Հայաստան

Հանրապետություն

1919թ. սեպտեմբերին արդեն կասկած չկար, որ առաջիկա շաբաթներին սկսվելու է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Զանգեզուրի վրա, եւ Հայաստանի կառավարությունը սկսում է իր ուժերի չափով նախապատրաստվել։

1919-ի հոկտեմբերի իրադարձությունները Հայաստանում պայմանավորված էին տարբեր շրջաններում բռնկված թուրք-թաթարական ապստամբությունների եւ Ադրբեջանի կողմից դրանց անթաքույց աջակցելու հանգամանքով։

Նախիջեւանի գրավումը եւ Բոյուք-Վեդիի ռազմական գործողությունները շարունակվել էին Իգդիրում եւ Սուրմալուում, որոնք նույնպես գրավվել էին։ Ճիշտ է, Դրոյի ջանքերով հաջողվել էր սեպտեմբերին ազատագրել այս երկու շրջանը եւ մասամբ չեզոքացնել Բոյուք-Վեդիի ավազակաորջը, սակայն իրադրությունը հեռու էր բարվոք լինելուց։ Նույն օրերին չդիմանալով ադրբեջանական ճնշմանը՝ Լեռնային Ղարաբաղի 7-րդ համագումարը ժամանակավորապես ընդունել էր Ադրբեջանի գերիշխանությունը, ինչը ադրբեջանցիների շրջանում մեծ հույսեր էր առաջացրել, որ շուտով կկարողանան ծնկի բերել նաեւ Զանգեզուրը։

Միաժամանակ Նախիջեւանում եւ Շարուրում չեզոք գոտի ստեղծելու գնդապետ Հասքելի կազմած նախագիծը խիստ խոցելի էր դարձնում Հայաստանի հարավային սահմանները եւ հանրապետության մասնատման իրական վտանգ ստեղծում։ Նախիջեւանում ադրբեջանական իշխանության հաստատումը նշանակում էր, որ Նախիջեւանից մինչեւ Վեդի–Ղամարլու (Արտաշատ) հատվածում հաստատվում էր թաթարական տիրապետություն, որն Ադրբեջանի Հանրապետությունից բաժանվում էր միայն Զանգեզուրով։ Եվ պատահական չէ, որ 1919թ. աշնան վերջին ադրբեջանական հերթական հարվածի հիմնական ուղղությունը դառնում է Զանգեզուրը։

Գրոհ Կապանի վրա

1919թ. սեպտեմբերի վերջին նահանգապետ Սուլթանովը Կարյագինոյից անցնում է Զանգեզուր եւ հանդիպում տեղի մահմեդական բնակչության հետ, իսկ մի քանի օր անց Ջեբրայիլից ադրբեջանական ուժերը հարձակվում են Կապանի վրա։ Նույն պահին Նախիջեւանից հարձակում է սկսվում Ուժանիս եւ Աղահուրդ գյուղերի վրա։ Երկու կողմից հարվածելու եւ Կապանը գրավելու ադրբեջանական գործողությունը ձախողվում է, եւ հայերը հետ են շպրտում հակառակորդին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղում Ադրբեջանի կառավարությանը.

«Վերջին հանգամանքները ստիպում են ինձ իմ կառավարության անունից խնդրելու Ձեզ շտապ հեռագրով հարցում անել Ձեր կառավարությանը, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվում անհապաղ կանխելու ընդհարումները, որոնք կարող են հանգեցնել համընդհանուր հրդեհի՝ Անդրկովկասի լայնարձակ տարածքի վրա: …Խնդրում եմ շտապ ինձ տեղեկացնել Ձեր կառավարության պատասխանի մասին։ Ալեքսանդր Խատիսյան»։

Ադրբեջանի պատասխանը ցույց է տալիս, որ նրանք չէին ցանկանում հրաժարվել Զանգեզուրի խնդիրը ուժային միջոցներով լուծելու մտադրությունից.

«Զանգեզուրի գավառը գտնվում է Ադրբեջանական Հանրապետության տարածքում, հետեւաբար Հայաստանի արտգործնախարարի սեպտեմբերի 28-ի նոտան անթույլատրելի միջամտություն է Ադրբեջանական Հանրապետության ներքին գործերին, որի կառավարությունն իրեն պարտավորված չի համարում Հայաստանի կառավարությանը տեղեկացնելու, թե ինչպիսի անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հանրապետության տարբեր մարզերի ներքին կառավարման ուղղությամբ»։

1919թ. սեպտեմբերին արդեն կասկած չկար, որ առաջիկա շաբաթներին սկսվելու է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Զանգեզուրի վրա, եւ Հայաստանի կառավարությունը սկսում է իր ուժերի չափով նախապատրաստվել։

«Ղարաբաղի խնդիրը փակելուց եւ Հայաստանը մահմեդական ապստամբությունների վայր դարձնելուց հետո, Ադրբեջանի կառավարությունը սկսեց ուժեր հավաքել Զանգեզուրի շուրջը զորավար Ալի աղա Շիխլինսկիի գլխավորությամբ։

Հոկտեմբերին, Շուշիի եւ Կարյագինոյի ուղղությամբ համախմբվեցին 3 հետեւակ ու 2 ձիավոր գնդեր, 8 թեթեւ ու 4 ծանր թնդանոթներ եւ 400 քուրդ կամավորներ։ Նախիջեւանի եւ Շարուրի կողմից շարժման մեջ դրվեցին ավելի քան 3 000 կռվողներ։ Ադրբեջանը ուզում էր 3 ծայրերից օղակել եւ արագ ու կտրուկ հարվածներով գրավել Զանգեզուրը», – գրում էր Սիմոն Վրացյանը։

Նախիջեւանի թաթարները օգնություն էին ստանում ինչպես Թուրքիայի կառավարությունից, այնպես էլ Ադրբեջանից։ Ղարաբաղի եւ Զանգեզուրի նահանգապետ Սուլթանովը զինամթերք եւ փող էր ուղարկում Նախիջեւան։

Պատերազմի նախապատրաստությունը

1919թ. օգոստոսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակը Նժդեհը կոչում է «կրավորական շրջան», սակայն իրականում պաշտպանության ամրապնդման ու կազմակերպչական համառ աշխատանքի շրջան էր։

Ստանձնելով Կապարգողթի հրամանատարությունը՝ Գարեգին Նժդեհը ձեռնամուխ է լինում շրջանի պաշտպանության ամրացմանը։ Նախկինում գյուղերի ինքնապաշտպանությունը հիմնականում իրականացնում էին առանձին ջոկատները, որոնց մեծամասնությունը կազմված էր գյուղացիներից։ Գիտակցելով, որ ադրբեջանցիների նոր հարձակումը ծավալուն է լինելու, Նժդեհը ստեղծում է պաշտպանական ամուր համակարգ՝ հենված ամբողջ բնակչության մասնակցության վրա։

«Լեռնահայաստանի գոյամարտը» հուշագրությունում («Հայրենիք», թիվ 11, 1923թ., Բոստոն) նա գրում է, որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, առանց որի Հայաստանը գոյություն ունենալ չէր կարող, եւ այդ գիտակցությունը կար լեռնաշխարհի բնակչության շրջանում։

Հաջող պաշտպանության համար Նժդեհը կարեւորում էր առանձին ստորաբաժանումների ու գլխավոր շտաբի միջեւ մշտական կապը, եւ այդ նպատակով հոկտեմբերի 15-ի հրամանով պահանջում էր օրական երկու անգամ՝ առավոտյան 4-ին եւ երեկոյան 9-ին, «նշանատվությամբ տեղեկացնել զորամասի շտաբին ճակատներում տեղի ունեցած փոփոխությունների եւ դրության մասին։ Նշանատվությունից զատ՝ շաբաթական երկու անգամ, հինգշաբթի եւ կիրակի օրերը, ուղարկել հաղորդագրություն»։

1919թ. հոկտեմբերի 18-ին Նժդեհը հաստատում է ռազմական նոր համակարգ, ըստ որի՝ Գենվազի ամբողջ գավառը բաժանվում է վաշտային վեց շրջանի։ Վաշտերում պետք է ծառայության անցնեին 18-52 տարեկան տղամարդիկ։ Շաբաթ եւ կիրակի օրերին զինվորներն ու հրամանատարները պարտավոր էին վարժանքներ անցկացնել, որոնց չմասնակցելու դեպքում հետեւում էին կարգապահական պատիժները։ Գենվազի զորամասի հրամանատար է նշանակվում պոդպորուչիկ Անուշյանը, որը Մեղրիում հիմնում է զորամասի շտաբը։

Վաշտերի հրամանատարներն ընտրվում կամ նշանակվում էին կռիվների միջով անցած փորձառու եւ նվիրյալ մարտիկներից։

«Դա մեր գիտցած կաստայական զինվորականը չէ, գլուխը լի զանազան մեռյալ կանոններով ու տեսություններով։ Իր որոշ առաքինություններով ժողովրդի մեջ աչքի ընկած երիտասարդ է նա, կռիվներում անուն հանած արի զինվոր, հայրենի դար ու դաշտին ծանոթ նախկին որսորդ կամ ժողովրդական սպա, որ զինվորական անպետք կանոնագրերի փոխարեն կրծքի տակ ազգասիրությամբ եւ անձնվիրությամբ զեղուն մի տաք, հարուստ, մի խիզախ սիրտ ունի»,- գրում էր Նժդեհը։

Նա գիտեր էր, որ ուժերը անհավասար են, եւ քանակապես ու սպառազինությամբ հայերը զիջելու են ադրբեջանցիներին։ Այդ պատճառով, օգտագործելով տարբեր պատերազմներում ձեռք բերած հարուստ փորձը, Նժդեհը հիմնական շեշտը դնում էր ստորաբաժանումների արագության, ճկունության, կայծակնային հարված հասցնելու, արագ տեղաշարժվելու եւ Սյունիքի լեռնային տեղանքը ի նպաստ օգտագործելու մարտավարության վրա։

Զինամթերքի խիստ սահմանափակությունը Նժդեհը լուծում էր մարտի ժամանակ պայթուցիկ նյութերի լայն կիրառմամբ։ Պատրաստվում էին 10-80 կգ քաշով տակառներ, որոնք լցվում էին պայթուցիկ նյութերով եւ մետաղի կտորտանքով։ Հակառակորդը, չկարողանալով մեծ ուժեր տեղափոխել լեռնային բարդ տեղանքում, փորձում էր առաջանալ ձորերով, եւ հենց այդտեղ էլ նրանք հայտնվում էին Նժդեհի մարտիկների ծուղակում. տակառները գլորվում էին հակառակորդի վրա՝ մեծ կորուստներ պատճառելով եւ ստիպելով նահանջել։

Սյունիքի հմուտ որսորդները եւ նշանառու մարտիկները կռիվը սկսվելուն պես խոցում էին հակառակորդի սպաներին ու հրամանատարներին։ Լայնորեն կիրառվում էր դիրքերն ականապատելու, ապա նահանջելու եւ հակառակորդին պայթեցնելու մարտավարությունը, որը Նժդեհը կոչում էր «արհեստական հրաբուխ»։ Ոչ պակաս արդյունավետ էին հակառակորդի հրետակոծության ժամանակ կտրուկ գրոհները, որը փրկում էր մարտիկների կյանքը՝ միաժամանակ խուճապ առաջացնելով հակառակորդի շարքերում։

Սյունիքի ներքին կայունությունն ապահովելու եւ հակառակորդի լրտեսներին չեզոքացնելու նպատակով Նժդեհը հրամայում է լեռնաշխարհից հեռացնել բոլոր պարսիկ եւ թաթար հովիվներին, որոնցից շատերը հովվություն էին անում հայկական գյուղերում եւ իրենցից փաստացի լրտեսական ցանց էին ներկայացնում:

Մարտավարական ու կազմակերպչական հմուտ քայլերի շնորհիվ 1919թ. հոկտեմբերի վերջին Կապարգողթում ձեւավորվում է 800-ից ավելի մարտիկից կազմված կարգապահ, մարտունակ ստորաբաժանում, որը պատրաստ էր պաշտպանելու հայրենիքը։ Ադրբեջանցիների հարձակումը երկար սպասել չի տալիս. նոյեմբերին Լեռնաշխարհում սկսում են որոտալ թշնամու հրանոթները։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *