Էկարտի մասին տեղեկություններ է հայտնում նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանը։ Նա պատմում է, որ մոտ 6 տարի Թավրիզում փաստաբանությամբ էր զբաղվում։
Անտոն Մարակուտիի մտքով անգամ չէր անցնում, որ հայ հետախույզները վաղուց արդեն վերծանում են ադրբեջանական հեռագրերը եւ տեղյակ են Հայաստան այցելելու իր մտադրությանը։
Նրա այցելությունն աննկատ չէր լինելու, եւ հավանաբար ավստրիացի սպան շատ էր զարմացել, երբ Երեւան-Ալեքսանդրապոլ գնացքում հայ միլիցիոներները նրան ձերբակալել էին ու առգրավել ուղեբեռը՝ տարբեր մարդկանց հասցեագրված նամակներ, քարտեզներ եւ 7000 ռուբլի՝ Նիկոլայի թղթադրամներով։
Լրտեսական այս պատմությունը վաղուց էր սկսվել. տեւական ժամանակ հայերը կարողանում էին վերծանել ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչի ծածկագրված հեռագրերը, որոնցից մեկը՝ թիվ 120-ը, վերաբերում էր հենց Անտոն Մարակուտիին, որի այցելության մասին տեղեկացնում էր Թիֆլիսում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի տեղակալ Վեքիլովը.
«Երեւան, Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Հախվերդովին (Թիֆլիսից)
Մոտ օրերս Երեւան է գալիս ավստրիական կապիտան, թնդանոթաձիգ Անտոն Մարակուտին։ Նա մտադիր է անցնել Խալիլ բեյի բանակը։ Աջակցություն ցույց տվեք նրան, եթե անհրաժեշտ կհամարեք։ N120, 5 դեկտեմբերի, 1919թ.» (Գաղտնի փաստաթղթերը. Ադրբեջանի դավադրական գործունեությունից մի էջ, Երեւան, 1920թ.։ Գլխավոր շտաբի տպարան, էջ 45-46)։
Դատավարությունը
Անտոն Մարակուտին ծնվել էր Ավստրո-Հունգարիայի Շտիրիա հերցոգությունում 1887թ.։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ծառայել էր նախ՝ հետեւակային զորամասում, ապա՝ դարձել հրետանավոր, իսկ վերջում՝ դիտորդ-օդաչու։ Պատերազմի վերջին ամիսներին Մարակուտին տեղափոխվել էր Թիֆլիս՝ ավստրիական զինվորական առաքելության կազմում ծառայելու։
Մարակուտիին ձերբակալելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 19-ին, Երեւանի քաղաքային դումայի շենքում սկսվում է դռնբաց դատավարությունը։
Պատերազմի ավարտից հետո իր գործունեության մասին մեղադրյալը հայտնում է, որ որոշել էր մնալ Կովկասում եւ զբաղվել առեւտրով. իր հայրենիքում հեղափոխություն էր սկսվել, եւ իր վերադարձը վտանգավոր էր։ Հենց առեւտուր անելու նպատակով էլ նա պատրաստվում էր Հայաստանից անցնել Նախիջեւան, ապա՝ Պարսկաստան՝ ծանոթների մոտ։ Այդ նպատակով նա հանդիպել էր Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին՝ խնդրելով աջակցել։
Ձերբակալման պահին Մարակուտին ուներ նաեւ ռազմատեղագրական 5 քարտեզ՝ Մերձավոր Արեւելքի (1։200 մասշտաբի), Արեւմտյան Պարսկաստանի (1։50 մասշտաբի), Կովկասի եւ Թուրքեստանի (1։100 մասշտաբի), հարավարեւմտյան Ասիայի եւ Հայաստանի՝ Սեւանա լճի եւ հարակից շրջանների (1։20 մասշտաբի)։ Դատախազ Լազարեւի հարցին, թե ինչո՞ւ էր հետը վերցրել քարտեզները, Մարակուտին ասել էր՝ ճանապարհին չմոլորվելու համար։ Բացի այդ, քարտեզներում նշված էին մի շարք բնակավայրեր, որոնք առնչություն չունեին Մարակուտիի երթուղու հետ, ինչի վերաբերյալ ավստրիացի սպան պարզաբանել էր, թե այդ նշումները վաղուց է արել։ Իր ելույթում դատախազ Լազարեւը նշել էր, որ թեեւ ոչ բոլոր քարտեզներն են ռազմատեղագրական, սակայն սովորական ճանապարհորդը դրանց կարիքը չուներ։
«Բոլոր քարտեզները վերաբերում են Հայաստանի այն շրջաններին, որտեղ հակապետական շարժումներ են սկսվել։ Գյոկչայի շրջանի ռազմատեղագրական քարտեզը կարեւոր նշանակություն ունի Խալիլ բեյի համար։ Ես դատարանի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ քարտեզների վրա կան մեղադրյալի ճամփորդության հետ առնչություն չունեցող նշումներ»,- ասում է դատախազ Լազարեւը։
Ուր էր գնում Մարակուտին
Ըստ մեղադրյալի՝ նա առեւտրական գործերով ցանկանում էր անցնել Նախիջեւան, ապա՝ Պարսկաստան։ Դատարանն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Հայաստան անցնելիս Մարակուտիի մոտ չի եղել որեւէ ապրանք, որը նա կարող էր փոխանակել կամ վաճառել։ Սպան մեկնաբանում էր, թե իր այս այցելության նպատակն էր ծանոթանալ Պարսկաստանում եղած գործարար հնարավորություններին։ Նա ասել էր, որ Պարսկաստանում ցանկանում էր շուկաներ գտնել մանգաղի եւ գերանդու համար, որոնք արտադրվում էին իր քեռու գործարանում։ Իր ծանոթներից մեկը՝ ինժեներ Էկարտը, հայտնել էր, թե այդ ապրանքի մեծ պահանջարկ կա Պարսկաստանում։ Սրանով էր նաեւ Մարակուտին բացատրում ընդամենը 7 000 ռուբլի գումար ունենալը՝ ասելով, թե դա բավարար չէր առեւտուր սկսելու համար։
Թավրիզում Մարակուտին պետք է ապրեր ինժեներ Էկարտի բնակարանում, որին ինքը ճանաչում էր Պարսկաստանում աշխատած ժամանակից։ Դատարանում այս հարցի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հայտնում հակահետախուզության կապիտան Մուրադյանը։ Նա պատմում է, որ 1915թ. ռուսական հրաձգային ստորաբաժանումներից մեկի կազմում մտել է Թավրիզ։
«Գերմանական բոլոր լրտեսները փախել էին, սակայն ռուսական հակահետախուզությունը հայտնաբերում է լրտեսների ցանկը, որոնց թվում էր եւ ինժեներ Էկարտը, ինչպես նաեւ գերմանական գվարդիայի սպա Էլմանը։ Թավրիզում եղած ժամանակ ես հաճախ այցելում էի Ամերիկյան միսիա, որի պաշտոնյաների հետ մտերիմ հարաբերություններ ունեի։ Այնտեղ ծանոթացել էի ապաստանած մի տիկնոջ հետ, որը, ինչպես պարզվեց հետագայում, Էլմանի կինն էր։ Ես հավաստի տեղեկություններ ստացա տիկնոջից, որ Էկարտը լրտես է եւ ռուսների գալուց առաջ թաքնվել է»,- դատարանում ասել էր Մուրադյանը։
Մարակուտին հայտարարում է, որ ինքը երբեւէ չի լսել կապիտան Մուրադյանի հայտնած տեղեկությունները, իսկ Էկարտը երբեւէ չի խոսել դրա մասին։
Էկարտի մասին տեղեկություններ է հայտնում նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանը։ Նա պատմում է, որ մոտ 6 տարի Թավրիզում փաստաբանությամբ էր զբաղվում։ «Շուկայի տաղավարներից մեկի վրա ամրացված էր ինժեներ Էկարտի ընկերության վահանակը։ Որքան ինձ հայտնի է, նա առեւտրով չէր զբաղվում։ Գերմանական հյուպատոսի ձերբակալությունից եւ արտաքսումից հետո Էկարտը թաքնվեց, եւ ռուսական զորքերի գտնվելու ողջ ընթացքում հորիզոնում չէր երեւում։ Երբ թուրքերը գրավեցին Թավրիզը, Էկարտը հայտնվեց. պարզվեց, որ նա թաքնվել էր պարսիկների մոտ։ Էկարտը մեծ դեր ուներ թուրքերի համար. Թավրիզում նա հայտնի էր որպես Կենտրոնական պետությունների գործակալ եւ Դաշնակիցների դեմ քարոզչություն էր իրականացնում»,- վկայել էր Տեր-Հակոբյանը։
Տարականովը
Ձերբակալության պահին Մարակուտիի մոտ հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Մելիք-Շահնազարովին եւ բանակի մատակարարման գլխավոր վարչության աշխատակից Տարականովին հասցեագրված նամակներ։ Առաջինում ոմն Դրեյերը խնդրում էր Երեւանում եղած ժամանակ հյուրընկալել Մարակուտիին։ Երկրորդը, ըստ քննության եզրակացության, անձնական բնույթի էր եւ գործին չէր առնչվում։ Քննության ընթացքում նամակների հասցեատերերը հայտարարել էին, որ Մարակուտիին չեն ճանաչում։ Պատմաբան Վանիկ Վիրաբյանը գրում է, որ Իվան Տարականովը, այնուամենայնիվ, լրտեսությամբ զբաղվում էր, որը մի քանի ամիս անց բացահայտում է հայկական հակահետախուզությունը։ «1920 թ. մարտի 4-ին, Մարակուտիի գործին զուգահեռ, Երեւանի քաղաքային ինքնավարության դահլիճում տեղի ունեցավ Ռուսաստանի Օռլովի նահանգի Վոլխով քաղաքի բնակիչ, Ռուսաստանի քաղաքացի, Հայաստանի Հանրապետության զինվորական գլխավոր հայթայթիչ գրասենյակի նախկին վարիչ Իվան Ալեքսեեւիչ Տարականովի (կամ Տարականովիչի) դատը: Տարականովը մեղադրվեց դավաճանության եւ զինվորական գաղտնիքները թշնամուն հայտնելու մեջ» (Վանիկ Վիրաբյան, «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը եւ գործունեությունը 1918-1920թթ.», Երեւան, 2015թ., էջ 248)։
Դատավճիռը
Վերջին խոսքում Մարակուտին ասում է, որ հայտնվել է «Ադրբեջանի քաղաքական ինտրիգների թակարդում», ոչինչ չի իմացել, հակառակ դեպքում իրեն այսպիսի վտանգի չէր ենթարկի։ «Եթե ես ուզենայի այսպիսի գործերով զբաղվել, ապա ում ասես կծառայեի, բայց ոչ՝ մուսուլմաններին։ Պատերազմի ընթացքում ես լավ եմ ճանաչել նրանց։ Կրկնում եմ՝ գնում էի Թավրիզ առեւտրական գործերով։ Հայաստանի դեմ ոչինչ չունեմ։ Խնդրում եմ հավատալ իմ խոսքերի անկեղծությանը եւ արդարացնել ինձ»,- ասել էր նա։
Զինվորական դատարանը մեղավոր է ճանաչում Անտոն Մարակուտիին եւ դատապարտում 15 տարվա տաժանակրության։ 1920թ. հունվարի սկզբին Մարակուտին ներման խնդրանքով դիմում է Հայաստանի խորհրդարանին, սակայն լրտեսական գործունեության անհերքելի ապացույցների հիման վրա խորհրդարանը նրա խնդրանքին չի ընդառաջում։
Մարակուտիի դատապարտումից հետո Երեւանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնակատար Միրբաբաեւը անմիջապես հաղորդում է Բաքու՝ հայտնելով ավստրիացի սպայի ձերբակալության եւ հայերի կողմից ծածկագրերի վերծանման մասին:
Մարակուտին բանտում մնում է մինչեւ 1920թ. նոյեմբերի վերջը։ Ինչպես գրում է Վանիկ Վիրաբյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Սիմոն Վրացյանը 1920թ. նոյեմբերի 27-ին գրում էր, որ «իր ժամանակին այդ գործընթացն ունեցել է ցանկալի նշանակությունը եւ ըստ այդմ Մարակուտիի բանտում մնալը այլեւս անհրաժեշտություն չէ, եւ առաջարկում էր ներում շնորհել նրան՝ աքսորելով Հայաստանի սահմաններից դուրս», ինչն էլ տեղի է ունենում 1921թ. փետրվարյան ապստամբության օրերին. Մարակուտին Վրացյանի հանձնարարականով անցնում է Թուրքիա, ապա՝ Եվրոպա։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են փաստաթղթեր Հայաստանի Ազգային արխիվից: