Հայաստան

Ռուս-Թուրքական Վանդակ

Մաս 16

Ավելի ուշ, 16-րդ դարում ֆրանսիացի իրավաբան Ժան Բոդենը նորից շրջանառության մեջ մտցրեց սուվերեն բառը համարելով, որ սուվերենն այն որոշումն է, որի կայացումը կախված չէ օրենքից։

Հրանտ Տէր Աբրահամյան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից նախաձեռնված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի արդեն 16-րդ մասը:

Ժամանակային առումով հասնելով 1920թ.  և խոսելով ռուս-թուրքական դաշինքի մասին, Հրանտ Տէր-Աբրահամյանը հարկ համարեց այս հաղորդման ժամանակ խոսել, ոչ թե իրադարձությունների ու փաստերի մասին, այլ երևույթների: Մենք խնդիր ունենք պատմական երևույթների լուրջ մեկնաբանության, քանի որ դրանց ոչ ճիշտ ընկալումը սկզբունքային խնդիր է առաջացնում որևէ դեպք հասկանալու և մեկնաբանելու, ըսդ այդմ գնահատելու տեսանկյունից:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ երբ որևէ երևույթ հաջող ընթացք է ունենում, պատմագիտությունը կարող է հիմնավոր ապացուցել, թե ինչու ստացվեց և հակառակը՝ ձախողման պարագայում կարող է նույն երևույթի տապալման պատճառները հիմնավորել: Սա իհարկե չի նշանակում, որ պատմագիտությունը կեղծում է կամ արդարացնում տապալումն ու հաջողությունը, այլ նշանակում է, որ ցանկացած երևույթ ունի իր հիմնական ու խորքային նշանակությունը և միայն հասկանալով ու ընդունելով կարելի է այն մեկնաբանել ու գնահատել:

1919թ. Թուրքիան աննախանձելի վիճակում գտնվող պետություն էր՝ պարտություն պատերազմում, հսկայական տարածքային կորուստներ, հարյուր հազարավոր զոհեր, տնտեսության լիակատար քայքայում, թշնամիները գտնվում էին մայրաքաղաք Կ.Պոլսում և թելադրում էին իրենց պայմանները և այս պարագում է, որ ասպարեզ է գալիս Մուստաֆա Քեմալը: Քեմալը անհայտ անձ չէր: Նա բավական հայտնի գեներալ էր, կռվել էր Դարդանելում, այնուհետև Սիրիա-Պաղեստին հատվածում, իսկ պարտությունից հետո նահանջել Թուրքիայի արևելյան հատվածներ, որն ընդգրկում էր նաև Արևմտյան Հայաստանը: Քեմալը իր շուրջն է համախմբում զինվորականների որոշ հատվածի և հռչակում են Թուրքիայի «Ազգային Ուխտը», որում Քեմալը անհամաձայնություն էր հայտնում Անտանտի երկրների կողմից պարտադրված պահանջների մի մասին: Նա համաձայն էր, որ Թուրքիան հրաժարվի Իրաքից, Պաղեստինից, բայց ինչ վերաբերում էր Արևմտյան Հայաստանին, հայերին և հույներին ինչ որ բան զիջելու, Քեմալը կտրականապես դեմ էր: Նա հայտարարում էր, որ իր համար միևնույն է, թե ինչ են հայտարարում Անտանտի պետությունները և ինքը միևնույն է ամեն ինչ անելու է Թուրքիան տարածքային մասնատումից փրկելու համար: Հրանտ Տէր-Աբրահամյանը հատուկ շեշտում է, որ 1919թ. Քեմալը դեռևս դաշնակից չէր ռուսների հետ, այնպես, որ դեռևս 1919թ. «Ազգային Ուխտ» հռչակած Քեմալը չուներ և ոչ մի դաշնակից և իր հույսը միայն ինքն է, իր շուրջը համախմբված մարդիկ: Քեմալն այդ պահին համարվում էր հանցագործ ապստամբ և նույնիսկ հեռակա կարգով դատապարտված էր մահապատժի, բայց նա չի ընկրկում: Մեծ համարձակություն է պետք ունենալ նման կերպ վարվելու համար: 

Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև խոսեց սուվերենություն, անկախություն եզրույթների մասին: Սուվերենը, ըստ հռոմեացիների, այն անձը կամ այն խումբն է, որի որոշումները ոչ թե ըստ օրենքի են, այլ օրենքից վեր, նա հենց ինքը օրենքն է: Ավելի ուշ, 16-րդ դարում ֆրանսիացի իրավաբան Ժան Բոդենը նորից շրջանառության մեջ մտցրեց սուվերեն բառը համարելով, որ սուվերենն այն որոշումն է, որի կայացումը կախված չէ օրենքից: Այսինքն սուվերենը կախված չէ որևէ ու ոչ մի բանից ու ինքն է թելադրում, ինքն է որոշում: Այսօր հայկական բառապաշարում կիրառվող սուվերեն բառը ամբողջական իմաստով չի արտահայտում իր ամբողջական իմաստը: Հրանտ Տէր-Աբրահամյանը խոսեց նաև «իշխանություն» բառի մասին, ասելով, որ այդ բառը, որ հիմա ըստ էության ռուսերեն «власть»՝ իշխանություն բառի թարգմանությունն է, և չի կրում իր հիմնական իմաստը: Ագանթանգեղոսը, ունի մի նախադասություն, որտեղ ասվում է. «ինչպե՞ս ես իշխում այդպես խոսել թագավորի հետ», այսինքն, ինչպե՞ս ես դու քեզ նման բան թույլ տալիս: Իշխելն ուներ այդ իմաստը:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև համեմատություն անցկացրեց այդ երկու եզրույթների մեջ, ինչպես նաև լրացուցիչ մեկնաբանեց Քեմալի քաղաքականությունն ու այն, թե ինչպես ռիսկային իրավիճակում կատարված որոշումը ձևավորեց ժամանակակից Թուրքիան:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *