Եթե մենք այն հասարակությունն ենք, ում համար մարդը բարձրագույն արժեք է, ապա ինչպե՞ս թույլ տվինք, որ նախագահը դառնա Քոչարյանը, իսկ ընդդիմության առաջնորդը՝ Տեր-Պետրոսյանը: Եթե մենք այն հասարակությունն ենք, որը արդարության է ձգտում, ապա ինչպե՞ս ձևավորեցինք մի իրավիճակ, երբ հանգիստ խղճով սպանվեց տասը մարդ, չհաշված այն ատելության մթնոլորտը, որ ավելի թեժացավ ու ավելի բորբոքվեց:
Մեր Ուղին
Հայերն այն սակավաթիվ ազգերից են, որոնց օրացույցում դառնությունների օրերն ավելի շատ են, քան հաղթանակների: Անշուշտ հաղթանակներն ավելի շատ են եղել, դրա ապացույցը մեր ժողովրդի ու մեր պետության գոյությունն է, բայց և այնպես «սև օրերը» շատ շատ են ու որ ամենավատն է՝ գնալով շատանում են:
Այսօր մարտի մեկն է ու մենք գարնան առաջին օրը նշելուց բացի հիշում ենք նաև այն, որ սրանից տասնհինգ տարի առաջ Հայաստանում սպանվեց 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացիական անձ: Մինչև հիմա այդ գործը բացահայտված չէ ու այս տրամաբանությամբ՝ դժվար էլ բացահայտվի: Բայց չէ, որ մարդիկ են զոհվել, որոնք պիտի ողջ լինեին: Մարդիկ կարող են հարցնել, որ մեկ ամիս էլ չի անցել այն օրվանից, երբ մենք ևս 15 մարդ կորցրինք՝ այս անգամ զինվորներ: Ամբողջովին կբացահայտվի՞ այդ գործը…
Մարտի մեկը և դրան նախորդող ու հաջորդող բոլոր իրադարձությունները, որոնք ըստ էության կրակոցներ են Հայաստանի ու հայ ժողովրդի վրա, ողբերգական են նախ սկզբունքորեն և ապա մարդկայնորեն: Բացի նրանից, որ տեղի են ունեցել սպանություններ, այդ սպանությունները տեղի են ունեցել ագահության, ընչաքաղցության, ոչ պրոֆեսիոնալիզմի, անձնական ամբիցիաների և նման այլ արգահատելի հատկությունների պայմաններում: Իսկ դա նշանակում է այն, որ Սահմանադրությամբ ամրագրված «մարդը բարձրագույն արժեք է» բառերը շատ հեռու են իրականությունից, որովհետև մենք կարող ենք անընդհատ անիմաստ զոհեր տալ: Մենք կորցնում ենք այդ մարդկանց, որովհետև նրանք մեզ համար կարևոր չեն կամ էլ այնքան էլ կարևոր չեն ու կարելի է նաև սպանել, եթե բանը հասել է դրան:
Մարտի մեկը եկավ ապացուցելու, որ մենք որպես հասարակություն ոչ մի դաս չենք քաղել հոկտեմբերի 27-ից: Մարտի մեկը եկավ ժխտելու մարդու՝ բացարձակ արժեք լինելը: Եվ այս ամենում ամենացավալին այն է, որ այդ զոհերը դարձան շահարկման առիթ իշխանության ու ընդդիմության համար: Մեկը մյուսին մեղադրելու արատավոր պրակտիկան կա մինչև օրս ու մենք մինչև օրս չենք հասկանում, որ դա ոչ մի տեղ չի տանում: Մենք իհարկե կարող ենք նորից ճամբարների բաժանվել ու իշխանականները՝ մեղադրել ընդդիմադիրներին և հակառակը, բայց դրանից ի՞նչ: Դա ինչ որ բան բուժո՞ւմ է, այդ զոհերի կորուստի վիշտն անցնո՞ւմ է: Իհարկե ոչ: Դա միայն թեժացնում է ընդհանուր ցավի կրակը ու հող նախապատրաստում հետագա՝ ավելի մեծ այլանդակությունների համար, քանի որ մարտի մեկից հետո անհասկանալի բախումները չեն դադարել: Գուցե և ամեն անգամ տասը մարդ չի զոհվել, բայց անըդհատ եղել են վիրավորներ, ծեծ ու ջարդ, մեղադրանքներ:
Եվ հիմա, այսօր նորից ընթանում է զոհերի շահարկման քաղաքական պայքարը: Ու մենք երբեք ինքներս մեզ չհամոզեցինք, որ մենք, անձամբ մենք ենք մեղավոր: Մեղավոր ենք այնքանով, որ ձևավորեցինք մի երկիր, որտեղ իրաար հետ խոսելու փոխարեն գոռում ենք, իրար լսելու հայհոյում, իրար զիջելու փոխարեն՝ կրակում միմյանց: Ահա թե ինչ:
Մենք կարող ենք այսօր Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել այդ տասը զոհերի համար, բայց ովքե՞ր քաշեցին հրազենի ձգանները: Ովքե՞ր արհամարհեցին մյուսի ապրելու իրավունքը: Գուցե և հրամանը տվեց մեկը, բայց այդ հրամանին աջակցեցին մյուսները, համաձայնվեցին, մեկն ասաց այո, մյուսը կրակեց, բայց զոհվեց մեկ ուրիշը: Հենց սա է ողբերգությունը, երբ մենք մեզ պատասխանատու չենք համարում մի ուրիշի համար:
Ու մենք պատրաստ ենք մեղադրել անվանական մեկին, միայն թե պատասխանատվության բարոյական թեքությունը մեր վրայից դուրս գա: Եվ եթե մենք այն հասարակությունն ենք, ում համար մարդը բարձրագույն արժեք է, ապա ինչպե՞ս թույլ տվինք, որ նախագահը դառնա Քոչարյանը, իսկ ընդդիմության առաջնորդը՝ Տեր-Պետրոսյանը: Եթե մենք այն հասարակությունն ենք, որը արդարության է ձգտում, ապա ինչպե՞ս ձևավորեցինք մի իրավիճակ, երբ հանգիստ խղճով սպանվեց տասը մարդ, չհաշված այն ատելության մթնոլորտը, որ ավելի թեժացավ ու ավելի բորբոքվեց:
Մենք չենք ընդունի, որ այդ մարդկանց մենք ենք սպանել: Մեր անտարբերությամբ, դիմացինին չսիրելու և ատելու մոլուցքով: Եվ հարց է առաջանում. «Եթե մեռնեն բոլոր նրանք, ում մենք ատում ենք, մենք կհանգստանան՞ք, ազատ կդառնա՞նք»:
Մի առակ կա, որ մի մարդ, ով տանել չի կարողանում շրջապատի աղմուկը և հանգստություն է որոնում, հեռանում է անտառ, քաշվում է մի խուլ անկյուն, որ հագստություն վայելի: Բայց այնտեղ էլ աղմկում է քամին, կենդանիները, ծառերը և նա այդտեղից էլ փախչում է մի այնպիսի խուլ անկյուն, ուր բացարձակապես ոչինչ չկա: Մարդը մի պահ հանգիստ շունչ է քաշում, որ վերջապես ազատվել է ամեն տեսակ աղմուկից, երբ հանկարծ տկտկոց է լսում և այդ ձայնը գնալով ուժեղանում է: Մարդը հասկանում է, որ այդ ձայնը իր սրտի զարկերից է և այդ համատարած լռության մեջ այդ ձայները հնչում են ավելի սարսափելի, ավելի ահարկու: Չդիմանալով այդ ձայնին, մարդը ինքնասպան է լինում: Նա չի գտնում հանգիստ շշրջապատում, որովհետև հանգիստ չունի իր ներսում:
Մենք որպես պետություն և հասարակություն, չունենք մեր մեջ այդ հանգիստը և ձգտում ենք խլացնել մեր ներքին աղմուկը արտաքին գոռգոռոցով:
Ենթադրենք, թե ինչ որ կերպ գործը համարեց բացահայտված և անվանական մի քանի հոգի դատապարտվեցին ազատազրկման: Իսկ հետո՞: Այդ երաշխավորո՞ւմ է, որ ապագայում նման բան չի կրկնվի: Այդ երաշխավորո՞ւմ է, որ նոր մարտի մեկ չի լինելու:
Մենք, մարտի մեկի մասին խոսելիս պիտի հասկանանք, որ դա ուղիղ շարունակությունն էր հոկտեմբերի 27-ի: Այն ժամանակ էլ կրակեցին պետությա վրա, մարտի մեկին էլ: Հոկտեմբերի 27-ին պատգամավորներին ուղղված կրակոցների մի մասը վրիպեց խորհրդարանում, բայց մարդկանց հասավ մարտի մեկին, որովհետև մենք լրիվ նորմալ համարեցինք մարդ սպանելը: Այո, հենց այդպես: Մեզ համար լրիվ ընդունելի է մարդ սպանելը, որովհետև մենք ունենք չպատժված հոկտեմբերի 27, մարտի մեկ և գուցե ապագայում ևս մի քանի արյունոտ օրեր, որովհետև չգիտենք, թե ինչու ոչ:
Ասենք, թե մարտի մեկի դեպքի առիթով անվանապես պատժվեցին մի քանի հոգի, իսկ ո՞վ է պատասխանատու լինելու ապագայում կրկնող դեպքերի համար: Միաժամանակ և՛ բոլորը, և՛ ոչ ոք: Որովհետև նաև հարց է առաջանում թե, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իր ծննդյան օրը քաղաք եկած պատանու աչքը հանելու համար ով էր մեղավոր: Դժվար թե ինչ որ մեկը հատուկ նպատակ դրած լիներ տվյալ պատանու աչքը հանել կամ պատառոտել որևէ ծերունու ծնոտը: Այդ դեպքում ի՞նչ է ստացվում, նրանք ուղղակի ձեռքի տա՞կ էին ընկել: Այսինքն մարտի մեկին էլ սպանվել են պատահական տրամաբանությա՞մբ: Հանուն ինչի՞: Հանուն արդարությա՞ն:
Մարտի մեկը ևս մեկ օր է ազատության, ժողովրդավարության դեմ կրակոցների: Եվ քանի դեռ մեր մեջ արմատախիլ եղած չէ այս տարօրինակ չարությունը, մենք դեռ նոր մարտի մեկեր ենք ունենալու, որովհետև դեռևս չենք հասկացել, թե ինչու չի կարելի նման բան անել: Իսկ մինչ այդ թող քրեական գործերի հատորներն ավելի հաստափոր դառնան, միայն թե…ամեն անգամ որևէ սկզբունքային սխալ գործելիս մենք փորձենք հիշել, որ ըստ Սահմանադրության. «մարդը բարձրագույն արժեք է», կամ էլ պիտի որ լիներ, բայց ինչ որ տեղ ինչ որ բան սխալ է գնացել: