ՄԵՐ ՈՒՂԻՆ

Դեպի Ոչ Մի Տեղ

Հասարակության համար ամենավտանգավոր ճանապարհը ոչ թե տնտեսական կամ ռազմական խնդիրներն են, այլ ընդհանրապես խնդիրներին նայելու միակողմանիությունը: Ցանկացած միակողմանի վերաբերմունք ի վերջո հանգեցնում է դեգրադացիայի: Եթե որևէ խնդիր ունեցող հասարակություն ընտրում է ոչ թե համաչափ հավասարազոր զարգացման ուղին, այլ հենց սկզբից կամ որոշ ընթացք համընդհանուր պայքարից հետո ընտրում է միակողմանի վերաբերմունք, նրա մոտ զարգանում է ճնշող փոքրամասնություն, որն էլ հետագա պայքարի մեջ է մտնում ողջ հասարակության հետ:

Արայիկ Մկրտումյան

Հայաստանը հիմա արագ քայլերով գնում է ոչ մի տեղ: Դա ոչ թե պարզապես բողոք է, այլ արձանագրում: Եվ մեր, ոչ մի տեղ գնալու տխուր իրողությունը, տեսանելի է ու շոշափելի: Ամեն առումով:

Առաջին հերթին պետք է նշել, որ Հայաստանում շատ բարձր մակարդակի է ամեն ինչին միակողմանի նայելու սովորությունը: Մենք ցանկացած բան դիտարկում ենք միայն մի տեսանկյունից և ինքներս մեզ զրկում ենք որևէ բան մինչև վերջ տեսնել-հասկանալ-ըմբռնելու որևէ հնարավորությունից: Մենք շարունակում ենք այդ ինքնակործան պահվածքը նույնիսկ 2020թ. պատերազմից հետո: Պատերազմ, որը պիտի մեր մտածողությունը փոխեր հիմքային մակարդակում ու նոր սկզբունք և բովանդակություն տրամադրեր, դարձավ ևս մեկ միջոց, որով մենք հերթական լավ առիթը ստացանք միմյանց մեղադրելու և ոչինչ ավելի:

Ինչևէ: Միակողմանիության մեր ախտանիշը շատ լավ երևում է նաև այսօր, երբ ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ամանորյա զարդարանքների ծախսերը, մանկական Եվրատեսիլը: Բոլորին քաջ հայտնի է, որ անգամ այս հարցերը երկու մասի բաժանեցին հասարակությանը և կրկին վեճ ու հայհոյանք, որ այսինչ բանը կարելի է անել, իսկ մյուս բանը՝ ոչ:

Եվ կրկին միակողմանի վերաբերմունք: Այնպես ինչպես ամեն ինչին ենք նայում միայն մի տեսանկյունից: Այդ արտահայտվում է ներքին ու արտաքին քաղաքականության ու նույնիսկ մեր անձնական-անհատական պահվածքում, երբ «միայն մենք ենք ճիշտ»: Մեր երիտասարդությունը նաև ունի այսպիսի արտահայտություն. «Ճիշտը մի հատ է, ու մեր գրպանում է»: Այս մեծամիտ, ինքնահավան ու փքված տրամաբանությունը մեզ մոտ և՛ անձնական կյանքում է արտահայտվում, և՛ հասարակական-պետական մակարդակում: Շատ տրամաբանական է: Սթափ հասարակությունը չի կարող նման անկամ ներքին կյանք ու արտաքին քաղաքականություն ունենալ: Եվ ոչ էլ լճացած հասարակությունը կարող է բաղկացած լինել սթափ ու գիտակից անհատներից: Այնպես, որ լիովին տրամաբանական է մեր այս վիճակը, այլ հարց է, որ այն բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:

Միակողմանիությունը, հատկապես հասարակական մասշտաբով այնքան խորը և ծանր խնդիր է, որ նեոֆրեյդիզմի ու ֆրեյդոմարքսիզմի հիմնադիր, սոցիալական հոգեբան, հոգեթերապևտ, փիլիսոփա Էրիխ Ֆրոմն իր «Առողջ հասարակություն» գրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դրան: Ֆրոմը հստակ ցույց է տալիս, թե զարգացման ինչ հնարավորությունների առաջ է կանգնում ցանկացած հասարակություն, երբ իր համար միակողմանիությունն ընտրում է որպես գործելու և ապրելու սկզբունք: Նման հասարակությունը չի կարող հոգեպես առողջ լինել, իսկ հիվանդ հասարակությունները չեն կարող որևէ առողջ արտադրանք տալ:

Հիվանդ հասարակությունները ապրում են կեղծ պաթոսի ու  ոչ կիրառելի ճշմարտություններով: Դրանք էլ իրենց հերթին երաշխավորված աղետների են հասցնում:

Իհարկե հասարակության հոգեկան առողջությունը միայն մեկ բանից կախված չէ, բայց նշվածը ևս հանդիսանում է ծայրահեղ վտանգավոր մի երևույթ և քիչ չեն պատմության մեջ դեպքերը, երբ միակողմանությամբ առաջնորդվող և այլևս ոչ մի բանի չնայող հասարակությունը ինքն իրեն ի վերջո կատարված փաստի առաջ է կանգնեցրել: Միակողմանիությունը կործանարար է, անկախ նրանից, թե ինչ գաղափար է առաջ քաշում: Նույնիսկ ամենալուսավոր գաղափարները կարող են կործանարար լինել, եթե դրանք առաջ են տարվում միակողմանիորեն, առանց քննադատության, որովհետև այն դառնում է բացարձակ ճշմարտություն և դրան հավատացող ու դրա հետևից գնացող հասարակությունը կարող է ոչնչացնել ինքն իրեն:

Ազատության, հավասարության և եղբայրության համար ծագած հեղափոխությունը Ֆրանսիայում հանգեցրեց սարսափելի տեռորի յակոբինների կողմից, իսկ հետո նաև թերմիդորականների լճացմանն ու Նապոլեոնի դիկտատուրային, Ռուսաստանում սոցիալական արդարության համար բռնկված հեղափոխությունը բերեց ստալինիզմի, ազգային ոգու բռնկումը Գերմանիայում՝ հիտլերյան նացիզմի, պետականամետությունը Իտալիայում՝ մուսսոլինիական ֆաշիզմի, բանվորագյուղացիական կրկնաբանությունը Չինաստանում՝ Մաոյի դիկտատուրայի ու սպանդի, պետական միասնականությունը՝ Իսպանիայում ֆրանկոյական բռնապետության, ազատության և անկախության պայքարը՝ անարխիայի և ռասիզմի՝ երիտասարդ ամերիկյան հանրապետությունում: Այս պետություններից ոմանք կարողացան ժամանակին կանգ առնել, ինչպես օրինակ ԱՄՆ-ը, Իսպանիան, ոմանք ծանր կորուստների գնով կարողացան փոքր ինչ սթափվել և դադարեցնել իրենց աղետը՝ օրինակ Չինաստանը, ոմանք ինքնասպանի արագությամբ գնացին դրա հետևից և իսպառ քարուքանդ եղան, որից հետո միայն կարողացան սթափվել, ինչպես օրինակ Գերմանիան, Իտալիան, իսկ ոմանք էլ այնքան ծանր թաղվեցին այդ ամենի մեջ, որ մինչ օրս չեն կարողանում դուրս պրծել դրանից, ինչպես օրինակ Ռուսաստանը, որը դեռ ապրում է ցարական ժամանակների հավակնոտությամբ, բոլշևիկա-կոմունիստական քարացածությամբ:

Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել: Բայց երևույթը մնում է մեկը՝ լավ գաղափարը փոխանակ զարգացնի, տանում է դեպի անմարդկային կորուստների: Եվ հարց է առաջանում, թե ո՞րն է խնդիրը: Եթե գաղափարը վատը լինի, այդ դեռ հասկանալի է, բայց ինչո՞ւ է լավ գաղափարը տանում վատ իրավիճակի: Ինչո՞ւ է ազգային զարթոնքը հագեցնում ֆաշիզմի ու նացիզմի, ազատությունը՝ բռնապետության, եղբայրությունը՝ կոտորածի և այլն: Նույնիսկ ժողովրդավարությունը մի օր փորձանք է բերելու, եթե ամբողջովին միակողմանի լինի:

Այդ բոլորի պատճառը միակողմանի վերաբերմունքն է, երբ հասարակությունը կամովին կամ ակամա վազում է որևէ գաղափարի հետևից և չի նկատում, որ գաղափարը զարգանալու փոխարեն կանգ է առել, սկսվել է այլասերվել, հեռացել է իր նպատակներից: Որովհետև երբ չկա սխալն ընդունելու կամք, քննադատելու քաջություն, ապա գաղափարը վերածվում է «աստվածային» ճշմարտության և անգամ ամենակոպիտ սխալները դառնում են սուրբ և պաշտելի: Գերմանական ազգի, աշխարհին հաղթելու քայլերը ի վերջո մոխրակույտի վերածեցին Բեռլինը: Հիմա իհարկե գերմանացիները կասեն, որ Հիտլերը բռնապետ էր և գերման ժողովուրդը երբեք չի ցանկացել այն, ինչ անում էին նացիստները, բայց մի՞թե Հիտլերը կարող էր իր չորս օգնականներով դառնալ Երրորդ Ռեյխի ֆյուրեր, եթե մարդիկ նրան չընտրեին, չհնազանդվեին:

Փորձենք հասկանալ, թե ինչպես է  աշխատում միակողմանիությունը:

Հասարակության համար ամենավտանգավոր ճանապարհը ոչ թե տնտեսական կամ ռազմական խնդիրներն են, այլ ընդհանրապես խնդիրներին նայելու միակողմանիությունը: Ցանկացած միակողմանի վերաբերմունք ի վերջո հանգեցնում է դեգրադացիայի: Եթե որևէ խնդիր ունեցող հասարակություն ընտրում է ոչ թե համաչափ հավասարազոր զարգացման ուղին, այլ հենց սկզբից կամ որոշ ընթացք համընդհանուր պայքարից հետո ընտրում է միակողմանի վերաբերմունք, նրա մոտ զարգանում է ճնշող փոքրամասնություն, որն էլ հետագա պայքարի մեջ է մտնում ողջ հասարակության հետ:

Եթե փորձենք ավելի պարզ արտահայտվել, ապա նշենք, որ այդ հիմնականում արտահայտվում է առավելապես քաղաքական առումով, քանի որ որպես այդպիսին սովորաբար քաղաքական շրջանակներին կողմ կամ դեմ արտահայտվելով է փորձ արվում ընդհանուր խնդիրների նկատմամբ վերաբերմունք ցույց տալ: Հատկապես եթե հասրակության ու պետության առաջ որևէ սուր հարց է դրված, ապա հասարակությունը սովորաբար ընտրում է առավել ռեակցիոն որևէ խմբի կամ անհատի, որից սպասում է բոլոր խնդիրների լուծման շուտափույթ բանալին:

 Ինչպես հաճախ է պահանջում այդ նեղ խմբի կողմից հռչակված գաղափարախոսությունը սովորաբար շատ կիսատ է լինում և հատկապես կրթության գիտության և տնտեսության հարցերը ոչ միայն գաղափարապես խորը հիմնավորված չեն նրանց ծրագրերում, այլև հաճախ մի կողմ են մղվում քանի որ ընտրված խումբը հիմնականում զբաղված է նեղ ոլորտով՝ առավելապես քաղաքական-ռազմական ուղղությամբ: Այդ դեպքում մեծ դեր է հատկացվում բանակին, ոստիկանությանը, բյուրոկրատիային իսկ մնացած ոլորտները՝ տնտեսությունը սպասարկվում է մինիմալ չափով, իսկ կրթության գիտության, առողջապահության և մնացած հարցերով զբաղվում են այնքան, ինչքան կարող են զբաղվել կողմնակի խնդրով և այնքան ինչքան պետք է իրենց:

Միակողմանիությունը երբ սկսում է հաղթել, սկսում է ճնշել, իսկ ճնշումը միշտ դիմադրություն է առաջացնում: Այդ պարագայում երեք տարբերակ կա, կամ դիմադրությանը կոտրում են ու դառնում ավելի տոտալիտար, կամ դիմադրությունը հաղթում է և ձևավորում նոր ճնշող հատված, կամ էլ դիմադրությունը չի կոտրվում բայց չի էլ հաղթում, և հասարակությունը էլ ավելի է պառակտվում ինքն իր մեջ: Ցանկացած վեհ և ազնիվ գաղափարախոսություն նախ և առաջ տեսական է և սխալ ու բարդ պրակտիկայում կիրառվելիս առաջացնում է մի շարք հիմնական խնդիրներ, որոնք տանում են նոր ճգնաժամի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *