Մաս 6-րդ «Մեր Ուղինի» հարցազրույցը քաղաքական-հասարակական գործիչ Միքայել Հարապետյանի հետ
Առաջին հերթին մեզ անկեղծություն է պետք. հայաստանցին պարտավոր է խոստովանել ու հրաժարվել իր ագահությունից, իսկ սփյուռքահայը պարտավոր է խոստովանել ու հրաժարվել իր դերասանությունից:
Միքայել Հայրապետյան
Անկեղծ Երազ, Անկեղծ Ցանկություն, Անկեղծ Նվիրում
- Հայաստանում գոյություն ունեցող խնդիրներից մեկը երբեք չդադարող արտագաղթն է եղել։ Ինչո՞վ կբացատրեք այդ երևույթը։
- Ժողովուրդների գաղթերը պատմության ընթացքում երբեք չեն դադարել: Դրանք պայմանավորված են եղել բնական աղետներով և պատերազմներով, կենսական տարածքների որոնմամբ և արժեքային ճգնաժամերով: Հայերիս պարբերական գաղթերի մասին հիշատակումները սկսվում են դեռևս պատմության արշալույսից. այդ մասին բազմաթիվ գիտական հետազոտություններ կան: Հայաստանից մեծածավալ արտագաղթը երբեք չի դադարել նաև խորհրդային ժամանակներում, թեև դրան զուգահեռ եղել է նաև ներգաղթ: Անկախության առաջին տարիներին արտագաղթը հիմնականում պայմանավորված էր սոցիալական կացութաձևի արմատական փոփոխությամբ առաջ եկած գործազրկությամբ և աղքատությամբ, պատերազմական վիճակի բերած անապահովության զգացողությամբ և Մարդու արժանապատվությունը չհարգելով: Ընդ որում՝ 1990-ականներին խոշոր արտագաղթեր եղան նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից:
- 2020թ․ պատերազմից հետո ՀՀ-ում շատերի մոտ ուժեղացել է երկրից հեռանալու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատերազմում իրոք անվտանգային ծայրահեղ խնդիրներ է առաջացրել ՀՀ բնակիչների համար, թե այդ տրամադրությունները առավելապես հետպատերազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնացած ընկճվածություն է։
- Երկրից հեռանալու ձգտումն ուժեղացել է միայն սոցիալական որոշ խմբերի մեջ: Սովորական ժողովուրդը, պայմանավորված պատերազմական արհավիրքով կամ ընկճվածությամբ, ամենևին արտագաղթելու մղում չունի. նրանից հատվածներ կարտագաղթեն ճիշտ նույն չափով ու պատճառներով, ինչ մինչ այժմ է եղել՝ գործազրկություն, մարդկային արժանապատվության նսեմացում: Այլապես, հայրենահայությունը գաղթականի հոգի չունի:
- Մշտապես շեշտվել է, թե ինչ հսկայական վնասներ է հասցրել արտագաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնական խնդիրները։
- Բռնի գաղթերի և ինքնակամ արտագաղթերի միջոցով առաջացած սփյուռքը միշտ էլ դատապարտված է եղել ձուլման, անհետացման: Մի քանի սերնդի ընթացքում արտագաղթածները ուծացվել են, իսկ գաղութը շարունակել է գործել բացառապես բնօրրանից նոր եկողների հաշվին, որոնք էլ իրենց հերթին ձուլվելով՝ տեղը թողել են ավելի նորեկներին: Բնօրրանն է սփյուռքի միակ արյունատար անոթը: Վնասն էլ հենց այն է, որ մշտապես արյունահոսել է Հայաստանը՝ նվազեցնելով իր քանակը բուն Հայրենիքում: Մի պահ եղավ, որ Երկրից այնքան հայ հեռացավ Միջերկրականի ափ՝ Կիլիկիա, որ կարճ ժամանակ անց այնտեղ նույնիսկ հայկական պետություն ստեղծվեց: Նույնը կարող էր լինել աշխարհի ինչ-որ անկյունում, եթե մեր նորանկախ երկիրը զորեր ուղղորդել օրինաչափ արտագաղթը, չթողներ ինքնահոսի: Սփյուռքը, որպես այդպիսին, միասնական օրգանիզմ չէ. միանգամայն տարբեր վիճակներ ու խնդիրներ ունեն, ասենք, արգենտինահայ մարող համայնքը և բեյրութահայ տոկուն համայնքը, դրանք էլ իրենց հերթին ամենևին նույն խնդիրները չունեն մյուսների, ասենք, հարավային Ռուսաստանի կամ արևմտյան Ուկրաինայի համայնքների հետ: Այսինքն՝ միասնական ալգորիթմ չկա. այստեղ ցանցային մտածողություն է պետք, ցանցային լուծումներ են պետք, որի ուղեղային կենտրոնը կարող է լինել ամենահայահոծ տարածքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն օժտված է բարձրագույնով՝ պետականությամբ: Իրարից տարբերվող հայ գաղութները միայն մեկ խնդրով են նույնական՝ ազգային լեզվի պահպանման խնդրով:
- Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայերը լեզվամտածողությամբ արդեն իսկ տարբեր մշակութային խմբեր չեն ներկայացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգեբանություն և մտածելակերպ ունեցող մարդիկ մեկ ընդհանուր համաձայնության գալ միմյանց հետ ցանկացած հարցում։
- Դա ամենևին խնդիր չէ: Չէ՞ որ լեզվական տարբեր մշակույթներ ունեցող հարազատ եղբայրներն ու նրանց զավակները համաձայնության գալիս են մանավանդ ընդհանուր ծնողների հարցում, եթե անգամ եղբայրներից մեկն իր զավակների հետ ապրում է ԱՄՆ-ում, մյուսը՝ Ռուսաստանում, իսկ ծնողը՝ Հայաստանում: Ընդհանուր գործունեության դաշտի համար ցանկության դեպքում միշտ էլ լավագույն ու բազմապիսի լուծումներ կգտնվեն. օրինակ՝ Հայաստանում Համայնքների պալատ ստեղծելն ու դրան որոշ լիազորություններ վերապահելը լուծումներից մեկն է: Մեկ ուրիշ լուծում գտնվեց մեր պետության արշալույսին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը, ցավոք, բավականին անաչառ չգործեց: Մենք, թեև չորս աթոռների միջև կիսված, սակայն ունենք մեկ ընդհանրական եկեղեցի, որի գործունեության արդիականացումը կարող է միանգամայն անսպասելի արդյունքներ տալ: 150 տարի առաջ, երբ մեր բնօրրանը մասնատված էր երեք կայսրությունների միջև, Եկեղեցին գիտեր, թե որտեղ և ինչի կարիք կար, ու կարող էր, ասենք, պոլսեցի Աճառյանին ուղարկել ուսուցչության՝ մեկ՝ Իրան, մեկ՝ Էջմիածին, մեկ՝ Շուշի: Իսկ այս տեխնոլոգիաների դարում արդյունքներ չգրանցելը միայն մեր ինֆանտիլության ցուցիչը կարող է լինել:
- ՀՀ և Սփյուռքի հայերը շատ հարցերում փոխվստահություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնական պատճառը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։
- Փոխվստահության բացակայության կամ նվազ լինելու մեջ մեղքի մեծագույն բաժինը մերն է՝ հայաստանցիներինս: Մենք, որպես խորհրդային դաստիարակություն ստացած «գող-փախցնողներ», վատ վարվեցինք սփյուռքի մեր քույր-եղբայրների օժանդակության հետ: Բայց նաև որոշակի մեղքի բաժին ունի սփյուռքը, որը միանգամայն անհիմն պատկերացում ուներ Հայաստանի բնակչության մասին, որին համարեց ցածրակարգ ցնցոտիավոր ու կոմունիստաբար վայրի: Բայց արդեն անցել է 30 տարի. կարելի է լուծել վստահության կենսական խնդիրը: Ժամանակին լուսահոգի Սարգիս Հացպանյանն այդ մասին հրաշալի հեռուստահաղորդում ունեցավ. ես էլ տեքստը հրապարակեցի առանձին գրքույկով: Հացպանյանն, օրինակ, կոնկրետ համայնքի միջոցով կոնկրետ գործեր էր անում Հայաստանում: Այդ կոնկրետությունն առայժմ լավագույն միջոցը կարող է լինել: Հեծանիվ հայտնագործելու դժվարության առջև չենք, թեև վատ չէր լինի տեխնոլոգիաների ներկա պայմաններում այս հարցում գյուտեր անելը: Սակայն, առաջին հերթին մեզ անկեղծություն է պետք. հայաստանցին պարտավոր է խոստովանել ու հրաժարվել իր ագահությունից, իսկ սփյուռքահայը պարտավոր է խոստովանել ու հրաժարվել իր դերասանությունից: Այսինքն՝ անկեղծ լինենք – ուզո՞ւմ ենք հայ մնալ, թե՞ ոչ, ուզո՞ւմ ենք մրցունակ ազգ լինել, թե՞ խառնվելով համաշխարհային հոսքին՝ ապրել ընդամենը «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ով: Ունե՞նք ազգային ընդհանրական երազ (ոչ իռացիոնալ ու դերասանական մղձավանջ՝ «Սասունն ու Վանը հայկական հող ա»), թե՞ արդեն չունենք: Պատասխանել է պետք այս հարցերին, և ամենևին դերասանություն չանելով:
- ՀՀ-Սփյուռք հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջացող լարվածությունը ի՞նչ պատճառներով է առաջացել և ի՞նչ հետևանքներ է թողնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի վրա։
- Անշուշտ, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվներից առաջինը քաղաքակրթականն է, երկրորդը, թերևս, մեր 200-ամյա ռուսական հոգեկերտվածքին՝ խաբեությանը, դաժանությանը հարմարված լինելը: Սուբյեկտիվն էլ այն է, որ մեր առաջին իշխանությունները մի քիչ կոշտ ձևով պատասխանեցին սփյուռքի անունից հանդես եկող քաղաքական ուժին, որն անհիմն հավակնություն ուներ բոլորիս իշխանը դառնալու: Հետևանքն այսօրվա փոխանվստահությունն է, մեր ազգային հզոր պաշարի չնչին տոկոսն անգամ օգտագործելու անկարողությունն է: Մենք այստեղից պարտավոր ենք դեպի սփյուռք Հոգու արյունատար թթվածնային անոթ լինել սփյուռքի համար. չլինեն Հայաստանն ու Հայաստանում ապրող հայերը, չի՛ լինի սփյուռքը: Սփյուռքն էլ պետք է գտնի այն բանաձևը, թե ինչպես է այդ հոգևորը առարկայացնում: Առանց սփյուռքի Հայաստանը կլինի՝ գուցեև աշխարհում փոքր-ինչ նվազ ձայնով, իսկ առանց Հայաստանի՝ սփյուռքը մեկ-երկու տեղում գուցեև պահպանվի ընդամենը, ասենք, ասորական համայնքի պես՝ անառագաստ ու անհեռանկար:
- Շատերն այն կարծիքին են, որ արտագաղթն ավերում է Հայաստանը և մեզ հիմա կազմակերպված ու զանգվածային հայրենադարձություն է պետք։ ՀՀ-ն և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվածային հայրենադարձության։
- Համամիտ չեմ, թե արտագաղթն ավերում է Հայաստանը: Հայաստանն ավերել կարող է միայն մեր անբարոյականությունը, մեր կեղծավորությունը: Եվ զանգվածային հայրենադարձությունն էլ եթե երբևէ լինի, ապա կարող է լինել միայն բարոյական արժեքների խորը գիտակցության պայմաններում: Այլապես չեք կարող բացատրել, թե ինչու այսօրվա ոչ քաղցած, որոշակի հարմարավետություն ունեցող Հայաստան զլանում են գալ, հակառակը՝ հեռանում են, մինչդեռ 1918թ.-ից սկսյալ՝ կարող էր Փարիզից Հայրենիք գալ Զապել Եսայանը, Պոլսից՝ Հրաչյա Աճառյանը, Պետերբուրգից՝ Ալեքսանդր Թամանյանը, ԱՄՆ-ից՝ Վահան Թոթովենցը, Իտալիայից՝ Կոստան Զարյանը… Նրանց ոչ ոք չէր խաբել ու բերել, ինչպես 1946-ին բոլշևիկներն անում էին մեր գաղթականության հետ: Ուրեմն ա՛յլ տեղ է պետք փնտրել պատճառը: Այլ տեղի անունն է՝ Անկեղծ Երազ, Անկեղծ Ցանկություն, Անկեղծ Նվիրում: Եթե այսօր անգամ երազը, ցանկությունն ու նվիրումը կան, ապա, միևնույնն է, բացակայում է Անկեղծ-ը: Բացակայում է, քանի որ բացակայում են Անկեղծ Քաջազնունին, Անկեղծ Մյասնիկյանը, թեև բոլորն էլ փորձեցին և փորձում են կեղծավորաբար կապկել նրանց:
- Որո՞նք են հայրենադարձությանը խանգարող հիմնական պատճառները։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրենադարձություն։
- Ցանկությունները հենց այնպես չեն առաջանում: Սփյուռքում ծնված, ասենք, իմ կամ Ձեր եղբորորդին ուզենա իսկ՝ չի կարող այնպես խորից ցանկանալ Դադի վանքը կամ հայկական ծիրանը, ինչպես Երկրում ծնված եղբայրը, որը, ինչպես Չարենցը կասեր, երկնային մի առնչության պատմություն է ունեցել դրանց հետ: Պատահական չէ, որ Սփյուռքում սկիզբ առավ գրականության մի տեսակ, որ կոչվեց «Կարոտի գրականություն»: Բայց Կարոտի գրականությունն այդպես էլ մարեց՝ այդ առնչությունն ունեցածների սերնդի հետ: Հաջորդ սերունդը լավագույն դեպքում կարող էր տալ ԱՍԱԼԱ-ի տղաներ, Արցախյան պատերազմի 14 սփյուռքահայ զինվոր ու հրամանատար: Այնպես որ, առաջնային խնդիրը ոչ թե ցանկությունն է, այլ ցանկություն առաջացնողը, ինչը վատագույնս են անում թե՛ մեր պետությունը, թե՛ սփյուռքյան մեր կուսակցությունները: Ձեր հարցադրումը խորքային մեկ այլ երես էլ ունի – հայրենադարձությունը թվային ու ցանցային նոր ժամանակներում միանգամայն այլ կերպ պետք է սահմանել, մինչդեռ մենք դեռ չենք գիտակցել նորովի սահմանելու հրամայականը:
- ՀՀ-ից արտագաղթող և ՀՀ վերադարձող հայերը սովորաբար ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավելի բարդ նոր միջավայրին հարմարվելը։
- Երեխայի՝ նոր կյանքի ծնունդն իսկ դժվարությունների ու ցավի է բախվում: Եթե ուզում ենք չբախվել ցավի, ապրել բամբակի մեջ, ապա շատ արագ դառնանք ամերիկացի, ֆրանսիացի, ռուս… Թուրքից պահանջում ենք, որ առերեսվի իր պատմությանը՝ ցավեցնելով ինքն իրեն, իսկ մենք չե՞նք ուզում առերեսվել իր խնայողությունները Հայաստան ուղարկած սփյուռքահայի տխուր հայացքին, որը տեսնում է, թե ինչպես են ամերիկյան հեռուստատեսությամբ ցույց տալիս Հայաստանի ինչ-որ գյուղից ելած պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի հարյուր միլիոններ արժեցող առանձնատունը, կամ որը տեսնում է, թե ինչպես սովալլուկ բազմանդամ ընտանիքների առկայությամբ տասնյակ հազարավոր դոլարանոց մեքենաներ ունեն հաստափոր ու կրկնակզակ պաշտոնյաները, գեներալները, սրիկաները: Եթե սփյուռքահայ իմ քույրերն ու եղբայրները չեն ուզում առնչվել այդ ցավին, այդ խնդրին, այդ կեղծիքին ու սովետաբար փչացածներին ուղղված չվստահող հայացքը տարածում են նաև Մեղրիից մինչև Նոյեմբերյան ապրող ողջ ժողովրդիս վրա, որի զավակներից շատերը սոված են քնում, որի զինվորը սահմանին բաց երկնքի տակ ու հողին է քնում, որի զինվորը խորովվում է զորանոցի անվան տակ հատկացված հյուղակում, ուրեմն մի տիեզերական անարդարություն կա թե՛ սփյուռքահայի այդ հայացքի մեջ, թե՛ որդուն կորցրած հայաստանցու տրտունջի մեջ, որ չի հասկանում սփյուռքահայի ցավն ու տարակուսանքը: Մենք զլանում ենք միմյանց ցավը հասկանալ. նույնիսկ կեղծ է դառնում միայն մեզ հատուկ ամենահոգևոր խոսքը՝ Ցավդ տանեմ: Ոչինչ չի՛ փոխվելու, եթե հեռուստաէկրաններից հայերեն բառերով շարունակի հնչել թուրքական երգը, մի՞թե թուրքի երգը պահելու համար մեր ծաղիկ սերունդը դրվեց հողը: Ոչինչ չի՛ փոխվելու, եթե էկրանից ճշմարտության անունից շարունակեն բարբաջել անառակ որդու վերադարձի համար զոհաբերված եզան պարարտությամբ որովայնամիտ ծախուները: Չկա՛ առանձին վերցրած միջավայր – միջավայրը մե՛նք ենք ստեղծում. խնդիրը բարոյական միջավայր ստեղծելն է: Եթե ստեղծենք բարոյական միջավայր, ապա մերօրյա Աճառյաններն ու Թամանյանները միմյանց հերթ չեն տա Երկիր վերադառնալու: Մինչդեռ այսօր Հայրենիքը դեռևս շարունակում ենք դարձնել «պերճ արոտավայր ցոփ հարուստների», ինչպես Իսահակյանը կասեր:
- Եթե զանգվածային հայրենադարձություն տեղի ունենա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվազելու է ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ ֆինանսական և նյութական առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առաջացնի, քանի որ հայկական Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրներում ապրող հայերի խումբ է, այլև քաղաքական, ֆինանսական, նյութական հզոր խաղաթուղթ։
- Տեսանելի ապագայում նման բան լինել չի կարող, ուստի անիմաստ համարում այդ մասին խոսք ասելը:
- Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցած համահայկական խորհրդաժողովը։
- Վատ, շատ վատ եմ գնահատում: Այս աստիճանի երբեք չէր հասել բևեռացումը, երբ իշխանությունն իր բացառիկ իրավունքը համարեց տեսակավորել համայն հայությանը, թեև ուժեղը, հայրը լինելով՝ ի՛նքը պետք է ըմբռնողը, զիջողը, հաշտեցնողը, առաջին նախընթաց քայլն անողը լիներ: Զզվելի է այդ գավառական զոռբայությունը: Մյուս կողմից՝ նույնքան զզվելի է նեղացածների բանակի հարձակողականը պետության դեմ – այնքան խորը չեն, որ օրվա իշխանությունը՝ անցողիկը, չշփոթեն պետության՝ անանց արժեքի հետ: Մենք այս պահին կազմաքանդվող օրգանիզմ ենք, ցավոք, իսկ Վաղվա տերն Աստված:
- Հայաստան-Սփյուռք հարաբերությունները շատերի համար ամփոփվում են Հայաստան Համահայկական Հիմնադրամին ամեն տարի կատարվող նվիրատվությունների սահմաններում։ Արդյո՞ք միայն ֆինանսական աջակցությունը բավական է, թե՞ իրականում դա էլ իր տեսակի խնդիր է։
- Անշուշտ, ֆինանսականը խնդիր է, բայց մենք մեր ազգային էությունից արդեն իսկ հեռանում ենք, եթե չենք ընդունում, որ նյութից առաջ քայլում են գաղափարն ու Հոգին: Ասված է՝ «Որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինեն ձեր սրտերը»: Երբ մեր մտքերում մեր մեծագույն գանձը դառնա մեր Երկիրը, այդ ժամանակ նյութի խնդիրը կլուծվի ինքնաբերաբար: Այլապես, ուզում եք՝ հարյուր հատ համահայկական հիմնադրամ ստեղծեք, ոչինչ շոշափելի չի ստացվելու: Վատ, շատ վատ, անհոգի պետականավարումը ոչ միայն սփյուռքին է օտարել Հայրենիքից, այլև Հայաստանի քաղաքացուն, որն իր երկրում մի տեսակ ներքին էմիգրանտ է դարձել:
- Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ-ը և Սփյուռքը միմյանց համար։
- Պիտի որպես սեփական ընդունեն միմյանց ցավը, հոգսը, այսինքն՝ անկեղծ լինեն:
- Արդյո՞ք ՀՀ-ն և Սփյուռքը համահայկական մասշտաբով ունեն մեկ ընդհանուր գաղափարախոսություն և նպատակ։
- Լավ չեմ հասկանում ծամոն դարձված «գաղափարախոսություն» ասվածն այս պարագայում: Խնդիրը շատ պարզ է՝ ուզու՞մ ենք որպես հա՛յ մարդ ապրել, թե՛ կարևորը միայն ապրելն է: Ահա Ձեզ և գաղափարախոսություն – եթե ուզում ես որպես հայ մարդ ապրել, ապա արա այն, ինչն ինքդ կհամարես, որ ամրացնում է ու հաստատուն է դարձնում հայ մարդ մնալդ: Խոսիր հայերեն, կրթվիր հայերեն, օգնիր չքավոր հայրենակցիդ, պաշտպանիր երկիրդ, երբ դրա անհրաժեշտությունը կլինի: Ու վերջ: Սրանից դուրս «մեկ ընդհանուր» կամ «ազգային» գաղափարախոսություն ասվածը համարում եմ խնդիրը լղոզելու աչքակապություն, խնդիրն այլ տեղ տանելու մանիպուլյացիա: Հրանտ Մաթևոսյանը լավ է ասում. «Ի՜նչ եք կպել գիտահետազոտական-միտահետազոտական, տղերքը սոված էին՝ մորթեցինք կերանք»: Ես պետք է հայերեն ստորագրեմ ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր եմ կամ հարգում եմ Մեսրոպ Մաշտոցի հիշատակը, այլ որովհետև ուզում եմ տեսակս չփոխել՝ լինել բնական: Ես պետք է բանակում ծառայեմ ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր եմ կամ Գարեգին Նժդեհն ինձ ամոթանք կտար, այլ որովհետև ուզում եմ բնական լինել, իսկ բնության մեջ յուրաքանչյուր առողջ արարած օժտված է հիմնական՝ ինքնապահպանման բնազդով: Ես ուզում եմ առողջ ապրել՝ տեսակս չփոխել. և վերջ: Հոգևորի փոխելն ավելի վատ է, քան նույնիսկ սեռափոխությունը: Մնացածը քրդի լոլո է:
- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների Ձեր իդեալական մոդելը։
- Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իդեալական մոդելը, ըստ իս, այն է, որն ունեն հրեաները: Մենք սովորել գիտե՞նք, թե՞ Խորենացու ասած աշակերտն ենք՝ «Սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ՝ փութաջան»:
Միքայել Հայրապետյան՝ Քաղաքական/Հասարակական Գործիչ