Սփիւռք

Պետք Է Զգույշ Գործել

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար պայմաններ կդնի։ Այսօր նա կպահանջի «Զանգեզուրի միջանցքը» եւ Արցախից հրաժարվելը, զիջումները Ադրբեջանին։ Ասիկա Հայաստանը վերջացնելու ծրագիր է, պետությունն ու ժողովուրդը պատրաստ չեն ընդունելու այս նախապայմանները։

Շանթ Ոսկերչյան

Վիրավոր կենդանին ավելի վտանգավոր է, ՀՀ-ն չպետք է կտրուկ թշնամանա ՌԴ-ի հետ

Lragrogh.com-ը զրուցել է «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համադրող Շանթ Ոսկերչյանի հետ։

-Պարոն Ոսկերչյան, ըստ Ձեզ՝ ռուս-ուկրաինական պատերազմից մեկ տարի անց ի՞նչ փոփոխություններ եղան մեր տարածաշրջանում, ընդհանրապես՝ աշխարհում, ի՞նչը փորձեցինք վերանայել եւ վերաիմաստավորել։

-Իհարկե, ուկրաինական պատերազմը շատ բան փոխեց։ Պատերազմը տեղի ունեցավ, քանի որ արդեն շատ բան փոխված էր աշխարհի մեջ։ Հաճախ կըսեն, որ աշխարհակարգը պատերազմեն հետո փոխվեցավ, իրականում ավելի առաջ փոխված էր։ Եվ այս պատճառով է, որ պատերազմը տեղի ունեցավ։ Աշխարհը արդեն դադարած էր մոնոպոլիա լինելուց։ Արդեն Չինաստանը հայտնված էր աշխարհի մեջ որպես երկրորդ փոլ, եւ ԱՄՆ-ն ու Չինաստանը թեեւ հավասար չէին, բայց արդեն փոլերի ինքնուրույնությունը վերջացած էր։ Ասկե զատ՝ Ռուսաստանը կար առաջվա նման, թեեւ ավելի թույլ, որը կարելի չէր համեմատել ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ։ Կային նաեւ որոշ երկրներ՝ Հնդկաստանի եւ Թուրքիո նման, որոնք սկսան ռեգիոնալ փոլեր դառնալ։ Այսպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պայքարը սկսած էր։ ԱՄՆ-ի նպատակը Չինաստանի առաջխաղացումը կասեցնելն էր։ Մյուս կողմեն Ռուսաստանը ժամանակի ընթացքեն ավելի կտակարանար, եւ ինքն իրեն հաստատելու խնդիր ուներ։ Եվ որպեսզի իր հետընթացը կանգնեցներ ու իր դիրքերը ամրացներ, պետք էր հարձակողականի անցներ, ինչը որ ըրավ Ուկրաինո դեմ։ Եթե Ռուսիան Ուկրաինան կորսնցուցեր, այսինքն՝ Ուկրաինան արեւմտյան աշխարհի մաս կազմեր, ստրատեգիկ իմաստով Արեւմուտքը շատ-շատ մոտեցած պետք է լիներ Ռուսիո սահմաններուն։ Մյուս կողմեն՝ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքն արին ամեն ինչ, որ Ռուսաստանը այդ քայլին չերթա։ Ինչո՞ւ։ ԱՄՆ-ի հակազդեցությունը Ռուսիո պատերազմին կբխեր իր շահերեն, քանի որ անցյալեն մոնոպոլիա եղած աշխարհակարգը արդեն փոփոխության մեջ էր, եւ ինքն ալ ինչ-որ չափով հետընթաց կապրեր, ու դա արեց կանխելու համար։ Համենայնդեպս, այնպես չէ, որ Ռուսաստանը պատճառ չուներ պատերազմելու, ուներ իր տեսանկյունեն։ Բայց Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի գործին կուգար, որովհետեւ երբ Ռուսաստանը պատերազմ կսկսի՝ առանց Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ միություն ըլալու, տնտեսական, անվտանգության եւ այլ խնդիրներ կստեղծի։ Այս պատերազմով ԱՄՆ-ն արեւմտյան բլոկը կոնսոլիդացրեց։ Մեկ տարի ի վեր Եվրոպան կպած էր ԱՄՆ-ին, Գերմանիան, որ իր տնտեսության համար Ռուսաստանի հետ լավ հարաբերություն կուզեր ունենալ, որմե ԱՄՆ-ն գոհ չէր, հիմա շատ ավելի մոտեցած է ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն կփորձի շահել Եվրոպան դեպի իրեն քաշելու նպատակը իրականացնելով։ ԱՄՆ-ի համար գլխավոր չելենջը Ռուսաստանը չէ, Չինաստանն է։ Եվ Եվրոպան Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների մեջ է եւ բարեկամական կապեր ունի։ Բայց ասիկա ԱՄՆ-ին ձեռնտու չէ, այս ձեւով ԱՄՆ-ն Եվրոպան իր կողմը քաշելով, Չինաստանի հարցում շահեցավ։ Կոնսոլիդացիա իրականացրեց Չինաստանի դեմ։ Պատերազմն էլ շատ բան փոխեց, համաշխարհային հարաբերությունները շատ սրվեցան, մեծացավ անկայունությունը։ Դեռ մեկ տարի առաջ եթե մեկը խոսեր միջուկային նյութի մասին, կըսեինք՝ խենթ է ասիկա, բայց հիմա արդեն լուրջ վտանգ է, կարելի չէ ամբողջությամբ նկատի չառնել։
Ինչ կվերաբերի մեր տարածաշրջանին, շատ-շատ կարեւոր փոփոխություններ եղան։ Ռուսաստանը իր տկարանալու եւ Արեւմուտքին իր գլխավոր մրցակից տեսնելու պատճառով արդեն մինչեւ պատերազմը կփորձեր Թուրքիո եւ ուրիշ պետությունների հետ բարեկամական հարաբերություններ ունենալ եւ սերտացնել Արեւմուտքի դեմ ճակատ կազմելու համար, քանի որ Թուրքիան երբեմն-երբեմն գլուխ կբարձրացնե ԱՄՆ-ի դեմ։ Երբ պատերազմը սկսեցավ, այդ գործոնը շատ ուժեղացավ։ Այսինքն՝ ՌԴ-ն Թուրքիային ավելի պետք ունեցավ, եւ եթե սկզբում ՌԴ-ն հույս ուներ, որ ինքը պետք է շահի պատերազմը, փաստը ցույց տվեց, որ այդպես չէ․ ՌԴ-ն դժվարություններ ունեցավ եւ դեռ կունենա։ Հետեւաբար այս պատերազմի արդյունքում ՌԴ-ն թուլացավ, սակայն ուժեղացավ Թուրքիո ազդեցությունը։ Եվ ՌԴ-ն քանի որ պետք ունեցավ Թուրքիային, սկսեց ավելի շատ զիջումներ անել Թուրքիո եւ Ադրբեջանին՝ ի վնաս Հայաստանի։ Եվ Թուրքիո եւ Ադրբեջանի համար շատ ավելի նպաստավոր վիճակ ստեղծված է։ Այսօր մենք պետք է ըլլանք շատ պրագմատիկ, շատ զգույշ, այդ ամեն ինչի մեջ նվազագույն կորստով կամ շահով դուրս գալու մասին պետք է մտածենք։ Մարտահրավերները մեզ համար չափազանց շատ են։

-Այսօր կրկին ՀՀ-ի քաղաքական օրակարգում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Արդյո՞ք հիմա այդ հարաբերությունները կարգավորելու համար ավելի մեծ չեն ռիսկերը եւ՛ անվտանգության, եւ՛ տնտեսության, եւ՛ այլ տեսանկյուններից։

-Ճիշտ է, հիմա ռիսկերն ավելի են, բայց ասիկա չի նշանակեր, որ նախապես ռիսկեր չկային։ Մենք պետք է սառը մտածենք եւ գիտակցենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց դարավոր նպատակները չեն մոռցած։ Թուրքիան դեպի արեւելք տարածվելու նպատակ ունի։ Հիմա առիթը ներկայացած է Թուրքիո եւ Ադրբեջանի միանալու՝ ի վնաս Հայաստանի, նույնիսկ ի հաշիվ նրա գոյության։ Թուրքիան վերջին 10-15 տարիներուն բոլոր ուղղություններով կփորձի ծավալվիլ՝ դեպի հարավ, Սուրիա, Իրաք, Միջերկրական ծով, Կիպրոս, Էգեյան ծով, Հունաստան եւ այլն։ Փաստն այն է, որ Թուրքիան ծավալապաշտ դարձած է, եւ ժամանակ գտած է դեպի արեւելք նայելու էթնիկական, լեզվական առումով։ Սա փաստ է։ Մենք պատերազմ կորնսցուցած ենք եւ ավելի թուլացած ենք։ Պատերազմը ավարտը չէր, այլ սկիզբն էր, մենք տեսանք, որ 2021 եւ 2022 թվականներին Ադրբեջանը շարունակեց եւ՛ իր հարձակումները, եւ՛ իր պահանջները ՀՀ-ի հանդեպ, եւ Թուրքիան իրեն ամբողջովին սատար կկանգներ։ Մենք ավելի թույլ ենք, եւ Հայաստանը պատրաստ չէ հաշտության։ Առաջվա պայմաններով հնարավոր չէ հաշտության հասնել, որովհետեւ Թուրքիո եւ Ադրբեջանի նպատակը հաշտությունը չէ, այլ Հայաստանեն մասեր վերցնելը եւ մնացածը իրենց ենթակայության տակ դնելը։
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար պայմաններ կդնի։ Այսօր նա կպահանջի «Զանգեզուրի միջանցքը» եւ Արցախից հրաժարվելը, զիջումները Ադրբեջանին։ Ասիկա Հայաստանը վերջացնելու ծրագիր է, պետությունն ու ժողովուրդը պատրաստ չեն ընդունելու այս նախապայմանները։

-Ակնհայտ է, որ Հայաստանում եւ Արցախում այսօր բախվում են ՌԴ-ի, Արեւմուտքի եւ աշխարհի այլ, խոշոր խաղացողների շահերը։ Հայաստանին կհաջողվի՞ մանեւրել այդ շահերի բախման կիզակետում, ինչպես՝ նախկինում։

-Այո՛, այդ բախումը մեր տարածաշրջանում շատ ուժեղացել է։ Ասիկա փաստ է։ Անցյալին էլ մենք կոմպլեմենտար քաղաքականություն չենք ունեցել, հակառակ որ այդպես ասվում էր։ Չենք գիտեր, թե Ուկրաինո պատերազմը երբ եւ ինչպես պետք է ավարտվի, ասիկա ազդեցություն պետք է ունենա մեր տարածաշրջանի վրա, նաեւ՝ ՌԴ-ի վրա։ Մենք պետք է հաշվի առնենք, որ տկարացող պետություններն ավելի վտանգավոր կդառնան, քանի որ իրենք երբ զգում են, որ կթուլանան, ավելի ագրեսիվ, հարձակողական կդառնան։ ՌԴ-ի պարագային այդ ամենը պետք է հաշվի առնել։ Արեւմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական, ռազմավարական պատճառներով, Եվրոպայի համար՝ տնտեսական եւ էներգետիկ պատճառներով այս տարածաշրջանեն ՌԴ-ի եւ Իրանի ազդեցության հեռացումն առաջնահերթություն է։ Բայց եթե ՌԴ-ն եւ Իրանը չըլլան, չի նշանակեր, որ ԱՄՆ-ն անձամբ ինքը կգա այս տարածաշրջան։ Ինքը տարբեր լծակներով իր ազդեցությունը պետք է ուժեղացնի այս տարածաշրջանի մեջ, բայց նաեւ դա պետք է անի պրոքսի ուժերի միջոցով։ Պրոքսի ուժերի առաջին թեկնածուն Թուրքիան է։ Որքան էլ Թուրքիա- Արեւմուտք հարաբերությունները փայլուն չեն, բայց թշնամական չեն, եւ Թուրքիան պետք է գործածվի Արեւմուտքի կողմեն այս տարածաշրջանում իր ազդեցությունն ավելացնելու իմաստով։ Եվ հիմա մենք մանեւրելու իմաստով շատ բարդ վիճակում ենք։ ՌԴ-ն իբր մեր դաշնակիցն է, բայց լուռ կմնա Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ մեր նկատմամբ գործողությունների մասին, կամ էլ ինքն էլ մասնակից է այդ ամենեն։
Հայաստանը պետք է դիմի ալտերնատիվ միջոցներու։ Հատկապես Սյունիքի հարցում մեր գլխավոր դաշնակիցը Իրանն է, որուն հետ բոլոր տեսակի հարաբերությունները պետք է ուժեղացնել։ Սակայն կա ուրիշ երկրների վախը Իրանի հետ կապերը սերտացնելու դեպքում։
Հայաստանը պետք է սերտացնի իր հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ գիտակցելով, որ իր այդ քայլը ուրիշ ռիսկեր կպարունակի Թուրքիայի կապակցությամբ։ Իզուր չէ, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն ՀՀ-ի կքաջալերեն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիո հետ բնականոն հարաբերություններ ունենալ, իրենք Թուրքիային տեղ տված են այս տարածաշրջանի մեջ։ Մյուս կողմեն՝ իրենք նաեւ չեն ուզեր, որ Թուրքիան այնքան հզորանա, որ լրիվ անկախ ըլլա։ Հայաստանը պետք է գիտակցի, որ վիրավոր կենդանին ավելի վտանգավոր է։ Եվ նույնիսկ ՌԴ-ի թուլացած վիճակում ճիշտ չէ, որ Հայաստանը կտրուկ ձեւով թշնամանա եւ կապերը կտրի ՌԴ-ի հետ։ Իր այդ տկարացած վիճակում ՌԴ-ի ռեակցիան Հայաստանի դեմ կարող է շատ կոշտ եւ կոպիտ ըլլալ։ Հետեւաբար պետք է համագործակցել Իրանի, Հնդկաստանի հետ, Արեւմուտքի հետ՝ պահելով զգուշավորությունը՝ Թուրքիայի գործոնի հետ կապված, նաեւ ՌԴ-ի հետ խզում չպետք է առաջացնել։

-Ի՞նչ տրանսֆորմացիաների է ենթարկվել հայկական սփյուռքը արցախյան երկրորդ պատերազմից հետո, որքանո՞վ են այսօր կենսունակ հայդատական գաղափարները։

-Հայ դատի, հայկական հարցի կենսունակության խնդիրը երկու մակարդակով պետք է հաշվի առնել։ Առաջին․ հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի խնդիրն է։ Այդ սկզբունքը եւ գաղափարը պետք է մշտապես պահել։ Սակայն այսօր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ այնպիսի հարցեր կան, որ նախ դրանք պետք է լուծվեն։ Անշուշտ, սփյուռքը մեծ շոկ ապրեց 44-օրյա պատերազմի եւ պարտության պատճառով, տարածքային եւ մարդկային կորուստներով, շարունակվող սպառնալիքներով։ Սփյուռքում շատ-շատ շերտեր կան։ Եթե վերցնենք Հայաստանով ապրող եւ հետաքրքրվող սփյուռքահայերին, ապա մինչ պատերազմն էլ նրանց մեջ կար ցավ եւ մտահոգություն Հայաստանի պայմաններու մասին, հատկապես՝ մինչեւ 2018թ․։ 2018 թվականից հետո որոշ հույսեր արթնացան, սակայն վրա հասավ 2020թ․, որը սառը ջուր լցրեց այդ ամենի վրա, հիասթափություն եւ անտարբերություն առաջացրեց սփյուռքում մասամբ անճարությունից։ Սփյուռքում խաղաղության բանակցությունները շատ լուրջ մտահոգություն կպատճառեն, քանի որ Արցախից հրաժարվելու միտումներ կան, նաեւ՝ այսօրվա Հայաստանի գլխին են վտանգներ կախված։

-Դրսից հետեւելով Հայաստանի գործընթացներին՝ ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան բեւեռացված, ինչո՞ւ անգամ պատերազմն ու վտանգները չմիավորեցին մեր հասարակությանը։

-Այո՛, տեսանելի է սփյուռքեն, որ կա բեւեռացվածություն եւ կորսված վիճակ, որը ստեղծված շոկի հետեւանքն է։ Հասարակությունը լավ լուծումներ չի տեսնում եւ անտարբեր է։ Պետք է այդ վիճակը փոխվի, եւ պետք է փոխվի քաղաքականպես ավելի ակտիվ շերտի միջոցով։ Այդ շերտերն իրենք պետք է կոնսոլիդացվեն, ձեւավորվեն՝ որպես լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժեր։ Եվ միայն այդ դեպքում հասարակությունը կարող է դուրս գալ անտարբերությունից։ Թե ինչու չեն միավորվում՝ դժվար է ասելը։ Այս հարցի պատասխանը պետք է Հայաստանի ներսում փնտրել եւ հաղթահարել անորոշությունը։

Թագուհի Հակոբյան

Հարցազրույցը՝ lragrogh.com կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *