26.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հայ ժողովրդի արյունոտ դատը անկասկած բարե­հա­ջող եւ արդար լուծում պիտի ստա­նա, որովհե­տեւ նա մարդկության խղճի, պատվի եւ իրա­վունքի հարցն է։

1919թ. օգոստո­սին Հայաստա­նի առջեւ կանգնած ամե­նա­մեծ մարտահրա­վերնե­րը թաթա­րա­կան ապստամբություններն էին եւ ոտքի կանգնող Թուրքիան, ուստի նորընտիր խորհրդա­րանն անմի­ջա­պես սկսում է քննարկել այս հարցե­րը։

1919թ. հունի­սին Հայաստա­նի Հանրա­պե­տությունում անցկացվել էին խորհրդա­րա­նա­կան ընտրություններ, որի արդյունքում ձեւա­վորված խորհրդա­րանն ուներ 80 պատգա­մա­վոր, որոնցից 73‑ը Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունից էին, երկուսը թուրք էին, մեկը՝ եզդի, եւ մեկ պատգա­մա­վոր էլ անկուսակցա­կան էր։ Ամե­նա­մեծ ընդդի­մա­դիր ուժը՝ Հայ ժողովրդա­կան կուսակցությունը, բոյկո­տել էր ընտրությունը։ Խորհրդա­րա­նում ներկա­յացված ընդդի­մա­դիր միակ ուժը սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաննե­րի կուսակցությունն էր, որն ուներ 4 պատգա­մա­վոր։

Նոր խորհրդա­րա­նը

Խորհրդա­րա­նի անդրա­նիկ նիստը բացվում է 1919թ. օգոստո­սի 1‑ի կեսօ­րին։ Խորհրդա­րա­նում էին 56 պատգա­մա­վոր, կառա­վա­րության անդամնե­րը, օտա­րերկրյա դիվա­նա­գի­տա­կան եւ այլ կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչներ։

Ավա­գության կարգով նիստը բացում է նախորդ խորհրդա­րա­նի նախա­գահ Ավե­տիք Սահակյա­նը։ Նա ողջունում է դահլի­ճում ներկա Վրաստա­նի, Պարսկաստա­նի եւ Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րին՝ մաղթե­լով բարգա­վա­ճում, ամուր եւ հարա­տեւ զարգա­ցում։ Ավե­տիք Սահակյա­նը շեշտում էր, որ «Հանրա­պե­տությունն անշեղ կերպով ձգտել է հաստա­տել այնպի­սի կարգեր, որ երկրում ապրող բոլոր ազգե­րը օգտվին հավա­սար իրա­վունքնե­րով եւ զգան իրենց իբրեւ հարա­զատ զավակներ՝ ընդհա­նուր հայրե­նի­քի եւ լծվեն միա­սին պետա­կան գործը առաջ տանե­լու»։

Արտա­քին քաղա­քա­կան հարցերն ու Հայ դատի լուծման խոստումնե­րը չէին կարող չընդգրկվել խորհրդա­րա­նի նախա­գա­հի ուղերձում.

«Ճիշտ է, մինչ հիմա դեռ շարունակվում են փակված մնալ մեր առաջ նախկին Տաճկա­հա­յաստա­նի դռնե­րը եւ այնտեղ թշնա­մին կատա­րում է իր սեւ գործը, ճիշտ է, նա դավեր է լարում մեր համար, բայց ես չեմ տատանվում պնդել, որ վաղը մենք կճեղքենք այդ դռնե­րը մեր դաշնա­կիցնե­րի հետ եւ կտի­րա­նանք մեր անհա­մար նահա­տակնե­րի եւ հերոսնե­րի արյունով ներկված մեր երկրին։ Հայ ժողովրդի արյունոտ դատը անկասկած բարե­հա­ջող եւ արդար լուծում պիտի ստա­նա, որովհե­տեւ նա մարդկության խղճի, պատվի եւ իրա­վունքի հարցն է։ …Առանձնա­պես ողջունենք մեր մեծ դաշնա­կիցնե­րին, Անգլիա­յին, Ամե­րի­կա­յին, Ֆրանսիա­յին, Ռուսաստա­նին եւ Իտա­լիա­յին, հանձինս նրանց ներկա­յա­ցուցիչնե­րի, որոնք վերջ տվին աշխարհա­վեր պատե­րազմին իրենց փառա­հեղ հաղթա­նա­կով եւ փրկե­ցին մեր պետությունը ամե­նա­ծանր մոմենտին»։

Նոր խորհրդա­րան, հին պայքար

Հայ ժողովրդա­կան կուսակցությունը օգոստո­սի 1‑ին իր պաշտո­նա­կան թերթում հատուկ հայտա­րա­րություն է տպագրում, որտեղ նոր խորհրդա­րա­նը հայտա­րա­րում է ապօ­րի­նի։ Հայտա­րա­րության մեջ նշված էր, որ հունի­սի 21–23‑ը տեղի ունե­ցած ընտրություննե­րում արձա­նագրվել են բազմա­թիվ խախտումներ, ինչը կասկա­ծի տակ է դնում խորհրդա­րա­նի օրի­նա­կա­նությունը։

Օգոստո­սի 5‑ին խորհրդա­րա­նի նախա­գահ է ընտրվում Ավե­տիս Ահա­րոնյա­նը, փոխնա­խա­գահներ՝ Լեւոն Շանթը, Սարգիս Արա­րատյա­նը։ Ավե­տիս Ահա­րոնյա­նը Փարի­զում էր, գլխա­վո­րում էր հայկա­կան պատվի­րա­կությունը եւ ընտրվե­լուց հետո երբեւէ չի նախա­գա­հում Հայաստա­նի խորհրդա­րա­նը։ Ըստ տարբեր կարծիքնե­րի՝ Ահա­րոնյա­նին նախա­գահ ընտրե­լը նրան առա­վել ծանրակշիռ ու հեղի­նա­կա­վոր դերա­կա­տա­րություն հաղորդե­լու նպա­տա­կով էր արվել, ինչը կարող էր հավելյալ դրա­կան ազդե­ցություն ունե­նալ Խաղա­ղության համա­ժո­ղո­վում։

Նախա­գա­հության անդամնե­րի ընտրությունից հետո խորհրդա­րա­նում կառա­վա­րության նախորդ երկու ամսվա գործունեության մասին զեկուցում է Ալեքսանդր Խատիսյա­նը, ապա, ըստ օրենքի, հայտա­րա­րում կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նը։ Խորհրդա­րա­նը կրկին վարչա­պետ է ընտրում Խատիսյա­նին, որն էլ օգոստո­սի 10-ին ձեւա­վո­րում է նոր կառա­վա­րությունը։

Ի տարբե­րություն ընդդի­մության՝ Դաշնակցա­կան մամուլը մեծ գորո­վանքով էր խոսում նոր խորհրդա­րա­նի մասին՝ համա­րե­լով, որ այն «հավատքով ու անշեղ կերպով» լծվե­լու է Անկախ եւ Միացյալ Հայաստա­նի վերածննդի գործին։

«Բոլոր անոնք, որ գիտակցա­բար կամ անգի­տությամբ կշա­րունա­կեն խոչեր հարուցա­նել Խորհրդա­րա­նի դեմ, բոլոր անոնք, թուրքա­հայ թե ռուսա­հայ, որ կուսակցա­կան, թայֆա­յա­կան ու անձնա­կան շահե դրդված եւ աթո­ռազրկման ցավեն մղված՝ չեն ուզեր տեսնել ժողո­վուրդի կամքի այս հստակ արտա­հայտությունը եւ կհա­մա­ռին պղտո­րել հանրա­յին միտքը, բամբա­սել ու վատա­բա­նել, ուրիշ գործ չեն կատա­րեր։ Հայաստա­նի այս Խորհրդա­րա­նը … տեղի չպի­տի տա որեւէ թելադրանքի եւ ուժի առջեւ, որովհե­տեւ ինքն է միակ իրա­կան եւ ժողովրդա­կան ուժը եւ իրա­վունքը Հայաստա­նի անունեն խոսե­լու եւ գործե­լու համար», — գրում էր «Աշխա­տանքը»:

«Մենք հետզհե­տե շրջա­պատվում ենք երկա­թե օղա­կով»

Նոր կառա­վա­րության զեկուցումից հետո խորհրդա­րա­նը հատուկ կոչով դիմում է Ամե­րի­կա­յի, Անգլիա­յի, Ֆրանսիա­յի, Ճապո­նիա­յի, Իտա­լիա­յի եւ մի շարք այլ պետություննե­րի խորհրդա­րաննե­րին։ Տեքստում ասվում էր, որ հայ ժողո­վուրդը, «դաշնա­կիցնե­րի առա­ջին իսկ կոչով» դուրս է եկել Օսմանյան կայսրության դեմ պատե­րազմի, տվել մեծա­թիվ զոհեր՝ հույս ունե­նա­լով, որ արդա­րությունը պետք է հաղթի եւ «դաշնա­կիցնե­րի օգնությամբ հայ ժողովրդի մնա­ցորդնե­րը պետք է երջա­նիկ կյանքով ապրեն իրենց ազա­տագրված հայրե­նի­քում»։

Հայոց խորհրդա­րա­նը միջազգա­յին հանրության ուշադրությունն էր հրա­վի­րում այն փաստի վրա, որ դաշնա­կիցնե­րը ոչ մի գործուն քայլ չեն ձեռնարկել Թուրքա­հա­յաստա­նի խնդրի լուծման ուղղությամբ։ Փոխա­րե­նը ժամա­նակն աշխա­տել է թուրքե­րի օգտին, որոնք նոր սպառնա­լիքներ են ստեղծել Հայաստա­նի ու հայ ժողովրդի համար։ Խորհրդա­րանն ընդգծում էր թաթա­րա­կան ապստամբություննե­րին թուրք գործա­կալնե­րի մասնակցությունը, որի հետեւանքով ռազմա­կան գործո­ղություննե­րը ծավալվում էին արդեն Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքում։

«Աշխա­տանք», 21 օգոստո­սի, 1919թ., թիվ 59

«Այս վայրա­գություննե­րը կատարվում են այն ժամա­նակ, երբ դաշնա­կից պետությանց ներկա­յա­ցուցիչնե­րը մեզ մոտ են, իսկ նրանց տասնյակ հազա­րա­վոր զորքե­րը ընդա­մե­նը մի քանի ժամվա հեռա­վո­րության վրա… եւ դաշնա­կիցնե­րի հոգա­ցո­ղությունից գրե­թե ամբողջո­վին դուրս են մնա­ցել հայ ժողովրդի պաշտպա­նության գործը կամ նրա ինքնա­պաշտպա­նությունը կազմա­կերպե­լու խնդի­րը։ …Սրա համար Հայաստա­նի պառլա­մենտը հրա­հանգում է իր կառա­վա­րության զենքի տակ առնել զենք կրե­լու ընդունակ բոլոր քաղա­քա­ցի­նե­րին։ …Երբ հայ տղա­մարդու առաջ նորից ցցվում է թուրքա­կան յաթա­ղա­նից խողխողվե­լու անխուսա­փե­լիությունը, երբ հայ կնոջ ու աղջկա գլխին նորից կախվում է պատվազրկության սպառնա­լի­քը՝ Հայաստա­նի պառլա­մենտը այլ որո­շում ընդունել չի կարող։ Եթե հայ ժողովրդի մնա­ցորդնե­րին վիճակված է կոտորվել դաշնա­կիցնե­րի աչքի առաջ, երբ այնքան հնա­րա­վոր է նրանց համար կանգնեցնել դահճի ձեռքը, կընդունենք տղա­մարդու պես»։

Այս զգա­ցա­կան հայտա­րա­րությունից հետո խորհրդա­րա­նը առա­վել սթափ ու հանգա­մա­նա­լից քննարկում է ստեղծված դրությունը։ Ավե­տիք Սահակյա­նը կառա­վա­րության անունից տեղե­կացնում է, որ թուրքերն Էրզրումից զորք են տեղա­փո­խում Սարի­ղա­միշ, որտեղ նոր ռազմա­ճա­կատ կարող է ստեղծվել։

Իրադրությունը լարված էր նաեւ Սուրմա­լուի, Ղամարլուի եւ Դարա­լագյա­զի ուղղություննե­րում։ Սահակյա­նը նաեւ ասում էր, որ Հայաստա­նի կառա­վա­րությունը օգնություն է խնդրում երկրի բոլոր կարող ուժե­րից եւ «կարիք ունի հեղի­նա­կա­վոր գործիչնե­րի եւ պատգա­մա­վորնե­րից օգնություն ստա­նա­լու հույս ունի»։

Միա­ժա­մա­նակ Սահակյա­նը հայտնում է, որ «Մենք հետզհե­տե շրջա­պատվում ենք երկա­թե օղա­կով… Այս մոմենտին մենք կարող ենք ապա­վի­նել միայն մեր ուժե­րին, որովհե­տեւ դաշնա­կիցնե­րի ուժն օգնության կգա գուցե ապա­գա­յում»։

Ընդդի­մության ներկա­յա­ցուցիչ Արշամ Խոնդկարյա­նը նշում է, որ «կառա­վա­րությունը իրենց մասին հիշում է միայն վտանգի պահուն», այնինչ իրենց կուսակցությունը Հայաստա­նում ստեղծված աղե­տա­լի դրության մասին դեռ վաղուց էր նախազգուշացնում.

«Այսօր, թե Դաշնակցության ֆրակցիա­յի ներկա­յա­ցուցի­չը, թե փոխվարչա­պե­տը հայտնում են, որ մենք մենակ ենք մնա­ցել, որ դրսից ոչ մի օգնություն չկա։ Ես հարց եմ տալիս այդ պարոննե­րին՝ արդյո՞ք նոքա նախա­տե­սել են այս դրությունը, արդյո՞ք նրանք մեր քաղա­քա­կա­նությունը վարել են եւ մեր քաղա­քա­կան ազգա­յին իդեալնե­րը ձեւա­կերպել ու առաջ են մղել ելնե­լով միայն հայ ժողովրդի ռեալ ուժե­րից։ Ո՛չ, եւ հազար անգամ ոչ։ Ամիսներ շարունակ դաշնա­կիցնե­րի հույսով օրո­րե­լով ու ընդարմացնե­լով հայ ժողովրդի կամքը, փաթա­թե­լով նրա վզին իր ուժե­րից վեր քաղա­քա­կան իդեալներ, որպի­սի հանգա­մանքը մեծա­պես նպաստել է նրա կղզիացման, այսօր ի՞նչ իրա­վունքով այդ պարոննե­րը դիմում են հայ ժողովրդին եւ հայտնում, որ նա մենակ է, որ նա իր հույսը իր վրա պետք է դնի»:

Խորհրդա­րա­նը որո­շում է ստեղծել հատուկ հանձնա­ժո­ղով, որը մեկնե­լու էր առաջնա­գիծ, ողջուներ մարտիկնե­րին եւ քաղած տեղե­կություննե­րը ներկա­յացներ խորհրդա­րա­նին։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ