Պատմութիւնը կեղծելու եւ սեփական քաղաքական խօսոյթն առաջ մղելու նպատակով երկրների եւ ժողովուրդների միջեւ ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է եւ չի նպաստում ժողովուրդների միջեւ խաղաղութեան եւ փոխըմբռնման ամրապնդմանը:
Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութեան մը միջոցաւ խստօրէն դատապարտեց 8 Ապրիլին, Թրքական մշակոյթի միջազգային կազմակերպութեան անդամ երկիրներու՝ ԵՈՒՆԵՍՔՕի հարցերու ազգային յանձնաժողովներու պատուիրակութեան այցելութիւնը բռնագրաւուած հայկական Շուշի:
«Ակնյայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպէս նաեւ այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացուած (գրաւուած) հայկական Շուշի քաղաքում, միտուած են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի դէմ 2020 թուականին սանձազերծած ագրեսիւ (յարձակողապաշտ) պատերազմի եւ ուժի անօրինական կիրառման արդիւնքների օրինականացմանը: Կրկին ընդգծում ենք, որ Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թէ՛ տարածքային, թէ՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով: ԵՈՒՆԵՍԿՕի հարցերով ազգային յանձնաժողովների այցը Շուշի էլ աւելի սրբապիղծ եւ սադրիչ է թւում՝ հաշուի առնելով Արցախի արդէն 4 ամիս շարունակուող ապօրինի շրջափակումը, Ադրբեջանի զինուած ուժերի վերահսկողութեան տակ անցած տարածքներում, ներառեալ՝ հին հայկական Շուշի քաղաքում հայ ժողովրդի կրօնական, պատմական եւ մշակութային յուշարձանների համակարգուած ոչնչացումն ու դրանց ինքնութեան կեղծումը, ինչպէս նաեւ մշակութային ժառանգութեան օբյեկտների (կարոյցներու) գոյքագրման եւ դրանց վիճակի ուսումնասիրութեան նպատակով Լեռնային Ղարաբաղ ԵՈՒՆԵՍԿՕի գնահատման առաքելութիւն ուղարկելու հարցում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շարունակ յարուցուող խոչընդոտները», կ՛ըսուի Արցախի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութեան մէջ:
Նախարարութիւնը դիտել կու տայ, որ այսպիսի գործողութիւններով, Ատրպէյճանի իշխանութիւնները կը ձգտին ստանալ առանձին պետութիւններու եւ միջազգային կառոյցներու ներկայացուցիչներու լռելեայն համաձայնութիւնը՝ ցեղային զտման իրենց յանցաւոր ծրագիրներուն համար, որոնց նպատակն է հայաթափել Արցախը եւ ջնջել հայկական բազմադարեայ ներկայութեան հետքերը:
«Պատմութիւնը կեղծելու եւ սեփական քաղաքական խօսոյթն առաջ մղելու նպատակով երկրների եւ ժողովուրդների միջեւ ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է եւ չի նպաստում ժողովուրդների միջեւ խաղաղութեան եւ փոխըմբռնման ամրապնդմանը: Այս կապակցութեամբ եւս մէկ անգամ յիշեցնում ենք, որ Արցախում, այդ թւում՝ օկուպացուած հայկական Շուշիում, եկեղեցիների եւ այլ մշակութային եւ կրօնական յուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակուող վանդալիզմի եւ պղծման դէպքերը հանդիսանում են միջազգային իրաւունքի, ինչպէս նաեւ ՄԱԿի Միջազգային դատարանի 2021 թուականի Դեկտեմբերի 7ի միջանկեալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ», կ՛ըսուի վերոնշեալ յայտարարութեան մէջ:
Հոդվածը՝ Asbarez.am կայքից։