ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայրենադարձման Համակարգման Ուղիով

Մաս 1-Հարցազրույց Հակոբ Բադալյանի Հետ

Եթե խոսենք մեկ նպատակի մասին, ապա դա թերեւս պետք է լինի հայկական կենսունակ պետականությունը, որպես նաեւարագորեն փոխվող աշխարհում սփյուռքի կենսունակության աղբյուր, հաշվի առնելով այն, որ մենք արդեն փաստորեն գործ ունենք սփյուռքի չորորդ, հինգերորդ սերնդի հետ, որի պարագայում պատմական կամ գենետիկ, էթնո-հիշողությունը դառնում է ավելի ու ավելի թույլ սնուցման աղբյուր:

Հակոբ Բադալյան

Չկապիտալացնել Հայկական Ներուժը Խորհրդաժողովներով

Մեր Ուղինը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ:

1.Հայաստանում գոյություն  ունեցող խնդիրներից մեկը երբեք չդադարող արտագաղթն է եղել։ Ինչո՞վ կբացատրեք այդ երևույթը։

Երեւույթն ըստ իս ունի պատճառների համախումբ, որի առնչությամբ թերեւս կա հանգամանալից գիտական  հետազոտական աշխատանքի կարիք: Կարծում եմ պատճառների մեջ կա թե պատմա-հոգեբանական բաղադրիչ, թե ընթացիկ սոցիալ-տնտեսական, նաեւ քաղաքական հանգամանքներով թելադրվող շերտ: 

2.2020թ պատերազմից հետո ՀՀ-ում շատերի մոտ ուժեղացել է երկրից հեռանալու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատերազմում իրոք անվտանգային ծայրահեղ խնդիրներ է առաջացրել ՀՀ բնակիչների համար, թե այդ տրամադրությունները առավելապես հետպատերազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնացած ընկճվածություն է։

Կարծում եմ կա թե մեկը, թե մյուսը: Միաժամանակ, կա անորոշություն ապագայի հանդեպ: 

3.Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկայական վնասներ է հասցրել արտագաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնական խնդիրները։

Կարծում եմ այդ հարցի պատասխանն առավել ստույգ կլինի հենց սփյուռքյան շրջանակից: Կամ, առնվազն, եթե սփյուռքն ուսումնասիրված է հանգամանորեն: Կա իհարկե այսպես ասած հայապահպանության խնդիրը, որը ըստ էության չպետք է դիտարկել լոկ էթնո-մշակութային իմաստով: Եվ ավելին, «հայապահպանություն» հասկացության առանցքային իմաստ պետք է դիտվի Հայաստանի՝ հայկական պետականության հետ կապի պահպանությունը: Սա արդեն իր հերթին ենթադրում է բազմաթիվ այլ ասպեկտներ եւ աշխատանքային ուղղություններ:

4.Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայերը լեզվամտածողությամբ արդեն իսկ տարբեր մշակութային խմբեր չեն ներկայացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգեբանություն և մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ ընդհանուր համաձայնության գալ միմյանց հետ ցանկացած հարցում։

Պետք է խոստովանենք ինքներս մեզ, որ՝ գործնականում չեն կարող: Ըստ այդմ, մեր, նկատի ունեմ Հայաստանի հանրապետության եւ սփյուռքյան ակտիվ շրջանակների, հասարակական, քաղաքական եւ տնտեսական վերնախավերի խնդիրը պետք է լինի բազմազանությունը համակարգելը, այլ ոչ թե դրանից մեկ կետ ստանալը: Օրինակ, վերեւի հարցի առումով, երբ նշեցի, որ կարեւորագույն խնդիրը հայապահպանությունն է՝ Հայաստանի հետ կապի իմաստով, այստեղ պետք է նկատի առնել, որ այդ կապի ապահովումը կարող է տեղի ունենալ, եւ պետք է տեղի ունենա անկախ լեզվամտածողությունից, անկախ արժեհամակարգային ասպեկտներից: Հետեւաբար, Հայաստան-Սփյուռք կապի մեխանիզմները պետք է լինեն բազմազան, հաշվի առնելով հենց սփյուռքի բազմազանությունը: Համաձայնությունը թերեւս պետք է լինի այդտեղ՝ ընդունել միմյանց տարբերությունները, ընդունել բազմազանությունն ու բազմաշերտությունը, ընկալել, որ դա չեզոքացնելը չի լինելու այլ բան, քան սիզիփոսյան աշխատանք, ու խլելու է միայն ժամանակ եւ էներգիա, ու գալ բազմազան մեխանիզմների մշակման շուրջ համաձայնության: Գլխավորն այստեղ, ըստ իս, լինելու է մի մտայնության ձեւավորում՝ որ լինելով էապես տարբեր, մենք այդուհանդերձ առավել կենսունակ եւ ուժեղ կլինենք միմյանցով, եւ այդ ուժի կենտրոնը կարող է լինել հայկական պետականությունը:

5.ՀՀ և Սփյուռքի հայերը շատ հարցերում փոխվստահություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնական պատճառը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Ըստ իս, այստեղ մոդերատորի բարդ դերը պետք է ստանձնի պետությունը՝ հայկական պետությունը: Փոխվստահության բացակայությունը ունի թերեւս տարբեր մակարդակներում ընկած պատճառներ, սկսած անձնական-խմբային մտածողություն-հոգեբանությունից, մինչեւ տնտեսական շահեր, նաեւ քաղաքական շահեր, ընդհուպ այն պետությունների քաղաքականությամբ թելադրված, որոնցում գտնվում են հայկական սփյուռքի համայնքները: Այստեղ է, որ կենտրոնական դերը հայկական պետականությանն է, որը գոյություն ունի միայն վերջին երեք տասնամյակում՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, իսկ միինչ այդ սփյուռքյան միջավայրը տարբեր պետականությունների շրջանակում ծավալվել է տասնամյակներ, թե դրական, թե նաեւ վերը նկարագրված բացասական հանգամանքներով:

6.ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող լարվածությունը ի՞նչ պատճառներով է առաջացել և ի՞նչ հետևանքներ է թողնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վրա։

Կարծում եմ, որ պատճառների մի մեծ խումբ այն իրավիճակում է, որը նկարագրեցի նախորդ հարցի պատասխանում՝ մոտիվների առումով: Մյուս կողմից, լայն իմաստով, ըստ իս խնդրահարույցը լարվածությունը կամ անհամաձայնությունները չեն, այլ այն, որ չենք տիրապետում դրանց կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Ի վերջո, անգամ մեկ առանձին պետության մեջ վերցրած հասարակությունները միատար եւ բացարձակ փոխվստահող չեն, բայց այդ ամենը կարգավորելու եւ կառավարելու համար էլ ձեւավորվում են ինստիտուտներ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունն ունի դրանց կարիքը, ինչը իհարկե շատ մեծ ծավալի եւ անընդհատ աշխատանք է:

7.Շատերն այն կարծիքին են, որ արտագաղթն ավերում է Հայաստանը և մեզ հիմա կազմակերպված ու զանգվածային հայրենադարձություն է պետք։ ՀՀ-ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվածային հայրենադարձության։

Ոչ, կարծում եմ չկա զանգվածային հայրենադարձության պատրաստվածություն եւ նախադրյալ, թե հոգեբանական, թե սոցիալ-տնտեսական առումով, ռեսուրսային, ընդհուպ քաղաքական առումով:

8.Որո՞նք են  հայրենադարձությանը խանգարող հիմնական պատճառները։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրենադարձություն։

Այստեղ խոսք չի կարող լինել հավաքական ցանկության մասին, որովհետեւ սա այն հարցն է, որ առավել քան անհատականացված է, կախված բազմաթիվ գործոններից: Հավաքական ցանկություն, որպես այդպիսին, կարծում եմ չկա եւ չի կարող լինել: Շերտային ցանկությունները պետք է ուսումնասիրվեն: Եվ ձեր նշած հարցի պատասխանն էլ թերեւս պետք է կազմվի սոցիոլոգիական ուսումնասիրության հիման վրա: Ընդ որում, հենց սա նաեւ նկատի ունեմ, երբ խոոսում եմ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության ինստիտուցիոնալ վակուումների մասին:

9.ՀՀ-ից արտագաղթող և ՀՀ վերադարձող հայերը սովորաբար ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավելի բարդ նոր միջավայրին հարմարվելը։

Բավարար չաափով չեմ տիրապետում պատկերին, շատ թե քիչ ստույգ գնահատման համար:

10.Եթե զանգվածային հայրենադարձություն տեղի ունենա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվազելու է ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ ֆինանսական և նյութական առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առաջացնի, քանի որ հայկական Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրներում ապրող հայերի խումբ է, այլև քաղաքական, ֆինանսական, նյութական հզոր խաղաթուղթ։

Կարծում եմ բացարձակ ավելորդ է խոսել զանգվածային հայրենադարձության մասին, ըստ այդմ չեմ տեսնում խիստ տեսական հեռանկարի ուղղությամբ ներկայումս ծավալվելու անհրաժեշտություն:

11.Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած համահայկական խորհրդաժողովը։

Չեմ հետեւել դրա աշխատանքին: Բայց կարծում եմ խորհրդաժողովներն ավելի շատ ծառայում են իբրեւ ցուցանակ կամ հռչակագիր: Դրանք վատ չեն, կարեւոր են՝ բոլոր խնդիրներով եւ սկանդալներով հանդերձ, որոնց չլինելը շատ ավելի ցանկալի է, բայց գործնականում խորհրդաժողովներով չէ, որ պետք է կապիտալիզացվի համահայկական ներուժը:

12.Հայաստան-Սփյուռք հարաբերությունները շատերի համար ամփոփվում են Հայաստան Համահայկական Հիմնադրամին ամեն տարի կատարվող նվիրատվությունների սահմաններում։ Արդյո՞ք միայն ֆինանսական աջակցությունը բավական է, թե իրականում դա էլ իր տեսակի խնդիր է։

Մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ սփյուռքի ներուժի չափման միավոր շատ շատերը դիտարկում են հանգանակվող փողը, կամ պարզապես ՝ փողը, նյութական աջակցությունը: Հեռու եմ այն մտքից, որ դա կարեւոր չէ: Բայց, դա վերջին հաշվով ավելի շուտ արդյունք է, եւ արդյունքներից մեկը, որ կարող է լինել աշխատանքային ինստիտուցիոնալ միջավայրերի զարգացման պարագայում: Միեւնույն ժամանակ, սփյուռքի ներուժը եւ արդյունավետությունը չպետք է չափվի լոկ փողով: Ավելին, կան թերեւս ոչ պակաս կարեւոր այլ բաղադրիչներ, այսպես ասած ոչ անմիջական նյութական: Սփյուռքը կադրեր են, փորձ՝ տարբեր ոլորտներում, կապեր, հաղորդակցություն, գաղափարներ, միտք եւ այլն: 

13.Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ-ը և Սփյուռքը միմյանց համար։

Նախ սովորեն խոսել միմյանց հետ վերքաղաքական լեզվով:

14.Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համահայկական մասշտաբով ունեն մեկ ընդհանուր գաղափարախոսություն և նպատակ։

Չունեն, եւ կարծում եմ պետք էլ չէ, որ ունենան, քանի որ ինչպես ավելի վերեւում անդրադարձանք՝ մենք գործ ունենք խիստ բազմաբնույթ եւ բազմաշերտ երեւույթի հետ: Հետեւաբար, եթե խոսենք մեկ նպատակի մասին, ապա դա թերեւս պետք է լինի հայկական կենսունակ պետականությունը, որպես նաեւարագորեն փոխվող աշխարհում սփյուռքի կենսունակության աղբյուր, հաշվի առնելով այն, որ մենք արդեն փաստորեն գործ ունենք սփյուռքի չորորդ, հինգերորդ սերնդի հետ, որի պարագայում պատմական կամ գենետիկ, էթնո-հիշողությունը դառնում է ավելի ու ավելի թույլ սնուցման աղբյուր:

15.Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ձեր իդեալական մոդելը։

Չկա, մոդելը անընդհատ աշխատանք է, այդ թվում ոչ թե իդեալականի հասնելու, այլ միմյանց ոչ իդեալականությունը ճանաչելու եւ ընդունելու կարողության հասնելու եւ կոնկրետ խնդրներ ու նպատակներ ձեւակերպելով հստակ ուղղություններով աշխատելու համար:

Հակոբ Բադալյան/Քաղաքական Վերլուծաբան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *