Հայաստան

ՀԱՊԿ-ն Այսբերգի Երեսն Է, Իսկ Բուն Խդիրը՝ «Ջրի Տակ»

Պետք է գործել կամ խոսել ամբողջական տրամաբանության մեջ և հայտարարել, որ Հայաստանը պետք է թողնի նաև Ռուսաստանը, որովհետև հազիվ թե Արևմուտքը չի հասկանում, որ ՀԱՊԿ դա Ռուսաստանն է ու, Հայաստանի՝ ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ լինելը չէ խնդիրը, այլ հենց ՌԴ-ն:

Հակոբ Բադալյան

Հայաստանին ՀԱՊԿ աջակցության փաստաթուղթը չի ստորագրվել, դրա որոշ կետեր ուղարկվել են լրամշակման, Երևանում ՀԱՊԿ Վեհաժողովից հետո հայտարարել է կազմակերպության ԳՔ Ստանիսլավ Զասը, ասելով, թե փաստաթուղթն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Թե ինչ կետեր են, որ ուղարկվել են լրամշակման և ինչու, Զասը չի մանրամասներ: Կմանրամասնի՞ դրանք Երևանը, կերևա առաջիկայում: Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է դժգոհ լինի այդ հանգամանքից, թեև, իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե գործընթացը որքանով է լուրջ՝ այսինքն բովանդակային, եթե անգամ կան անհամաձայնություններ, և որքանով է պարզապես ձևական ու ՀԱՊԿ անդամները ժամանակ են ձգում Հայաստանին աջակցելու հարցում Երևանին ինչ որ հույսեր տալով: Իհարկե այս դեպքում էլ «մեղավորը» կլինի նա, ով ունի՞ այդպիսի հույսեր: Սակայն, Երևանը հազիվ թե ունի այդպիսիք: Խնդիրը տվյալ պարագայում այն է, թե Հայաստանն ի՞նչ քայլեր ունի անելու, եթե ՀԱՊԿ հարցում չի հասնում որևէ գործնական, թեկուզ մասնակի հաջողության: Այստեղ հրապարակի վրա եղածը միայն ՀԱՊԿ լքելն է: Առաջին հայացքից դա այն է, ինչ նվազագույնը պետք է կատարել:

Բայց, առաջանում է մյուս հարցը՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծվում դրանով: Գործնականում՝ ոչ մի: Այստեղ բերվում է մյուս փաստարկը, որ թողնելով ՀԱՊԿ, Հայաստանը կարժանանա Արևմուտքի ավելի մեծ օգնության: Այդ դեպքում սակայն պետք է գործել կամ խոսել ամբողջական տրամաբանության մեջ և հայտարարել, որ Հայաստանը պետք է թողնի նաև Ռուսաստանը, որովհետև հազիվ թե Արևմուտքը չի հասկանում, որ ՀԱՊԿ դա Ռուսաստանն է ու, Հայաստանի՝ ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ լինելը չէ խնդիրը, այլ հենց ՌԴ-ն: Ըստ այդմ առաջանում է հարցը՝ թողնու՞մ ենք, խզու՞մ ենք կապը ՌԴ հետ, հայտարարու՞մ ենք Մեծ պայմանագրի լուծարման մասին և դնում Հայաստանից ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների դուրսբերման հարցը: Այստեղ լռություն է, որովհետև այստեղ արդեն խնդիրը իսկապես բարդ է և դուրս է գալիս պարզապես հայտարարությունների մակարդակից: Սա արդեն Ռուսաստանին «պատերազմ» հայտարարելու պես մի բան է և դրա մասին հայտարարելը արդեն ունի լուրջ բնույթ:

Բայց, եթե խոսակցությունը չի ծավալվելու մինչ այդ լուրջ գիծը, մնացյալի մասին խոսելը դառնում է բավականին անպտուղ և անարդյունք, քանի որ բուն խնդիրը հենց Ռուսաստանն է: Սակայն, այստեղ կա հարցի մյուս կողմը: Իսկ, խնդիրն այդպիսի լրջությամբ դնելու դեպքում Հայաստանը լուծու՞մ է ինչ որ խնդիր, թե՞ ընդամենը հավաքում նորերը եւ բարդացնում եղածը: Սա կախված է այն բանից, թե Հայաստանն ինչ այլընտրանք է ստանում: Այստեղ է, որ կանգնում ենք ամենամեծ բացի առաջ, հատկապես հաշվի առնելով նաև այն խնդիրները, որ առկա են աշխարհաքաղաքական իրողությունների պրոյեկցիայով: Այստեղ իհարկե գալիս է մեկ այլ փաստարկ, թե՝ Հայաստանին ավելի չեն օգնի, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել այն ճամբարից, որում է: Թվում է իսկապես երկաթյա փաստարկ է:

Ամբողջ հարցն այն է, ոոր այդ երկաթյա փաստարկն իր մեջ պարունակում է նաև որոշակի արկածախնդրություն կամ բախտախնդրություն: Որովհետև, Հայաստանի՝ գործնականում «թղթե» գործիքակազմի պայմաններում մեծ հարց է, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ չաշխատի այդ երկաթյա փաստարկը, կամ աշխատի այնպես, ինչպես օրինակ Ուկրաինայում: Ողջ հարցն այն է, որ Հայաստանի անվտանգության գերխնդիրը ՀԱՊԿ-ի «մասին» չէ, և թերևս ոչ էլ Ռուսաստանի: Հայաստանի անվտանգության գերխնդիրը առավելագույնս բազմակողմ, բազմաթև անվտանգության մեխանիզմի առանցք կազմավորելու և դրա վրա այդ մեխանիզմը կառուցելու «մասին» է:

ՀԱՊԿ այստեղ դարձել է «այսբերգի» երևացող մասը, մինչդեռ բուն խնդիրը «ջրի տակ» է: Եվ աայդտեղ է, որ բազմաթեւ անվտանգության մեխանիզմ հնարավոր է կառուցել ոչ թե գոյություն ունեցող, թեկուզ խիստ խնդրահարույց թեւերից մեկի հետ բաց կոնֆլիկտի գնալով, այլ նոր թևերի, նոր ուղղությունների հետ աշխատանքի ներքին կարողությունները զարգացնելով: Հայաստանին ներկայումս անհրաժեշտ է ոչ միայն խուսափել Ադրբեջանի հետ պատերազմից, կամ ավելի մեծ պատերազմի ռիսկերից, այլ նաև բաց քաղաքական կամ ռազմա-քաղաքական-դիվանագիտական կոնֆլիկտներից: Դրանք կարող են պիտանի լինել ներքին սպառման համար, արտաքին դաշտում սակայն դրանք Հայաստանի արժեթղթերը չէ, որ կբարձրացնեն:

Հոդվածը՝ 1in.am կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *