես մարաթոնի օրը հնչեցված խոստում:
Շատ կարեւոր է, որ հիմնադրամի հանգանակությանը մարդիկ մասնակցեն գիտակցված ընտրությամբ, այլ ոչ թե հոգեւոր կամ քաղաքական որեւէ առաջնորդի կոչով: Իհարկե այդ առաջնորդների վարքն ունի կարեւոր նշանակություն, կարեւոր ազդակ է, բայց թե ներհայաստանյան, թե ներհայկական պատկերն այսօր այնքան խառն է, որ մեղմ ասած բարդ է ասել՝ որեւէ հոգեւորականի կամ քաղաքականի, մտավորականի, կամ այլականի ուղերձը ավելի շատ օգնող, թե վանող հանգամանք է:
Հիմա երկու Կաթողիկոս էլ գուցե քաղաքական շաառիթներով, բայց կամա, թե ակամա կայացրել են որոշում, որը բերում է շատ ավելի բնական ու իրական պատկերի, ազատելով մարաթոնը ըստ էության ձեւական ուղերձներից: Ընդամենը:
Հոդվածը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։