Հայաստան

Միայն Զենքը Հարց Չի Լուծում

Հայաստանը, երբ հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության, պետք է հաշվի առնի այն, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում:Համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ցանկանում է Հայաստանը:

Հրանտ Տէր Աբրահամաեամ

Պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանը 1inAM-ի եթերում խոսել է զենքի, պաշտպանության և ընդհանրապես հայեցակարգի ու համակարգի մասին:

Հրանտ Տէր-Աբրահմյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանին առաջին հերթին արմատական լուծումներ են պետք, ռադիկալ փոփոխություններ, քանի որ հին համակարգն այլևս չի աշխատում: Բնականաբար այդ արմատական լուծումներ ասվածը, որ ենթադրում է նաև ընդհանուր համակարգային փոփոխություններ, չի կարող արագ և միանգամից լինել: Արմատական լուծում ասվածից մարդկանցից շատերը վախենում են, քանի որ համակարգային փոփոխությունը երբեմն կարող է ձանձրալի ու բարդ թվալ, բայց, հաշվիառնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, հարկավոր է հասկանալ, որ այլևս ոչ մի այլ ճանապարհ գոյություն չունի:

Քանի դեռ մենք շարունակում ենք հնին կառչած մնալ ու ժամանակ կորցնել, մենք կորցնում ենք վերակազմակերպվելու հնարավորություններն իսկ: Իսկ մենք ժամանակ ենք կորցնում, քանի որ մեր փոփոխությունները հիմնականում կրում են դեկորատիվ բնույթ: Մենք անընդհատ խոսում ենք զինվելու մասին, բայց չենք կաորղանում հասկանալ, թե մեզ ինչ տեսակի զենք է պետք, քանի որ չգիտենք, թե ինչի համար ենք մենք այդ զենքը ուզում: Ինչ խնդիր է լուծելու այդ զենքը: Մենք չգիտենք խնդիրը: Մենք նույնիսկ չգիտենք, որ զենքը ինքն իրենով չի կարող հարց լուծել, եթե մենք պատկերացում չունենք խնդրի մասին: Զենքը հարցի մասին պատկերացում չի տալիս, զենքը գործիք է, որով հնարավոր է լուծել որևէ խնդիր, բայց միայն այն դեպքում, եթե խնդիրը պարզ է ու հասկանալի: Կարելի է ունենալ լավ զենքեր, բայց տապալվել, որովհետև ամբողջապես պարզ չէ, թե ինչ խնդրի լուծման համար է այդ զենքը անհրաժեշտ: Պատմաբանը օրինակ բերեց 1920թ.-ը, երբ հայկական զորքերը վատ չէին զինված: Կար մեծաքանակ անգլիական արտադրության ու տարբեր նշանակության զինատեսակներ, որոնք սակայն հաջողություն չբերեցին, քանի որ անձնակազմն ինքը բավարար պատկերացումներ չուներ, ո՛չ զենքի, ո՛չ դրա կիրառման նրբություններին:

Այսինքն այս պահին մեր գլխավոր հարցը միայն զենքը չէ: Մեր գլխավոր հարցը համակարգն է, որը չի աշխատում: Մեր գլխավոր կռվանը աշխատող համակարգն է, որն արդեն կտա խնդրի պատկերը, կամպողջացնի, կձևակերպի խնդիրը, որն արդեն հնարավոր կլինի լուծել համապատասխան մեխանիզմներով, բայց քանի դեռ այդ համակարգը չկա, լուծումները միշտ վրիպող են լինելու:

Հրանտ Տէր-Աբրահամյանը խոսեց նաև արտաքին խնդիրների մասին, որոնց հետ կապած մենք որոշ չափով լավ չենք տեղեկացված, կամ՝ թյուր պատկերացումներ ունենք:

Առաջին խոշոր խնդիրն իհարկե միջազգային իրադրությունն է: Խոշոր հաշվով այսօր աշխարհը ավելի շատ ռազմական բնույթ ունի, քան սրանից 15-20 տարի առաջ էր: Աշխարհն այսօր ալեկոծվող օվկիանոս է և հուսալ, որ այդ ալեկոծության ժամանակ մեր փոքրիկ նավը անվնաս կմնա՝ խելագարություն է: Հայաստանի վիճակը թեթև չի և մոտ ապագայում չի կարող թեթևանալ, որովհետև ամեն ինչ ունի իր հստակ պատճառահետևանքային կապը, որը մենք հաճախ չենք տեսնում և հաճախ հույ ունենք, որ կենացներով կարող են լուծվել մի շարք խոշոր խնդիրներ:

Հաջորդ խնդիրը մեր խորհրդային հոգեբանությունն է, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջան լինելու հանգամանքը: Հարկավոր է հասկանալ այն, որ բացի նրանից, որ մենք դեռևս մնացել ենք խորհրդային պատկերացումներում և աշխարհն ընկալում ենք այնպես, ասես դեռևս 1970-ականները լինի, կա նաև Ռուսաստանի գործոնը: Ռուսաստանը ցանկանում է վերադառնալ այս տարածաշրջան: Նա ցանկանում է տիրապետել այն ամեին, ինչին տիրապետել է ցարական ու բոլշևիկյան ռեժիմների ժամանակ: Հասկանալի է, որ այդ իրավիճակում մենք չենք կարող պարզապես հուսալ, որ ամեն ինչ լավ է լինելու, երբ ռեալ գործընթացներ են տեղի ունենում, որի անբաժան մասերից մեկն էլ մենք ենք:

Հրանտ Տէր-Աբրահամյանի նշած հաջորդ խոշոր խնդիրը Ադրբեջանն է: Ադրբեջանի հետ մեր կոնֆլիկտը դեռ երկար է բորբոքված վիճակում մնալու, քանի որ Ադրբեջանի կողմից կան սկզբունքային խնդիրներ: Հայաստանը, երբ հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության, պետք է հաշվի առնի այն, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում:Համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ցանկանում է Հայաստանը: Միջանցքի հարցը այսպես թե այնպես կարող էր լուծվել: Հայաստանը ծայրահեղ դեպքում կարող էր համաձայնվել միջանցքին և Ադրբեջանն էլ երկար բարակ չէր ծամի այդ հարցը ու խաղաղություն ի վերջո կհաստատվեր, բայց Ադրբեջանին խաղաղություն պետք չէ: Ադրբեջանը ամբիցիաներ ունի: Նա միայն Արցախով չի գոհանում, այլապես արդեն իսկ կգնար խաղաղության: Ադրբեջանը ցանկանում է հասնել հեգեմոն դիրքի, նա ցանկանում է այս տարածաշրջանի իշխանը դառնալ և մենք շատ երկար ու շատ լուրջ պետք է մտածենք խաղաղության մասին երազելով, երբ թշնամին խաղաղություն չի ուզում:

Մենք ռեալիստ չենք: Մենք ցանկանում ենք ինչ որ բան՝ չպատկերացնելով, թե ինչպես ենք հասնելու այդ ամենին: Եվ այս պարագայում էլ ավելի հրատապ է դառնում արմատական փոփոխությունների հարցը, քանի որ խաղաղության հասնելու շատ քիչ հույս կա:

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *