Ազատ բեմ

Դաշնակցության Առաջացման Պատմական Պայմանները Եւ Նրա Բնութագիրը. Գարեգին Նժդեհ

Մաս Ա

Անհնարին է զուգահեռներ անցկացնել Դաշնակցության սկզբնական եւ այժմյան ղեկավարների, այն ժամանակվա հայդուկների ու հետո եկած մաուզերիստների միջեւ` առանց հիանալու առաջիններով եւ` խորապես նողկալու վերջիններից: Իսկապես, ի՞նչ համեմատություն կարող է լինել Նիկոլ Դումանի եւ ավազակ Դրոյի, լեգենդար Սերոբի ու մորթապաշտ Տեր-Մինասյանի (Ռուբեն փաշա) միջեւ:

1. XIX դարի երկրորդ կեսերին արեւմտահայերն ապրեցին իրենց պատմության առավել տագնապալից ժամանակաշրջանը: Լինելով դատապարտված պարբերաբար ստրկացման, բռնի մահմեդականացման եւ ֆիզիկական ոչնչացման` նրանք վերածվել էին անպաշտպան եւ անօգնական ստրուկների, որոնց հրեշավոր սուլթանականությունը զրկել էր ապրելու տարրական իրավունքներից, ունեցվածքից ու մարդկային արժանապատվությունից:

Եվրոպան ու քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն ոչ մի օգնություն չցուցաբերեցին, այլեւ նույնիսկ հանդես չեկան բարոյական վրդովմունքի սովորական արտահայտություններով:

Այսպիսի քաղաքական իրադրությունում հայերին մնում էր երկուսից մեկը. կա՛մ հարմարվել` գոյատեւելու համար, կա՛մ ապստամբել: Նրանք ընտրեցին վերջին ճանապարհը: Հայերը նույնպես ստիպված եղան գնալ հեղափոխական ուղիով, որով մոտ անցյալում գնացել էին թուրքական լծի դառնությունը ճաշակած բոլոր ժողովուրդները:

Այդ ժամանակահատվածում գերիշխում էր «աշխարհին ղեկավարում է կարծիքը» տեսակետը:

Այդ ժամանակվա Եվրոպան ազատության ձգտող ժողովուրդներից պահանջում էր «հավելյալ արյուն»` միակ ապացույցը նրա, որ տվյալ ժողովուրդն արժանի է ավելի լավ ճակատագրի: Եվ հայ ժողովուրդը կտրեց իր զարկերակը: Սկսվեց հայ ազատագրական շարժումը` որպես պատմական պահի պահանջ:

2. Արեւմտահայերի հեղափոխական շարժմանը շուտով միացավ ռուսահայերի համալսարանական ուսանողությունը: Անցած դարի 90-ական թվականներին առաջացավ Դաշնակցություն կուսակցությունը. այն ստեղծեցին Քրիստափոր Միքայելյանը, Ռոստոմ Զորյանը եւ Սիմոն Զավարյանը: Նրանք սկզբում ուզում էին իրականացնել Դաշնակցության հեղափոխական նախորդների` արմենականների ու հնչակյանների համատեղ գոյակցությունը, որոնց գործունեությունը կրում էր անջատ բնույթ: Նրանք փորձեցին ստեղծել հայ ժողովրդի` գոյություն ունեցող բոլոր ազատագրական ուժերի միություն: Սակայն, դա չհաջողվեց, եւ, այդպիսով, Դաշնակցությունը, փոխարեն դառնալու հայ հեղափոխականների դաշնակցություն (միություն), մնաց որպես հայ հեղափոխական դաշնակցություն:

Իր գոյության սկզբում այս կազմակերպությունը բնույթով առավելապես հեղափոխական, մարտական եւ ազգային էր: Այդպիսին նա մնաց մինչ 1907թ.: Նրա ծրագրային խնդիրները որքան համեստ էին, այնքան եւ հասկանալի` արեւմտահայերի կյանքի, ունեցվածքի ու պատվի ապահովում. այլ կերպ ասած` բարենորոգումներ:

Նա որպես մարտավարական զենք ընդունեց հայդուկային հարձակումները, ահաբեկչությունը եւ քարոզչությունը: Առավել գործող էր նրա ահաբեկչական զենքը: Կարճ ժամանակում նա իր ակտիվում ունեցավ որոշ արգասավոր արդյունքներ. օրինակ` Օտոմանյան բանկի գրավումը Ստամբուլում, Խանասորի արշավանքը, սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը եւ այլն:

«Հայկական պայքարը ցնցել է Եվրոպայի հասարակական կարծիքը»,գրում էին ֆրանսիական թերթերը սուլթանի դեմ մահափորձի առթիվ:

Դաշնակցությունը վճռականորեն հանդես եկավ նաեւ այն օրերին, երբ ցարական կառավարությունը պատրաստվում էր բռնագրավել եկեղեցական ունեցվածքը: Նա փրկիչ դեր խաղաց հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, երբ ցարիզմը ազգամիջյան երկպառակություններ հրահրելով` փորձում էր անդրկովկասյան աշխատավորական զանգվածներին հեռու պահել մոտեցող ռուսական հեղափոխության մասնակցությունից:

Հեղափոխական հայդուկը կոփվեց հեղափոխական պայքարում ու դարձավ անձնվիրության եւ անձնազոհության մարմնավորում: Առաջին շրջանի հայդուկներին կարելի է դնել մեր դասական հայրենասերների կողքին` չմեղանչելով մեր հերոսական անցյալի դեմ:

Ոչ պակաս հեղինակություն էին վայելում հայ մտավորական հեղափոխականները` ժողովրդի վիշտը կիսող նրա զավակները: Նրանց, ինչպես նաեւ հայդուկների համար ազգային գործը սուրբ էր, որին ծառայելը նրանք համարում էին պարտք ու պատիվ:

Իր առաջին շրջանի ժողովրդականության ու հերոսականության համար Դաշնակցությունը պարտական էր հենց այդ երկու կարգի հեղափոխականներին, որոնց առկայությունը պայմանավորված էր Դաշնակցության հիմնադիրների բնութագրերի արտակարգ բարոյականությամբ: Նրանք իրականում մեծություններ էին` հայտնի իրենց կենցաղի համարյա զինվորական խստությամբ, ուղիղ նայում էին վտանգի աչքերին, վայելում անվիճելի հեղինակություն: Նրանց համար գերագույն օրենք էր անձնազոհությունը: Նրանք բոլորն էլ չունեին անձնական կյանք եւ մահացան վտանգներով լի հեղափոխական պայքարի դիրքերում:

Անհնարին է զուգահեռներ անցկացնել Դաշնակցության սկզբնական եւ այժմյան ղեկավարների, այն ժամանակվա հայդուկների ու հետո եկած մաուզերիստների միջեւ` առանց հիանալու առաջիններով եւ` խորապես նողկալու վերջիններից: Իսկապես, ի՞նչ համեմատություն կարող է լինել Նիկոլ Դումանի եւ ավազակ Դրոյի, լեգենդար Սերոբի ու մորթապաշտ Տեր-Մինասյանի (Ռուբեն փաշա) միջեւ:

3. Սակայն, կուսակցության հիմնադիրների մահը եւ բարձրագույն կուսակցական մտավորականության` տեսաբանների ու ղեկավարների ոչնչացումը (հայոց մեծ ողբերգության օրերին` Ստամբուլում եւ Թուրքահայաստանում) հոգեպես գլխատեցին Դաշնակցությանը, որն անճանաչելիության աստիճան այլասերվեց:

Նոր ղեկավարության հոգեւոր աղքատությունը շուտով իր կնիքը դրեց Դաշնակցության դեմքին ու գործունեությանը: Լինելով փոքր տրամաչափի բարոյական մարդիկ` նոր ղեկավարները եղան անարժան ու անհավատարիմ իրենց առաջնորդներին, որոնց համար կյանքի հիմնական սկզբունքը, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ իրենց ապրած օրերին, եղավ գաղափարների սրբությունը, որին նվիրեցին իրենց եւ հենց այդ վեհ գաղափարներով էլ ձեռնամուխ եղան հայ ազատագրական շարժմանը:

Նոր ղեկավարները հեղափոխական շարժումն առաջնորդելու իրենց անկարողությանն ավելացրին նաեւ կեղծ բարեպաշտական (երկերեսանության) հոգեբանությունը, որի հետեւանքով Դաշնակցությունում այլեւս հմուտ ղեկավարություն երեւան չեկավ: Նրա բյուրոն ոչ մի անգամ չկանգնեց պահի բարձունքին: Գաղափարական առաջնորդների գործի շարունակողները դարձան միջակ շեֆերը:

Դաշնակցությունը դարձավ «շեֆական» կուսակցություն, եւ, քանի որ «շեֆականությունը», հայտնի հոգեբանական օրենքների համաձայն, միշտ հանգեցնում է «թայֆականության», դրանով Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարական եւ կազմակերպական միասնությունն ու միաձույլ բնութագիրը: Միասնական Դաշնակցությունը դադարեց գոյություն ունենալ. առաջացան Դաշնակցություններ, տեղի ունեցավ խորը պառակտում:

[շարունակելի]

Նյութի աղբյուրը՝

Աղբյուրը՝ Տեր-Հարությունյան Գ., թարգմանություն ռուսերենից, հունվար, 1947թ, Հայկական ՍՍՀ ՊԱն ներքին բանտ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *