Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ որեւիցե առնչություն ունեցող որեւէ վարչական ծրագիր եւ այդ ծրագրի բռնի իրականացումը կյանքի մեջ համարում է անխուսափելի պատճառ։
1919թ. ապրիլին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում էր լարված ու անորոշ մնալ։ Թվում էր, թե փետրվարին Հայաստանին միանալու Արցախի հայության որոշումը վերջնական է, սակայն շուտով պարզվում է, որ պայքարը դեռ երկար է շարունակվելու։
Գեներալ Թոմսոնին փոխարինած գնդապետ Շատելվորդին չէին գոհացնում Արցախահայության 4-րդ համագումարի որոշումները, եւ նա պահանջում էր Ազգային խորհրդից կրկին քննարկել Ադրբեջանի գերիշխանությունն ընդունելու հարցը։
1919-ի մարտ-ապրիլին Հայաստանի Հանրապետությունը մի շարք քայլեր է ձեռնարկում Ղարաբաղի հայությանը պաշտպանելու համար։ Այդ քայլերը հիմնականում դիվանագիտական էին, քանի որ ռազմական աջակցության հնարավորություն Հայաստանի իշխանությունն այդ պահին չուներ։ Ապրիլի 11-ին փոխգնդապետ Միքայել Արզումանյանը նշանակվում է Շուշիում բրիտանական հրամանատարության կազմում Հայաստանի ներկայացուցիչ։ Ծննդով Շուշեցի Արզումանյանի նշանակումն առաջացնում է ադրբեջանցիների դժգոհությունը, սակայն թեկնածուի փոփոխություն տեղի չի ունենում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Խատիսյանը ապրիլի 8-ին նամակ է գրում Թիֆլիսում ԱՄՆ հյուպատոսին, որտեղ ներկայացնում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում.
Ապրիլի 3-ին, չնայած հայ բնակչության եւ Հայաստանի կառավարության առարկություններին, Բաքվի բրիտանական ուժերի հրամանատարը դիմում է Շուշիի, Ջեբրայիլի, Զանգեզուրի, Ջիվանշիրի շրջանների բնակչությանը՝ պահանջելով ենթարկվել Սուլթանովի բոլոր հրամաններին ու որոշումներին։ Այս կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Տիգրանյանը ապրիլի 15-ին նամակ է ուղարկում Կովկասում բրիտանական հրամանատարությանը՝ մեկ անգամ եւս նշելով, որ դեռեւս հունվարին հայկական կառավարությունն իր վճռական բողոքն է հայտնել գեներալ-նահանգապետության կազմում Ղարաբաղն ու Զանգեզուրն ընդգրկելու առիթով։
«Բրիտանական հրամանատարությանը հասցեագրված իմ մի քանի նամակներում Հայաստանի կառավարության անունից ես հայտարարել եմ, որ ո՛չ տեղի բնակչությունը, ո՛չ Հայաստանի կառավարությունը չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ Զանգեզուրն ու հայկական Ղարաբաղը հանձնվել են Ադրբեջանի իշխանությանը։ Հայաստանի կառավարության հատուկ հանձնարարությամբ մեկ անգամ եւս իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ձերդ գերազանցությանը, որ այս հարցում մեր կառավարության կարծիքն ու որոշումը մնում է անփոփոխ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տիգրանյան» (Нагорный Карабах в 1918-1923гг., Сборник документов и материалов, Ереван 1992):
«Անկողմնակալ եւ արդար վերաբերմունք»
Թե՛ ադրբեջանցիները եւ թե՛ բրիտանացիները մշտապես շեշտում էին Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական դրության բարելավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի գերիշխանությունն ընդունելու դեպքում խոստանում էին սնունդ, վառելիք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ մատակարարել Ղարաբաղին։ Ապրիլի սկզբին Սուլթանովը Բաքվում լույս տեսնող «Ազերբայջան» թերթում անդրադառնում էր այս խնդրին.
«Ազգաբնակության համար ցանկալի է այն իշխանությունը, որ նրան կշտացնում է, հագուստ տալիս եւ նրա կյանքն ու ինչքը պաշտպանում։ Վերջին երկու ամիսների ընթացքում հայերը բոլորովին անվտանգ կերպով գնում-գալիս են Ղարաբաղի մահմեդական մասերը։ Եվլախ-Շուշի ճամփին օրական տասնյակ ֆայտոններ են անցնում։ Մահմեդականների հետ հայերը ոչ մի՝ թեկուզ ամենադույզն թյուրիմացություն չեն ունենում։ Աղդամ քաղաքն ամեն կիրակի լցվում է հազարավոր հայերով, որոնք մթերքներ են գնում»։
Սուլթանովի այս հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում. Ղարաբաղի հայության 4-րդ համագումարից հետո՝ մարտի կեսին, ադրբեջանցիները հարձակվել էին Խծաբերդի վրա։ Բացի այդ, նրա նկարագրած Եվլախ-Շուշի ճանապարհը քիչ թե շատ անվտանգ էր միայն բրիտանական զինվորների պարեկության կամ ուղեկցման դեպքում։
Ուշագրավ էր նաեւ Սուլթանովի այն միտքը, թե ինքը կարողացել է երկու ամսում փոխել անգլիացիների վերաբերմունքը. «Անգլիացիները վարժվեցին իրենց կարծիքները հիմնել փաստացի իրականության վրա, եւ ես գրավեցի անգլիացիների լիակատար վստահությունը երկամսյա աշխատանքով՝ անկողմնակալ եւ արդար վերաբերմունքով դեպի բոլոր ազգությունները»։
Ինչ վերաբերում էր Աղդամում առեւտուր անելուն, ապա, իսկապես, հայերը գնում էին այնտեղ, սակայն պատճառը ոչ թե անվտանգ ու ապահով կյանքն էր, այլ անելանելի դրությունը։ Գրող, հրապարակախոս, Բաքվի Ազգային խորհրդի անդամ Արամայիսը՝ Միսակ Տեր-Դանիելյանը, գրում է, որ սովն էր ստիպում հայերին գնալ Աղդամ.
«Լույսը նոր բացված՝ Աղդամ իջնող հայ գյուղացիների տուտը բացվեց։ …Կային եւ մեծ թվով կանայք՝ ոտաբոբիկ, ցնցոտիներով։ Ով էր տեսել, որ հայ կինը Աղդամ գար գնումներ անելու, բայց այժմ սովն ստիպում էր, եւ նրանք եկել էին որը քսակով, որը խուրջինով, կամ մի քանի հոգի՝ մի էշ վարձած։ Շուտով պարզվեց, որ թուրքերը տնտեսական բոյկոտ են հայտարարել եւ հայերին ոչինչ չեն տալիս. ով կարող էր, ծածուկ մի քիչ բան էր առնում ու շտապում Աղդամը թողնել, որովհետեւ մթնոլորտը լարված էր»։
Ճնշումն աճում է
Մինչ Հայաստանի կառավարությունը դիվանագիտական նոտաներ ու հեռագրեր էր ուղարկում, բրիտանական հրամանատարությունը մեծացնում է ճնշումը Ղարաբաղում։
Ղարաբաղի Ազգային խորհուրդը կատարում է գնդապետ Շատելվորդի ցանկությունը եւ հայտնում, որ համաձայնություն է ձեռք բերվել նոր «համագումարը հրավիրել ապրիլի 23-ին»։ Հայերը դիմում են գյուղական բոլոր համայնքներին երեքական պատգամավոր ընտրելու եւ Շուշի ուղարկելու համար։
Ապրիլի 11-ին Շատելվորդը պահանջում է Շուշիից հեռացնել Ազգային խորհրդի ազդեցիկ ներկայացուցիչներին։ Որոշումը հիմնավորվում էր «մթնոլորտը խաղաղեցնելու» ցանկությամբ։
«Շատելվորդի առաջարկությունը պահանջի բնույթ ուներ, որովհետեւ նախազգուշական խոսք էր ասվում, որ հեռանանք մեր կամքով, այլապես անգլիական հրամանատարությունը հարկադրված կլինի անհրաժեշտ միջոցի դիմել։ Շատելվորդի այս առաջարկ-հրամանը տարածվելով քաղաքի հայերի մեջ, բուռն ցասում էր առաջացրել» (Եղիշե Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ, 1917-1920։ Երեւան 1999թ.)։
Հրդեհ Շուշիում
Եղիշե Իշխանյանը գրում է, որ ինքը մնում է Շուշիում, սակայն ցերեկները տնից դուրս չէր գալիս, եւ լուր էին տարածել, թե քաղաքում չէ։ Ապրիլի 20-ին Շուշիում հրդեհ է բռնկվում, որն արագորեն սկսում է տարածվել։ Լուրը հասնում է նաեւ Եղիշեին. «Հանգիստ նստել տանը չէր կարելի, նույնիսկ դատապարտելի էր։ Հերն անիծած Շատելվորդի, անմիջապես արագ հագնվելով դուրս եկա տնից։ Երբ հասա մեծ շուկան, տեսա ահագին բազմություն, խռնված ակումբի առջեւ, կանգնած իրարու հետ խոսում էին բարձրաձայն եւ թամաշա անում»։ Երբ կազմակերպվում է հրդեհը մարելու գործը, Եղիշեին նկատում է մայոր Մոնք-Մեսընը, մոտենում է եւ օգնություն առաջարկում։ Շուտով բրիտանական մոտ 100 զինվոր շտապում է օգնության։
Արցախահայերի հինգերորդ համագումարը
1919թ. ապրիլի 23-ին բացվում է Լեռնային Ղարաբաղի հայերի 5-րդ համագումարը, որին մասնակցում էր 69 պատգամավոր։ Համագումարի առաջին օրը գալիս է գնդապետ Շատելվորդը եւ ներկայացնում նոր՝ «Ղարաբաղի ժամանակավոր իշխանության վարչական ծրագիրը»։ Նախորդի համեմատությամբ միակ տարբերությունն այն էր, որ Ադրբեջանի գերիշխանության ընդունումը ներկայացվում էր որպես ժամանակավոր լուծում, մինչեւ միջազգային ատյանները կորոշեին Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։
«Ջրաբերդի շրջանից եկած պատգամավորներից մեկը, բարձրահասակ, թիկնեղ, վաթսունի սահմաններում, տպավորիչ արտաքինով գյուղացի, մոլթանի մեծ փափախը դնելով հատակին, բարձրանում է տեղից, խոսքն ուղղում եպիսկոպոսին, տեղական բարբառով ասում.
– Սրբազան հայր, գեներալը որ ասում է, թե այսօր մենք ժամանակավոր ընդունենք Ադրբեջանի իշխանությունը, վաղը կդառնա մշտական, դրա համար էլ մենք ժամանակավոր էլ չենք կարող ընդունել Ադրբեջանի իշխանությունը»,- գրում է Եղիշե Իշխանյանը։
Հաջորդ օրը Շատելվորդը հրավիրում է տարբեր գյուղերից եկած պատգամավորների, առանձին զրուցում նրանց հետ, եւ բոլորն էլ ասում են, թե Ադրբեջանի իշխանությունը չեն ընդունելու։ Ղարաբաղի հայության ներկայացուցիչների որոշումն ամփոփվում է համագումարի ապրիլի 25-ի ընդունած դրույթներով.
1. Միանգամայն կողմնակից եւ ծարավի լինելով կարգի եւ խաղաղության վերահաստատմանը Ղարաբաղում:
2. Բոլոր ցանկությամբ եւ անկեղծությամբ ընդառաջ գնալով անգլիական հրամանատարության առաջարկին՝ խաղաղ բարեկամական հարաբերություն պահպանել հարեւան թուրք ժողովրդի հետ, որը միշտ էլ իրագործել է Ղարաբաղի հայությունը:
3. Ի նկատի առնելով, որ Ղարաբաղի վերաբերյալ տերիտորիալ եւ սահմանային հարցերը պետք է վերջնական լուծում ստանան խաղաղարար կոնֆերանսում, ինչպես եւ ինքը գեներալ Շատելվորդը հայտարարեց այդ մասին, Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը գտնում է, որ այդ ծրագիրը համապատասխանում է համագումարին պատգամավորներ ուղարկող Ղարաբաղի հայ ժողովրդի ցանկության եւ կենսական շահերին, ինչպիսի համախոսականներ եւ գլխավոր իմպերատիվ մանդատներ տվել է նա իր ընտրած պատգամավորներին։
Համագումարը անընդունելի է համարում Ադրբեջանի հետ որեւիցե առնչություն ունեցող որեւէ վարչական ծրագիր եւ այդ ծրագրի բռնի իրականացումը կյանքի մեջ համարում է անխուսափելի պատճառ, ստեղծելու ազգամիջյան լուրջ խռովություններ ու արյունահեղություններ, որի պատասխանատվությունը իր վրա վերցնել ոչ մի դեպքում չի կարող Ղարաբաղի հայության 5-րդ համագումարը։
Ղարաբաղի հայության 5-րդ համագումար։
1919թ., 25 ապրիլի, Շուշի։
Ադրբեջանցիների պատասխանը
Համագումարի որոշումը զայրացրել էր Շատելվորդին եւ Սուլթանովին:
«Շատելվորդն ասել էր. «Ի նկատի ունեցեք, որ ձեր ճանապարհները կարող են փակել, այն ժամանակ դուք որտեղի՞ց մթերք կստանաք, ինչպե՞ս կպահպանեք հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ։ Կարող են ձեզ տնտեսական բոյկոտ հայտարարել, կարո՞ղ եք առանց հացի ապրել։ Եվ եթե հուզված, զինված ամբոխը հարձակվի ձեզ վրա, կարո՞ղ եք պաշտպանվել…» (Արամայիս, Ղարաբաղի տագնապը. Օրագրություն (26 ապրիլի – 26 հուլիսի 1919թ.), Երեւան, 1993թ.)։
Համագումարից մի քանի օր անց՝ ապրիլի 30-ին, Դիզակից տեղեկություն է ստացվում, որ ադրբեջանցիները հարձակվել են Դոլանլար հայկական գյուղի վրա։ Թեեւ եռօրյա համառ մարտերից հետո ադրբեջանական գրոհը հետ է մղվում, սակայն Միսակ Տեր-Դանիելյանը գրում էր, որ «այդ հարձակումը պատասխան էր համագումարի որոշման, թե Ադրբեջանը ճանաչել չեն ուզում, եւ նախանշան, որ հարձակումներն այսուհետեւ սիստեմատիկ են դառնալու՝ անպաշտպան, ամեն կողմից կտրված Ղարաբաղի համառությունը կոտրելու համար»։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Գոռ Թամազյանի եւ Վահան Ղարիբյանի լուսանկարները: