Հայաստան

Հայ Ինքնության Վերաիմաստավորումը

Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ որ ապագայ հայ կեանքի ամենամեծ ու ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա:

Էլինա Միրզոյան

Ազգային ինքնության տեսական քննության փորձը «Ակօս» երկլեզու շաբաթաթերթում Հրանտ Դինքի խմբագրապետության տարիներին (1996-2007 ԹԹ.)

Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

«Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ` ինքնության խնդրի»:

Հրանտ Դինք 

Արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիայում թե՛ հասարակական և թե՛ քաղաքական ասպարեզներում առաջնային խնդիրներից է դարձել ինքնության հարցը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում գործադրված պետական ձուլման քաղաքականության հետևանքով այսօր այնտեղ գոյություն ունի մեծ մասամբ խառնածին մի հասարակություն, որի տարբեր շերտերում ինքնության խնդիրը դրսևորվում է տարբեր մոտեցումներով և ծայրահեղ ուժգնությամբ: Այս առումով ուշագրավ է Հրանտ Դինքի` Թուրքիայում ինքնության խնդրի ծավալման և հավանական հանգուցալուծման վերաբերյալ արտահայտած հետևյալ կարծիքը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով, այլ ինքնության խնդրի»[1]։ Ինքնության խնդիրը վերաբերում է նաև Թուրքիայի հայությանը, որի հանդեպ ձուլման քաղաքականությունը առավել դաժանորեն է դրսևորվել:

Իսկ ե՞րբ է բարձրանում ինքնության հարցը: Այս առնչությամբ տեղին է հղել ֆրանսահայ գրող և քննադատ Գրիգոր Պլտյանին. «Ինքնութիւնը հարցաքննել, զայն արդէն կորսնցնել է, սակայն զայն հարցադրել կը նշանակէ տակաւին կառչիլ անոր, թէ ոչ արդէն շատոնց կը դադրինք հարցադրելէ: Այլ խօսքով՝ ինքնութեան մասին խօսքը կու գայ կորուստէ մը, առանց որ այդ կորուստը կորսուած ըլլայ բոլորովին»[2]:

Յուրաքանչյուր հայկական համայնք ենթակա է տեղական հայակուլ պայմաններին, ինչի դեպքում վտանգվում է ազգային ինքնությունը, իսկ ինքնության գաղափարը այս պարագայում ստանում է ծայրահեղ կարևոր նշանակություն. հատկապես Թուրքիայում հայ ազգային ինքնության բնատիպը կորցնելու վտանգը մշտապես եղել է շատ մեծ: Ուստի տարբեր լծակների և հարթակների բացակայության պարագայում պոլսահայ մամուլին վերապահվում է բացառիկ դեր՝ զորավիգ լինելու հայկական ինքնության պահպանմանը կամ վերագտնումին. այն դառնում է հասարակական կյանքի կազմակերպման այն ասպարեզը, ուր կենտրոնանում են հայ մտավոր-հասարակական ուժերը:

Բարդ ու հակասական որոնումների պայմաններում «Ակօս» շաբաթաթերթը նորովի է գնահատում ինքնության հետ կապված խրթին և բազմաոլորտ հարցը: Հայ ինքնության գիտակցման և որակների պահպանման գործում պարբերաթերթն առաջին իսկ համարից նպատակային ու հետևողական ուղեգիծ է որդեգրում և իբրև չափանիշ ընտրում է ազգային ինքնության վերագտնումի և վերարժևորման, ինքնաճանաչման ու ինքնապաշտպանության սկզբունքները, որոնք, կարելի է ասել, հիմք են դնում մի շարժման, որի սահմանները այնուհետև խորացնում են և ընդարձակում:

Այդ առումով «Ակօս»-ի առաջին «հռչակագիրը» թեև ընդհանրացնող կողմեր ուներ, սակայն պարունակում էր այն հիմնական սկզբունքները, որոնց վրա խոյանալու էր նրա հետագա գործունեությունը. «Լոյս կը տեսնենք, որպէսզի մենք մեզ անսխալ ծանօթացնենք… Ըսել կ’ուզենք, որ մենք ձեզմէ տարբերութիւն չունինք, մենք ալ ձեզ նման մարդիկ ենք, կ’ապրինք ձեր պայքարին մէջ, ձեր ցաւերն ու հարցերն են, կը խնդանք՝ երբ դուք կը խնդաք, կը յուզուիք, ձեզմէ տարբեր չենք: Միակ տարբերութիւնը որ կայ, մեր եկեղեցին է ու մեր լեզուն: Այդ պատճառաւ ալ, մեզ իրարմէ տարբեր ցոյց տուողներուն ծուղակը մի՛ իյնաք: Այս թերթը յարձակելու համար, կամ ալ կարգ մը իրաւունքներ պահանջելու համար չէ որ լոյս կը տեսնէ: Այս լրագիրը պարզապէս իր ինքնութիւնը, ինքզինք պաշտպանելու համար է որ լոյս կը տեսնէ»[3]:

Հայ ազգային ինքնության բարդ խնդիրների նկատմամբ շաբաթաթերթը նախընտրում է հեղափոխական մոտեցում, որի մասին Հ. Դինքը գրում է. «Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախադասութիններու»[4]: Այդ փնտրտուքի մեջ կարևոր տեղ էր հատկացվելու պատմական փաստերի անկողմնակալ և խորքային ներկայացմանը, որը Թուրքիայի պարագայում ձեռք էր բերում անասելի նշանակություն, քանի որ պետության կողմից իրականացվող ազգային քաղաքականությունն արդարացնելու նպատակով թուրքական պատմագրությունը տասնամյակներ շարունակ իր հասարակությանն է ներկայացրել կեղծ, պատմական անցյալը խեղաթյուրող տեղեկություններ: Ընտրելով պատմության «հիշողությունն» արթնացնելու ուղին՝ Հ. Դինքը «Մենք մոռնալու կարիքը ունինք» կարգախոսով առաջնորդվողներին լուրջ չէր ընդունում, քանի որ հակված էր գիտակցելու, որ ճշմարիտ ուղին ոչ թե մոռանալն է, այլ հիշելը: Այս մասին նա գրում է. «Պէտք է որ բոլորս ջանանք խնդիրներուն խորքին թափանցել, ճշմարտութիւններուն հասնիլ»[5]: Իսկ Թուրքիայում, անժխտելի է, որ 1923 թ. հանրապետության հռչակումից ի վեր արգելվել է պատմական հիշողության, այն է՝ անցյալի իրադարձություններին առնչվող ստույգ, իրականությանը համապատասխանող տեղեկությունների փոխանցումը: Այդ տաբուի կոտրումը թեև բարդ էր, բայց՝ հույժ կարևոր:

Հայ ազգային ինքնության հետ կապված` «Ակօս»-ի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու ուղղության: Առաջինը, որը կապված է ազգային արժեքները, մշակույթը յուրացնելու հետ, ուղղորդում է և կոչ անում ճանաչելու սեփական ազգային-մշակութային արժեքները: Այն խնդիր է դնում հրատարակելու հայ նշանավոր գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև ազգագրական նյութեր` արժևորելով դրանք որպես հայեցի դաստիարակության ուղիներ: Այդ ուղղությամբ «Ակօս»-ն անդրադառնում է հայ մշակույթի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են` Կոմիտասը, Խրիմյան Հայրիկը, Պարույր Սևակը, Պետրոս Դուրյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը, Եղիշե Չարենցը և այլք: Նմանատիպ նյութերի ընտրությունը պատահական չէ, քանի որ շաբաթաթերթը, ընթերցողին ծանոթացնելով մշակութային արժեքների, մշակույթի նշանավոր դեմքերի հետ, դառնում է ազգային ինքնության որակների, արժեքների արտահայտիչը:

Հայ ազգային ինքնության առումով «Ակօս»-ի երկրորդ և կարևոր ուղղությունը կապված է տարբեր դարերում և հատկապես 1915 թ. Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայերի[6] և նրանց սերունդների արմատների փնտրտուքի գործընթացի հետ:

Սկսած առաջին իսկ համարներից՝ Հ. Դինքը «Հայ ինքնության շուրջ» ընդհանուր խորագրի ներքո տպագրում է հոդվածաշար, որով լայն քննության նյութ է դարձնում իսլամացված հայերի իրական ծագման և ինքնության խնդիրը: Նրան հաջողվում է դիտարկել ազգային ինքնության խնդիրը նոր մտածելակերպով և ձևերով, անել էթնոհոգեբանական, փիլիսոփայական և պատմական լայն ընդհանրացումներ: Նա մի ամբողջ ծրագիր է ներկայացնում սեփական ազգային ինքնության հետ առերեսվելու, ծանոթանալու, ազգայինը յուրացնելու ուղղությամբ:

«Ակօս»-ը բազմաթիվ առիթներով անդրադառնում է իսլամացված հայերի առանձին ուշագրավ պատմություններին, որոնք երբևէ լուսաբանված չեն եղել մինչ պարբերաթերթում տպագրվելը, և այդ գործում հատկապես մեծ է Հ. Դինքի գործոնը: Նա շաբաթաթերթում բազմաթիվ հոդվածներ է տրամադրում իսլամացված հայերի ամենատարբեր խնդիրներին՝ այդ հարցում որդեգրելով հետևողական դիրքորոշում: Իսլամացված հայության թեմայով Դինքի հեղինակած հոդվածները, փաստորեն, դառնում են «Ակօս»-ի կարևոր ուղղություններից մեկը: Դինքն այնքան է տարվում այդ թեմայով, որ հանդիպումներից մեկի ժամանակ անգամ նշում է. «Երանի գիտնական լինեի և միայն այս թեմայով զբաղվեի»[7]:

Շաբաթաթերթը լայն կապեր է հաստատում հայ ազգային ինքնությունը վերագտնելու ցանկություն ունեցողների հետ` դառնալով նման մարդկանց իրական ինքնության ճանաչման ամենագործուն և կենսական միջոցը: Անդրադառնալով իսլամացված հայության խնդրին` Դինքն այն ավելի լայն համապատկերում է ներկայացնում՝ փորձելով դա դիտարկել ընդհանրապես Թուրքիայում տեղի ունեցող «ինքնության ճգնաժամի» համատեքստում. «Այսօր Թուրքիայում շատերն են դեգերում իրենց ինքնության լաբիրինթոսում՝ ապրելով «ինքնության ճգնաժամ»»[8]: «Թուրքիոյ մէջ այսօր հազարաւորներ կան որ քաջութիւն ունին հրապարակաւ արտահայտուելու, գիրքեր ու յօդուածներ գրելու, թէ իրենց պապերը հայ էին: Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ որ ապագայ հայ կեանքի ամենամեծ ու ամենայուսալի աշխատանքներէն մէկը կրնայ դառնալ անիկա: Եթէ Թուրքիան Եվրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն ևս շատանայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւը: Ինծի համար շատ կարևոր հարց է այս հարցով աշխատիլ և գտնիլ այդ կորսուածները, ողջնցնել այդ մեռածները: Շատ կարևոր է գտնել այդպիսի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը»[9]: Այս մասին «Պատմութեան եւ Այսօրուան Հայելիէն Հէմշինի Հայերը» գրքի հեղինակ Ալիե Ալթը գրում է. «Երբ մարդոց լռութիւնները կամաց-կամաց կը սկսին տեղի տալ, երբ մարդիկ իրենց պապերը կը փնտռեն ու մեծմայրերու ինքնութիւնը կը հրապարակեն, իրենց Մահմետական չըլլալը բարձրաձայն կ’աղաղակեն եւ իրենց արմատներուն հասնելու հետամուտ մարդոց թիւը երբ օրըստօրէ կ’աւելանայ, իրենց կեանքը ստուերներու պէս շարունակել ջանացողներուն պատմութիւններն ալ հետզհետէ յաջորդաբար կը սկսին լոյս աշխարհ գալ»[10]:

Այսպիսով՝ Հրանտ Դինքը «Ակօս»-ում սկիզբ է դնում իսլամացված հայերին իրենց արմատներին վերադարձնելու հարցը Թուրքիայի քաղաքական և հասարակական օրակարգ մտցնելու գործընթացին, որը լիովին նոր երևույթ էր և մինչ այդ դուրս էր մնացել այլ պարբերականների ուշադրությունից: Սա իրականում բավական համարձակ քայլ էր Թուրքիայում, քանի որ այդ երկրում տաբու թեմաների թվում առանձնահատուկ տեղ ունի ինքնության հարցը: Շաբաթաթերթի էջերում տպագրվող՝ «թաքնված» հայի իրական ինքնությունը ներկայացնող նյութերը թուրք հասարակության մեջ սկսեցին ավելի խորացնել կասկածները սեփական ինքնության վերաբերյալ:

«Ակօս»-ում հրատարակված նմանատիպ պատմություններից մի քանիսը լայն տարածում գտան՝ դառնալով հանրային քննարկման առարկա, իսկ երբեմն՝ նույնիսկ գիրք-հուշագրությունների հիմք: Այդ պատմություններից ամենահայտնին կապված է իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինի և նրա հայուհի տատի հետ. «Ակօս»-ի 2000 թ. փետրվարի 11-ի համարում տեղ էր գտել հետևյալ մահազդը. «Նրա անունը Հերանուշ էր: Հերաբեթ Կատարյանի թոռնուհին էր, Իսկուհի և Օվաննես Կատարյանների միակ աղջիկը: Բալուի Հաբաբ գյուղում մինչև չորրորդ դասարան երջանիկ մի մանկություն է ապրել: Միանգամից վրա են հասել տառապանքներով լի ժամանակներ, որոնց մասին նա ասում էր` «այդ օրերը թող գնան, այլևս ետ չգան»: Հերանուշն իր ամբողջ ընտանիքը կորցրեց, նրանց հետ այլևս չկարողացավ հանդիպել: Նոր ընտանիք, նոր անուն ունեցավ, կյանքի ընթացքում այդ բոլորից ընդհանրապես չբողոքեց, սակայն իր անունը, գյուղը, մորը, հորը, պապին և մտերիմներին երբևիցե չմոռացավ: Մի օր նրանց հանդիպելու, նրանց հետ ողջագուրվելու հույսով 95 տարի ապրեց: Գուցե այս հույսով այդքան երկար ապրեց, գիտակցությունը մինչև վերջին օրերը չկորցրեց: Հերանուշ տատիկս անցյալ շաբաթ վախճանվեց և նրան դեպի հավիտենականություն ճանապարհեցինք: Նրա հարազատներին (մեր հարազատներին), ում իր կենդանության օրոք չենք կարողացել գտնել, հույս ունենք այս հայտարարության միջոցով գտնել, վշտերը կիսել և ասում ենք. «Այդ օրերը թող գնան, այլևս չկրկնվեն»[11]: Ֆ. Չեթինի տատը` Հերանուշ Կատարյանը, այն իսլամացված հայերից էր, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ապաստան էին գտել մուսուլմանական ընտանիքներում և ժամանակի ընթացքում իսլամացվել էին: Վերջիններս փոխել են իրենց անունները, կրոնը և այդպես շարունակել իրենց գոյությունը[12]: «Ակօս»-ի միջոցով Ֆ. Չեթինը ամիսներ անց կարողացավ գտնել իր տատի ամերիկաբնակ հարազատներին, ամբողջացնել Կատարյան ընտանիքի եղեռնյան պատմությունը և այն թղթին հանձնել: Արդյունքում 2004 թ. Ստամբուլում հրատարակվեց «Մեծ մայրս» վերնագրով հուշագրությունը,[13] որը նախ Թուրքիայում դարձավ ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերից մեկը, ապա թարգմանվեց տարբեր լեզուներով[14]: Առանց չափազանցության կարելի է ասել, որ «Մեծ մայրս» գիրքը շրջադարձային նշանակություն ունեցավ Թուրքիայում էթնիկ ինքնության քննարկումների ասպարեզում՝ շատերին դրդելով բարձրաձայնել իրենց իրական հայկական ինքնության մասին կամ փնտրտուքներ սկսել:

Հետզհետե Դինքը և նրա միջոցով նաև «Ակօս»-ը սկսում են ընդլայնել հայկական ինքնության տեսական քննարկման ոլորտը, անդրադառնալ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին և առավել կոնկրետ քրիստոնյա հայ համայնքի՝ այդ ոլորտում եղած խնդիրներին: Այս հարցում իրավացիորոն առաջնային կարևորության քննարկման և քննադատության նյութ է դառնում թուրքական պետական քաղաքականության առաջացրած վախի մթնոլորտը: Սակայն պարբերաթերթը առաջնորդվում է այն ճշմարտությամբ, որ, թեև վախը «փոքրամասնութեան մը ամենահզօր ու բնական զէնքն ու իրաւունքն» է, սակայն պէտք չէ «իրենք զիրենք փոքրամասնութիւն ըլլալով տեսնել՝ այդ զէնքին դիմել»[15] և վարել երկչոտ քաղաքականություն: Այս մոտեցմամբ «Ակօս»-ը չի խուսափում ակնհայտ քննադատական վերլուծություններից՝ անտեսելով նույնիսկ «պետութեան զայրոյթը»: «Իրաւ որ, մեր ինքնութեան պահպանութեան ժամանակ, եթէ ըլլան զայրացողներ, այդ իրենց հարցն է: Մենք ինքնապաշտպանութեան եւ իրականութիւնները ցոլացնելու ջանք կը թափենք,– գրում է Հ. Դինքը,– ես ալ կը զայրանամ, երբ ամէն անգամ հեռատեսիլը բանալով «Հայու լակոտ» եւ նման խօսքերու կամ ՓՔՔ-ի հետ մեր յարաբերութիւններու մասին լուրեր կը լսեմ: Եթե զայրոյթը այնքան կարեւոր հարց է, եկէք եւ այս հարցերը, ցաւերը միատեղ ապրինք, ու քիչ մըն ալ դուք զայրացէք»[16]:

Թուրքիայի Հանրապետությունում փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների սերմանած թշնամանքը չէր կարող անհետևանք մնալ: Թուրք ժողովրդի գիտակցության մեջ փոքրամասնությունները ընկալվեցին որպես «իրավազուրկ օտարներ»: Հ. Դինքը, սակայն, փորձում է «փոքրամասնություն» եզրույթին տալ փոքր-ինչ խորհրդանշական բնույթ՝ այն չընդգրկելով էթնիկ-կրոնական շրջանակների մեջ, և նրա համոզմամբ` Թուրքիայում «խորքին մեջ բոլորն էլ փոքրամասնություն են»: Այս մասին նա գրում է. «Ճիշդ է. բոլորս փոքրամասնութիւն ենք: Օրինակ՝ փոքրամասնութիւններուն համար իրաւունքի հարց մը խնդրոյ առարկայ կ’ըլլայ. «Յակոբին կայ, Միշոյին կայ, մեզի չկայ» ըսելով աղաղակ կը բարձրացնեն Իսլամական թերթերը: Հոն կը շշմիմ: Այս երկրին մէջ իմ կողմէ մեծամասնութիւն նկատուած հատուածն ալ խորքին մէջ ինծի պէս հարցեր ունի: Այսինքն՝ մեզմէ միայն մէկուն հարցին լուծում գտնելը՝ համատեղ ապրումի բարոյականի տեսակէտով ճիշդ ձեւ մը չէ եւ ո՛չ մէկուն օգուտ կը պատճառէ: Ասիկա ալ միակ բառով մը կը բացատրուի. –  Ժողովրդավարութիւն»[17]:

Հայերի շրջանում տարածված վախի մթնոլորտի և դրա հաղթահարման ուղղությամբ Հ. Դինքի քայլերին «Ակօս»-ի խմբագրականը հետևյալ կերպ է անդրադառնում. «Փողոցը երբե՛ք Հայերէն մի՛ խօսիր: Երբ դուրսը կը գտնուիս, վզէդ կախուած Խաչը ծածկէ՛, որոշ հեռաւորութեան մէջ կեցիր եւ Թրքութեան վերաբերեալ հարցերու մի՛ միջամտեր, երբե՛ք առաջին կարգերու վրայ տեղ մի՛ գրաւեր, եթէ Հայութեանդ պատճառաւ ստորագնահատուիս՝ մի՛ գանգատիր եւ ընդհակառակն՝ լռէ՛: Տարբեր բացատրութեամբ մը՝ անտեսանելի եղիր»: Հայերը, մինչեւ կարճ ժամանակ մը առաջ՝ Թուրքիոյ Հանրապետութեան մէջ իսկապէս ալ անտեսանելի դիրք մը կը ներկայացնէին: Այս աստիճան նուաստ եւ անշուք կ’ապրէին: Եթէ այս երեւոյթը փոխուեցաւ, ասոր մէջ մասնաւորապէս անձի մը կողմէ հրատարակուած երկլեզու շաբաթաթերթ «Ակօս»ի հրատարակիչ Հրանդ Տինքի բաժինը մեծ է»[18]: Վերջին ձևակերպումը փոքր-ինչ ուռճացված է, և վիճակը ներկայացված առավելապես ցանկալիի, քան թե իրականությանը համապատասխանող դիրքերից, քանի որ հայկական համայնքում ներկայում ևս գերիշխող են վախի մթնոլորտը և դրանից բխող ծայրահեղ զգուշավորությունը:

Թուրքիայում հայկական ինքնության խնդրին անդրադառնալիս «Ակօս»-ը և Հ. Դինքը իրավացիորեն հատուկ շեշտադրում են կրթական համակարգում տիրող թուրքական իշխանությունների մշակած քաղաքականությունը, այն է՝ դպրոցից խաթարել ազգային ինքնության դրսևորման և ծավալման փորձերը: Այսպես, Հ. Դինքը նկատել է տալիս, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողական քաղաքականությունը կարելի է տեսնել նույնիսկ դպրոցական դասագրքերում, որտեղ խոսք անգամ չկա ազգային փոքրամասնությունների մասին: Սրա վերաբերյալ նա բերում է հետաքրքիր օրինակ. ««Ալի՛, գնդակը Այշեին տու՛ր» կամ «Այշե՛, գնդակը Ալիին տու՛ր»: Երբեք չի հանդիպում «գնդակը տու՛ր Հակոբին, Դելալին կամ Հրիստոյին»: Փողոցում, բակերում, շրջապատում այս մարդիկ ընդհանրապես չկան»[19]:

Թուրքիայում յուրաքանչյուր աշակերտ իր դպրոցական օրն սկսում էր «աշակերտական երդումով», որտեղ, անկախ այն բանից՝ աշակերտը հայ է, հրեա, հույն թե քուրդ, ստիպված է արտասանել «թուրք եմ, ուղղամիտ եմ, աշխատասեր եմ» արտահայտություններով սկսվող և «ինչ երջանիկ է նա, ով ասում է` ես թուրք եմ» բանաձևով վերջացող ուխտը: Իսկ նրանք, ովքեր «ես թուրք եմ»-ի փոխարեն «ես քուրդ եմ կամ հայ եմ» արտահայտությունն են օգտագործում՝ պատժվում են[20]:

“Türküm, doğruyum, çalışkanım.

İlkem; küçüklerimi korumak, büyüklerimi saymak,

yurdumu, milletimi özümden çok sevmektir.

Ülküm; yükselmek, ileri gitmektir.

Ey büyük Atatürk! Açtığın yolda, gösterdiğin hedefe

durmadan yürüyeceğime ant içerim.

Varlığım, Türk varlığına armağan olsun.

“Ne mutlu Türküm diyene!”[21].

«Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ:

Սկզբունքս է՝ փոքրերիս պաշտպան լինել,

Մեծերիս հարգել, պետությունս, ազգս ինձնից առավել սիրել:

Գերագույն նպատակս է՝ բարձրանալ և առաջ գնալ:

Հե¯յ, մեծն Աթաթուրք, երդվում եմ անդադար քայլել

Քո գծած ուղիով, որ տանում է դեպի Քո մատնացույց արած նպատակը:

Թո՛ղ իմ գոյությունը նվիրաբերվի թուրքի գոյությանը:

Ի¯նչ երջանիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»:

Պոլսահայ լրագրող Ալին Օզինյանը նկատում է, որ հայկական վարժարաններում այս երդումը շատ ավելի խիստ է կիրառվում, չնայած որ բոլոր աշակերտները և ուսուցիչների մեծ մասը հայեր են: Նույնը վերաբերում է հունական ու հրեական վարժարաններին: Նույնիսկ ծնողական ժողովները սկսում էին այդ երդման արտասանությամբ և ծնողներին ևս վերահսկում էին նույն ձևով[22]: Փաստորեն, էթնիկապես ոչ թուրք աշակերտների դպրոցական յուրաքանչյուր օր սկսվում է իրավունքների ոտնահարումով, թեև Հ. Դինքը նկատել է տալիս. «Իրավո՞ւնք: Նման բան չկա: Այս երկրում ամեն հայրենակից թուրքերի հետ հավասար իրավունքներ չի կարող ունենալ»[23]:

Զինվորական քայլերգ հիշեցնող աշակերտական երդման մասին Հ. Դինքը «Ակօս»-ում և իր հրապարակային ելույթների ժամանակ տարբեր տարիներին արտահայտած մտքերի մասին գրում է երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշայի թոռանը` հայտնի լրագրող Հասան Ջեմալին. «Սիրելի Հասան Ջեմալ, 14.12.2002-ին «Մազլում դեր»-ի Ուրֆայի մասնաճյուղի նախագահության կազմակերպած նիստին հրավիրվել էի որպես բանախոս: Ելույթիցս հետո անցանք ներկաների հարցերին: Ինձ ուղղված հարցերից մեկն այն էր, թե արդյոք հայկական դպրոցներում արտասանվում է՝ «Թուրք եմ, ճշմարիտ եմ, աշխատասեր եմ» երդումը, և եթե, այո՛, ապա այդ պահին ինչ եմ զգում:

Ես հետևյալն ասացի.

«Աշխատասեր եմ, ճշմարիտ եմ» բառերը շատ եմ սիրում և բղավելով արտասանում եմ: Իսկ «թուրք եմ» հատվածն ասելիս ձգտում եմ այն ընկալել որպես «թուրքաբնակ»: Ես թուրք չեմ, թուրքաբնակ եմ: Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ և հայ եմ»[24]:

Թուրքիայի հայկական և հունական դպրոցներում աշխատած ուսուցիչներից Էմեն Քեշմերը, որը նաև «Մի տոպրակ Ստամբուլի հող» վերտառությամբ գրքի հեղինակն է[25], նշում է, որ «թուրք եմ, ուղղամիտ եմ, աշխատասեր եմ» արտահայտությունը էթնիկական ծագմամբ ոչ թուրք աշակերտներին օգտագործել ստիպելը՝ ինքնին պետականորեն իրագործվող ռասիստական քաղաքականության դրսևորում է: Վերջինս «Ակօս»-ում տպագրված իր հարցազրույցում նշում է, որ իրենք` թուրքերը, միշտ հպարտանում են, որ աշխարհում միայն իրենք են, որ ապրիլի 23-ին տոնում են երեխաների օրը: Բայց մյուս կողմից, նրանք այդ օրը երեխաներին սովորեցնում են բանաստեղծություններ, որոնց միջոցով նրանց մեջ սերմանում են ատելություն իրենց «երկրի թշնամիների» հանդեպ[26]:

Այս թեմայի շուրջ ոչ թուրք քաղաքացիների կողմից օրեցօր թեժացող բողոքներն ի վերջո ստիպեցին թուրքական իշխանություններին 2013 թ. վերացնել այդ հարկադրանքը: Այդ պայքարում առաջնային դեր էր ստանձնել նաև «Ակօս»-ը, որի էջերում պարբերաբար քննարկվում ու քննադատվում էր ծայրահեղ խտրական «աշակերտական» այդ երդումը: Իհարկե, իրատես լինելու համար պետք է նշել, որ այդ հարցում էական դեր խաղաց քուրդ բազմամիլիոնանոց ազգաբնակչության ընդվզումը և՛ հասարակական, և՛ քաղաքական, և՛ իրավական հարթություններում:

Նկատենք, որ նմանատիպ ռասիստական շեշտադրումներ ունի նաև Թուրքիայի Հանրապետության պետական օրհներգը, իսկ քրեական օրենսգրքով որոշակի պատիժ է սահմանված օրհներգի ժամանակ շեղումներ դրսևորելու դեպքում: Հ. Ջեմալին ուղղված վերոհիշյալ նամակում Հ. Դինքը անդրադառնում է նաև օրհներգին և փոքրամասնությունների շրջանում դրա առաջացրած ընկալումներին. «Անդրադարձա մեր ազգային օրհներգի «Իմ հերոս ռասային ժպտա» տողին և խոստովանելով, որ ռասա բառի շեշտադրումից անհանգստություն եմ զգում, հետևյալն ասացի.

«Մանկությունիցս ի վեր ձեզ հետ միասին երգում եմ Անկախության օրհներգը: Սակայն վերջին ժամանակներս մի տող կա, որին հասնում եմ թե չէ՝ արգելակվում եմ: Ես լռում եմ, իսկ դուք շարունակում եք, և հետո միայն ես միանում եմ շարունակությանը. «Հերոս ռասայիս ժպտա»…

«Ռասա», «իմ նախնին», «հերոս»: Այսինքն՝ մինչև հիմա ազգային օրհներգում քաղաքացիության հասկացությունը, ազգային միասնությունը դեռ ռասայո՞վ, հերոսական մի ռասայո՞վ ենք ձգտում ապահովել: Ռասա բառը բացարձակ չի ներդաշնակվում ազգային օրհներգի հետ, բացահայտ անջատողականության և ռասիզմի ենք դիմում: Անջատողականության ենք դիմում, քանի որ այս երկրում բոլորս նույն ռասայից չենք: Թուրք կա, հույն կա, քուրդ կա, հայ կա:

Նույն տողը նույն պահին երգելով՝ իրականում մենք բոլորս մեր ռասան ենք նկատի ունենում: Սրանից ավելի բացահայտ ռասիզմ և անջատողականություն հնարավո՞ր է»[27]:

Հ. Դինքի արտահայտած մտքի՝ «ռասայական խտրականություն», ինչպես նաև,  թուրքիացի, այսինքն՝ Թուրքիայի քաղաքացի, բայց ոչ՝ ծագումով թուրք մտքի առաջադրման համար նրա դեմ հարուցվեց քրեական գործ «թուրքականությունը վիրավորելու» մեղադրանքով:

Ինքնության հետ կապված հաջորդ խնդիրը, որը դարձավ Դինքի և «Ակօս»-ի օրակարգային նյութ, վերաբերում էր Թուրքիայի իշխանությունների դեմ զինված պայքար մղող քրդական «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ) ծայրահեղական կազմակերպությանը և վերջինիս մարտիկներին հայկական ծագում վերագրելուն: 1980-1990-ականներից սկսած՝ թուրքական իշխանությունները հրապարակ նետեցին մի անհիմն թեզ, ըստ որի՝ ՔԱԿ-ը հայկական կառույց է, և նրա անդամները ծպտյալ հայեր են: Այս անհիմն թեզը լայն տարածում գտավ նաև մամուլում և դարձավ հայությանը վիրավորելու, նրա ազգային ինքնությունը կաղապարելու ևս մեկ առիթ ու պատրվակ: Հայտնի է, որ թուրքական տարբեր շրջանակների առաջնային թիրախը հայերն են, և ձևավորված մտածողության արդյունքում ցանկացած բացասական ու հակաթուրքական երևույթի հետևում հասարակության մեծ մասը տեսնում է հայերին: Թուրքական իշխանությունների և մամուլի հետևողական աշխատանքի հետևանքով այսօր Թուրքիայում ամենածանր վիրավորական արտահայտություններն են «գյավուր», «հայի բիճ», «հայի լաճ» բառերը[28]:

Հ. Դինքն իր ելույթներում ու հոդվածներում հետևողականորեն առաջ էր տանում այն միտքը՝ փորձելով այն բացատրել թուրք հասարակությանը, որ հայերը ոչ մի առնչություն չունեն ՔԱԿ-ի հետ: Նրան հատկապես անհանգստացնում էր այն, որ Թուրքիայում արվում էր հնարավորը` հայերին ՔԱԿ-ի հետ նույնացնելու համար: Այս մասին «Ակօս»-ում կարդում ենք. «Բայց իրականութեան մէջ անոնք ալ գիտեն, թէ Հայերը ոչ մեկ աղերս ունին ՓՔՔ-ի կամ Քիւրտերու հետ: Այս ընթացքը կ’անհանգստացնէ մեզ, քանի որ կապրինք այս երկրին մէջ: Եթէ հոս պիտի ապրինք, ստիպուած ենք այս վարուելակերպին հետ ապրելու… Այսքան ստորացումի եւ արհամարհանքի փոխարէն եթէ մենք դեռ կը շարունակենք այս երկրին մէջ ապրիլ, պէտք է քիչ մը սպասել ու խորհիլ: Որովհետեւ մեր արմատները, եկեղեցիները, վարժարանները, աւանդութիւնները ու նաեւ մեր ապագան հոս են»[29]:

ՔԱԿ-ին որպես հայկական կառույց ներկայացնելու քարոզչության մեջ էական նշանակություն ուներ այն, որ 1997 թ. Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար տիկին Մերալ Աքշեները նոր ոստիկանատան բացման ժամանակ ազգային միասնականության վերաբերյալ ելույթ ունենալիս խոսել է ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին և հայտարարել. «Հայու վիժվածք դատարկապորտ մը Աբօ, չկրցաւ մեր ազգային միասնականութիւնը խախտել… մեր բազմաթիւ եղբայրները լեռ բարձրացնելով կը կարծէ թէ պիտի կարենայ այս երկիրը պառակտել»[30]:

Նրա հայտարարությունից հետո, նաև շնորհիվ «Ակօս»-ի, Հ. Դինքի և նրա հետ արդեն համագործակցող թուրք հրապարակախոսների, մեծ աղմուկ բարձրացավ, և թուրքական ու հայկական մամուլում հրատարակվեցին այդ անհիմն պնդումը քննադատող հոդվածներ: Հ. Դինքի ընդվզումը «Ակօս»-ի էջերում անդրադառնում էր նաև ինքնության խնդրին. «Ես Հա՛յ եմ եւ Հայրենասէր եմ: Ես չեմ ուզեր, որ իմ անունիս այլ ածականներ կցուին: Այս երկրին քաղաքական կեանքին, ժողովըրդավարութեան, միատեղ աշխատանքին, վերակազմութեան, ամէն բանին մէջ կ’ուզեմ ըլլալ: Ահա՛ իմ ինքնութիւնս[31]:

Ուշագրավ է, որ այդ թեմային անդրադարձան նաև թուրքական մամուլի որոշ ներկայացուցիչներ, որոնց հոդվածները անմիջապես տեղ էին գտնում «Ակօս»-ի էջերում: Այսպես, թուրքական «Սաբահ» թերթի մարտի 20-ի համարում լույս տեսավ լրագրող Հընջալ Ուլուչի հոդվածը. «Հայերը այս երկրին հայրենակիցները, այս ազգին, թուրք ժողովուրդին մէկ մասնիկը չե՞ն միթէ… Այս մարդիկ, որոնք գլխաւորութեամբ Հայաստանի՝ աշխարհի գրեթէ բոլոր երկիրներուն մէջ ազգականներ ունենալով՝ տէր են իրենց համար որեւէ հայրենիք մը ընտրելու, Թուրքիա չե՞ն բնակիր իբրեւ իրենց հարազատ հայրենիքը… Գիտէ՞ք այսօր թէ մեր շրթներէն անպակաս, ամէն առթիւ մեծ հաճոյքով երգուած սքանչելի երգերէն քանին «Հայու սերմ»-երու ստեղծագործութիւններն են»[32]: Հեղինակը նաև փաստում է, որ թուրքերը Սուլեյմանիեներ, Սելիմիեներ մզկիթների մասին, որոնք ամբողջ աշխարհն այցելում է հիացմունքով, հպարտությամբ ասում են՝ «մերն է»,  սակայն իրականում դրանք հայերն են կառուցել:

Թուրքական «Յենի Յուզյըլ» թերթում տպագրվում է Յաղմուր Աթսըզի «Ես իր անունով ներողութիւն կը խնդրեմ» խորագիրը կրող հոդվածը, որտեղ նա նշում է. «Հրամանատարուհի Մէրալ Ագշէնէր իր խելքովը Աբօն նախատած ըլլալու համար գործածեր է «Հայու սերմ» ասութիւնը: Ես կ’անգիտանամ իրեն ինչի՞ սերմ ըլլալը, չեմ ալ ուզեր գիտնալ: Նման անարգ վերաբերում մը նողկանքով կը պարսաւեմ, քանի որ ան միեւնոյն ատեն մարդկային յանցանք մըն է: Այս նախատական խօսքերուն համար անոր հաշուոյն ներողութիւն կը խնդրեմ բոլոր Հայ հայրենակիցներէն…»[33]:

Ծավալված բողոքի և քննադատության ալիքը որոշակի արդյունք ունեցավ, և ապրիլի 1-ին տեղի ունեցած հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մ. Աքշեները «ցավ» հայտնեց հայ հայրենակիցներին վիրավորելու համար: Այդուհանդերձ, նման դեպքերը Թուրքիայում բազմաթիվ են, իսկ դրանք պարսավողները՝ քիչ:

Այդ դեպքը, սակայն, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները «Ակօս»-ում մի նոր, շատ կարևոր զարգացման մասին էին վկայում, որը հետագայում ծավալվելու էր և լայն մասշտաբներ ընդգրկելու: Մասնավորապես, սա առաջին քայլերից էր, որն ուղղակի կամ անուղղակի նպաստեց, որպեսզի հայկական թեմատիկան ընդլայնի իր սահմանները և, բացի թուրքահայ մամուլի զգուշավոր անդրադարձներից, իր որոշակի տեղը զբաղեցնի թուրքական լրատվամիջոցներում, և այս հարցում «Ակօս»-ի ու Հ. Դինքի դերը իրականում բավականին մեծ է: Ավելի ուշ նա կրկնելու էր և հստակեցնելու պարբերաթերթի հիմնադրման կարևոր նպատակներից մեկի մասին իր տեսակետը. «Խոսիլ հայութեան խնդիրներու մասին Թուրքիոյ հանրութեան առջեւ, իրենց հասկցած լեզուով, քանի որ, այդ օրերուն «Հայ» բառը հասած էր նոյնիսկ հայհոյանքի աստիճանին, ամէն օր, հեռուստակայաններու եւ թերթերու մէջ, քաղաքական անձնաւորութիւններու եւ մտաւորականներու բերնէն: Հայուն հասցէին զանազան անարգանքներ եւ ամբաստութիւններ կ’ըլլային: Նաեւ մեր համայնքային կեանքին մէջ, գագաթնակէտին հասած էր պետական ճնշումներուն ստեղծած դժուար կացութիւնը, երբ մեր ձեռքերէն կալուածները կ’առնուէին եւ դպրոցներու մէջ ճնշում կար: Այս կացութեան մէջ կը մտածէինք, թէ պէտք է Թուրքիոյ ժողովուրդին փոխանցենք մեր հարցերը եւ իրենց հասկցած լեզուով անոնց գիտակցութեան յանձնենք, թէ ի՞նչ տեղի կ’ունենայ եւ թէ ո՞վ է հայը: Մենք մեզ պաշտպանելու համար մէջտեղ եկած թերթ ենք»[34]:

Հ. Դինքն անդրադառնում է «երկու ինքնությունների» թեմային, սակայն այլ կտրվածքով. ըստ նրա՝ թուրքահայը այսօր կանգնած է ինքնության երկվության առաջ, և երկու ինքնություն ու երկու գիտակցություն կրող է: Թեև նա թուրքաբնակ է, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, սակայն ծագումով հայ է: Բացի այն, որ նա Թուրքիայի հայկական համայնքի մասնիկ է, միևնույն ժամանակ բարոյապես Հայաստանի և Սփյուռքի մասնիկն է: Երկու իրականություններից բխած իր խոսքերը հաճախ ուղղվում էին իր իսկ դեմ` կամ որպես ազգի կամ պետության դավաճանի: Նման գնահատականը հետևանք էր երկու ժողովուրդների և երկու երկրների որոշակի գաղափարական դիրքորոշումների: Ի վերջո, նա տալիս է այդ վիճակի թեկուզ փոքր-ինչ կոպիտ, սակայն որոշակիորեն դիպուկ գնահատականը. «Հայերն իրենց հոգեխեղման, իսկ թուրքերը մտագարության ախտանիշներով հիվանդներ են»[35]: Նա, սակայն, առաջարկում է իր սեփական օրինակով այդ երկու ինքնությունների միջև ներդաշնակություն ստեղծել. «Երկու ինքնութիւններս, զորս երբեք փոխելու նպատակ չունիմ եւ հակառակ անոր որ ահաւոր ցաւ մը եւ նաեւ պատիւ կ’զգամ անոնց տէր ըլլալով, աւելցնեմ որ յաջողած եմ այդ զոյգ ինքնութիւններու միջեւ ներդաշնակ միասնութիւն մը ստեղծելու»[36]:

«Ակօս»-ում ինքնության թեմայի շուրջ ուսումնասիրությունները հետզհետե դառնում էին ավելի համարձակ՝ վերածվելով և՛ թուրքական իշխանությունների, և՛ նրանց արբանյակների մտահոգության առարկա: Սակայն այդ թեմայի շրջանակներում ամենաաղմկահարույց բացահայտում-ուսումնասիրությունն առնչվում է Թուրքիայի խորհրդանիշներից մեկին՝ առաջին կին ռազմական օդաչու և հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր դստերը` Սաբիհա Գյոքչենին: 2004 թ. փետրվարի 6-ին «Ակօս»-ում լույս է տեսնում Հ. Դինքի և Տիրան Լոքմագյոզյանի հոդվածը` «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» վերտառությամբ[37]: Հոդվածում հեղինակները բացահայտում են, որ թուրքական ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որը նաև թուրք ազգայնականության ոգեշնչման աղբյուրներից էր, իրականում Հայոց ցեղասպանության որբուհիներից է` Խաթուն Սեբիլջյան անունով, ում Մուսթաֆա Քեմալը որդեգրել է և տվել ռազմական կրթություն: Հ. Դինքը և Տ. Լոքմագյոզյանը գտել էին Խաթուն Սեբիլջյան-Գյոքչենի հայաստանաբնակ ազգականներին, ովքեր մի շարք մանրամասներ էին պատմել լեգենդար օդաչուի և նրա իրական ինքնության մասին: Հոդվածն օրեր անց արտատպվել էր նաև թուրքական մամուլում և դարձել Թուրքիայի՝ այդ օրերի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ նյութը: Այս առիթով քննադատությամբ հանդես եկան բազմաթիվ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, մինչև անգամ Թուրքիայի ԶՈՒ  Գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ ասված էր՝ վերոնշյալ հոդվածն ուղղված է թուրքական պետականության հիմնասյուների դեմ: Հարկ է հատկապես առանձնացնել այն, որ կտրուկ հայտարարությամբ հանդես եկան ծայրահեղ ազգայնամոլական կուսակցություններն ու կազմակերպությունները. «Ակօս»-ի առջև տեղի ունեցավ «գորշ գայլերի» բազմամարդ բողոքի հանրահավաք, որտեղ հստակ նշվեց. «Դի՛նք, դու մեր թիրախն ես»: Կան հիմնավոր կարծիքներ, որ հենց այդ հոդվածը դարձավ նրա համար ճակատագրական, քանի որ նա դրանով անդրադառնում էր թուրքական կեղծ և պարտադրված ինքնությանը, որի խարխլումը միանշանակ վտանգ է թուրքական պետականության համար: Ի վերջո, 2007 թ. հունվարի 19-ին հենց վերոնշյալ ծայրահեղական կազմակերպությունների երիտասարդ անդամների կողմից տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանությունը:

Այսպիսով, հայ ինքնության որակների պահպանման և տեսական քննության փորձը նորովի մոտեցումներով է դրսևորվում «Ակօս» պարբերաթերթում: Կարելի է ասել, որ այն համարձակ խոսքի ճանապարհ բացեց՝ դրսևորելով հստակ ծրագրային ուղղություն: Պոլսահայ մյուս թերթերի համեմատությամբ` այս հարցում ևս «Ակօս»-ն անհամեմատ համարձակ է: Ազգային ինքնության շուրջ վիճաբանություններից և հարցադրումներից շատերն էին վախենում. «Թուրքիա, թրավմաներու երկիր մըն է: Մարդիկ՝ կամ լռութիւն պահած են եւ կամ ալ իրադարձութիւնները ծածկած, սուտ խօսած են»[38]: Սակայն Դինքն առաջնորդվում էր այն վճռական մոտեցմամբ, որ «ինքնութիւնները հարցադրելու և զանոնք հասկնալու ժամանակն» է: Այս նպատակի համար նա սկզբունք էր ընդունում միմյանց հասկանալու ցանկության մեկնակետը. «Եթէ մեր ինքնութիւնները լաւ հասկնանք, ա՛յն ատեն միայն զիրար պիտի հասկնանք»[39]:

Շաբաթաթերթը դիմում է ինքնության ընկալման, ճանաչման և բացահայտման բազմազան, նորովի և որ ամենակարևորն է՝ վերլուծական մոտեցումների քննությանը, տպագրում, համեմատում ու համադրում է ազգային ինքնության ընկալման և նրա ձևափոխման ուղիները: Այս ուղղությամբ «Ակօս»-ը նոր շարժում սկզբնավորեց` ճանապարհ բացելով «ինքնության ճգնաժամ» ապրողների համար:

[1] Հրանտ Դինքի՝ 2007 թ. ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնած այս կարծիքը ընդգրկվել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանի նկարահանած «Հրանտ Դինք» կարճամետրաժ ֆիլմում:

[2] Պըլտեան Գ., Ինքնութեան փորձառութիւն Սփիւռքի մէջ // Ինքնութեան հարցեր, Երևան, 2002, էջ 90:

[3] Թերթերը՝ մեր հայելին // «Ակօս», 25.10.1996:

[4] Տինք Հ., Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախադասութիւններու // «Ակօս», 9.02.2007, Պետութիւն ըլլալուն գինը // «Ակօս», 5.11.2004:

[5] Dink H., Tercih “Tehcir” oluncu // “Agos”, 12.06.1998.

[6] Այս մասին մանրամասն տե՛ս.«Հաշիւները տակնուվրայ…» // «Ակօս», 29 ապրիլ 2005: Տե՛ս նաև Ավագյան Գ., Հայաստանը և հայերը աշխարհում, Երևան, 1990, Խանլարյան Կ., Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում 1923-2005, Երևան, 2005, Մելքոնյան Ռ., Իսլամացված հայերի խնդիրների շուրջ, Երևան, 2009, http://www.taraf.com.tr/haber/devlet-musluman-ermeninin-pesinde.htm.http://akunq.net/am/?p=34930.http://tr.wikipedia.org/wiki/Türkiye_demografisi.http://www.youtube.com/watch?v=0Ip-pjyNNZU.http://www.youtube.com/watch?v=eD6UvXXsqlg.http://www.youtube.com/watch?v=TAlHDGtgnvM.http://www.youtube.com/watch?v=ASYucXHpca4.https://www.youtube.com/watch?v=m045iJWRcH0.http://www.youtube.com/watch?v=0Ip-pjyNNZU:

[7] «Օրակարգ»« Գլենդել« 10.01.2007:

[8] Dink H., Bu kȍşedeki adam, İstanbul, 2009, s. 257.

[9] Տինք Հ., Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախադասութիւններու // «Ակօս», 9.2.2007:

[10] Դաւանափոխութիւնը ընդունիլ…// «Ակօս», 9.6.2006:

[11] Çetin F., Anneanem, İstanbul, 2004, s.77.

[12] Մելքոնյան Ռ©« Շահարկումներ ծպտյալ հայերի խնդրի շուրջ // Հանրապետական-թիվ 6 (59), Երևան« 2008« էջ 9:

[13] Çetin F., Anneanem, İstanbul, 2004.

[14] Ռուբեն Մելքոնյանի թարգմանությամբ գիրքը երկու անգամ արևելահայերենով հրատարակվեց Հայաստանում 2006 և 2008 թվականներին (Ֆեթհիյե Չեթին, Մեծ մայրս, թարգմ.-ը՝ Ռուբեն Մելքոնյանի, Երևան, 2006, նույնի՝ 2008 թ.):

[15] Արձագանգ Թուրք Մամուլի մէջ // «Ակօս», 10.12.1999:

[16] Թերթերը՝ մեր հայելին // «Ակօս», 25.10.1996:

[17] Տինք Հ., Խորքին մէջ բոլորս փոքրամասնութիւն ենք // «Ակօս», 21.10.2005: Տե՛ս նաև Azınlık iջinde azınlık olmak // “Agos”, 24.08.2007:

[18] «Ակօս», 19.5.2006:

[19] Dink H., İki yakın halk iki uzak komşu, İstanbul, 2008, s. 26-27. Տե՛ս նաև Dink H..Yaşamın sürdürülebilirliği mi? // “Agos”, 14.06.1996:

[20] http://arevelkcenter.com/archives/2468.

[21]http://istanbul.meb.gov.tr/upload/istanbulders/ogrenci3s1.pdf.

[22] Օզինյան Ա., Ոչ այլևս թրքության երդում (http://civilnet.am/alin_ozinian_turkish_oath): Տե՛ս նաև Dink H., Türkiyeli olmak // “Agos”,12.10.2003:

[23] Իրաւունք Ունիս. Բայց Դուն Տարբեր ես // «Ակօս», 1.08.1997:

[24] Cemal H., 1915: Ermeni Soykırımı, İstanbul, 2012, s. 9-10.

[25] Keşmer E., Bir Poşet İstanbul Toprağı, İstanbul,  2012.

[26] http://www.agos.com.tr/mudur-dedigin-okulu-gozetler-2107.html

[27] Cemal H., նշվ. աշխ., էջ 10:

[28] «Հայ մը, որ կը փնտռէ վերածնունդը» // «Ակօս», 26.04.2002:

[29] Փոքրամասնութեան «Գունաւոր» թերթերը // «Ակօս», 25.07.1997:

[30] Հատուածներ Թուրք մամուլի մէջ լոյս տեսած հակազդեցութիւններէն // «Ակօս», 4.04.1997,  Հրապարակային ներողութիւն // «Ակօս», 4.04.1997:

[31] Պտոյտ մը «Ականուած Դաշտին»ին մէջ // «Ակօս», 26.12.1997:

[32] Նույն տեղում: Տե՛ս նաև “Sabah”, 29.03.1997:

[33] Հատուածներ Թուրք մամուլի մէջ լոյս տեսած հակազդեցութիւններէն // «Ակօս», 4.04.1997: Տե՛ս նաև “Yeni Yüzyıl”, 31.03.1997, “Radikal”, 30.03.1997, “Radikal”, 31.03.1997, “Sabah”, 30.03.1997, “Hürriyet”, 31.03.1997, “Radikal”, 1.04.1997:

[34] Տինք Հ., Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախադասութիւններու // «Ակօս», 9.02.2007:

[35] Տե՛ս Dink H., Ermeni kimliği üzerine (6) Ermeninin “Türk”ü // “Agos”, 23.01.2004:

[36] «Ֆրանսայի ճարպիկութիւնը» // «Ակօս», 9.02.2001:

[37] Dink H., Lokmagözyan T. Sabiha Hatun’un Sırrı // “Agos”, 6.02.2004.

[38] Դաւանափոխութիւնը ընդունիլ… // «Ակօս», 9.06.2006:

[39] Տինք Հ., Խորքին մէջ բոլորս փոքրամասնութիւն ենք // «Ակօս», 21.10.2005: Տե՛ս նաև www.tempodergisi.com (18 հոկտեմբեր 2005):

Հոդվածը՝ Akunq.net կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *