ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նահանջ Առանց Երգի (Մաս երկրորդ) Արտավազդ- Առասպելական Հերոս Թե Չարիք

Արտավազդը մտահոգված էր կառավարման հարցով, նա դեմ էր գնում վատնման ավանդույթին, նա չէր ցանկանում շարունակել չարդարացված ու պաթոսային կորուստները ու գուցե անիծվեց հենց այդ պատճառով: Արտավազդին մերժեց համակարգը, նրան խանգարեց համակարգը: Արտավազդին դիվականացրին և փակեցին Մասիսի վիհերից մեկում:

Արայիկ Մկրտումյան



Շարունակելով հայոց առասպելաբանության խորքերում փնտրտուքները, մենք հանդիպում ենք ևս մի կերպարի, ում հետ կապված պատմությունը ևս շատ ցավալի, իսկ որոշ դեպքերում նաև շատ անարդար է: Մի կողմից մեր առջև կանգնում է պետականամետ կերպարը, ով իրոք տառապում է իրեն շրջապատող իռացիոնալության պատճառով, մյուս կողմից մեզ փորձում են հավատացնել, որ այդ մարդն իրականում դև էր: Խոսքը գնում է Մեծ Հայքի արքա Արտավազդ 1-ի մասին: Այն նույն Արտավազդի, ում մենք անիծված ենք համարում և որին մինչև հիմա շղթայած պահում են Մասիսի վիհերից մեկում: Եկեք հասկանանք, թե ինչով է մեղանչել Արտավազդը հայ ժողովրդի առաջ, որ նրա մասին լեգենդ է հյուսվել, որում նա չարիք է ներկայացված ու անվերջ պատիժ է կրում: Արտավազդ 1-ին արքայի իրական գործունեության մասին մեզ բավական քիչ տեղեկություններ են հայտնի, իսկ ահա նրա կերպարի շուրջը ստեղծված առասպելները այնքան մանրակրկիտ են, որ նույնիսկ բնավորության գծեր են շոշափում: Եվ ահա, ըստ հին հայկական ավանդազրույցների, Արտավազդ արքային դեռևս մանուկ ժամանակ վհուկները գողացել էին օրորոցից և տեղում դև դրել: Արտավազդի մասին խատմությունները հիշատակում են որպես շատ չար, դաժան և ժլատ մարդու: Իսկ երբ մահանում է նրա հայրը՝ Արտաշես 1-ին արքան, ըստ առասպելապատումների, բազմաթիվ մարդիկ ինքնասպան են լինում, քանի որ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց արքայի և չեն ուզում ապրել նրանից հետո: Արտավազդը, նայելով այդ ամենին դժգոհում է, ասելով. «Մինչ դու գնացիր և երկրի կեսը հետդ տարար: Ես այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ»: Մեռնող Արտաշես արքան այդ բողոքը համարում է նախանձի դրսևորում իր փառքի նկատմամբ և անիծում է նրան, որ երբ Արտավազդը որսի գնա Մասիս լեռան մոտակայքում, թող քաջքերը բռնեն նրան, տանեն մութ վիհում փակեն, թող նա այդտեղ մնա և այլևս երբեք դուրս չգա այդտեղից ու լույս չտեսնի: Անեծքը կատարվում է, Արտավազդին քաջքերը բռնում են և նրան շղթայում: Արտավազդը երկու շուն ունի, որոնք կրծում և թուլացնում են նրա շղթաները, բայց դարբինները կրկին նորոգում են նրա շղթաները: Եվ այդ ավանդությունն այնքան խորն է արմատավորվել, որ նույնիսկ մինչև վերջերս, իսկ գուցե և հիմա, դարբինները ամեն շաբաթ մուրճը զարկում են զնդանին՝ հավատալով, որ նորոգում են Արտավազդի շղթաները:

Առաջին հայացքից բավական տարօրինակ իրավիճակ է: Հատկապես մեր օրերի տեսանկյունից եթե նայենք, Արտաշես արքան, որը պատմության մեջ հայտնի է որպես երկիրը շենացնող, հողերը միավորող արքա, այսինքն երկրի մասին հոգ տանող, չգիտես ինչու անիծում է իր որդուն առանց որևէ լուրջ պատճառի: Արտաշես արքան պատմության մեջ հայտնի է իր սահմանաքարերով, որոնք կարգավորում և կանոնավորում են ազնվականների և գյուղացիների մեջ հողային սահմանները: Այդ դեպքում էլ ավելի անհասկանալի է, թե նման խորաթափանց բարենորոգիչը ինչպես կարող էր նման նեղմիտ պահվածք ցուցաբերել ու անիծել որդուն: 

Բայց եկեք չմոռանանք, որ հիմա  խոսքը գնում է առասպելի մասին, այսինքն այդ ամենը կարող ենք վստահաբար հորինվածք համարել: Այստեղղ խնդիրն այն է, թե ինչու է ժողովուրդն իր արքայի մասին նման առասպել հորինել:

Խնդիրն էլ ավելի է բարդանում Արտավազդի անեծքի պահով: Ինչո՞ւ է Արտավազդը նման անեծքի արժանանում; Ինչո՞ւ է այդ անեծքը լրիվ նորմալ ընկալվում ժողովրդի կողմից: Ստացվում է, որ ժողովուրդն իր առասպելում անգամ անեծքի արժանացնում, շղթաների արժանացնում նրան, ով հենց ժողովրդի համար էր մտահոգվում:

Հայ հայտնի գրող Վարդգես Պետրոսյանն իր «Հայկական էսքիզներում» այդ մասին խոսելիս դիմում է Արտավազդին՝ ասելով. «Խե՛նթ, ինչի՞դ էր պետք: Չբողոքեիր, թողնեիր, որ հայրդ տանի իր հետ երկրի կեսը, տրորեիր ամբոխ-գորգը, երկրի մյուս կեսն էլ դու տանեիր հետդ; Ու կգտնվեր մի կիսակույր և կիսախև երգիչ, ով կփառաբաներ քեզ»:

Ինչ խոսք, Արտավազդի մասին այս առասպելը խիստ տարօրինակ է: Անիծվում է նա, ով չէր ցանկանում, որ նման անիմաստ զոհաբերություններ լինեն: Այսինքն Արտավազդը մարդ էր, ով արքայական ամբարտավանությունից այն կողմ տեսնում էր ու հասկանում, որ նման քանակի ռեսուրս կորցնել և այդպես անիմաստ՝ աղետ է: Այսինքն Արտավազդը մտահոգված էր կառավարման հարցով, նա դեմ էր գնում վատնման ավանդույթին, նա չէր ցանկանում շարունակել չարդարացված ու պաթոսային կորուստները ու գուցե անիծվեց հենց այդ պատճառով: Արտավազդին մերժեց համակարգը, նրան խանգարեց համակարգը: Արտավազդին դիվականացրին և փակեցին Մասիսի վիհերից մեկում: 

Ընդհանրապես հայ առասպելաբանության մեջ ընդգծված է իռացիոնալ վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ: Ինչպես, որ Փոքր Մհերն է հրաժարվում համակարգից, համակարգը նրան չի ընդունում և նա ստիպված է մեկուսանալ, այնպես էլ Արտավազդը: Նա չի սպանվում, նա դատապարտվում է հավերժ բանտարկության, իսկ այսպես ասած մարկետինգը նրան այնպես է սևացնում, որ նույնիսկ երկու հազար տարի անց էլ Արտավազդին դպրոցներում ներկայացնում են որպես չար, նախանձ դև: 

Իսկ եթե հաշվի առնենք, որ Արտավազդի լեգենդը ավելի շուտ է վերջնական ձևակերպում ստացել, քան Փոքր Մհերինը, ապա կարող ենք ենթադրել, որ Արտավազդին համակարգը կանգնեցնում է ու դատապարտում, իսկ Փոքր Մհերին համակարգը մերժում է ու ստիպում մեկուսանալ: Իսկ եթե Արտավազդին չանիծեին, այսինքն համակարգն ընդուներ սթափ քննադատությունն ու փոխեր իր կեցվածքը, ապա, շատ հավանական է, որ Փոքր Մհերը ստիպված չէր լինի փակվել քարում, որովհետև հողը թուլացել է: Սկզբունքորեն Արտավազդը և Փոքր Մհերը համակարգային մտածողության սկզբունքային զոհերն են:

Մատրից ֆիլմում կերպարներից մեկը մյուսին ասում է, որ երբ Մատրիցում, այսինքն իրականության իմիտացիա ստեղծող համակարգում որևէ մեկը սկսում է պայքարել կեղ իրականության համակարգի դեմ, ապա համակարգի ստրուկ մարդիկ այդ դիմադրողին ընկալում են որպես ՍԽԱԼ(Anomaly): Այսինքն համակարգը միևնույն է պայքարելու է քո դեմ, նույնիսկ եթե դու իր ազատության համար ես պայքարում: Հատկապես եթե ազատության համար ես պայքարում:

Այսինքն, եթե Արտավազդի մասին առասպելը լուրջ ընդունենք, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ հայ ժողովուրդը առասպելական մակարդով անգամ չի ընդունում պետական լրջությունը և դատապարտում է բոլոր նրանց, ովքեր փորձում են որևէ կերպ դիմադրել դրան: Գուցե հենց այդ պատճառով է, որ Տիգրան Մեծի մասին եվրոպացիները 24 օպերա գրեցին, իսկ մենք նրան դիտում ենք նաև որպես հող հանձնող կերպարի: Եվ շատ կերպարներ կան, որոնց հանդեպ մեր պատմա-փաստական ու առասպելաբանական վերաբերմունքը խիստ միակողմանի է և հաճախ՝ անարդար:

Հիմա գանք մեր օրեր: Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այն բացառիկ ռազմական գործիչներից էր, ում սիրում էին բոլորը: Եվ բոլորը մեծ ցավ ու ափսոսանք ապրեցին երբ նա մահացավ: Բայց մեր մտքով չանցավ զանգվածային ինքնասպանություններ գործել ու կարող ենք վստահ ասել, որ Կոմանդոսն ինքը երբեք թույլ չէր տա, որ նման բան լինի: Արդյո՞ք ճիշտ կլինի, եթե մենք սկսենք այրել մեր տները, ինքնասպան լինել, եթե որևէ բացառիկ կարևոր դեմք հեռանա մեզնից, թե մենք կփորձենք արժանի լինել նրան ու առաջ տանել նրա գործը:

Արտավազդն ըստ էության մեր առաջին պետական գործիչն էր, ով հանդես եկավ սթափության ու պետական պահանջկոտության կերպարով, դատապարտեց անխոհեմ ու րոպեական ազդեցությամբ կատարվող իրադարձությունները և առաջին հերթին դատապարտեց իր հորը, այսինքն հեղինակությանը: Բայց համակարգը նրան չներեց: Եվ այնքան ուժգին ատեց նրան, որ նույնիսկ չսպանեց, այլ դատապարտեց հավիտենական  բանտարկության, որ նա տանջվի, միշտ տանջվի, որովհետև եթե դուրս եկավ, ապա աշխարհը կործանելու է: Իսկ գուցե ոչ թե աշխարհն է կործանելու այլ փտած համակա՞րգը: Եվ գուցե Արտավազդը պիտի ազատվի ու դուրս գա, որպեսզի կարողանա ազատվել նաև Փոքր Մհերը: 

Բայց նրանք կազատվեն միայն մի դեպքում: Երբ մենք ցանկանանք այդ: Երբ դադարենք անիծել նրանց և անեծքի փոխարեն աղոթք հղենք դեպի նրանց, ովքեր չեն ուզում տրորել մեզ, ովքեր ուզում են մենք լրջանանք և սթափվենք:

Բայց քանի դեռ մենք մեր ամենօրյա քայլերով ու պահվածքով ավելի ենք ամրացնում Արտավազդի շղթաները և թուլացնում հողը Փոքր Մհերի համար, քանի դեռ մենք նահանջում ենք մեր էությունից, նրանք շարունակում են մնալ մեկուսացված, իսկ մենք՝ ավելի թույլ ու մասնատված:

Իսկ մինչ այդ մենք գոռում ենք բանաստեղծ Հովհ. Հովհաննիսյանի տողերը՝

Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռանը սալին,
Զարկեցե՛ք կռանը – շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցե՛ք դարբիննե՛ր կռանը սալին:

Զարկեցե՛ք կըռանը. խորունկ քարայրից
Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ…
Ցոլացավ փայլակը―արքայի աչքից
Դեպի վեր թռչում են բարկության կայծեր:

Կամի նա ելանել վրեժխնդիր հոգով
Յուր անվերջ տանջանքի թույնը մահաբեր
Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, ―
Բայց ամուր են նորա ծանըր շղթաներ:

Մըտերիմ գամփռները կրծում են կապանք,
Կըրծում են անդադար կապանքն արքայի․․․
Արտավա՛զդ, վերջ չունի հոգուդ տառապանք,
Եվ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *