ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հիասթափության Հազար Տարիներ

Իրականում աշխարհում ոչ մի պետություն մյուսին երբեք հենց այնպես չի օգնել և չի էլ օգնի: Միշտ էլ հաշվի են առել շահերը և այդպես էլ կլինի:

Արայիկ Մկրտումյան

Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահի այցը Հայաստան, հիասթափեցրեց շատ շատերին, որովհետև ֆրանսիացիներն իրենք իրենց բերանով ասացին, որ չեն պատրաստվում ինչ որ առասպելական քայլերի գնալ հանուն Հայաստանի ու որ հայերն իրենք պետք է մտածեն իենց մասին: Է՜հ, ոչինչ չես կարող անել, այնպես չի, որ վատ կամ սխալ բան է ասում ֆրանսիացին, բայց վատն այն է, որ մենք նեղանում ենք Ֆրանսիայից, որ նա չի ուզում մեզնից շատ մտածել մեր մասին: Հանկարծ մենք նաև իմանում ենք (իմանալ բայի այս կիրառումը մի քիչ անդուր է, բայց հաշվի առնելով մեր քաղաքական-դիվանագիտական մակարդակի գավառական վիճակը, այո՛, իմանում ենք), որ ֆրանսիացիները իրենց բարեկամ են համարում նաև Ադրբեջանին: Եթե առաջին դեպքում նեղացած էինք, որ Ֆրանսիան հայամետության հարցում «պապից ավելի կաթոլիկ չէ», իսկ այս դեպքում ջղայնանում ենք, թե ախ դուք նավթի մեռած, չտես խաբեբաներ, բա որ թուրքի բարեկամն եք, ինչո՞ւ եք խաբում, ասում, որ մեր բարեկամն եք:

Այո, այո, մենք այդպես էլ չհասկացանք պետության ու ժողովրդի տարբերությունները: Այդպես էլ չհասկացանք, որ պետությունները ունեն շահեր, բայց չունեն բարեկամ ու թշնամի և բարեկամություն-թշնամությունն էլ այս պահի համար է, կարգավորվում է պետական շահով:

Ինչ-որ մեկը կա՞, որ կարող է բացատրել, թե մենք ինչու ենք Ֆրանսիայից նեղանում: Ֆրանսիան պարտավո՞ր է մեզ օգնել: Ու ընդհանրապես, Ֆրանսիան մի կողմ, մեզ ինչ որ մեկը ինչ որ բան պա՞րտք է: 

Ո՛չ: Ոչ ոք, ոչինչ պարտք չէ: Առավել ևս Ֆրանսիան: 

Հարց է առաջանում: Մենք հատկապես Ֆրանսիայի՞ց ենք նեղանում, որ մեզ չի օգնում, թե պարզապես նեղանում ենք, որ մեզ չեն օգնում: Այսինքն Ռուսաստանից էլ ենք նեղացա՞ծ: Ինդոնեզիայից նեղացա՞ծ ենք: իսկ Գունանտանամոյից: Կամ գուցե Մադագասկարից, Շվեդիայից, Արգենտինայից ու Հյուսիսային և Հարավային Կորեաներից միաժամանակ:  Մենք նրանց օգնե՞լ ենք: Ինչո՞ւ պիտի նրանք օգնեն մեզ: Պա՞րտք են, թե մեր հորեղբոր տղաներն են:

Իսկ գուցե այդ նեղանալու համախտանիշը Հայ Ազատագրական Առասպելի երկվորյակն է:Այնպես ինչպես անհիմն եզրակացրել ենք, որ ինչ որ մեկը պիտի մեզ օգնի, այնպես էլ նեղանում ենք, որ ինչ-որ մեկը մեզ չի օգնում: Որովհետև մենք մեզ համար մի քաղցր սուտ ենք հնարել, ըստ որի ինչ որ հզոր երկիր պիտի գա ու օգնի մեզ, փրկի ու հիմա էլ զարմանում ենք, թե ինչու ոչ ոք չի ուզում օգնի: Ընդ որում օգնի, ոչ թե իր, այլ մեր ուզած ձևով: 

Մենք այնքան ենք նույն սուտը կրկնել ինքներս մեզ, որ սկսել ենք լրջորեն հավատալ դրան, դեռ մի բան էլ դրա հիմքի վրա ազգային ու պետական հայեցակարգ ենք կառուցել: Իսկ երբ աղետը չոքել է դռներիս, մենք զարմացել ենք, թե այ մարդ, էս ինչու մեզ չեն օգնում: Ընդ որում, մենք շարունակում ենք այդ անպտուղ երազանքները նույնիսկ այն դեպքում, երբ արդեն մի քանի հարյուր տարի է, ինչ մեր երազած փրկիչը չի գալիս ու չի գալիս: Փրկչի թեկնածուները փոփոխվել են, իսկ ակնկալիքը մնացել է նույնը: Վերջերս Հայ Ազատագրական Առասպելի հիմնական ֆավորիտներն էին Ամերիկան ու Ֆրանսիան, բայց թարսի պես նրանք էլ ինչպես մյուսները, պարզ հասկացնում են, որ չէ տղերք, էդ մենք չէ, դուք եք որոշել, որ մենք պիտի փրկենք ձեզ, էնպես, որ ինքներդ լուծեք ձեր հարցերը:  Եվ այդ պահին մենք մնում ենք շշմած, թե ինչպես թե ոչ, չէ որ դուք պիտի օգնեիք մեզ: Նույնիսկ ավելին: Ասացեք մի դեպք, որ հայոց պետությունը հենց այնպես օգնած լինի որևէ մեկին: Չի եղել ու չի էլ լինի: Դե իսկ եթե համառ մարդիկ օրինակ բերեն ասենք Խաղխաղի ճակատամարտը, Սեբուխտի պատմությունը, ապա հայկական գնդերը հանուն վրացիների չէին զոհվում, այլ քաղաքական պատճառներով, քանի որ հայերը ևս պատերազմի մեջ էին պարսիկների դեմ ու վրացիներին և աղվաններին օգնելը համընդհանուր ճակատի մի մասն էր:

Իրականում աշխարհում ոչ մի պետություն մյուսին երբեք հենց այնպես չի օգնել և չի էլ օգնի: Միշտ էլ հաշվի են առել շահերը և այդպես էլ կլինի: Դա այնպես չէ, որ վատ է: Սեփական շահի հաշվի առնումը, այսպես ասած առողջ էգոիզմը ոչ միայն եսապաշտություն է, այլև անհատականություն: Ուզում ենք, թե ոչ՝ այդպես է և որքան շուտ հասկանանք, այնքան ավելի լավ մեզ համար: Հակառակ դեպքում մեր երազները միշտ կեղծ են լինելու, մարգարեները՝ ստախոս:

«Կյանքով ապացուցել հավատը և հավատով ապացուցել կյանքը»: Ահա, թե ինչին պիտի ձգտենք: Մենք պիտի կարողանանք առանձնացնել իրականն  ու անիրականը, այլապես միշտ հիասթափվելու ենք:

Օրինակ Ֆրանսիան երբեք չի հայտարարել, որ ճանաչելու է Արցախի անկախությունը, զորք է ուղարկելու, որ կռվեն ու մեռնեն հանուն մեզ: Այդ մենք ենք ինքներս մեզ համոզել նման բաներ ու հիմա էլ իզուր ենք վիրավորվում: Ոչ թե Ֆրանսիան է հիասթափեցնում մեզ, այլ մեր սպասելիքներն են գերագնահատված:

Իրականում Ֆրանսիան այն քիչ պետություններից է, որ գոնե պաշտոնական մակարդակով, գոնե բանավոր ձևաչափով լավ է արտահայտվել մեր հասցեին, իսկ հայերի նկատմամբ էլ Ֆրանսիայում միշտ բարի ու առանձնահատուկ ջերմ վերաբերմունք է եղել: Ավելի լավ է շնորհակալ լինել կամավոր տրվածի համար, ոչ թե նեղանալ չստացածի համար:  

Անշահախնդիր օգնություն նույնիսկ անհատ մարդկանց պարագայում շատ քիչ է պատահում: Իսկ պետությունների դեպքում՝ երբեք: Կան հեքիաթներ փոքրերի համար և կան հեքիաթներ մեծերի համար: Օտար պետության կողմից անշահախնդիր օգնությունը հեքիաթ է մեծերի համար:

Երբ նայում ես իրականությանը, բայց թանձրության ու բարդության պատճառով չես ընդունում այն ու փակում ես աչքերդ, միշտ էլ իրականությունը ճաքեր է տալիս և դատարկ հատվածներ են գոյանում: Հաճախ մեծ է գայթակղությունը իրականությունը կարկատելու, սեփական երազանքներով լցնելու առումով և երբ սկսում ես ցանկալին մատուցել իրականի փոխարեն, միշտ էլ սխալ պատկեր ես ստանում ու սկսում մեղադրանքների և արդարացումների մի ամբող շղթա, որի միակ նպատակը բարոյապես մաքուր մնալու պատրանք ստեղծելն ու մեղքը ուրիշի վրա բարդելն է:

Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մենք պատկերացնում ենք: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *