Ոչ թե պետք է պահանջենք, որ ռուս խաղաղապահների ժամկետը երկարացվի, այլ պետք է հասկանանք, որ նրանք իրականում անվտանգությունը չեն ապահովում։ Լավ, ամենաշատը երեք տարի էլ մնացին Արցախում, բա հետո՞։
Ռուբեն Բաբայան
Путин спасибо գոռալով՝ մենք քաղաքակրթական նույն դաշտում ենք մնում, որտեղ գտնվում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Թուրքիան, Ղազախստանը
Lragir.am-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը
Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ի՞նչ պետք է անել։
Մեր ամենամեծ սխալն այս բոլոր տարիների ընթացքում եղել է այն, որ փորձել ենք ստատուս քվոն պահպանել։ Միշտ եղել է ինչ-որ իրավիճակ, փորձել ենք դրան արձագանքել և ընդհանրապես չենք եղել նախաձեռնողի դերում։ Օրինակ բերենք այս վերջին իրադարձությունները։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցիները սուտ բնապահպաններ են։ Մենք կարող էինք նախաձեռնող լինել և նույն այդ հանքերի հարցն ինքներս առաջինը բարձրացնել, Արցախ բերել միջազգային դիտորդներ, փորձագետներ։
Ի՞նչ է պետք անել։ Պատմությունն ու փորձը ցույց տվեցին, որ տարածքային պահանջը չի ընդունվում աշխարհի կողմից։ Ինքնորոշման իրավունքն ամբողջովին վարկաբեկվել է, այսօր ինչ տարածք զավթում է Ռուսաստանը, անունը դնում է ինքնորոշում։ Հնարավոր է կիրառել մի տարբերակ, որն աշխատել է Կոսովոյի դեպքում՝ անջատում հանուն փրկության։ Բայց ինչո՞ւ անջատել, սա ամենակարևոր հարցն է, մենք պետք է ցույց տանք, որ Արցախն ու Ադրբեջանը գտնվում են տարբեր քաղաքակրթական դաշտերում։ Ադրբեջանի խոստումներին ի պատասխան՝ ապահովել հայերին բոլոր այն իրավունքներով, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիները, մենք պետք է ասենք՝ իսկ ի՞նչ իրավունքների մասին է խոսք գնում մի երկրում, որտեղ չկա ընդդիմություն, ազատ մամուլ, որտեղ ընդդիմադիրները նստած են բանտերում կամ արտաքսված են երկրից։ Ցավոք սրտի, խնդիրն ամբողջովին դարձել է ազգամիջյան, բայց մենք ազգամիջյան ոլորտից պետք է տեղափոխենք քաղաքակրթական դաշտ։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա՝ «Путин спасибо» գոռալով՝ մենք քաղաքակրթական նույն դաշտում ենք մնում, որտեղ գտնվում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Թուրքիան, Ղազախստանը։ Խնդիրը ոչ թե այն է, որ աշխարհին ցույց տանք, որ մենք ուրիշ քաղաքակրթական դաշտում ենք, այլ իսկապես լինենք ուրիշ քաղաքակրթական դաշտում։ Ոչ թե պետք է պահանջենք, որ ռուս խաղաղապահների ժամկետը երկարացվի, այլ պետք է հասկանանք, որ նրանք իրականում անվտանգությունը չեն ապահովում։ Լավ, ամենաշատը երեք տարի էլ մնացին Արցախում, բա հետո՞։ Երբ մենք խոսում ենք միջազգային մանդատի մասին, իրոք այդ ուղղությամբ պետք է աշխատենք, մեզ համար շատ կարևոր է անվտանգությունը, ոչ թե այն, թե ում կողմից է այդ անվտանգությունն ապահովվում։ Երբ դու քո անվտանգությունը կապում ես միայն մեկ երկրի հետ, պարզվում է, որ նա կարող է քո հաշվին հանգիստ ինչ-որ առևտուր անել։ Այո, պետք է նույն ռուսական խաղաղապահներին որոշակի պահանջներ ներկայացնել, օրինակ, ինչո՞ւ միջազգային լրագրողները չեն կարող մտնել Արցախ ու լուսաբանել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ինչ-որ թաքուն բա՞ն է կատարվում այնտեղ։ Դեպի աշխարհ պետք է բացվել, մենք պետք է պաշտպանենք արցախահայության շահերը, իրենք դեպի աշխարհ պետք է բացվեն։ Եվ կապ չունի՝ իրենք ճանաչված պետություն են, թե ճանաչված չեն։ Արժեքներ կրելու համար պետական ստատուսը կարևոր չէ։
Ի՞նչ են ցույց տալից ռուսական զորքի գործողություններն Արցախում։
Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ Ռուսաստանը կոնկրետ խնդիր էր լուծում՝ իր ռազմական ուժերը տեղակայել Արցախում։ Բայց իր համար դա Ադրբեջանի տարածքն է, իրեն պետք էր ինչ-որ ձևով իր ռազմաբազան տեղադրել նաև Ադրբեջանում։ Եթե մենք չփոխենք մեր քաղաքակրթական ընտրությունը, շատ հավանական է, որ մի երկու տարի անց Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ պայմանագիր կնքել Ստեփանակերտում ռուսական բազա տեղակայելու մասին։ Հիմա արդեն դեպի դա է գնում, որ Արցախը պարզապես ռուսական ռազմաբազան սպասարկող մի տարածք է։ Եվ թե դրա փոխարեն Ռուսաստանն ինչ կզիջի Ադրբեջանին, մենք դա չգիտենք, որովհետև Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ այսօր որևէ դերակատարում չունենք։ Հետևաբար, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դերակատարում ունենանք, առաջին հերթին Արցախը պետք է դերակատարում ունենա Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Դա չի նշանակում, որ մենք պատասխանատվությունը մեր վրայից գցում ենք։ Եվ Հայաստանը, և Սփյուռքը պետք է աջակցեն Արցախին, պետք է մշակենք մեր պլանը։ Հիմա բոլորս խոսում ենք այն մասին, որ մտահոգված ենք, այդ մտահոգվածությունը պետք է արտահայտչական ձև գտնի։ Եվ դա միայն իշխանությունը չպետք է անի, կրեատիվ գաղափարներ կարող են ծնել բոլորը, պետք է դառնալ նախաձեռնող՝ միջազգային ընդունված խաղի շրջանակներում, ոչ թե լաց լինենք կամ դժգոհենք, թե աշխարհը մեր դեմ է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը որոշակի քայլ էր, դրան պետք է հետևեն ուրիշ քայլեր, հասնել այնտեղ, որ նույնիսկ պատժամիջեցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ։ Այդ միջանցքը առաջիկայում կարող է բացվել, բայց արդյոք դա նշանակում է, որ հետո մի ուրիշ պատրվակով չի փակվելու։ Մենք չպետք է սպասենք, պետք է ինքներս լինենք նախաձեռնող, ցույց տանք, որ բաց ենք աշխարհի համար։ Պետք է ցույց տանք, թե ինչ արժեքներ ենք կրում, և այդ արժեքները կրողները չեն կարող լինել մի պետության կազմում, որը լրիվ ուրիշ արժեքների է դավանում։
Հոդվածը՝ lragir.am կայքից։