Հայաստան

Հանրապետություն

Եթե 6 ամսվա ընթացքում մեր երկիրը չմտցնենք 3.600.000 փ. հաց սննդի համար, անխուսափելի կլինի մի համաճարակ սով, որի նմանը դեռ չի տեսել մեր երկիրը, որի սկիզբը արդեն նկատելի է, եւ որը հօդս կցնդեցնի ամենայն ինչ։ Իսկ եթե ցանքսի ժամանակ չբերվի 4.200.000 փ. հացահատիկ սերմացու, նույն տեսակի սով առաջ կգա հետագա տարին, նույն հետեւանքներով։

1919թ. սկզբին Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ամենամեծ խնդիրը շարունակում էր մնալ սովի հաղթահարումը։ Թեեւ 1918-ը բերքառատ տարի էր, սակայն պատերազմի, թալանի ու բնակչության մշտական տեղաշարժի պատճառով հողը չէր մշակվել, գյուղատնտեսական աշխատանքներ չէին իրականացվել, եւ սովի մահացու վտանգը կախված էր երկրի վրա։

Գյուղացիները հաճախ հրաժարվում էին հողը մշակելուց, քանի որ պետությունը հացահատիկի եւ մի շարք այլ մթերքների մենաշնորհ էր հայտարարել, իսկ բռնագանձման հսկիչները, խմբապետներն ու զինվորները հաճախ ուժով խլում էին հացահատիկը։

Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված էին տարբեր շրջաններից թեկուզ քիչ՝ 1-2 վագոնով, հացահատիկ հայթայթելուն։ Այս առումով հատկապես կարեւոր էր գաղթականների տեղավորումը նոր ազատագրված շրջաններում։ Սակայն 1919-ի սկզբին ակնհայտ էր, որ միայն կառավարության ջանքերը չեն կարող փոխել իրավիճակը։

Մեկ շնչին՝ մեկ ֆունտ ալյուր

Հայաստանը պետք է ոչ միայն կարողանար կերակրել հարյուրհազարավոր մարդկանց, այլեւ ապահովել գարնանացանը։ Հակառակ դեպքում 1919թ. ամռանը բերքահավաք չէր լինի, եւ սովը կշարունակվեր։ 1919թ. սկզբին մամուլը փորձում էր վերլուծել Հայաստանի պարենային նվազագույն պաշարի չափը։

Երկրում կար 800 հազար մարդ, որոնց պետք էր ապահովել հացի նվազագույն չափաբաժնով՝ մեկ մարդուն օրական գոնե 1 ֆունտ (450 գրամ) ալյուր։ Այս նվազագույն չափը Հայաստանի կառավարությունը պետք է կարողանար ապահովել մինչեւ օգոստոս, երբ սկսվում էր հացահատիկի բերքահավաքը։

«Սննդի քանակը ընդունելով ստորին չափը, միջին թվով շնչին 1 ֆունտ ալյուր, 800.000 հոգուն հարկավոր կլինի փետրվարի 1-ից սկսած օրական 20.000 փութ, ամիսը՝ 600.000 փութ, իսկ 6 ամսվա ընթացքում – 3.600.000 փ., – միայն սննդի համար»,- գրում էր «Զանգ» թերթը 1919թ. հունվարին։

Բացի այդ, հարկավոր էր հայթայթել սերմացու։ Հայաստանի բնակչության մեծագույն մասը գյուղաբնակներ էին, եւ հաշվարկն արվում էր 700 հազար մարդու համար, որը մոտավորապես կազմում էր 140 հազար ընտանիք։

«Զանգ», 12 հունվարի, 1919թ., թիվ 5

«Եթե 6 ամսվա ընթացքում մեր երկիրը չմտցնենք 3.600.000 փ. հաց սննդի համար, անխուսափելի կլինի մի համաճարակ սով, որի նմանը դեռ չի տեսել մեր երկիրը, որի սկիզբը արդեն նկատելի է, եւ որը հօդս կցնդեցնի ամենայն ինչ։ Իսկ եթե ցանքսի ժամանակ չբերվի 4.200.000 փ. հացահատիկ սերմացու, նույն տեսակի սով առաջ կգա հետագա տարին, նույն հետեւանքներով։ 

Կարիքները գերազանցում են մեր ուժերը, եւ երազել անգամ չենք կարող, որ մեր միջոցներով կարող ենք դուրս գալ մեզ արդեն պաշարած կատաստրոֆայից։ 7800000 փ. հացը, փութի գինը 70 ռ., պահանջում է 546 միլիոն, իսկ եթե այս գումարին ավելացնենք յուրաքանչյուր ընտանիքին գոնե մի հազարական ռուբլի լծկան անասուններ եւ գործիքներ գնելու համար – 140.000 ընտանիքին – 140.000.000, սովից ազատվելու եւ տնտեսական կողմից ոտի կանգնելու համար մեզ հարկավոր կլինի մոտ 700.000.000 ռ.»։

Կուբանի հացը

Այս հսկայական գումարը Հայաստանի Հանրապետությունը չուներ։ Եվ եթե անգամ ունենար, կար գրեթե անհաղթահարելի դժվարություն՝ որտեղի՞ց գնել այդքան ցորեն եւ ինչպե՞ս հասցնել Հայաստան։ Նախկինում Հայաստանին անհրաժեշտ ցորենը բերվում էր գլխավորապես Ռուսաստանից։ Սակայն նույն Ռուսաստանի երբեմնի հացառատ հարավային շրջանները քաղաքացիական պատերազմի թատերաբեմի էին վերածվել եւ հսկայական վնասներ կրել։ 1919-ի սկզբին Հայաստանի իշխանությունները դիմում են Կուբանի հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով հաց վաճառել, սակայն տեղեկություն են ստանում, որ Կուբանը արտահանման համար ուներ ընդամենը 5-6 միլիոն փութ հացահատիկ, որի զգալի մասը տանում էին Ռուսաստան, որտեղ նույնպես սով էր։

Օգնություն խնդրել Ամերիկայից

Հայաստանի կառավարությունը որոշում է օգնություն խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Հույս կար, որ Փարիզի խորհրդաժողովի որոշումների հիման վրա Ամերիկան կստանձնի Հայաստանի մանդատը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Վիլսոնը ջերմ վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, եւ ընդհանրապես նրա աջակցությունը ինքնորոշվող ժողովուրդներին օգնության հույս էր տալիս։ Իսկապես, Միացյալ Նահանգները գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանին ու հայ գաղթականներին օգնելու համար։

1919թ. հունվարի 18-ին պարենի հարցը քննարկվում է կառավարության նիստում, որտեղ որոշվում է դիմել «Համաձայնության պետությունների (մասնավորապես՝ Միացյալ Նահանգների) կառավարություններին եւ հայանպաստ կոմիտեներին, պարենավորման մեր վիճակը պարզել եւ օգնություն խնդրել»։ Որպեսզի օգնության տրամադրումն ավելի արդյունավետ կազմակերպվեր, որոշվում է նաեւ, որ եվրոպական երկրներին ու Ամերիկային դիմումը պետք է ներկայացնի կառավարության ղեկավարը։ Այս մասին կառավարության նիստում զեկուցում է հենց վարչապետ Քաջազնունին։

Կառավարությունն ընդունում է Քաջազնունու առաջարկության կարեւորությունը եւ հանձնարարում նրան կարճ ժամկետում կազմել զեկուցում, նախահաշիվ եւ խորհրդարանին ներկայացնելու օրինագիծ։

1919թ. փետրվարի սկզբին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը Երեւանում հանդիպում է ամերիկյան միսիայի անդամներ Թեոդոր Էլմենի, Հարիսոն Հոյնարդի եւ մայոր Արնոլի հետ։ Սահակյանը նրանց ներկայացնում է գաղթականների սարսափելի վիճակը եւ խնդրում հնարավորինս արագ Հայաստան ուղարկել հացահատիկ, սերմացու եւ գյուղատնտեսական գործիքներ։ Մինչ այդ, ամերիկյան միսիան հայ գաղթականներին օգնություն էր տրամադրել Պարսկաստանում, Բաղդադում եւ Բաքվում։

«Մշակ», 7 փետրվարի, 1919թ., թիվ 29

«Թիֆլիսի ամերիկյան միսիայում միստր Ջեյմս Արնոլը հայտնել է Արշակ-խան Գորոյանին, որ արդեն գնված է Հայաստանի համար 150 000 փութ բրինձ, 3000 փութ շաքար եւ 500 տոննա ցորեն եւ մոտ օրերս կփոխադրվի Երեւան։ Միսիայում Արշակ խանին հայտնել են նաեւ, որ միսիայից մի հոգի ուղարկվելու է Կ. Պոլիս՝ հայ փախստականական գործերի շուրջը խորհրդակցելու այնտեղի ամերիկյան ներկայացուցիչների հետ»։

«Գաղտնիքների ժամանակներն անցել են»

Հայաստանի վարչապետի Ամերիկա մեկնելու հարցը խորհրդարանը քննարկում է փետրվարի 4-ի նիստում։ Նախ լսում են ֆինանսական հանձնաժողովի զեկույցը, որն առաջարկում էր ավելացնել ճանապարհորդության ծախսերը՝ հատկացնելով 500 հազար ռուբլի, որից 220 հազարը տրվում էր անձամբ վարչապետին առանց հաշվետվության։ Այս առաջարկին դեմ է արտահայտվում Հնչակյան կուսակցության անդամ Վահան Մինախորյանը։ Նա հայտարարում է, որ «գաղտնիքների ժամանակներն անցել են», եւ առանց հաշվետվության ծախսեր չպետք է լինեն։ Բացի այդ, Մինախորյանին հետաքրքրում էր, թե ինչ լիազորություններ է ունենալու պատվիրակությունը՝ միայն օգնությո՞ւն է հայցելու, թե՞ կարող է նաեւ քաղաքական խնդիրների անդրադառնալ։ Մինախորյանին մտահոգում էր նաեւ վարչապետի՝ մի քանի ամիս բացակայելու հեռանկարը.

«Մինիստր-նախագահի գնալն ունի եւ մի այլ անհարմարություն։ Դրանով նախ եւ առաջ քայքայվում է մեր կառավարությունը։ Նախագահը երեք ամիս պիտի բացակայի, մի քանի մինիստրներ Թիֆլիսում են, որոնց վերադարձը կասկածելի է։ Ապա՝ ինչպես հայտնի է, որոշ շրջաններում մտադրություն կա փոխել այժմյան կառավարությունը, սկսած նրա նախագահից»։

Հովհաննես Քաջազնունին խորհրդարանին պարզաբանում է, որ իրենք զբաղվելու են բացառապես օգնության հարցերով, իսկ քաղաքական խնդիրները կարգավորելու է Փարիզի խորհրդաժողով գործուղված պատվիրակությունը։ Վարչապետը համաձայնում է, որ գուցե թե առեւտրական մասնագետներ գործուղելն ավելի ճիշտ կլիներ, սակայն իրենց նպատակներն ուրիշ են:

«Հայտնի է, որ մենք Ամերիկային դիմում ենք ոչ որպես առեւտրական կապ հաստատող մի կողմ, այլ որպես օգնություն խնդրող։ Ամերիկայի օգնելը այն չափով կկատարվի, ինչ չափով որ նա համոզված լինի մեր երկրի անելանելի կացության մեջ։ Դրա համար է, որ պիտի մեր դժվարությունը ապացուցելու համար ուղարկենք մեր հանրապետության գլխին՝ մինիստր-նախագահին»։

Թեեւ սոցիալ-հեղափոխականները պնդում էին նոր օրինագիծ ընդունելու անհրաժեշտությունը, սակայն խորհրդարանը քվեարկությամբ մերժում է ներկայացրած բոլոր տարբերակները եւ հաստատում Քաջազնունու թեկնածությունը։

Փետրվարի 13-ին խորհրդարանը կրկին անդրադառնում է Ամերիկա մեկնող պատվիրակության լիազորություններին, եւ որոշվում է դրանք սահմանել հատուկ կետով, որն ավելացվում է նախորդ նիստի ժամանակ ընդունված օրենքին.

Մի քանի օր անց խորհրդարանին է ներկայացվում Հովհաննես Քաջազնունու հայտարարությունը, թե «Ամերիկա գնալու պատճառով պաշտոնակատար է նշանակում ներքին գործոց մինիստր Ալեքսանդր Խատիսյանին»։

«Յո՞ երթաք»

Քաջազնունու Ամերիկա մեկնելը միանշանակ չի ընդունվում Հայաստանի կառավարության ընդդիմադիր ուժերի կողմից։ «Մշակը», վարչապետի նախաձեռնությունը դիտարկելով քաղաքական կողմնորոշման տեսանկյունից, գրում է. «…Քաջազնունին գնում է ծովով ու ցամաքով, ոտով ու ձիով, երկաթուղով ու ավտոմոբիլով, երկրե-երկիր, աշխարհե-աշխարհ՝ Հայաստանի գաղթականական հանրապետության համար օրիենտացիա փնտրելու… Անցյալի դասից խրատ չառած՝ նորից գնում են։ Գնացել է Նուբար փաշան, գնաց Ավետիս Ահարոնյանը, գնում է եւ Քաջազնունին։ Յո՞ երթաք… Այստեղ է օրիենտացիան, այստեղ, ձեր տան շեմին, ձեր կողքին, ձեր քթի առաջ։ Բավական է։ Յո՞ երթաս, Քաջազնունի»։

1919թ. փետրվարի 15-ին Քաջազնունին մեկնում է Թիֆլիս, սակայն բրիտանական պաշտոնյաներն անհրաժեշտ փաստաթղթերը չեն տալիս։ Ռիչարդ Հովհաննիսյանն իր «Հայաստանի Հանրապետությունը» գրքում գրում է, որ մերժման պատճառը պատվիրակության կազմում ընդգրկված Սիմոն Վրացյանն էր։ «Շուտով պարզվեց, որ բարդությունները վերագրվում են Սիմոն Վրացյանի հանդեպ եղած կասկածներին։ Նա, Քաջազնունու առաքելության եւ կուսակցության Բյուրոյի անդամ, թվում է, անցանկալի էր իբրեւ ձախ համոզմունքների տեր դաշնակցական։ Չուզենալով նավարկել առանց Վրացյանի, ապրիլի 2-ին Քաջազնունին վերադարձավ Երեւան»։

1919թ. ապրիլի 16-ին Քաջազնունին կրկին մեկնում է Թիֆլիս, ստանում անհրաժեշտ փաստաթղթերը եւ պատվիրակության այլ կազմով մեկնում։ Իսկ ամերիկյան օգնությունը հսկայական նշանակություն է ունենում Հայաստանի համար։

Ալեքսանդր Խատիսյանը գրում է. «…Հետզհետե Հայաստան սկսան գալ Ամերիկացիք, իսկ անոնց ետեւեն ալ ալյուրի գնացքները։ Առանց չափազանցության կարելի է ըսել, որ ամերիկյան օգնությունը փրկեց հայ ժողովուրդը ամբողջական սովամահութենե»։

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *