Ղարաբաղյան շարժումը և նրա արդյունքում կերտած հաղթանակը հայ ժողովրդի արժանապատվության, սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու արտահայտություններն էին:
Դավիթ Կարապետյան
Արցախը՝ կռվախնձոր…
Արցա՛խ, տոնդ շնորհավոր…
Տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում Արցախում և Արցախի շուրջ:
Այն, որ Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղմթերք է վաճառվել, կարծում եմ շատերիս չի զարմացնում:
Չի զարմացնի, եթե ադրբեջանական վառելանյութ էլ Արցախում հայտնվի:
Իհարկե, դա խոսում է որոշակի ներքին պայմանավորվածություններից, որը կատեգորիկ անընդունելի է:
Բայց տարակուսելին այն է, որ պարզվում է այդ ամենը Արցախում հայտնվում է Հայաստանի Հանրապետությունից…
Եթե դիտարկենք այն, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի արցախահայությանն ինտեգրի իրեն, չի բացառվում, որ դեռ ականատես կդառնանք մի շարք նման դեպքերի:
Չնայած, փաստը մնում է փաստ՝ Ադրբեջանը առաջնահերթ նպատակ է դրել հայաթափել Արցախը:
Եթե դա չստացվի (իսկ դա չի՛ ստացվի) ապա նոր կգործադրվի «պլան բ-ն»՝ զոռով ու զոռբայությամբ կամ սիրաշահելով արցախահայերին ինտեգրելն է, որի համար առաջարկելու է մի շարք «հաճելի ու գրավիչ» տարբերակներ:
Ադրբեջանի այսօրվա պահանջը Ռուբեն Վարդանյանի հեռացումն է:
Այս մասին ամեն քայլափոխին խոսում էր արտգործնախարար Բայրամովը:
Ալիևը Մյունխենում ևս բացահայտ խոսեց այդ մասին, ասելով՝ «Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը լքի Ղարաբաղը»։
Թե ինչու՞ Ալիևին «հունից հանում» է Վարդանյանի ներկայությունն Արցախում, առաջին հայացքից դժվար չէ կռահել, բայց որ այդ մասին առաջին դեմքը խոսում է անձամբ, այն էլ առաջին պատեհ առիթով, այն էլ նման լուրջ միջոցառման ժամանակ՝ խոսում է այն մասին, որ կամ Վարդանյանն այսօր Արցախում կայացած ու ընկալելի քաղգործիչ է, որ նա այն քաղաքական ֆիգուրն է, որից վերջինս կաշկանդված է, վտանգ է տեսնում, կամա թե ակամա հաշվի է նստում նրա ներկայության հետ, ռեալ դիմադրություն կա նրա կողմից, անդրդվելի է ու չենթարկվող, ի հեճուկս նրա համատարած հարգանք է վայելում արցախահայերի շրջանում, ժողովուրդը վստահում ու հավատում է նրան, կամ որ, վերջինս իր ներկայությամբ ու միջամտությամբ «խաթարել է» որոշ ներքին պայմանավորվածություններ գործող իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ, որոնց մասին Ալիևը վերջերս կարծես թե բայրացակամ էր տրամադրված ու չէր վատաբանում, ավելին՝ ասում էր, որ մինչ Վարդանյանի պաշտոնի նշանակվելը նրանց հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, հետևաբար՝ կա «դրական» առաջխաղացում, կամ որ, Վարդանյանը Արցախում «Ռուսաստանի աչք ու բերանն է, դաբրոն ու դեմքն է, լիակատար կամակատարն է» և որ նրանով է պայմանավորված Արցախի «ռուսաֆիկացումը», որը նրա համար խիստ անցանկալի է: Կամ այս ամենն է՝ մեկտեղված:
Համենայն դեպս, չեմ կարծում, որ Վարդանյանի՝ «ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված» լինելն է պատճառը, որ Ալիևը չի պատրաստվում նման մարդու հետ քննարկել որևէ հարց, առավել ևս Արցախի հետ կապված հիմնախնդիրները:
Երբ Վարդանյան չկար, Ալիևը՝ Արցախի օրինական, ժողովրդից ստացած մանդատով օժտված պետական գործիչների հետ էլ չէր խոսում, չէր էլ պատրաստվում խոսել….
Իսկ այ թե ինչու՞ հենց հիմա որոշվեց փոխել Արցախի սահմանադրությունը՝ հարց հարցոցն է…
Թե հիմա այս Սահմանադրությունն ու՞մ սրտով չէ, ու՞մ համար է «կարված», ու՞մ «հագով» չէ, կամ թե «ո՞վ է հագնելու ու սազելու»՝ կարելի է ենթադրել…
Համենայն դեպս, տեսել ենք, թե ինչի հանգեցրեց Սահմանադրության, մասնավորապես՝ կառավարման մոդելի փոփոխությունը Հայաստանում…
Հերթը Արցախինն է…
Օրինակ «մարդամեկը» վստահեցնում է, որ Արցախի ինքնիշխանության պահպանման միակ հնարավորությունը Սահմանադրության փոփոխությունն է, ըստ այդմ՝ սահմանադրական ինստիտուտների տարանջատումը:
Այսպիսով՝ Արայիկ Հարությունյանը մայր օրենքը փոխելու նախագիծն արդեն ուղարկել է Ազգային ժողով՝ քննարկման։
Իսկ թե ինչպես ենք մենք այսքան «անհեռատես» եղել և թե ինչու այսքան ժամանակ չենք փոխել այսքան «վատ» Սահմանադրությունը՝ անպատասխան է…
Ինչևէ, փաստն այն է, որ որոշների նպատակահարմարության ու որոշակի քմահաճույքների համար արդեն երկրորդ անգամ «բռնաբարվում» է Սահմանադրությունը:
Սրա հետ համատեղ, զիջումների գնալու, Բերձորի միջանցքը վերաբացելու համատեքստում էլ քննարկվում է Ռուբեն Վարդանյանի հրաժարական տալու-չտալու հարցը…
Իսկ վերջինս իր պաշտոնավարման 100-րդ օրը շեշտում է, որ «սա երկար ճանապարհի միայն սկիզբն է»…
Այս և այլ հարցերի, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անելիքների մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով…
Տեսնենք, արդյո՞ք հուզող հարցերին տրվելու են պատասխաններ, թե ընդհակառակը՝ դրանք ավելի են շատանալու:
Իսկ մինչ այդ, այս խորհրդանշական օրը, ի սրտե շնորհավորում եմ հայ ազգին:
Այսօր Համազգային շարժման 35-րդ տարեդարձն է։
Այսօր Արցախի վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման օրն է, այսօր Ղարաբաղյան շարժման 35-ամյակն է:
Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել միասնաբար, պայքարի միջոցով:
Ուս ուսի տված պայքարեցինք և այն տվեց իր պտուղները:
Ղարաբաղյան շարժումը և նրա արդյունքում կերտած հաղթանակը հայ ժողովրդի արժանապատվության, սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու արտահայտություններն էին:
Փառք և պատիվ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին,
խոնարհումս հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների վառ հիշատակին:
Կեցցե՛ Արցախը, որը կրկին վերածնվելու է…
Կեցցե՛ այն Արցախը, որը վաղն է գալու:
Պայքարը կրկին շարունակվում է…
Փառավոր հաղթանակների շքերթն առջևում է…
Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։