Ձերբազատվենք մեր բարդույթներից և քաջություն ունենանք ընդունելու, որ, անհատապես ու հավաքաբար, բոլորս մեղավոր ենք այն ամեն ինչի համար, որ տարիներով արեցինք կամ չարեցինք, և հատկապես մեր անտարբերությամբ թույլտ վեցինք որ անեն ուրիշները:
Վիքեն Արաբյան
Այսօր, երբ Հայաստան աշխարհի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը գնալով ավելի ու ավելի է թանձրանում և այս օրերին էլ ավելի է կարևորվում ամեն խոսքի ու գործողության արժեքը, երբ լարված ու հուզված առօրյայում բառերն ավելի ծանր են հնչում, էլ ավելի անհրաժեշտ է դառնում ցանկացած սթափ ու գիտակից խոսք, որն ուղղված է մեզ բոլորիս: Այսպիսի մի գրառում ենք ցանկանում ներկայացնել, որի հեղինակը լիբանանահայ Վիգեն Արաբյանն է:
Հեղինակի մասին՝
Ադցախը եղել է Վիգեն Արաբյանի ուշադրության կենտրոնն ու սերը:
Դեռևս 1990-ականներից սկսած, նա բազմաթոիվ բարեգործական կազմակերպություններ է ղեկավարել՝ հիմնականում Արցախի սահմանամերձ շրջաններում շինարարական աշխատանքներ իրականացնելով՝ տներ, դպրոցներ և բժշկական կենտրոններ: Հանդիսանում է «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ նախագահը: Դեռևս 2016թ. սկսած իրագործել է և իրագործում է բազմաշերտ ծրագիր: 2020թ. պատերազմից հետո աշխատանքների մեծ մասն ուղղված է Արցախի սահմանամերձ շրջանները վերաբնակեցնելու աշխատանքներին:
Վիգեն Արաբյանի և այս կազմակերպության մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով հետևալ էջը՝
www.supportourheroes.am
Վիգեն Արաբյանի գրառումը՝
Բարդ է հետպատերազմյան իրավիճակը, ավելի բարդ, քան մեզանից որևէ մեկը կարող էր պատկերացնել 2020 թվականի սեպտեմբեր 26-ին։ Մեր ժողովուրդին ՝ Հայաստանում և սփյուռքում, պատերազմը բերեց ցավ, հիասթափություն, անկարողության զգացում: Հարազատ կորցրած ընտանիքների համար պատերազմի կորուստը դարձավ անձնական ողբերգություն, ազգայինը դարձնելով երկրորդական, իսկ պատերազմի մասնակիցներից շատերի հուշերը շարունակում են մնալ նրանց առօրիայում, հայրենիքի իրավիճակի բարդությանն ու անորոշությանը զուգահեր:
Հասկանում եմ և ապրում կյանքիս ամեն մի վայրկյանը՝ ձգտելով հասկանալ բոլորին, միևնույն ժամանակ՝ բուռն ընդվզում եմ հանձնվողական տրամադրությունների դեմ։ Ընդվզում եմ հատկապես նրանց դեմ, որոնք 28 տարի ցուցաբերեցին անտարբերություն՝ երկրում ընթացող համակարգված թալանի նկատմամբ, և բավարարվեցին լոզունգներով ու կենացներով, և այսօր «հիասթափված» են։
Եթե այսօր մենք մեզ իրավունք ենք տալիս քննադատելու ներկա կամ նախկին իշխանություններին, ուրեմն պարտավոր ենք նույն կամքով էլ ստանձնել պատասխանատվություն՝ որպես հասարակություն, տարիների ընթացքում մեր որդեգրած խուսափողական, անտարբեր կեցվածքի համար, երկրի իշխանությունների վարած ապազգային, հայրենադավ քաղաքականության նկատմամբ։
Ուրեմն ի՞նչ….և դեպի ու՞ր:
Ձերբազատվենք մեր բարդույթներից և քաջություն ունենանք ընդունելու, որ, անհատապես ու հավաքաբար, բոլորս մեղավոր ենք այն ամեն ինչի համար, որ տարիներով արեցինք կամ չարեցինք, և հատկապես մեր անտարբերությամբ թույլ տվեցինք որ անեն ուրիշները: Գիտակցենք, ընդունենք և առանց վարանելու միասնական ոգով ու կամքով վերակառուցենք հայրենիքը՝ ընտանիք առ ընտանիք, տուն առ տուն՝ հիշելով ամեն վայրկյան, որ պարտական ենք այն անմահների նկատմամբ, ովքեր զոհաբերեցին իրենց գերագույնը, և նրանց, ովքեր այսօր շարունակում են մաքառելով ապրել մեր հայրենիքի առավել հոգեհարազատ ու վտանգված հողաշերտում՝ Արցախում։ Գիտակցենք, որ պարզապես չունենք այլ տարբերակ, և եթե շարունակենք այս ընթացքը, ապա այն մեզ տանելու է կործանման: Գիտակցենք հատկապես, որ մենք, պատմությանը վաղուց ենք ապացուցել, որ մեր տեսակը հանձնվող չէ, որ հայի տեսակը պատահականությամբ չի գոյատևել 4000 տարի։
Հիշենք ու գիտակցենք, որ մեր պապերն ապրեցին նույնքան ու ավելի դաժան օրեր, ու մեզ ժառանգեցին անժառանգելին, և ամեն անգամ, երբ գտնվեցինք ազգային մեծագույն արհավիրքի առջև, միավորեցինք մեր բռունցքները և վերստեղծեցինք ավելի հզոր և նոր Հայաստան։
Պատմությունը կրկնվում է, և մեր սերունդը կրում է մեծագույն պատասխանատվություն` տեր կանգնելու Արցախին։ Նժդեհի, Ազգալդյանի ու Մոնթեի խոսքերը լոկ մարգարեություն չեն, այլ՝ ռազմաքաղաքական լրջագույն վերլուծություն։ Արցախը Հայաստան է, և Հայաստանը չի գոյատևելու առանց Արցախի։ Այսօր, հսկայական աշխատանք կա անելու Արցախում և ազգային, միասնական ջանքի բացարձակ լարումով, կարող ենք էապես փոխել իրավիճակը` և ժողովրդագրական, և քաղաքական, և ռազմական ճակատներում, բայց առաջին հերթին պարտավոր ենք ապահովել հայի արժանապատիվ գոյատևումը Արցախում։ Քարվաճառի, Թալիշի, Մատաղիսի, Ակնայի, Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի ճանապարհները բոլորը սկսում են բացառապես հայկական Մարտակերտից, Ասկերանից, Մարտունիից ու Ստեփանակերտից։
Արցախը ման մի՛ եկեք բեմերում և հրապարակներում։ Արցախն այսօր այդ հողի վրա ապրող ամեն մի հայորդին է, ամեն մի 3 տարեկան մանուկը, խրամատում կանգնած ամեն մի հայ զինվորը, ամեն մի ամուսին կորցրած պայքարող այրին, զավակը կորցրած հպարտ մայրը, ովքեր այնքան կարիքը ունեն տեսնելու, զգալու, ապրելու, որ մենք բոլորս՝ Հայաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում կամ այլուր բնակվող հայորդիներս, բոլորս միասնական կանգնած ենք իրենց կողքին՝ հեռու քաղաքական և կուսակցական պատկանելությունից, տարաձայնություններից ու ճառերից, և սատարում ենք արցախցու գոյութենական պայքարին, մեր գործով, մեր կյանքով, անտրտունջ ու հաստատակամ։ Սա՛ է այսօրվա մեր միակ ու անվիճելի հրամայականը։
Ի՛ գործ, բոլորս։
Միասին կառուցենք այսօր՝ վաղվա Հայաստանը։
Աշխատե՛նք, ներշնչե՛նք, ներշնչվե՛նք։
Վիքեն Սերոբի Արաբյան
«Սատարենք Մեր Հերոսներին»
Բարեգործական Հասարակական Կազմակերպություն