Միակ քաղաքական ու ռազմական ուժը, որի շնորհիվ թուրքերն այսօր ռուսների հետ ձեռք ձեռքի տված չեն գտնվում Երևանի կենտրոնում, դա արևմուտքն է՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։ Այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ-ը որևէ երաշխիք է տրամադրում Հայաստանին, այնքան դատարկ ու անիմաստ է, որ չի դիմանում նույնիսկ պարզ քննադատությանը։ Համոզված եմ, որ Հայաստանն արևմուտքի հետ որոշ պայմանավորվածություններ և երաշխիքներ ստանալուց հետո պետք է իր շարժման վեկտորը փոխի դեպի արևմուտք։
Բագրատ Առաքելյան
Հայաստանը կարող է շրջադարձ կատարել, միայն եթե կարողանա արևմուտքի հետ տնտեսական ու ռազմական երաշխիքների շուրջ պայմանավորվել
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանը (Չեխիա, Պրահա):
– ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ռուսաստանից երես թեքելը ճիշտ չէ, Հայաստանը պարզապես անվտանգության երաշխիքների փնտրտուքի մեջ է։ Ձեր դիտարկմամբ՝ անվտանգային այլ երաշխիքներ կարո՞ղ են լինել, եթե Հայաստանը շարունակի մնալ ՀԱՊԿ անդամ։
-Վերջին տարիների մեր ապրած դառը փորձը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մենք տասնամյակներ շարունակ զբաղվել ենք ինքնախաբեությամբ: Դեռ 19-րդ դարի սկզբում՝ Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից ի վեր, երբ արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, մեր ազգը շարունակաբար հույսեր է փայփայել իբր թե Ռուսատսանը մեր բարեկամն է և իր գործողությունները մեր շահերից են բխում։ Սակայն վերջին 200 տարվա պատմությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը մշտապես Հայաստանը դիտարկել է իբրև իր սեփականություն, որի միջոցով կարող է առևտուր անել՝ սկզբից Օսմանյան կայսրության, հետո նաև Թուրքիայի հետ։ Այդ ամբողջ ժամանակահատվածում մենք միայն տուժել ենք, հողեր կորցրել, մեր զինվորները մասնակցելով ռուսական մի քանի պատերազմներում հսկայական զոհեր են տվել՝ պաշտպանելով միմիայն ռուսական կայսրության շահերը՝ ոչ մի բան դրա դիմաց չստանալով մեր սեփական երկրի ու ազգի համար։
Ցավոք սրտի մեր էլիտաները չեն գիտակցել և կարծում եմ՝ մինչ օրս չեն գիտակցում, որ մենք իբրև ազգ էլի ու էլի կանգնում ենք նույն փոցխի վրա ու վնասում ինքներս մեզ։ Եթե վերցնենք վերջին ժամանակաընթացքը, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, մենք դարձյալ վիզներս ծռած մտանք Կրեմլի ստեղծած տարբեր ռազմական ու քաղաքական միությունների մեջ՝ ինչ-որ օգուտ ակնկալելով։ Արցախյան պատերազմը կարծես թե պետք է վերջ տար այդ ակնկալիքներին, քանի որ ռուսների դավաճանությունն ակնհայտ էր։ Ասեմ ավելին՝ այդ պատերազմը կազմակերպված էր ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից։ Պետք է արձանագրել, որ միակ քաղաքական ու ռազմական ուժը, որի շնորհիվ թուրքերն այսօր ռուսների հետ ձեռք ձեռքի տված չեն գտնվում Երևանի կենտրոնում, դա արևմուտքն է՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։ Այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ-ը որևէ երաշխիք է տրամադրում Հայաստանին, այնքան դատարկ ու անիմաստ է, որ չի դիմանում նույնիսկ պարզ քննադատությանը։ Համոզված եմ, որ Հայաստանն արևմուտքի հետ որոշ պայմանավորվածություններ և երաշխիքներ ստանալուց հետո պետք է իր շարժման վեկտորը փոխի դեպի արևմուտք։։ Դա մեր միակ հնարավորթյունն է պահպանել Հայաստանն իբրև պետություն և հայությունն իբրև ազգ, որը ներկայացնում է այդ պետությունը։Առաջարկվող այլընտրանքները կա՛մ ինքնախաբերություն է,կա՛մ պարզապես դավաճանություն, ազգային շահերի դավաճանություն։
-Կա տեսակետ, որ անվտանգության երաշխավորին փոխելը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ հակամարտության։ Իսկ արդյոք Հայաստանն այսօր այդպիսի մի հակամարտության մեջ չէ։Արցախյան պատերազմից սկսած, Ուկրաինայի դեմ պատերազմից մեկ օր առաջ ՌԴ-Ադրբեջան ստրատեգիական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումը, դրան հաջորդած ռուսական քաղաքականությունը, Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ, արդյոք հենց այն մասին չէ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հակամարտության մեջ է։
–Դուք շատ ճիշտ նշեցիք հարցի մեջ, որ Հայաստանն այսօր գործ ունի Ռուսաստան-Ադրբեջան տանդեմի հետ, որի կորդինացված գործողությունները շատ պարզ կարդացվում են՝ դա և՛ Սյունիքի միջանցքի բացման պահանջն է, որը հնչում է թե՛ Ադրբեջանի և թե՛ Ռուսաստանի կողմից և նաև այդ խնդրի հետ ուղղակիորենն կապված Արցախի շրջափակումը, որը դե ֆակտո սատարվում է ռուսական այսպես կոչված խաղաղապահների կողմից, համենայնդեպս ոչ մի կերպ չի խոչընդոտվում։ Դրա հետ մեկտեղ կարող ենք նաև վերհիշել նաև այն քաղաքական ճնշումը, որը գալիս է Կրեմլից։ Այնպես որ, այո՛ Ռուսաստանի հետ հակամարտությունն այսօր արդեն տեղի է ունենում և, ինչ խոսք, էլ ավելի կզարգանա այն դեպքում, եթե Հայաստանը շրջվի դեպի արևմուտք և փորձի Ռուսաստանի հետ խզել քաղաքական ու ռազմական կապերը։ Բայց ես նախորդ հարցի պատասխանի մեջ նշեցի, որ Հայաստանը կարող է այդ շրջադարձը կատարել միայն այն դեպքում, եթե կարողանա արևմուտքի հետ պայմանավորվել թե՛ տնտեսական և թե՛ ռազմական երաշխիքներ ստանալ։ Նման երաշխիքների պատրաստակամության մասին խոսում են մի քանի փաստեր, որոնք տեղի են ուենցել վերջին ժամանակահատվածում՝ սկսած միջազգային խաղաղապահ ուժեր տրամադրելու առաջարկից, որն արեց արևմուտքը և վերջացրած՝ Նենսլի Փելոսիի այցով, որի ընթացքում հայտարարվեց այն մասին, որ Միացյալ Նահանգները պաշտպանելու է ժողովրդավարությունը Թայվանից մինչև Հայաստան։ Հիշենք նաև, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևի նոր պատերազմի հրահրումները սառեցրեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքերի հեռախոսազանգը։ Ուզում եմ նշել, որ վերը նշված փաստերը միայն այն գործողություններն են, որոնք հայտնի են հանրությանը։ Համոզված եմ, որ այդ ամենի հետևում գոյություն ունեն ավելի լուրջ առաջարկներ, որոնք արևմուտքը պատարստ է ուղղել հայկական կողմին։ Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մենք այսօրվա դրությամբ այլընտրանքներ չունենք։
-Կոնկրետ Արցախի համար անվտանգային այլ երաշխավորներ կարո՞ղ են լինել, որևէ պետություն կհամաձայնի՞ այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնել՝ Ռուսաստանի փոխարեն, թե՞ այս պահին ռուս խաղաղապահներին այլընտրանք չկա․
-Նման երաշխիքների հնարավորություն գոյություն ունի, որովհետև մենք այսօր ոչ մի այլ երաշխիք չունենք։Բոլորս էլ տեսնում ենք, որ այսօր փսևդո խաղաղապահ ուժերը հանձնում են հայկական դիրքերը, թույլ են տալիս Արցախի շրջափակումն ու դե ֆակտո ոչ մի ազդեցություն չունեն Ադրբեջանի վրա։Հիշեցնեմ, որ ռուսական կողմն իր վրա է վերցրել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ու այսօր իր պարտականությունները չի կատարում։ Դրանից բացի՝ այս տարիների ընթացքում մի քանի անգամ Ադրբեջանի կողմից անօրինական դիրքավերափոխում է տեղի ունեցել, ինչին Ռուսաստանը դարձյալ ոչ մի կերպ չի արձագանքել՝ մնալով ուղղակի դիտորդի դերում։ Հարց է առաջանում՝ մենք ընդհանրապես ինչ երաշխիքների մասին ենք խոսսում, եթե իրենք կա՛մ չեն կարողանում կա՛մ պարզապես չեն ուզում կատարել իրենց վրա վերցրած պարտականությունները։ Այդ ամենից ելնելով մեր դիվանագիտական կորպուսը պետք է մեծ աշխատանք տանի արևմտյան երկրների, ավելի՝ կոնկրետ ԱՄՆ-ի հետ, որպեսզի իրենք ճնշում գործադրեն ադրբեջանական կողմի վրա և համոզված եմ այդ ճնշման հետևանքով հնարավոր է Արցախում միջազգային խաղաղապահ ուժեր բերել ու դրանով երկարատև ժամանակահատվածում հանդարտեցնել այդ իրավիճակը, որը հատուկ կերպով հրահրվում է Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից։ Դրանից բացի մենք պետք է գիտակցնեք մի պարզ բան, Ռուսաստանն այսօր պարտություն է կրում Ուկրաինայում ու մոտակա երկու տարվա ընթացքում Աստված գիտի, թե ինչ քաղաքական ցնցումներ կապրի այդ քանդվող կայսրությունը և արդյոք վաղը ստիպված չի լինի զբաղվել միայն իր սեփական հսկայական գեոպոլիտիկ խնդիրներով և ոչ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության մեջ ձուկ որսալով։ Այդ ամենին մենք իբրև պետություն պետք է պատրաստ լինենք ու նոր հնարավորությունների կամուրջ ստեղծենք արդեն այսօր, արդեն հիմա։