Ազատ բեմ

ՀՅԴ XXXIV-րդ Ընդհանուր Ժողովը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» (VII)


Անկենդան և աննպատակ «ՀՅԴ»-ն, որին պետք կլինի սողալով հայտնվել Ռոբերտ Քոչարյանի անկողնում՝ 2021-ին պատգամավորական տեղ ստանալու համար, առանց նվազագույն համեստության ընդունում է «Ազգային ժողովի փոխնախագահի» պաշտոնը, երբ հոգու խորքում գիտի, որ ՀՅԴ-ն երբեք չէր կարողանա մուտք գործել խորհրդարան, եթե որոշեր ինքնուրույն մասնակցել դրան, քանի որ դա կնշանակեր ինքնակործանման սկիզբ, ընդհուպ մինչև վերջնական կործանում:

Կայծ Մինասյան

ՀՅԴ Ընդհանուր Ժողովները միշտ էլ բացառիկ հանդիսավոր պահեր են: Դրանց գրեթե գաղտնի նախապատրաստումը, պատվիրակությունների ընդունելությունը, բացման արարողությունը և տոնակատարությունների կազմակերպումը կատարվում են հատուկ արարողակարգով՝ շրջաններում չորս տարվա աշխատանքից հետո միմյանց գտած ընկերների գրկախառնություններով, համբույրներով, հանդիպումներով, ընդ որում՝ այդ ամենը ենթակա է վերլուծման տվյալ քաղաքական պահի տեսանկյունից՝ որպես նվիրական մի հանդիպում, ինչպիսին ֆուտբոլի ազգային ընտրանու մարզական հավաքն է աշխարհի գալիք առաջնության նախապատրաստման ժամանակ: Բայց երբեմն պատահում է նաև, որ այլևս ուրախանալու սիրտ չի լինում, և պահի թշվառությունը չի համապատասխանում դաշնակցական հիշողության պահապանների կողմից պարտադրված բեմադրությանն ու արտաքին վայելչությանը։ Դա հենց XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի դեպքն է, որը գումարվեց 2022 թվականին Երևանում, հետո Դիլիջանում, ՀՅԴ այս արարողություններին բնորոշ քառամյա պլանավորումից մեկ տարի շուտ: Ամենուր այլայլված դեմքեր են, մռայլ հայացքներ։ Պատվիրակների դեմքերը հոգնածություն, տխրություն, դառնություն, նույնիսկ զայրույթ են արտահայտում, մի բան, որ չեն կարողանում քողարկել անգամ պարանոցին կապված՝ համախմբումն ու միասնությունը խորհրդանշող կարմիր վզկապները, չնայած իրենց բոսորագույն գործվածքին: Դաժան ժամանակներ են երկու գլխավոր հերոսների՝ Բյուրոյի Հերթապահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ անցկացվող բանավեճերի բացման օրը՝ 2022 թվականի փետրվարի 28-ին․ Երևանը պարտվել է 44-օրյա պատերազմում, թշնամին այլևս Հանրապետության սահմանին չէ, այլ 2021 թվականի գարնանից ներխուժել է հայկական տարածք և դեռ սպառնում է բնակչությանը, քաղաքական իրավիճակն անկայուն է, Նիկոլ Փաշինյանի վարչակարգը վերընտրվել է 2021 թվականի հունիսի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն «Հայաստան» (Քոչարյան) և «Պատիվ ունեմ» (Սարգսյան) դաշինքների գլխավորած ընդդիմությունը վրեժի է ձգտում, «Կարսի» տևական ճգնաժամով դաշնակցական կառույցը ներսից քանդվում է, վերջապես, նյարդային վիճակի ամենավերջին պատճառն այն է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա Ընդհանուր Ժողովի բացումից չորս օր առաջ և այժմ հարձակողական պատերազմ է մղում, ընդ որում հույս ունի մի քանի օրից հաղթել։

Հենց այս ծանր իրադրության մեջ և լարված մթնոլորտում են հայտնվում պատվիրակները՝ վերջերս ռազմաճակատում ընկած և Երևանի Եռաբլուր գերեզմանատանն ամփոփված զինվորներին հարգանքի տուրք մատուցելուց հետո՝ միմյանց սատարելու և դաշնակցական համերաշխության այդ չափաբաժինը պահպանելու համար՝ Ընդհանուր Ժողովի փորձությունից առաջ՝ բլոտի թաքուն խաղերի ժամանակ ծրագրված բազմաթիվ ստոր արարքներով և ուղիղ կամ հեռակա հաշիվների մաքրմամբ։ Հանգիստ միմյանց հանդիպելն է՛լ ավելի դժվար է, որովհետև պատմությունն անցնում է նրանց աչքի առաջ, քանի որ Հայաստանն այնպիսի փոփոխական քաղաքական պահ է ապրում, որ տպավորություն է ստեղծվում, որ իր ճակատագիրն այլևս իր ձեռքում չէ: Ինչպիսի՞ն կարող են լինել բանավեճերի բովանդակությունն ու որոշումների արժանահավատությունն այն դեպքում, երբ հայտնվել ենք համընդհանուր անկայունության, ամենածանր անորոշության պայմաններում։ Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ, մանավանդ որ Բյուրոն XXXIV-րդ Ընդհանուր Ժողովը գումարում է մեկ տարի շուտ, և որ նախորդ՝ 2019 թվականի Ընդհանուր Ժողովի գլխավոր բանաձևը, այն է՝ Արցախը դարձնել ՀՅԴ վերակառուցման ռազմավարական կենտրոն, արդեն հնացել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի պարտությունից հետո: Այսպիսով, ի՞նչ պետք է ակնկալենք այս XXXIV-րդ Ընդհանուր Ժողովից, երբ գիտենք, որ XXXIII-րդ Ընդհանուր Ժողովն արդեն պետք է մոռացվի, և որ այն, անկասկած, կմնա ՀՅԴ պատմագրության մեջ՝ որպես նոր ձախողված հանդիպում, հսկայական խառնաշփոթ, մի խոսքով, բաց թողնված հնարավորություն՝ դասեր քաղելու թավշյա հեղափոխությունից և Դաշնակցության քաղաքական ապագայից Հայաստանում։ Այսպիսով, ի՞նչ պետք է սպասել այս անգամ այս XXXIV-րդ Ընդհանուր Ժողովից, որի օրակարգը ձևավորվել է երկու կարևոր կետի շուրջ. ի՞նչ ապագա կունենա Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որտեղ ՀՅԴ-ն հիմնական քաղաքական ուժն է՝ ընտրություններում ստացած 25 մանդատից 12 պատգամավորով, և ինչպե՞ս կարգավորել «Կարսի» և Բյուրոյի միջև ծավալվող հյուսիսամերիկյան ճգնաժամը։ Ի դեպ, հարց է առաջանում, արդյո՞ք այս երկու դեպքերը կապված են։ Մի խոսքով, որո՞նք են այսօր սեղանին դրված, հրատապ մոտեցումները՝ ՀՅԴ-ին պատուհասած ընդհանուր ճգնաժամը հաղթահարելու համար:

Դաշնակցական պատմագրությունը եզակի է նրանով, որ թույլ է տալիս համեմատել Ընդհանուր Ժողովները մի շրջանից մյուսը և մի տեղից մյուսը։ Եթե, օրինակ, ողջունելի է համեմատել IV-րդ և XX-րդ Ընդհանուր Ժողովները (1907 և 1972 թթ.) ՀՅԴ համախմբման գաղափարի առումով, XIV-րդ և XXVIII-րդ Ընդհանուր Ժողովները (1947 և 2000 թթ.) ՀՅԴ վերակառուցման, և V-րդ ու XXIV-րդ Ընդհանուր Ժողովները (1909 և 1988 թթ.)՝ ՀՅԴ նոր սկզբի գաղափարի շուրջ, 2022 թվականին Հայաստանում գումարված Ընդհանուր Ժողովը կարելի է որոշ ընդհանրություններով համեմատել VII-րդ Ընդհանուր Ժողովի հետ, որը կազմակերպվել էր ՀՅԴ փլուզման վտանգի առիթով 1913 թվականի օգոստոսի 17-ից 25-ը Էրզրումում: Որո՞նք են այդ իրական կամ դանդաղ կազմալուծման ընդհանուր հատկանիշներն ու նշանները: Նշյալ երկու Ընդհանուր Ժողովները տեղի են ունեցել պատերազմական մթնոլորտում (1912-1913-ին Բալկանյան պատերազմներից և 2020-ին 44-օրյա պատերազմից հետո), կասկածելի հետդաշինքային պայմաններում (1912-ին փաստացի խզվել էր ՀՅԴ դաշինքը «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական քաղաքական կուսակցության հետ, թեպետ ձևականորեն դեռ ուժի մեջ էր մինչև 1914 թվականը, իսկ 2018-ին ՀՅԴ-ն կապերը խզել էր Հանրապետական ​​Կուսակցության հետ, բայց դեռ տեսականորեն շարունակում էին դաշնակից մնալ), ռազմական լարվածության մթնոլորտում (հիշե՛նք Ռուսաստանի քաղաքականությունը և 1912-1913 թվականների բարեփոխումները Օսմանյան Հայաստանում և Հայաստանի ու Արցախի ապագայի նկատմամբ Մոսկվայի ռազմավարությունը) և ներքին ճգնաժամի պայմաններում (1913 թվականին ՀՅԴ թուլացումը Կովկասում և 2018 թվականից Հայաստանի ՀՅԴ փլուզումը): Կարելի է համեմատել, օրինակ, Դաշնակցության վիճակը հետևյալ երկու տարբեր ժամանակաշրջաններում. «Մեր կազմակերպությունը թույլ է Կովկասում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը այն վերականգնելու համար», – ժամանակին բացատրում էր Նիկոլ Աղբալյանը, որը Ընդհանուր Ժողովի Կովկասի պատվիրակն էր և երեք նախագահներից մեկը։ Այս նույն միտքը կարող ենք հեշտությամբ կիրառել Հայաստանում Դաշնակցության ներկայիս վիճակը նկարագրելու համար։ Երկու դարաշրջանների ևս մեկ նմանություն էլ կա. 1913-ին Օսմանյան խորհրդարանի դաշնակցական պատգամավորները նույնքան ազատ էին իրենց գործողություններում, որքան ազատ էին 2021-ին ընտրվածները: Իրոք, 1913 թվականին ՀՅԴ-ի ո՞ր մարմնին են հաշվետու եղել պատգամավորները։ Ժնևի և Կոստանդնուպոլսի միջև պառակտված Արևմտյան Բյուրոյի՞ն։ Բայց որոշ պատգամավորներ ընտրվել են Արևմտյան Հայաստանի ընտրատարածքներից։ Ուրեմն՝ Էրզրումում գտնվող հայաստանյան Բյուրոյի՞ն, որը ձևավորվում է ՀՅԴ ֆինանսական միջոցների՝ դեպի Էրգիր փոխանցմանը զուգընթաց: Բայց պատգամավորները շարունակում են իրենց նիստերը գումարել մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Ի վերջո, ՀՅԴ-ն որոշում է, որ պատգամավորները պատասխանատու են Հայաստանի Բյուրոյի առջև՝ Էրգրի էպիկենտրոնից ՀՅԴ ռազմավարությունը վերակենտրոնացնելու գաղափարով։

2021-ին հարցն ավելի սուր բնույթ է ստանում հատկապես, երբ խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի մասին է։ Ո՞ւմ է նա հաշվետու. Բյուրոյին, որի անդամն է ինքը։ Բայց նա Սեյրան Օհանյանի գլխավորած «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ է, որը Ռոբերտ Քոչարյանի հովանավորության տակ է, ով շաբաթը մեկ անգամ հավաքում է իր խմբի ղեկավարներին, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանին։ Դա նշանակում է, որ Արմեն Ռուստամյանը պատասխանատու է «Հայաստան» խմբի նախագահ Սեյրան Օհանյանի՞ն։ Բայց վերջինս ՀՅԴ անդամ չէ։ Ուրեմն ՀՅԴ Գերագույն մարմնի՞ն՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ։ Սակայն, Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը Հայաստանի ՀՅԴ տնօրինության տակ չէ։ Բայց ուրեմն ու՞մ։ Փաստորեն ոչ մեկի, որովհետև, ինչպես որ Բյուրոն և ՀՅԴ Գերագույն մարմինն են քաղում իշխանության պտուղներն արյունապիղծ հարաբերություններում, այնպես էլ Արմեն Ռուստամյանն է նավարկում պղտոր ջրերում՝ մե՛րթ դեպի Բյուրոն, մե՛րթ դեպի Գերագույն մարմինը թիավարելով, բայց միշտ էլ ձգտելով օգուտ քաղել։ 1913-ին Միացյալ Նահանգների պատվիրակների բացակայությունը նույնանում է 2022-ին «Կարսի պատմական հոսանքի» բացակայության հետ, որը հապճեպ փոխարինվեց «Կարսի պաշտոնական հոսանքի» պատվիրակներով՝ առանց որևէ կանոնադրական ընթացակարգի: Որոշումների բովանդակային աղքատությամբ VII-րդ Ընդհանուր Ժողովը համահունչ է XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի հետ՝ աննախադեպ շատ «պատճենած-փակցված» («copy-paste») որոշումներով՝ մի Ընդհանուր Ժողովից մյուսը, ինչն ավելի ճշգրիտ պատկերացում է տալիս առկա ծանր մթնոլորտի մասին: Էլ չենք խոսում 1913-ին և 2022-ին ՀՅԴ դատարկ գանձարանի մասին, ինչի վկայությունն է Ընդհանուր Ժողովի ոչ մարդաշատ դահլիճը և անդրանիկ նիստի ժամանակ համախոհի նվիրատվության (300 000 դոլար) լավ բեմականացված ցուցադրությունը, «Կարսին» հասկացնելով, որ առանց «պատմական հոսանքի մեծահարուստների» էլ ՀՅԴ-ն կարող է դժվարին դրությունից դուրս գալ:

Բայց եկեք մի քանի ամիս հետ գնանք, հենց 2019-ին XXXIII-րդ Ընդհանուր Ժողովից հետո, որպեսզի հասկանանք Հայաստանում ՀՅԴ սաստկացող  անհանգստության պատճառը: Հետհրանտյան անցումային նշյալ Ընդհանուր Ժողովի ավարտին Հակոբ Տեր-Խաչատուրյանի մտրակին ենթարկվող նոր Բյուրոյին կոչ է արվում ապահովել Սփյուռքում ՀՅԴ միասնությունը և հետհեղափոխական Հայաստանում նրա պաշտպանությունը: Նախկինում (VI-րդ մաս) տեսել ենք, թե ինչպես Բյուրոյի և ՀՅԴ Գերագույն մարմնի թեթև ձեռքով հրահրվել, կառավարվել և ուռճացվել է «Կարսի» ճգնաժամը։ Ասպարեզն այլևս Հայաստանում ՀՅԴ-ինն է և մասնավորապես նրա Հերթապահինը․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը իշխանության մոլուցքով տառապող, կարճահասակ, առանց անձնական հմայքի, առանց տեսլականի կամ մտավոր տաղանդի մի վարչարար է։ Զուր ջանքեր են դաշնակցական մամուլում նրա հեղինակած որևէ հոդված գտնելը, որը կվկայի իր հանճարի կամ փայլուն գաղափարական բովանդակությամբ որևէ մտքի մասին։ Մի էլ փնտրեք, չեք գտնի։ Իրականում, ՀՅԴ վարչական աստիճանակարգում նրա անցած ուղին խառնածին է: Դա և՛ լավ կանխամտածված հաշվարկի (մի պաշտոնամոլի հաշվարկ, որը Հրանտի կլոնավորման (գենետիկական պատճենավորման) ձևաթղթի բոլոր վանդակներն էլ լրացրել է), և՛ պատեհապաշտ ճարպիկ հաշվարկի արդյունք է (մի խորամանկ մարդու հաշվարկ, որին չէին սպասում, բայց ով եկավ պատահաբար՝ հաջողությամբ սողոսկելով իշխանության մեջ կամ որին հրավիրել են առաջնորդների սեղանի շուրջ, այն դեպքում, երբ նրա անունը նույնիսկ հյուրերի ցուցակում չի եղել): Նա ավելի շատ առևտուր անողի տեսք ունի, քան իսկական քաղաքական առաջնորդի: Անհայտ լինելով Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, նրա հասցեագիրքը սահմանափակվում է Կանադայի իր նստավայր Լավալի պատգամավորների և ՀՅԴ միավորումների ղեկավարների հասցեներով: «Երգող է, երբ կարող է, քնաբեր դեղ, երբ պետք է», այսպիսին է Հակոբ Տեր-Խաչատուրյանի՝ խոսքից աղքատ, առանց նրբանկատության ու տեսլականի ղեկավարի «ապրանքանիշը»։ Ժպտերես ու թմբլիկ, բայց ամբարտավան տղամարդ, ով սիրամարգի պես պտտվում է իր կուսակիցների շուրջը, որոնք բոլորն էլ, նրա նման, ինչ-որ բան են պարտական ​​Հրանտ Մարգարյանին: Ավելին, նա դա գիտի, բայց չի կարող խոստովանել։ Հերթապահն իր տեղը պարտական ​​է նախկին պետ Հրանտի հետ «Կարսի» կործանման դիմաց կնքված գործարքին։ Բայց այն, ինչ նա կիմանա ավելի ուշ, այն է, որ խարդախ Հրանտը Բյուրոյի քվեարկությունից անմիջապես առաջ XXXIII-րդ Ընդհանուր Ժողովում իր մերձավոր կուսակիցների հետ մեկ այլ գործարք է կնքել՝ մտածելով․ «Թույլ Բյուրո կստեղծենք Հակոբի շուրջ, և ես կվերադառնամ չորս տարուց։ Միևնույն ժամանակ, պետք չէ նրան չափից դուրս օգնել»։

Բավական արագ տեղեկանալով իր նախկին կուռքի փորձված հնարքի մասին՝ Հակոբը, հպարտությունից դրդված, մտադիր է ցույց տալ, որ «Թույլ Բյուրոյի» այս հարձակումը միայն հորինվածք է: Բայց փոխանակ անտեսելու նախկին ինքնաոչնչացնող առաջնորդի վրեժխնդիր խոսքերը, Հակոբը, փաստորեն, ցույց կտա նրան, որ նա իսկապես իր արժանի ժառանգորդն է, քանի որ երկարաժամկետ հեռանկարում նա հետհրանտյան ժամանակահատվածը կվերածի «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյանի» ներառավելապաշտական ​​պայքարի ժամանակաշրջանի։ Իսկապես, 2019 թվականից մինչ օրս առավելապաշտների շրջանում այս լարվածությունը բնորոշ է Դաշնակցության քաղաքականությանը, որտեղ նրանցից երեքի միջև այժմ հարաբերություններ են հաստատվում Երևանում. մինչև 2019 թվականը արյունապիղծ հարաբերություններ էին Բյուրոյի և Գերագույն մարմնի միջև՝ ողջ Դաշնակցությունը ողողելով իրենց ապաշնորհությամբ և անհամաձայնություններով. 2019 թվականից ՀՅԴ-ն վերածվել է եռակողմ հարաբերության՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի (Բյուրո), Իշխան Սաղաթելյանի (Գերագույն մարմին) և «Կամավորական շարժում» նոր հայրենակցական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանի միջև։ ՀՅԴ պատմության մեջ չլսված դեպք է տեղի ունենում․ նախկին Հերթապահը որոշում է իշխանությունների կողքին կիսառազմական կառույց ստեղծել, որպեսզի պահպանի դաշնակցական տարածքում և հանրության մեջ մնալու օրինականությունը, և հազիվ էր ստեղծվել, երբ իր ընկեր Գեղամ Մանուկյանը, որը «Երկիր Մեդիայի» տնօրենն է, նրան հնարավորություն տվեց 2019 թվականի դեկտեմբերին այն ներկայացնել հեռուստադիտողներին։ Ոչ ոք հիմար չէ, շատերն են հասկանում, որ Հրանտ Մարգարյանը շարունակում է խուսանավել հետնաբեմում՝ Հակոբի և Իշխանի հետևում, և այժմ ցանկանում է վրեժ լուծել, հենվելով Իշխանի վրա՝ Հակոբին թուլացնելու համար։

Անմիջապես Հերթապահ Հակոբի առջև հայտնվեցին առաջին մարտահրավերները, հատկապես երեք գործի հետ կապված, որոնք բացահայտում են նրա տաղանդը՝ որպես առավելապաշտ, բայց և որպես Կուսակցության գլխավոր անզգայացնող, քանի որ նա ավելի շատ կրելու էր Հրանտի և Իշխանի հարվածները, քան դառնալու էր ՀՅԴ պատմության մեջ նոր էջ բացելու նախաձեռնողը։ Նախ, Հակոբը առերեսվում է Հայաստանի ՀՅԴ ներսում պառակտմանը, որտեղ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության (ՆԱՈւՄ) հիմնական կորիզը հրաժարվում է կատարել Գերագույն մարմնի հրամանը, որը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի այս հավատարիմ ընկերը մեղադրվում է դպրոցական ծրագրերում ապազգային գաղափարներ քարոզելու մեջ։ Անջատողականները հակադրվում են ղեկավարությանը՝ պատճառաբանելով, որ բողոքի պահանջները հիմնավորված չեն, և, որ կուսակցական հրամանն ավելի շատ պատրվակ է Փաշինյանի ռեժիմը ապակայունացնելու, քան ուսանողների գործը պաշտպանելու համար։ Իր հերթին, Հակոբը չի տեսնում, որ ապստամբների վտարումը վավերացնելով, ՀՅԴ-ն իրեն կտրում է երիտասարդությունից, հետևաբար նաև ապագայից, մի խզում, որն ուժեղ ազդեցություն թողեց համալսարանական համայնքի վրա՝ ի համերաշխություն ապստամբ ուսանողների: Այս պառակտումից 2020 թվականի դեկտեմբերին ծնվեց «Անկախության սերունդ» («Génération Indépendance») ուսանողների խումբը, որը միացավ «Մեր Ուղին» կարծիքների փոխանակման հարթակին։ Վերջինիս անունը վերցված է 1927 թվականի մարտի 5-ին լույս տեսած «Ազդակի» առաջին խմբագրականից: Նախկին դաշնակցականներից կազմված և 2020 թվականի մայիսի 28-ին Երևանում տարբեր միավորումներից ստեղծված այս առցանց հարթակը կոչ է անում Դաշնակցությանը ոտքի ելնել Հայաստանի ՀՅԴ ինքնասպան քաղաքականության և դաշնակցական արժեքների ու ժառանգության խարխլման դեմ։

Այնուհետև Հակոբն ու իր Բյուրոն հակակրանքով արձանագրում են իրենց գծին թշնամաբար տրամադրված դաշնակցական կադրերի միմյանց հաջորդող արտաքսումները, մասնավորապես այն տարրերի, որոնք ձգտում են դեպի «Մեր Ուղին»։ Բացի Սփյուռքում գտնվող և 2018-2019 թվականներին վտարված ղեկավարներից, այժմ հերթը հասել է նախկին ղեկավարներին, ինչպիսիք են Րաֆֆի Դուդակլյանը, որը պաշտոնապես բռնության է ենթարկվել Բեյրութում անհայտ անձանց կողմից, և Հարութ Քալայջյանը, որը մեղադրվում է նախկին դաշնակցականների՝ Աբո Պողիկյանի և Նազարեթ Բերբերյանի հետ կապ պահպանելու համար, ինչի մասին նրան տեղեկացրեցին արտաքսման հարցազրույցի ժամանակ, որը պաշտոնապես տեղի ունեցավ 2020 թվականի հուլիսի 29-ին: Նա հետևյալ գեղեցիկ պատասխանն էր տալու իր հավատաքննիչներին և Գերագույն մարմնի անդամներին․ «Երբվանի՞ց է Դաշնակցությունը խառնվում կուսակցականների անձնական կյանքին։ Եվ, եթե այդպես է, ինչո՞ւ նույն դիտողությունը չեք անում ՀՅԴ այն անդամներին, ովքեր շարունակում են ընկերություն անել Սերժ Սարգսյանին մտերիմ դաշնակցական (ՀՅԴ-ից վտարված), նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ »։

Վերջապես, և սա ամենաամոթալի բանն է Հակոբի և նրա Բյուրոյի համար, նրանք պետք է սպասեն իրենց նախկին առաջնորդ Հրանտի հարվածներին, ով ամեն անգամ, երբ նոր դաշնակցական ղեկավարությունը փորձում է մերձենալ Նիկոլ Փաշինյանի վարչակարգին, կարողանում է հենց սկզբից տապալել նմանատիպ քայլերը, Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ հայտարարությամբ կամ գործողությամբ, կա՛մ ուղղակիորեն, կա՛մ նրա կամակատարներին և Գերագույն մարմնին դրդելով գործի անցնել։ Արդյունքն այն է, որ վարչապետ Փաշինյանն անմիջապես հետ քայլ արեց և հարցականի տակ դրեց ՀՅԴ ղեկավարության դերը։ Ինչ վերաբերում է Հակոբին ու իր գործընկերներին, ապա Հրանտի հետ նրա խզումը մեծանում է, և «խրամատների պատերազմ» է հայտարարվում երկուսի միջև, կարծես «Ընկեր Հրանտը պատերազմում է «Ընկեր Մարգարյանի դեմ»։

Ճիշտն ասած, ի՞նչ կարող ենք սպասել Հակոբից և առավելապաշտներից, որոնք պետք է ոչ միայն գործունեության անտեսանելի ինքնավարություն ունենան՝ առերեսվելով Գերագույն մարմնի և ՀՅԴ-ում ու Հայաստանում հականիկոլական բողոքի գլխավոր խմբավար Հրանտ Մարգարյանի հետ: Ի՞նչ կարելի է սպասել հատկապես Բյուրոյի Հերթապահից, որը հրաժարվում է հաստատվել Հայաստանում. նրա համար իշխանությունն առաջնային է խորհրդանիշներից, փառասիրությունը՝ ինքնիշխանությունից, Հերթապահի պաշտոնի մոլուցքը՝ դաշնակցականության աստվածային օրենքներից, և ով առևտրային գործակալի պես ճամփորդում է աշխարհով մեկ, այցելում տարբեր շրջաններ, ինչպես միջազգային խոշոր ընկերության ներկայացուցիչը, ով գործուղման մեջ է՝ մարդկային ռեսուրսների ուսումնասիրության կամ միջոցներ հայթայթելու և, հատկապես, հեղափոխական երգերի երգացանկը բարձրաձայն կատարելու համար: «Արյունոտ Դրո՛շ, վեհ Դաշնակցությա՛ն…»։ Ո՛չ, Հակո՛բ, կանգ ա՛ռ։ Ոչ ոք երգելու սիրտ չունի։ Այնպես որ, նրանից սպասելու ուրիշ բան չկա։

Եվ ժամանակի ընթացքում, Հայաստանից մինչև ԱՄՆ և Մերձավոր Արևելքից մինչև Ռուսաստան կամ Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա, Հակոբ Տեր-Խաչատուրյանը լավագույն դեպքում ծաղրի առարկա է, վատագույն դեպքում՝ անտարբերության: Նա իզուր է իր կողքին տեղավորել իր երկրպագուներին, ինչպիսիք են՝ Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա), Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա) և Արամ Գալուստյանը (Միացյալ Նահանգներ)՝ հսկելու այս երեք շրջանները՝ անկանխատեսելի Ֆրանսիան, Կանադայի կալվածքը և ապստամբ Կալիֆոռնիան – ոչինչ չի օգնում, Հակոբը ոչ մի ազդեցություն չունի իրերի ընթացքի վրա, նա հեղհեղուկ դաշնակցականության մարմնացումն է, որն արձանագրում է Գերագույն մարմնի որոշումները՝ չհասցնելով գոյատևել, ոչ էլ ինքնահաստատվել ՀՅԴ ղեկին։ Դաշնակցական մամուլում նրա հոդվածները իմաստազուրկ և անհետաքրքիր են, նա արտաբերում է ավանդական հռետորաբանության լեզվի տարրեր, որոնք սովորում են դպրոցի նստարանից, ուր Բաբկեն Փափազյանը հանդես է գալիս որպես ուսուցիչ, որը հռետոր է՝ առանց հռետորական տաղանդի։ «ՀՅԴ-ն Հայաստանի երկրորդ բանակն է», «ՀՅԴ-ն չգիտի՝ ի՞նչ է պարտությունը», «Չկա ՀՅԴ ներսում և ՀՅԴ դրսում», «ՀՅԴ-ում ճգնաժամ չկա», նույն բանաստեղծության անընդհատ կրկնվող տողերն են, որոնք անդադար արտասանվում են խորհրդային ժամանակաշրջանի կոմերիտականների առաջնորդի նույն վերամբարձ ոգևորությամբ և բեմ դուրս եկած դպրոցականի նույն խանդավառությամբ, ով հպարտ է՝ ծնողների առջև արտասանելիս… Տխուր տեսարան է:

Դաշնակցության շինության մարմարի մեջ կաղապարված առավելապաշտության գերին լինելով՝ կուսակցականներն ավելի ու ավելի շատ են հայտնվում ղեկավարության խիստ հսկողության տակ․ որքան ճգնաժամերը շատանում են, այնքան մամլիչը սեղմվում է։ Ղեկավարությունը զգուշանում է բողոքի շարժումներից, որոնք Երևանից մինչև Լոս Անջելես տարածվում են Դաշնակցության ողջ կառույցում։ Կուսակցական կարգը վտանգի տակ է, մինչդեռ ազգային միավորումների ինքնավարությունը շարունակական գործընթաց էր տասնամյակներ շարունակ, քանի որ գլխավոր իրադարձությունները տեղի էին ունենում Երևանում, դաշնակցական միավորումները դարձել էին ծայրամասային, և իմաստ չկար ավելորդ եռանդ և ժամանակ ծախսել: Եթե միայն ղեկավարությունն այսպես չի մտածում. բացի նրանից, որ վերջինս գաղափարական կենտրոնամետության անունից դժոխային ռիթմ է պարտադրում, որը մարդկանց ուղեղը պղտորում է այն աստիճան, որ նրանց միտքը կտրում է իրականությունից, դրա համաձայն ֆրանսիացի կուսակցականը պետք է մտածի նույն կերպ, ինչպես Հայաստանի կուսակցականը: Նա այժմ իր ժամանակը ծախսում է սոցիալական ցանցերում կասկածողներին որսալով: Միայն դրանով է զբաղված։ Ինչպես մոլորակի ամենաբռնապետական վարչակարգեր ունեցող երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան կամ Չինաստանը, առավելապաշտներն իրենց ժամանակը վատնում են սոցցանցերում (Facebook, Twitter)՝ ստուգելով, թե ով է «հավանում» այլախոհների գրառումներն ու լուսանկարները։ Այնուհետև նրանք գրում են այդ «խափանարարության» մեջ կասկածվող կուսակցականներին՝ պահանջելով հեռացնել իրենց «հավանումները», «սրտիկները» սոցցանցերի կասկածելի անձնական էջերից: Ղեկավարությունը, որը հասել է հսկողության և հիմարության այս աստիճանի, ոչ միայն հիշեցնում է Ջորջ Օրուելի 1984 թվականի վարպետաց աշխատանքը, այլև դա նախևառաջ կործանված, անապագա, Պատմության աղբամանում կորստյան դատապարտված ղեկավարության վատառողջության նշանն է։

Բայց քանի որ դա արվում է հակադաշնակցականության դեմ պայքարի անվան տակ, այդ հաբն էլ կարծես կուլ տվեցին՝ լռելյայն հանդուրժելով։ Ի դեպ, «հակադաշնակների որսի» այդ սուրբ առաքելության անունից է, որ 2019 թվականի վերջին Բյուրոյի և «պաշտոնական հոսանքի կենտրոնական կոմիտեի» հրավերով ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Իշխան Սաղաթելյանը գնաց «Կարս»՝ փոխանցելու հակադաշնակցականության դեմ պայքարի իր բաղադրատոմսը, որը նրա պատկերացմամբ բաժանված է երեք հոսանքի. Հայաստանում և այլուր հանդիպող դասական հակադաշնակցականությունը, որը խոր արմատներ է գցել պատմության մեջ, Երևանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կուսակցական մեծամասնության ժամանակակից հակադաշնակցականությունը և կարգապահության թշնամիների հակադաշնակցականությունը, ինչպիսիք են Աբո Պողիկյանը, Նազարեթ Բերբերյանը և Անդրանիկ Պողոսյանը: Համբերության գավաթը լցվել է, անհայտ ծագմամբ այս մարդը դաս է տալիս 40 կամ 50 տարվա դաշնակցական փորձ ունեցող երեք դատապարտյալների մանկության ընկերներին, ընդ որում նրանցից ոմանք իրենց կյանքն են վտանգել այդ գործի համար։ Նրա հայտարարությունները չեն հասնում «Կարսին», նա, ով եկել էր «պատմական հոսանքը» մեկուսացնելու՝ նպատակ ունենալով «պաշտոնական հոսանքն» ամրապնդել, ապստամբություն է հրահրում, որը շրջվում է իր դեմ։ Անգամ Բյուրոյի անդամներին է տխրեցնում նրա ելույթը, բայց արյունակից հարազատության պատճառով ոչինչ չեն ասում… Ո՞վ է այս Իշխան Սաղաթելյանը։ Նա Հրանտ-Վահան զույգի օրինական զավակն է։ Նա անուղեղների սերնդի այլանդակ նմուշ է, որը մեծացել է այդ առավելապաշտ ​​զույգի դասախոսությունների ռիթմի տակ՝ Հայաստանի ՀՅԴ գլխավորությամբ։ Նա մարմնավորումն է այն ամենի, ինչը հետխորհրդայնությունը կուսակցական առավելապաշտության հետ զուգակցված կարող է առաջացնել ամենավերջին հրեշավորությամբ. ռազմատենչ վարչակարգ, մասնավորապես բռնապետական ամբողջատիրություն, ընդ որում՝ կարծես Իշխանը Հրանտի համար նույն արժեքն ուներ, ինչ Նիկոլայ Եժովը Ստալինի համար: Անկենդան և աննպատակ «ՀՅԴ»-ն, որին պետք կլինի սողալով հայտնվել Ռոբերտ Քոչարյանի անկողնում՝ 2021-ին պատգամավորական տեղ ստանալու համար, առանց նվազագույն համեստության ընդունում է «Ազգային ժողովի փոխնախագահի» պաշտոնը, երբ հոգու խորքում գիտի, որ ՀՅԴ-ն երբեք չէր կարողանա մուտք գործել խորհրդարան, եթե որոշեր ինքնուրույն մասնակցել դրան, քանի որ դա կնշանակեր ինքնակործանման սկիզբ, ընդհուպ մինչև վերջնական կործանում:

Բայց այսպիսի բան «Իշխան Եժովի» մտքով չի էլ անցնում, նա, ով ուզում է դաշնակցության մարմնավորումը լինել, մինչդեռ միայն իր ամբարտավան ու անուղեղ ծաղրանկարն է։ Որովհետև նա իսկապես քմահաճ ամբարտավանության, գռեհիկ նվաստացման, մտավոր դատարկության և անկապ ու սուտ պատմության մարմնացումն է. «Շուտով այս իշխանությունը կվերանա, հաստատ է»,- չէր դադարում կրկնել նա ցուցադրական տոնով Նիկոլ Փաշինյանի դեմ ծավալված շարժման ժամանակ։ «Մենք կվերադառնանք ԱԺ նիստերին մասնակցելու միայն մեր օրակարգով», – զգուշացրել էր այս լկտի արարածը խորհրդարանի նիստերը ամիսներ շարունակ բոյկոտելուց հետո, ի վերջո վերադառնալով՝ պոչը ոտքերի արանքը սեղմած և գլուխը կախ՝ իր օրակարգով վստահ և կայուն խորհրդարանական մեծամասնության դիմաց։ Երբ գռեհկությունը հանդիպում է միջակությանը, չպետք է զարմանալ այն փաստով, որ Հայաստանում Դաշնակցությունը ժողովրդականություն չի վայելում։ Երբ ՀՅԴ-ն Երևանում սահմանափակվում է երկու անողնաշար անհատներով, ինչպիսիք են Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ քնել…

Հանգիստ քնե՞լ։ Ահա թե ինչ էր ուզում ընդդիմությունը՝ երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու «Հայաստանի ՀՅԴ» գլխավորությամբ, այն է՝ զրկել Երևանում երիտասարդ Նիկոլին իշխանությունից՝ օգտվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական առճակատումից, որպեսզի տապալի այս մարդու խոցելի վարչակարգը, որը 2018-ի գարնանը կարողացել էր նրանց զրկել իշխանությունից, որը, թվում է, իրավամբ նրանց էր պատկանում 1994 թվականի հաղթանակից ի վեր։ Ինչպիսի՜ վիրավորանք էր Նախկին վարչակարգի  համար զրկվել երկրի ռեսուրսներից, որոնք նպատակ ունեին ամրապնդել այն, ինչ դարձել էր «Երևանյան կարտել՝ խոշոր արդյունաբերական ձեռնարկություն»՝ քաղաքական-քրեածին մի կառույց, որը բոլոր հնարավորություններն ուներ՝ հիմնավորապես կոռումպացված պետության ղեկին հանցագործների իրենց ցանցը ստեղծելու համար։

2018 թվականին տապալված Նախկին վարչակարգի ուժերը ցանկանում են հավատացնել, որ 2020 թվականի նոյեմբերին իրենց վրեժն են լուծում։ Եվ այդ մասին հայտնում են իրենց «քավորին»՝ նախկին հետխորհրդային հանրապետությունների կառավարման թելերն իր ձեռքում պահող Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, քանի որ նա չի ճանաչում նրանց ինքնիշխանությունը և նրանց պատժում է, եթե դիմադրում են իրեն։ Կրեմլի հետ անմիջական շփման մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց ընդդիմության առաջնորդի դերը։ Սերժ Սարգսյանը երբեք էլ Մոսկվայի ուժեղ տղամարդու բարեհաճությունը չի ունեցել։ Երբե՛ք։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը որոշակի ուշադրության է արժանացել Կրեմլում։ «Կապիտուլյանտ» Նիկոլի դեմ դավադրություն սարքելով, Հրանտն ու Իշխանը Ռոբերտին ու Սերժին, բայց հատկապես Ռոբերտին, հասկացնում են, որ վաղ թե ուշ նրա վարչակարգը կտապալվի։ Սակայն երեք փորձից հետո Նիկոլը ոչ միայն մնաց Հայաստանի վարչապետ, այլև այդ ընթացքում ամրապնդեց իր իշխանությունը և սերտ կապեր պահպանեց Ռուսաստանի և Արևմուտքի հետ՝ չնայած 2020 թվականի պարտությանը և Ուկրաինայում Ռուսաստանի դժվարություններին։ Երեք փորձ, երեք տանջալից ձախողում. առաջին փորձին Հրանտը և Իշխանը հասկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 10-ին խորհրդարանի վրա հարձակումներով վարչակարգը կփլուզվի։ Եվ անհաջողություն են կրում։ Երկրորդ փորձին Իշխանը Ռոբերտին հավատացնում է, որ ընտրությունների միջոցով 2021 թվականի հունիսի 21-ին վարչակարգը կփլուզվի։ Հասկանալի է, որ Ռոբերտի քարոզարշավը, որի մարտական ​​թևն էր ՀՅԴ-ն, լավ էր կազմակերպված։ «Ռոբերտը հաղթելու է, դա հաստատ է»,- սրանք մի հաղորդագրության խոսքերն են, որը SMS-ով շրջանառվում է մի հեռախոսից մյուսը, ինչը նման է Խաժակ Տեր-Գրիգորյանի՝ «1991 թվականի հոկտեմբերի 16-ին նախագահական ընտրությունների առաջին փուլում Սոս Սարգսյանի հաղթանակի» մասին պնդմանը։ Շարունակությունը մեզ ծանոթ է … Այս դեպքում նույնպես կատարյալ ձախողում է, Նիկոլ Փաշինյանը հաղթում է ընտրություններում, թեկուզ մասնակցության ցուցանիշն այնքան էլ բարձր չէ: Բայց այս ընտրության դրվագն ավելի շուտ «Հայաստանի ՀՅԴ»-ի դագաղին խփված  վերջին մեխն էր, երբ վերջինս գերադասեց վաճառել այն, ինչ մնացել էր իր հոգուց՝ խորհրդարանում մի քանի տեղ մուրալու համար։ Ի վերջո, երրորդ փորձով Իշխանը համոզում է Ռոբերտին, որ փողոցային և քաղաքացիական անհնազանդության միջոցով Դիմադրության շարժումը (2022) կհաղթի, և որ այս վարչակարգը ինքնալուծարվելու է։ Նորից ու նորից ամեն ինչ ձախողվում է: Անընդհատ ձախողում ու միայն ձախողում: Խորհրդարանի աշխատանքը բոյկոտելը, Երևանի մայրուղիները փակելը, Ֆրանսիայի հրապարակում մի քանի հարյուր ցուցարար հավաքելը ոչ մի նպատակի չեն ծառայում, բացառությամբ՝ ցույց տալու ՀՅԴ թուլությունը և Իշխանի ու Գեղամի կատարյալ անզորությունը՝ գլխավորելով մի քանի հարյուր մարդուց բաղկացած երթերը, մինչդեռ սփյուռքի կուսակցականներին ստիպում են հավատալ, որ «տասնյակ հազարավոր մարդիկ փողոցում են», և «դավաճան Նիկոլը կամ թուրք Նիկոլն այլևս երկար չի դիմանա»:

Բռնության, քվեատուփի ու փողոցի միջոցով գործող «Դիմադրության շարժումն» իսպառ տապալվեց։ Իհարկե, արտաքուստ այն ներկայացվում է որպես հաջողված շարժում, բայց հետնաբեմում ամեն ինչ շատ ավելի մտահոգիչ է ՀՅԴ-ի համար։ Քոչարյանականությանը միանալով և Ռուսաստանի հետ միավորվելով՝ ՀՅԴ-ն իսպառ կորցրել է ինքնավարությունը, այն ընդամենը հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի մարտավարական թև, ով անհամբերություն դրսևորելով՝ պակաս պտուղ չի քաղում իր քաղաքական վերադարձից՝ այդպիսով ՀՅԴ իրական Հերթապահը դառնալով։ Օգտվելով կուսակցական առավելապաշտներ Հակոբի, Հրանտի և Իշխանի միջև ստեղծված գաղջ մթնոլորտից՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը երկար դատավարությունից հետո դեռևս բանտ վերադառնալու սպառնալիքի տակ է, կարողանում է Հայաստանում ՀՅԴ-ն քթից բռնած ման ածել. հեռակառավարել դաշնակցական մեքենան արտասահմանում և Հակոբին գցել Իշխանի, Իշխանին՝ Հակոբի աչքին։ Իսկ Հրանտն ասպարեզում չի երևում, ի՞նչ է նրան պատահել։

Դա XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի առեղծվածներից մեկն է: Ժողովի բացումից մի քանի շաբաթ առաջ Հրանտը, որին մինչ այդ լռության էր մատնել Հակոբի «թույլ Բյուրոն» իր ժամանակավրեպ հայտարարությունների համար, որոնք  միայն պայթեցրեցին ՀՅԴ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև եղած մի քանի կամուրջները մինչև 2020 թվականի ռազմական պարտությունը, 2021 թվականի դեկտեմբերի 25-ին դուրս եկավ թմբիրից: Իր ծննդավայրից՝ Իրանից, նախկին Հերթապահը, որը հատուկ հրավիրված էր Թեհրան՝ նշելու ՀՅԴ 132-ամյակը, օգտվելով առիթից՝ հայտարարում է, որ «պատերազմը չի ավարտվել», և «որ 2020-ի պարտությունը նաև Ազգի կուսակցության պարտությունն է», այլ կերպ ասած՝  ՀՅԴ պարտությունն է, և նա այստեղ, որպես իսկական առավելապաշտ, կրկնում է Հովնան Դավթյանի պաշտամունքային արտահայտությունը, առ այն, որ «անհնար է համակերպվել, այլապես դա կլինի Հայաստանի վերջը»։ Ելույթը մարտական ​​է, միտքը՝ պարզ, և ուղերձն ուղղված է պատվիրակներին, ովքեր պատրաստվում են բռնել Կովկասի ճանապարհը՝ Երևանում և Դիլիջանում կայանալիք XXXIV-րդ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար։ Կոնկրետ ի՞նչ նկատի ունի։ Պարզապես ցուցադրելով Բյուրոյի գործին վերադառնալու իր հավակնությունը՝ խաղադրույք կատարելով երկու նպատակի վրա՝ ՀՅԴ-ին դուրս բերել «Հայաստան» դաշինքից և լուծել «Կարսի» խնդիրը խաղաղ ճանապարհով։

Հայաստանի մասին ներքին քննարկումների ժամանակ՝ 2021 թվականին, Հրանտն իր անհամաձայնությունն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի վերաբերյալ՝ նախընտրելով, որ ՀՅԴ-ն միայնակ ներկայանա ընտրողներին կամ ընդհանրապես չներկայանա՝ ընդամենը դադար տալով, մինչև իսկ հարաբերությունները վերականգնելով Սերժ Սարգսյանի հետ։ ՀՅԴ-ն, մեծամասնության ձայներով որոշեց հակառակը, չնայած բողոքի աննախադեպ ալիքին, որը կապված էր Ռոբերտ Քոչարյանի հետ միասնության պայմանագիր ստորագրելու հետ, Հրանտը կապերը խզեց Իշխանի հետ և առանձնացավ ՀՅԴ Գերագույն մարմնից: Հիմա ամեն մարդ իր համար է, իսկ ավելի ճիշտ, ինչ վերաբերում է Հրանտին, նա ՀՅԴ-ին պոկում է Ռոբերտի ճիրաններից՝ այն սկուտեղի վրա Սերժ Սարգսյանին մատուցելու համար։ Մի խնամակալությունից մյուսը կամ «մի օր  վասալ  (ծառա)՝ ընդմիշտ վասալ (ծառա) »:

Ինչ վերաբերում է «Կարսի» ճգնաժամին, Հրանտն առաջ ընկավ՝ զգուշորեն հրահանգելով իր շրջապատի կուսակցականներից մեկին՝ կապ հաստատել ԱՄՆ-ում գտնվող Վիգեն Հովսեփյանի հետ՝ փորձելով ձեռք բերել ընդհանուր համաձայնություն. «Չեղարկել բոլոր սանկցիաները, նորից ընդգրկել նախկին կուսակցականներին ՀՅԴ-ում երկու տարի ժամկետով՝ առանց պատասխանատվության ենթարկելու և չեղյալ հայտարարել ընթացիկ դատավարությունները»: Այսպիսով, Հրանտը ցանկանում է համախմբողի, խաղաղություն սերմանողի, առաջնորդի կերպարի մեջ մտնել, որն ունակ է շրջել իր որոշումները և հանդես գալ որպես համախմբող ուժ։ Համոզված լինելով, որ կապ չունի «Կարսի» պառակտման հետ, նա իրեն իրավունք է վերապահում մտածելու, որ կարող է խելամտության պոռթկման պահին դիվանագիտություն բանեցնել՝ պատրաստ լինելով իր ուժերը ներդնել ՀՅԴ վերամիավորման համար։ Բայց «պատմական հոսանքը» չի խաբվում, գիտի, թե ինչ արժեն Հրանտի խոսքերը, և այս պայմաններում անիմաստ է շտապել և սպասել բանավեճերի վերսկսմանը՝ լավ հասկանալու համար, այդպիսով ժամանակին մի քիչ ժամանակ տալով։

Եռագլուխ առավելապաշտական ​​մարմնով, Հրանտն էլ՝ մյուս կողմից, դրվում են անձնական ռազմավարությունների հիմքերը. Հակոբն ու Իշխանը դավեր են նյութում և կազմակերպվում են՝ վերջնականապես վիժեցնելով խռովարար Հրանտի փորձը։ Իշխանը մերժում է «Հայաստան» դաշինքից դուրս գալու գաղափարը, ավելի լավ է Ռոբերտը, քան Սերժը, և ավելի լավ է Հայաստանի Գերագույն մարմինը մնա, քան Հրանտը վերադառնա։ Հակոբը մերժում է Հրանտի՝ դեպի «Կարս» քայլ անելու առաջարկը։ Իսկապես առնվազն անվայելուչ կլիներ թույլ տար, որ Հրանտը հայտնվի որպես խաղաղարար, երբ նա երկար ժամանակ եղել է «Կարսի» գլխավոր հրկիզողը, թողնելով նրան՝ Հակոբին, միայնակ կրելու անհանդուրժողականության և ձախողման պատասխանատվությունը։ Հանդես գալով «Ընկեր Հրանտին» հեռացնելոււ օգտին՝ Հակոբն ու Իշխանը փրկում են իրենց սեփական հոսանքը կամ «Ընկեր Մարգարյանին» կործանվելուց և մնում են «ձիու թամբին»։ Իրենց նախկին առաջնորդին պահեստայինների նստարանին նստեցնելուց բացի, ո՞րն է Հակոբի և Իշխանի համաձայնության իրական պատճառը։ Դերերի պարզ բաշխում է. Իշխանին բաժին է ընկել Հայաստանում քաղաքական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու հոգսը, պահանջելով, որ Հակոբը 2-3 հոգուց ոչ ավել կուսակցական ունենա Երևանի Բյուրոյում՝ իրեն չստվերելու համար, Հակոբին՝ «Կարսի» հետ կապված ճգնաժամն իր ուզածի պես կարգավորելու հոգսը՝ դրանում Իշխանի լիարժեք աջակցությունը պահանջելով։

Իշխան Սաղաթելյանը գոհ է. Հայաստանում կա Բյուրոյի երեք անդամ, որոնցից մեկը հսկողության տակ գտնվող պատգամավոր է (Արմեն Ռուստամյան), երկրորդը՝ Հայ դատի գրասենյակների պատասխանատուն է (Կիրո Մանոյան), երրորդը՝ կազմակերպչական հարցերով պատասխանատուն (Արսեն Համբարձումյան), մի խոսքով, երեք պարտականություն՝ առանց ներքաղաքական աստառի։ Ինչ վերաբերում է Դավիթ Իշխանյանին, ով ծագումով արցախցի է և Բյուրոյի վերջին կովկասցի անդամը, նա ղեկավարում է Բյուրոյի գործերը՝ աստիճանաբար ավելի մեկուսանալով Հայաստանի Հանրապետությունից։

Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ է գոհ. Հայաստանի պատվիրակների ներգրավվածության շնորհիվ, Ընդհանուր Ժողովի նախագահությունն է վերջնագիր հղում «Կարսի պատմական հոսանքին»՝ ժամանակ տալով մինչև մարտի 6-ը, այսինքն՝ Ժողովի փակման նախօրյակին, կատարել Դաշնակցության կարգադրությունը. «Ընդունել ՀՅԴ կազմակերպչական սկզբունքները որպես միակ կանոնադրություն, ՀՅԴ-ին պատկանող բոլոր նյութական միջոցների վերադարձ և հաշիվների կառավարում և Միացյալ Նահանգների դատարաններում առկա դատական ​​գործընթացների անհապաղ դադարեցում։ Այս առաջին երկու կետերի շուրջ համաձայնության դեպքում Ընդհանուր Ժողովը կրկին կուսումնասիրի Բյուրոյի կողմից ձեր նկատմամբ ձեռնարկված կարգապահական միջոցները։ Ձեր պատասխանը պետք է ուղարկել ոչ ուշ, քան մարտի 6-ը, Երևանի ժամանակով ժամը 24:00-ը՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեով, չպատասխանելու  դեպքում, դա կդիտվի որպես բացասական պատասխան»։ «Կարսի» գնդակը XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի դաշտը գցելով՝ Հակոբն այդ գործն այլևս չի ներկայացնում որպես Բյուրոյի և ապստամբների մենամարտ, որն առաջին հերթին կարող է խափանել նրա անձնական ապագան։ Բայց հիմա նա այդ պատասխանատվությունը գցում է ողջ ՀՅԴ-ի վրա՝ ինքն իրեն ազատելով այդ ծանր բեռից՝ Ընդհանուր Ժողովի վրա բարդելով ձախողման բոլոր հետևանքները, փորձում է «պատմական հոսանքի» մեկուսացման մարտավարություն կիրառել՝ հրահրելով ՀՅԴ-ն ապստամբների դեմ։ Բայց ո՞վ կարող է հավատալ երջանիկ ավարտին, երբ բռնապետության այդքան ապացույց կա: Ո՞վ կարող է հավատալ այս վերջնագրի (ultimatum) հաջողությանը: Ո՞վ կարող է հավատալ, որ կարելի է դիմել տղամարդկանց և կանանց, ովքեր իրենց ամբողջ ուժը տվել են իրենց քաղաքական հանձնառությամբ փրկելու ՀՅԴ-ն: Փաստորեն, Կուսակցությունը կցանկանար խզել «Կարսի» հետ ցանկացած հաշտություն և այլ կերպ չէր վարվի։ Մենք չգիտենք, թե ինչ է պատասխանել «պատմական հոսանքը», հավանաբար մերժել են դատական գործին ընթացք տալ, սակայն գիտենք, որ XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի ավարտից հետո ոչինչ չի փոխվել։

Իր առավելապաշտ ընկերների այդքան բացարձակամոլության դեմ կատաղությունից խելագարված Հրանտ Մարգարյանը շրխկացնում է Ընդհանուր Ժողովի դուռը։ Նա գրազը տանուլ է տվել և այժմ ապրում է՝ Բյուրոյի գործերից հեռացած: Բյուրո, որի ընտրությունը, ինչպես տեսանք, ինչ-որ պայմանավորվածությունների առարկա էր Հակոբի և Իշխանի միջև, բայց որոշ լրացուցիչ խուսանավումներով։ Նախ, «Կարսի պաշտոնական հոսանքը» փորձեց պաշտոն ձեռք գցել Բյուրոյի կազմում, սակայն նրա երկու պատվիրակները՝ Տարոն Տեր-Խաչատուրյանն ու Հովիկ Սալիբան, բանակցությունների ընթացքում վիճեցին միմյանց հետ՝ յուրաքանչյուրը ցանկանալով, որ ինքն ընտրվի՝ չզիջելով այդ արտոնությունը մյուսին։ Արդյունքում՝ ոչ մեկը չընտրվեց: Եվ նրանց ճակատներին այժմ գրված է՝ «ամեն տեղ նշանակված, ոչ մի տեղ չընտրված»: Մյուս խուսանավումն ավելի մարտավարական է. պատգամավորները ծանոթացել են ԱՄՆ-ում ապստամբների նկարագրին: Նրանք, ըստ էության, Լիբանանից և Սիրիայից են, այնպես որ, եթե Ընդհանուր Ժողովն ընտրի երկու կուսակցականի, մեկը՝ Սիրիայից, մյուսը՝ Լիբանանից, ազգային-մշակութային համերաշխության այդ փոքրիկ դրսևորումը կարող է իր ազդեցությունն ունենալ և բոլորին խելքի բերել: Կոնկրետ այս նպատակով Բյուրոյում ընտրվել է ծագումով սիրիացի, բայց ԱՄՆ-ում հաստատված Խաժակ Մկրտչյանը, իսկ Բյուրոյում ընտրվել է Լիբանանում ՀՅԴ հին վարձակալ Մկրտիչ Մկրտչյանը։ Նրանց առաքելությունը պարզ է. վերամիավորել ՀՅԴ-ն, ինչ-որ չափով Հարություն Շահրիկյանի ոգով, ով 1897 թվականին կարողացավ համախմբել թուրքական Հայաստանից եկած ֆիդայիներին Խանասորի արշավանքի ժամանակ՝ ի պատասխան 1896 թվականին Վանում հայ հեղափոխականների ջարդերի։ Այս ֆիդայիների և արշավանքի կազմակերպիչ, իր դաժան մեթոդներով հայտնի Նիկոլ Դումանի միջև լարվածության ֆոնին, Քրիստափորը ստիպեց հրամանատարներին ինքնուրույն լուծում գտնել, բայց ապարդյուն։ Ապա, նա հրամայեց ծնունդով Օսմանյան կայսրութունից Հարություն Շահրիկյանին առաջարկել իր միջնորդությունը՝ վեճը հարթելու համար։ Քրիստափորի այս մերձավորը շահեց խաղը։ Ֆիդայիները միավորեցին զինված ուժերը, բայց Նիկոլ Դումանը ստիպված եղավ հրամանատարությունը  զիջել Վարդանին, որը, սակայն, դեմ էր այդ գործողությանը։ Ավելի քան մեկ դար անց երկու Մկրտչյանները կգնա՞ն Հարություն Շահրիկյանի հետքերով։

Դեռ վաղ է դա պնդել, բայց մի բան հաստատ է, որ վերջին Ընդհանուր Ժողովն իր ձախողմամբ և վտանգավոր որոշումներով հարվածում է Հայաստանի ինքնիշխանությանը՝ Ռուսաստանում չափազանց շատ ներգրավված լինելով, արդյո՞ք ՀՅԴ-ն այդպիսով վտանգի չի ենթարկում իր անկախությունը, Դաշնակցության պատմական հավատամքը։ XXXIV-րդ Ընդհանուր Ժողովի եզրակացությունները վտանգավոր են նաև հանրապետության կայունության համար, որովհետև Նիկոլ Փաշինյանին որպես «դավաճան, կապիտուլյանտ, թշնամուն հանձնվելու պատրաստ մարդ, գերեզմանափոր և Թուրքիայի կամ Արևմուտքի գործակալ» ներկայացնելու փոխարեն, ճիշտ կլիներ հարգել ընտրությունների արդյունքն ու ժողովրդավարությունը, հրաժարվել հաստատութենական խաղից, հակառակ դեպքում առավելապաշտների ձեռքում գտնվող ՀՅԴ-ն կթուլացնի Հայաստանը, որը ոմանց աչքում դարձել է ձախողված պետություն։ Ի վերջո, Հայաստան-Արցախ-Սփյուռք ռազմավարական կապին առնչվող բանաձևերը ոչ մի նշանակություն չունեն, եթե ՀՅԴ միասնությունից մնացած փշրանքները գաղափարական կենտրոնամետության շուրջ ամրապնդելու կամք չի դրսևորվում։ Այս ռազմավարությունը, որը խարսխված է ոչ իրական քաղաքական և գաղափարական գծին, մղում է ամենատարբեր հիմար և անօգուտ արարքների, ինչպես օրինակ՝ պատահաբար երկու-երեք հոգով հականիկոլական կարգախոսներ բղավելը Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց կամ ԱՄՆ-ում ընդունելության ժամանակ ՀՀ դեսպանի վրա արյուն թափելով կամ էլ Թուրքիայի դրոշով ծաղկեփունջ դնելով ԱՄՆ այցելած Հայաստանի արտգործնախարարի նստավայրի դիմաց։ Չկա՞ մեկը Կուսակցությունում, որ տեսնի, որ այդ աղաղակող դրսևորումները ոխի և անզորության նշան են: Դրանով ուզում են տպավորություն թողնել, որ ամեն ինչ լավ է, մինչդեռ ամեն ինչ վատ է… Որովհետև, իրոք, ամեն ինչ վատ է, ամեն ինչ փխրուն է։ Դաշնակցության Գերագույն մարմինը Հակոբի հետ իր համաձայնությունից ի վեր յուրօրինակ հեղաշրջում է կատարել Դաշնակցության մեջ։ Իշխանը շատացրել է արտասահմանյան այցերը, որպեսզի մեծացնի իր հեղինակությունը, կապեր հաստատի եվրոպական և այլ կուսակցությունների հետ և առաջին հերթին ցույց տա, որ ինքը Բյուրոյի նոր Հերթապահն է, մինչդեռ Հրանտը շարունակում է դրամահավաքը: Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կնքելով՝ Իշխանի ՀՅԴ-ն իրականացնում է Ռուսաստան-Հայաստան միացյալ պետության մեջ Հայաստանի ներգրավման գաղափարն այնպես, ինչպես Ռուսաստան-Բելառուս միավորման նախագիծն է։ Այսպիսով, ՀՅԴ-ն պարզապես փոքր խաղացող չէ նախկին ռուսամետ կոալիցիայում: Այն իսկապես նեոռուսական կայսրությունում անկախության թուլացման շարժիչ ուժն է:

Բայց Հակոբ-Իշխան միությունը ժամանակավոր է։ Այն այլևս չի գործում այն պահից իվեր, երբ Ռուսաստանը կեղտոտ քայլ արեց Հայաստանի նկատմամբ՝ թույլ տալով Ադրբեջանին հարձակվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին, կարծես խզվել էր Ռուսաստան-Հայաստան պաշտպանական կապը։ «Հակոբ-Իշխան» միությունն ավելի է խարխլվում, այնպես, որ Ռուսաստանը բաց թողեց Ռոբերտ Քոչարյանին՝ գործի դնելով Արցախում ռուսահայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանին, իսկ Հայաստանում՝ «Հայգազպրոմի» նախկին ղեկավար և մինչ թավշյա հեղափոխությունը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Սա ցույց է տալիս, որ հին վարչակարգի ժամանակաշրջանն ավարտվել է։ Ուրեմն ի՞նչ նպատակով կարող է օգտագործվել Ռոբերտը, եթե Մոսկվայի կողմից ասպարեզ իջած տիրոջ այս երկու սուրհանդակները (missi dominici) նոր հերթափոխ են պատրաստում: Ռուսաստանը, հետևաբար, ձեռք քաշեց Ռոբերտից, որը մի քանի անհաջողություններից հետո հասկանում է, որ ՀՅԴ-ն ոչինչ չի ներկայացնում Հայաստանում, և որպես այդ պառակտման նշան, միլիոնատեր Ռոբերտը դադարեցնում է ՀՅԴ ամբողջ ֆինանսավորումը: Արդյունքն այն է, որ Հակոբ-Իշխան կապը խափանվում է։ XXXIV-րդ Ընդհանուր Ժողովը դատարկ է իր ողջ բովանդակությամբ, որը ցույց է տալիս վերջին երկու հետհրանտյան Ընդհանուր Ժողովների սխալ վերլուծությունները, բայց առավելապաշտները շարունակում են ղեկավարել: Իշխանն այլևս «քավոր» չունի, եթե Ռոբերտը երես թեքի նրանից։ Հակոբն այլևս վարկ չունի, եթե Ընդհանուր Ժողովը կրկին լռում է։ Իսկապես, ի՞նչ քաղաքական ապագա ունի ռուսամետ ՀՅԴ-ն, երբ Մոսկվան չի կարող կատարել իր պարտավորությունները և Անկարային ու Բաքվին գերադասում է Երևանից: Ի՞նչ ֆինանսական ապագա ունի ՀՅԴ-ն, երբ պարտքերը կուտակվում են, իսկ «Երկիր» հեռուստաընկերությունը կանգնած է սնանկության եզրին: Բայց այս ամենը պետք է քողարկվի երկու ձևով՝ սևացնել հակառուսական գործակալ լինելու մեջ մեղադրվող Նիկոլի Հայաստան պետությունը և հավատացնել, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հեռարձակման արտոնագիր տալ «Երկիր» հեռուստաընկերությանը, որպեսզի արդարացնեն փակումը, որը նրա քթի տակ է:

Հակոբն այլևս առանձնապես ընտրություն չունի. հետևաբար անհրաժեշտ է շրջվել դեպի «ՀՅԴ բանկը»՝ դեպի «Կարսի պատմական հոսանքը», առանց վերջնագրի կամ ամբարտավանության՝ «վտարվածներին համախմբելով, թողնելով Կարսի երկու ճյուղերին Շրջանային Ժողով գումարել և ընդունելով այդ ժողովում ընտրված ղեկավարությանը» ։ «Պատմական հոսանքը» պատրաստվում է 2023 թվականի հունվարին անցկացնել իր Շրջանային Ժողովը՝ այժմ առաջարկելով համաշխարհային մասշտաբով Դաշնակցության վերակազմավորման ընդհանուր օրակարգ։

Ինչպիսի՜ շրջադարձ (volte-face) Բյուրոյից։ Մի խուսանավում, որն ամենևին չեն կիսում ոչ Իշխանի Գերագույն մարմինը, ոչ էլ Տարոն Տեր-Խաչատուրյանի «Կարսի պաշտոնական հոսանքը»։ Առաջինը վերադառնում է Ազգային Ժողով, բայց թշվառն այլևս օրակարգ չունի, նրա օրերը որպես պատգամավոր հաշվված են, քանի որ Ազգային Ժողովը կողմ է քվեարկել նրա հեռացմանը ԱԺ փոխխոսնակի պաշտոնից՝ խորհրդարանի կանոնակարգը խախտելու համար, և հիմա, խորհրդարանի դահլիճում կուչ եկած, նա իր դժբախտ վիճակն է ողբում։ Երկրորդը դառնացած է և, Բյուրոյի և «պատմական Կարսի հոսանքի» մերձեցումը խափանելու համար, հայտարարում է Կալիֆոռնիայից տասնյակ դաշնակցականների, այդ թվում՝ ակադեմիկոս Արա Խանջյանի վտարման մասին: Տարոն Տեր-Խաչատուրյանը և Իշխան Սաղաթելյանը՝ չցանկանալով դառնալ Բյուրոյի և «Կարսի կենտրոնական կոմիտեի» մերձեցման կողմնակի վնասները, մտադիր են շարունակել ծանրութեթև անել։ Իշխանն ուզում է ոչնչացնել Բյուրոն և շրջագայել աշխարհով մեկ՝ ներկայանալով որպես ՀՅԴ նոր ղեկավար։ Ինչ վերաբերում է Տարոն Տեր-Խաչատուրյանին, ապա նա ցանկանում է խզել Երևանի և Կալիֆոռնիայի միջև սպասվող գործարքը: Նրանք, ովքեր տարիներ շարունակ եղել են Ռոբերտ Քոչարյանի և Բյուրոյի «օգտակար ապուշները», հանկարծ դարձել են «անպետք ապուշներ», որոնք այժմ միայն խնդրում են գոյություն ունենալ։ Արդյո՞ք Հայաստանում ՀՅԴ-ի վերջին գոյութենական ճգնաժամի ականատեսն ենք լուծարումից առաջ։ Միգուցե։ Ընդ որում այն ժամանակ, երբ վերջապես երևում է «ո՛չ՝ Նախկիններին, ո՛չ՝ Ներկաներին» Երրորդ ճանապարհի սկիզբը: Իսկ ի՞նչ անել: Եվ ինչո՞ւ ՀՅԴ-ն՝ իրական ՀՅԴ-ն, շարունակում է այդքան մեծ նշանակություն ունենալ, երբ նրա ծաղրանկարը վերջապես մարում է Երևանում:

Կայծ Մինասյան


Ինչու՞ ավելի շատ հարձակվել ՀՅԴ-ի վրա կամ «Ով շատ է սիրում, խիստ է պատժում» (Մաս VIII)

Դաշնակցությունը վերադարձնել կուսակցական շարքերին (Մաս IX և վերջ)

________________________________________

Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին (Մաս I)
Ռուբեն․ չափազանցման նորմը, 1919-1959 (Մաս II)
Ռուբենից ազատվելն անհնար էր (1959-1981) (Մաս III)
Մարուխյանական և հետմարուխյանական տասնամյակները (1981-1998) (Մաս IV)
ՀՅԴ-ն Հայաստանու՞մ. օճառի պղպջակ (1998-2019) (Մաս V)
“Ձայն մը հնչեց Կալիֆոռնիայից…” (Մաս VI)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *