ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նահանջ Առանց Երգի

(Մաս առաջին՝ Փոքր Մհեր)

Հողը ամեն ինչ է հայի համար: Եվ եթե հողը սկսում է չպահել, սահել, թուլանալ, նշանակում է համակարգը չի աշխատում, որովհետև հողը հայերի համար ամեն ինչ է: Եվ երբ համակարգը սկսում է չաշխատել, այսինքն հողը թուլացել է, ապա Մհերը որպես ուժ, երևույթ և կերպար, սկսում է դառնալ ավելորդ այդ համակարգի համար: Եթե Մհերին(ուժ, պոտենցիալ) չի կարողանում պահել հողը(համակարգ, փիլիսոփայություն), ապա դա նշան է այն բանի, որ համակարգը այլևս չի աշխատում, համակարգը սպառել է իրեն, հինը անպիտան է դարձել:

Արայիկ Մկրտումյան

«Սասնա Ծռեր» էպոսին ծանոթ մարդիկ հավանաբար հիշում են, որ էպոսի չորրորդ ճյուղի վերջում՝ Սասունցի Դավթի որդին՝ Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում, այսինքն մտնում է և կամովին բանտարկվում քարի մեջ:

Էպոսում նկարագրվում է, որ իր հորը չճանաչելով՝ Փոքր Մհերը մենամարտում է նրա հետ, որի համար հայրը նրան անիծում է, որ վերջինս զավակներ չունենա: Անեծքը կատարվում է և Մհերը չի կարողանում զավակ ունենալ: Նա շարունակում է պայքարել թշնամիների դեմ, հաղթում է նրանց, սպանում է Չմշկիկ Սուլթանին և լուծում հոր սպանության վրեժը: Այնուհետև Մհերը տեսնում է, որ հողը սկսել է իրեն չպահել: Ուր նա ոտք  դնում, հողը սկսում է չպահել նրան: Մհերը մտնում է քարի մեջ ու պատգամում՝

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչի մասին է գնում խոսքը: Հայտնի է, որ հողը երկրագործ ժողովրդի համար սրբություն է, սկզբունք է, հոգեբանություն և փիլիսոփայություն: Հողը կյանք է, հողը ամեն ինչ է, քանի որ հողից է ծնվում նրա կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Երկրագործ հայը հոգով, սրտով է կապված իր հողին: Իսկ եթե հողի հետ ինչ որ բան այն չէ, ապա աշխարհի հետ ինչ որ բան չէ: Փոքր Մհերը հայ վերջին դյուցազունն է, ով իր երկիրը շենացնելու փոխարեն մտնում է քարի մեջ:

Ինչո՞ւ: Ինչո՞ւ է Մհերը նահանջում: Ինչո՞ւ նա, ով հակառակորդ է խնդրում Աստծուց և մենամարտում հրեշտակի հետ, արժանանում է նման պատժի: 

Քարի մեջ փակվելուց Մհերը մի քանի պայման է դնում, թե որ դեպքում դուրս կգա քարից: Նա գնում է, որովհետև աշխարհը չար է, հողը ծուլացել է: Նա ասում է, որ հետ կգա, երբ ցորենը դառնա մասուրի չափ, գարին դառնա ընկույզի չափ: Հասկանալի է, որ այս բառերը չեն նշանակում, որ Մհերին հետաքրքրում է գարու և այլ մշակաբույսերի չափսերը, այլ ունեն շատ ավելի խորը և դառը իմաստ: Նույնը և հողի հետ կապված: Հողը ամեն ինչ է հայի համար: Եվ եթե հողը սկսում է չպահել, սահել, թուլանալ, նշանակում է համակարգը չի աշխատում, որովհետև հողը հայերի համար ամեն ինչ է: Եվ երբ համակարգը սկսում է չաշխատել, այսինքն հողը թուլացել է, ապա Մհերը որպես ուժ, երևույթ և կերպար, սկսում է դառնալ ավելորդ այդ համակարգի համար: Եթե Մհերին(ուժ, պոտենցիալ) չի կարողանում պահել հողը(համակարգ, փիլիսոփայություն), ապա դա նշան է այն բանի, որ համակարգը այլևս չի աշխատում, համակարգը սպառել է իրեն, հինը անպիտան է դարձել: 

Փոքր Մհերը հենց դա է մեզ փորձում բացատրել: Նա ցույց է տալիս, որ հողն անգամ ֆիզիկապես այլևս չի կարողանում պահել, սահում է, այսինքն մի բան այն չէ: Այսինքն համակարգը մերժում է երևույթը, փչացած ու թուլացած համակարգը մերժում է ուժն ու զորությունը: Եվ Փոքր Մհերը ստիպված է լքել այդ հողը, նա ստիպված է մեկուսանալ, քանի որ իր համար գործելու դաշտ այլևս չկա: 

Յուրահատուկ է նաև Մհերի պատգամը, երբ նա ասում է, որ հետ չի գա, քանի դեռ ցորենը մասուրի չափ չի դառնա, այսինքն արմատական փոփոխություններ, համակարգային փոփոխություններ: Մհերը, այսինքն ուժը հետ կգա, երբ լինի համակարգային և արմատական փոփոխություններ: Երբ ցորենը դառնա մասուրի չափ, նշանակում է, որ համակարգը արդեն փոխվել է և նոր արդյունքներ է տալիս, ավելի ուժեղ, ավելի որակով, ավելի մեծ էներգիայով: Այսինքն հողն այնքան է ուժեղացել, սերմն այնքան մեծ ներուժ ունի, որ ցորենը մասուրի չափ է դարել: Մասուրի չափերով ցորենը, որ չափազանցության հնարք է, իրականության մեջ հավանաբար հենց այն իմաստավորումն ունի, որի մասին արդեն խոսեցինք: Եվ դա նշանակում է, որ հողն արդեն թույլ չէ, չի սահում, պինդ է հաստատ է: Եվ պինդ ու ամուր հողն արդեն կկարողանա պահել Մհերին և Մհերը որպես մեծ ուժի մարմնացում, արդեն կկարողանա գալ և կանգնել հողի վրա և պայքարել:

Փոքր Մհերը մեր վերջին դյուցազունն է: Նրան չեն սպանել կամ գերել թշնամիները: Նա ստիպված մեկուսացել է, որովհետև իր հողը թուլացած է և ֆիզիկապես իրեն չի պահում:

Եթե համեմատենք մեր օրերի հետ ապա մեր պահանջած փրկիչը չի գալիս, որովհետև մենք դեռևս պատրաստ չենք նրան: Մենք պատրաստ չենք ընդունելու մեր հերոսին, մենք կվախենանք նրա ուժից, մենք չենք ճանաչի նրան, որովհետև մենք թույլ ենք, մեր համակարգը չի աշխատում, մենք արմատական փոփոխությունների պատրարստ չենք և Մհերի փոխարեն մեզ մոլորեցնում են կեղծ մարգարեները: Մենք արդեն սովորել ենք թշվառությանն ու խեղճությանը, մենք նայում ենք ուրիշի ձեռքերին՝ հուսալով, որ նա շատ չի ատի մեզ ու գուցե արհամարհական պատառներ շպրտի ու մենք էլ ապրենք այս անհեռանկար ու աննպատակ ձևով: Մինչդեռ մենք հերոս ունենք: Դյուցազուն: Մենք ունենք հայի ուժի մարմնացող կերպար, ում, կարելի է ասել, ինքներս ենք  վռնդել: Նա չի արտագաղթել և չի հայհոյել, նա մեկուսացած է մեր երկրում, նա մեկուսացած առանձնացած է մեր հոգում, մեր խղճի մեջ քարացած: Փոքր Մհերը, մեր դյուցազունը, մեր հավաքական ոգին ու մեր էությունը սպասւոմ է, թե երբ է մեր միտքն ու հոգին ազատագրվելու, երբ է մեր հողը/համակարգը այնքան պնդանալու, որ մեր հավաքական էությունը՝ Մհերի գլխավորությամբ դուրս գա ընդարմացումից, վերստին դառնա այն, ինչ կար և դադարի սեփական էությունից նահանջը և փոխարեն հայ ժողովրդի սրտում բոցավառ հնչի իր նպատակն ու իր երազանքը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *