Բայց, առողջ ուժերի առաջին հատկանիշներից մեկն էլ պետք է լինի այն, որ նրանք չեն սպասում, երբ իրենց ճանապարհ կտան «անառողջ» կամ «սպառված» ուժերը: Շատ հաճախ ասելով առողջ ուժ, տարածված ընկալումներում դրա հոմանիշն է ազնիվը, նոր անունը, լավ ճառողը, անկեղծը եւ այլն:
Հակոբ Բադալյան
«Ոչ թե հանուն այլ ընդդեմ» սկզբունքը հայկական քաղաքական դաշտի հիմնասյուներից մեկն է: Որ քան էլ տհաճ է այդ խոստովանել, միևնույն է մենք ստիպված ենք լինում կրկին վերադառնալ զրոյական կետի, երբ ամեն ինչ պետք է նորից սկսել:
Ընդհանուր առմամաբ Հայաստանում դեռ 90-ականներից քարոզարշավները ունեցել են ոչ միայն սեփական կուսակցությունն ու քաղաքական դեմքերին գովելու սկզբունքը, այլև դրանից ոչ պակաս՝ սևացնելու և մրոտելու հոգեբանությունը: Նույնիսկ եղել են պահեր, երբ քարոզչությունը ոչ թե միտված է եղել սեփական արժանիքները գովելուն, այլ հակառակորդին սևը և վատը ներկայացնելուն: Այդպես իհարկե քաղաքական դաշտ ձևավորել չի ստացվի և ներքաղաքական լարված ճգնաժամն ու միմյանց վատաբանելու քաղաքական գզվրտոցի պիկը եղավ 2018-ը, երբ հեղափոխության իրականացման հաջողություններից մեկն էլ եղավ այդ պահին դեռևս ներկա, իսկ հիմա նախկին ռեժիմի վատաբանումը: Ընդ որում այդ վատաբանումը ոչ թե արհեստական հնարք էր, այլ այդ իսկ ռեժիմի կողմից «վաստակած» պարգև:
Բայց ժամանակներն անցնում են, իսկ Հայաստանում շարունակվում է մեր քաղաքական «Ին ու Յանի» կռիվը, սևի ու սպիտակի պայքարը, ստվերների մենամարտը:
Հիմա էլ ներկաները նախկիններին, իսկ նախկինները ներկաներին համարում են միանգամայն սպառված և անպետք երևույթներ: Եվ քաղաքական պայքարն էլ տարվում է դիմացինին ոչնչացնելու սկզբունքով: Դեռևս 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակությունում առաջացավ «երրորդ ուժի» անհրաժեշտության գաղափարը: Եկավ մի պահ, երբ բոլորն արդեն հոգնեցին ներկայից էլ, նախկինից էլ ու որևէ երրորդ ուժ էին փնտրում: Բայց այդ ուժը չկար, իսկ եթե կար էլ, ապա չափից ավելի թույլ էր որևէ կերպ աչքի ընկնելու համար: Այդ երրորդ ուժ ասվածը դարձել էր ռուս ցար Իվան Ահեղի որդու Դմիտրիի պատմությունը, երբ նրա անհետանալուց հետո ով ասես, որ չէր ներկայանում ռուսական արքունիք և պնդում, որ Դմիտրին ինքն է: Այդպես էլ արտահերթ ընտրությունների ժամանակ զարմանալիորեն մեր քաղաքական «Դմիտրիները» փորձեցին ապացուցել, որ իրենք են երրորդ ուժը: Իհարկե ոչինչ էլ չստացվեց: Բայց այդ ըթացքում հասարակության մեջ տեղի ունեցավ կարծրացում առ այն, որ թե՛ ներկաները, թե՛ նախկինները բանի պետք չեն ու պետք է երրորդ մեկը լինի:
Ենթադրենք, թե երրորդ մեկը հայտնվեց: Ւսկ ի՞նչ սկզբունքով է գալու նա: Առաջարկելու է սեփական ճանապարհը, թե նա շարունակելու է ընդունված ավանդույթներն ու հերթական անգամ փրկությունն առաջարկի մերժման սկզբունքով՝ սևացնելով թե՛ նախկիններին, թե՛ ներկաներին:
Մեր Ուղին
Առաջարկում ենք ծանոթանալ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գրառմանն այդ թեմայով՝
Դուրս եկեք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեզ, դուրս եկեք, թող առոջղ ուժերը գան, ասում է ԱԺ նախագահը խորհրդարանական ընդդիմությանը:
Ներքաղաքական հռետորաբանություն է, իհարկե, սա հասկանալի է, ընդդիմությունն իշխանությանն է ասում՝ սպառել եք, իշխանությունն էլ՝ նախկին իշխանություն-ընդդիմությանը:
Բայց, այս հարցը Հայաստանի համար անկյունաքարային է: Հայաստանի քաղաքական ներուժը չի կարող շոշափելիորեն ընդլայնվել, քանի դեռ այն պարփակված է նախկին եւ ներկա իշխանությունների պայքարի միջեւ: Իսկ դա, ինչպես նախօրեի գրառման մեջ էի նկատել, որքան սուբյեյտիվ, նույնքան եւ գուցե նույնիսկ ավելի օբյեկտիվ մի իրողություն է: Ու դրանից՝ որ օբյեկտիվ իրողություն է, այն դառնում է ավելի խնդրահարույց:
Բայց, առողջ ուժերի առաջին հատկանիշներից մեկն էլ պետք է լինի այն, որ նրանք չեն սպասում, երբ իրենց ճանապարհ կտան «անառողջ» կամ «սպառված» ուժերը: Շատ հաճախ ասելով առողջ ուժ, տարածված ընկալումներում դրա հոմանիշն է ազնիվը, նոր անունը, լավ ճառողը, անկեղծը եւ այլն:
Այսինքն, առավելապես զգայական եւ ոչ չափելի կատեգորիաներ: Ընդ որում, ոչ միայն պահանջարկն է դա, այլ նաեւ զգալիորեն աայդպիսին են առաջարկները: Այսինքն, եթե նախկին եւ ներկա իշխանությունները կառուցում են քաղաքական պայքարի տրամաբանությունը՝ մեկը մյուսին վատը ասելու վրա, ապա նոր հայտերի գերակշռող մասն էլ կառուցված է՝ «երկուսն էլ բանի պետք չեն, երկուսն էլ վատն են» տրամաբանության վրա:
Դա չի կարող լինել նոր, դա չի կարող լինել առողջ:
Նորն ու առողջը պահանջում են ոչ թե ավելի համոզիչ եւ գրավիչ փաթեթ (փաթեթը իհարկե միշտ էլ կարեւոր է), այլ ավելի համոզիչ քաղաքական արդյունք: Ինչի՞ տեսքով կլինի դա, սա արդեն քննարկելու հարց է, տարբերակները կարող են շատ լինել, ընդհուպ մեկնակետ կարող է լինել ասենք նոր որակի եւ բովանդակային մի «կլոր սեղանի» ձեւաչափը, բայց որը իսկապես գործնական առումով կարտահայտի որակական իր առավելությունը գոյություն ունեցող ձեւաչափերի մեծամասնության նկատմամբ, այլ ոչ միայն անվանական:
Սրա պահանջարկն է գերակշռում Հայաստանի հանրության այն ավելի քան 50 տոկոսի շրջանում, որը չի մասնակցում խորհրդարանի ընտրություններին: Այս պահանջարկի արդյունավետ բավարարման հնարավորությունն ու հեռանկարն է Հայաստանի կայուն զարգացման գրավականը:
Աղբուրը՝
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/6185772404779842