ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանն Ու Սփյուռքը Նոր Մակարդակի, Որակի Ու Ձևի Հարաբերությունների Կարիք Ունեն

Ասում ենք, որ Սփյուռքը պարտավոր է, այո պարտավոր է, բայց իրավունքների պահով էլ պետք է հասկանանք, թե ինչպես է հավասարակշռվելու իրավունքի և պատասխանատվության հարցը:

Վիգեն Հովսեփյան

1inAM-ը զրուցել է քաղաքագիտության դոկտոր, Լոս-Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ:

Զրույցն ընթացել է Սփյուռքի ներքին խնդիրների, կազմակերպչական աշխատանքների, ՀՀ հետ հարաբերությունների, Արցախի շուրջը ստեղծված իրավիճակի և հնարավոր լուծումների մասին:

Վիգեն Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ Ամերիկայի հայ համայնքը և մասնավորապես Լոս-Անջելեսի հայությունն ինքն իրենով մի փոքրիկ Հայաստան է: Հստակ տվյալներ չկան, թե կոնկրետ քանի հայ կա, բայց միլիոնից ավել է: Եվ գլխավոր խնդիրը քանակը որակ դարձնելն է: Կարևոր է հասկանալ, թե ինչպես օգտագործել հայ համայնքի որակական հատկանիշները, ինչպես ավելի ճիշտ օգտագործել հայ համայնքի ողջ ներուժը: Այդ հարցն առավել կարևոր է, քանի որ հայ համայնքն իհարկե մտահոգվաված է և՛ Հայաստանով, և՛ Արցախով, այնպես, որ վերը թվարկված խնդիրը հասկանալի խիստ անհրաժեշտ է: Բացի դրանից պետք է հասկանալ, թե ինչ ձևաչափով պիտի Հայաստանի հետ հարաբերակցվի Սփյուռքը: Իսկ դրանից առաջ, թե ինչպես և ինչ սկզբունքով պիտի Սփյուռքում ներկազմակերպական աշխատանքներ տարվեն: Սփյուռքը պիտի նպատակի շուրջ համախմբվի, թե Սփյուռքի որևէ կառույցի/կառույցների: Հայ համայնքի մոտ 80 տոկոսը կառույցներում որևէ դերակատարություն չունի: Լավ է, եթե գոնե կազմակերպված կերպով երբեմն եկեղեցի գնան, կապ պահեն միմյանց և համայնքի հետ: Մեծ թվով լավ զարգացած և մեծ ներուժ ունեցող հայ երիտասարդություն կա, բայց նրանք ներառված չեն կառույցներում ու կառույցի աշխատանքներում:

Խոսելով այն մասին, թե երբևէ եղել են սփյուռքյան միավորված կառույցներ, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ կառույց ստեղծելն ինքն իրենով բարդ չէ, բայց երբ որևէ կառույց սկսում է գործադիր դերակատարում ունենալ, ապա սկսվում են շահերի բախումներ,  խնդիրներ: Նա նշեց, որ իրենց կողմից հիմնադրված Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդը նպատակ է ունեցել հենց սկզբից լինելու հարթակ, որը հնարավորություն է տալիս մյուս կառույցներին իրար հետ խոսելու, ծանոթանալու, հարաբերություններ հաստատելու: Միայն 44-օրյա պատերազմի օրերին այդ կառույցը իր վրա վերցրեց մեծ երթ-միտինգ կազմակերպելու գործը: Հարաբերությունների ձևաչափ չկա համայնքում: Անընդհատ որևէ նոր կառույց է ստեղծվում, որոնք ունեն բավական լավ ու կարևոր նպատակներ, ծրագրեր, բայց դրանց մեծ մասը մեկ երկու միջոցառումից և մի քանի ամիս գործելուց հետո անհետանում են: Անշուշտ կան նաև այնպիսինները, որոնք կարողանում են հաղթահարել առաջին դժվար փուլերը, բայց նրանք էլ մշտական խնդիրների առաջ են  կանգնած: Օրինակ կան ռազմաարդյունաբերական աշխատանք կատարող խմբեր, որոնք ցանկանում են հարաբերություններ հաստատել ՀՀ հետ, և միանգամից շահերի բախում է տեղի ունենում: Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են: Այսինքն ընդհանուր հասկանալու և հարաբերվելու, ձևաչափ ունենալու հարցի կենսական անհրաժեշտություն կա:

Վիգեն Հովսեփյանն ընդգծեց, որ մենք շատ ենք սիրում համեմատվել հրեաների հատ, բայց այդ համեմատության ընթացքում բազմաթիվ երևույթներ բաց ենք թողնում: Հրեաներն իրենք իրենց ներսում շատ հարցեր արդեն իսկ լուծել են: Օրինակ լեզվական հարցով նրանք չունեն այն խնդիրները, ինչ որ մենք: Լեզուն մենք ընկալում ենք որպես ինքնության կարևորագույն հարց, իսկ հրեաները լեզվական հարց չունեն: Նրանց պարագայում ինքնության գիտակցումն ավելի կապված է հրեականություն որպես կրոն, կրոնական ինքնություն ընկալելու հետ: Ու եթե համեմատության մեջ են դրվում հայ ու հրեա ազգությունները, ապա, երբ հրեաների պարագայում լեզվականը չունի այն դերը, ինչ հայոց լեզուն հայերի համար, փորձենք պատկերացնել մի իրավիճակ, երբ հայերենով որևէ միջոցառում է տեղի ունենում: Ինչպե՞ս են հաղորդակցվելու և ներառվելու այդ ամենին հայ երիտասարդները, որոնք հայերեն չգիտեն կամ չգիտեն այնպես, ինչպես ավագ սերունդը: Նրանք դո՞ւրս են մնալու գործընթացներից: Որովհետև, եթե միջոցառումն անցկացվի անգլերեն, որ բոլորին հասկանալի լինի, ապա կառաջանա մեղադրանք՝ միջոցառումն ապազգայնացնելու և լեզուն մոռացության մատնելու համար:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայ լինելն անիմաստ չէ առանց Հայաստանի գոյության, քաղաքագետը նկատեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում Հայաստանի գոյություն ունենալ-չունենալը: Հայ ժողովուրդը երկար դարեր անկախ պետականություն չի ունեցել, բայց չի կործանվել, իր ինքնությունը չի կորցրել, մշակույթը չի խեղել: Հայը եղել է և չի մարելու: Բայց բնականաբար պետականությունը գերկարևոր է, քննարկման ոչ ենթակա իրողություն: Հայաստան պետությունը մեր արժեքն է, մեր կիզակետը: Ու հենց այդ կիզակետ լինելու հանգամանքն էլ իր հերթին որոշ հարցեր է առաջ բերում: Մասնավորապես Սփյուռքի ներգրավածության և մասնակության հարցով: Արդյո՞ք ճիշտ է այն, որ Սփյուռքը մասնակցի Հայաստան պետության խնդիրների լուծմանը, անի ներդրումներ, ծառայություն, ունենա պատասխանատվություն և չունենա իրավունքներ: Օրինակ, երբ մարդը որևէ երկրի քաղաքացի է, նա այդ երկրի հանդեպ ունի պարտականություններ, բայց նաև այդ երկրում ունի իրավունքներ: Հայաստան պետության հանդեպ բոլոր հայերն ունեն պատասխանատվություն և պարտականություն, այդ չի քննարկվում, բայց որքանո՞վ է ճիշտ մասնակցության ոչ մի իրավունք չունենալը: Ասում ենք, որ Սփյուռքը պարտավոր է, այո պարտավոր է, բայց իրավունքների պահով էլ պետք է հասկանանք, թե ինչպես է հավասարակշռվելու իրավունքի և պատասխանատվության հարցը:

Հաղորդավար Դավիթ Գրիգորյանը հարց առաջ քաշեց, որ գուցե այդ հարցի լուծման համար նպաստավոր կլինի կազմել մի կառույց, որն իր մեջ կներառի Սփյուռքի բոլոր համայնքների ներկայացուցիչներին: Այդ կառույցը Հայաստանում հանդես գա որպես քաղաքական կուսակցություն և մասնակցի ընտրություններին, առաջադրի ու առաջարկի իր թեկնածուներին և ծրագրերը: Այդպիսով և՛ մասնակցել, և՛ ուժ ունենալ:

Վիգեն Հովսեփյանն ասաց, որ նման տարբերակը ևս կարելի է քննարկել, դա ևս մեկ տարբերակ է եղածներից: Նա վերհիշեց, որ մինչև 2015թ. օրենքը թույլ էր տալիս օրինակ նախարար ունենալ սփյուռքահայերից՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Այսինքն երկքաղաքացի պաշտոնյան հնարավոր էր: Խոսք չկա օրինակ պաշտպանության նախարարի կամ նախագահի պաշտոնների մասին, բայց գոնե կրթության ու գիտության ոլորտում կարելի է փոխնախարար ունենալ: Մի՞թե վատ կլինի եթե Սփյուռքի առջև բացվեն որոշ հնարավորություններ, թեկուզ և այդ պաշտոնները լինեն ոչ թե ընտրովի, այլ նշանակովի: Այդ հարցերին կատարյալ պատասխաններ չկան: Սփյուռքում բավական մեծ ներուժ ունեցող երիտասարդություն կա: Իսկ եթե այդ երիտասարդությունը չի ցանկանում հրաժարվել երկքաղաքացիությունից և գալ մշտապես բնակվել Հայաստանում, ապա ինչպե՞ս է նա մասնկից դառնալու Հայաստանի խնդիրների լուծմանը:

Այն դիտարկմանը, թե Սփյուռքը գուցե չսպասի, որ Հայաստանն իրեն պաշտոն առաջարկի, այլ ինքը գա Հայաստան, ներկայացնի ծրագիր, ցույց տա, որ ինքն ամենալավն է, ունենա մեծամասնություն և իրականացնի իր ծրագրերը՝ միաժամանակ ունենալով և՛ լծակներ, և՛ ուժ, և՛ իրավունք, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ դա անհնար չէ, բայց այդ դեպքում խոսքը գնում է երկարաժամկետ ծրագրի մասին, ինչը ևս մինչ իրականություն դառնալը մեծ խնդիրներ ունի լուծելու: Մինչդեռ պետք է մտածել նաև կարճաժամկետ ծրագերի մասին: Սփյուռքում բազմաթիվ բանիմաց մասնագետներ կան, ովքեր պատրաստ են իրենց կյանքից մի քանի տարի նվիրել Հայաստանին, գալ ու աշխատել, սովորեցնել: Խոսքը գնում է ոչ թե իրավունքներ վերցնելու, այլ հնարավորություն ստանալու մասին: Կարևոր է ոչ թե պաշտոնը, այլ այն, որ Սփյուռքը տեսնի, որ իր նկատմամբ վերաբերմունք կա:

Վիգեն Հովսեփյանը խոսեց նաև ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման և դրան հաջորդած գործընթացների մասին: Նա նշեց, որ առաջ դասական Սփյուռքը իր առաջ նպատակ ուներ Ցեղասպանության ճանաչմանը հասնելու: Դա դասական Սփյուռքի ինքնության համար կարևոր գծերից մեկն էր: Բնականաբար այդ ճանաչումը միանգամից չունեցավ այն ազդեցությունը և չէր էլ կարող ունենալ, որ ֆանտաստիկ մակարդակում ընդգծվում էր, որ եթե ԱՄՆ-ը ճանաչեց, ապա Վիլսոնյան Հայաստանն իրականություն է դառնալու: Կարևորը Թուրքիայի ճանաչումն ու փոխհատուցումն է: Իսկ ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումից անցել է երկու տարի: Այդ ընթացքում չէր կարող կտրուկ և տեսանելի փոփոխություններ տեղի ունենալ: Հարկավոր է պատրաստ լինել հաջորդ փուլերին: Հասկանալ, թե որն է լինելու հաջորդ քայլը: Սփյուռքը հայեցակարգի կարիք ունի: Իհարկե կան կազմակերպություններ, որոնք որոշակի աշխատանք են տանում, հենց հիմա էլ ներգրաված են գործընթացների մեջ, բայց դժվար է հաստակ ասել, թե ինչ վիճակում է գտնվում այդ ընթացքը: Անորոշությունն ու խնդիրները շատ են: Հայեցակարգ ու հստակ ծրագիր չկա: Լինի էլ, ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է իրականացնելու, ո՞վ է վերահսկելու:  Կա նաև Հայաստանի հետ կապվածության խնդիր: Օրինակ՝ տարիներ առաջ Սփյուռքի 80 տոկոսը Արցախի տեղը քարտեզի վրա չգիտեր, իսկ հիմա 80 տոկոսը ոչ միայն շատ լավ գիտե Արցախի խնդիրները, այլև մասնակցում է այդ գործընթացներին, պատրաստ է գնալ ու պայքարել, մարտնչել ու նույնիսկ զոհվել հանուն Արցախի: Մտահոգված են նաև Հայաստանով ու Հայաստանի անվտանգության խնդրով: Բայց մենք որպես ազգ չենք կարողացել համընդհանուր մոտեցում ձևավորել, չենք կարողացել այդ խնդիրներին պատասխաններ տալ:

Այնուհետև, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դրան ուղղղված գործընթացներին, Վիգեն Հովսեփյանը, պատասխանելով նաև Սերժ Սարգսյանի ժամանակ սկսված ֆուտբոլային դիվանագիտությանը, ասաց, որ սկզբունքորեն ոչ թե դեմ է Հայաստան-Թուրքիա պետական հարաբերություններին այլ այն նախապայմաններին, որ առաջադրվել էր Թուրքիայի կողմից: Այդ նախապայմաններն անընդունելի էին: Հատկապես Սփյուռքը չէր կարող չնկատել Ցեղասպանությանն առնչվող թեմային առնչվող թուրքական նախապայմանները: Հնարավոր չէր Ցեղասպանությունը կասկածի տակ դնել: Հնարավոր չէր թույլ տալ, որ ինչ որ հանձնաժողով գա և սկսի քննել, թե արդյո՞ք ցեղասպանություն տեղի է ունեցել թե ոչ:  Հարաբերությունների լավացում, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ: Իսկ եթե փորձենք համեմատել այսօրվա հետ, նաև պիտի փորձենք հասկանալ, թե այն ժամանկ ինչու սկսվեց հարաբերությունների լավացման գործընթացը: Արդյո՞ք այն ժամանակ կարն նունպիսի ուժեղ ճնշում Հայաստանի վրա, ինչպես որ հիմա է: Շփվել-չշփվելու հարց չկա: Պետք է հասկանալ, թե այդ շփումն ինչպես է ազդելու, ինչ ռիսկեր կան: Օրինակ Թուրքիայի պարագայում պիտի հասկանանք, թե ինչպես կազդի այդ հարաբերությունները Հայաստանի տնտեսության և մասնավորապես գյուղատնտեսության վրա: Հայտնի է, որ Թուրքիան շատ ուժեղ և մրցունակ գյուղատնտեսություն ունի: Հենց այդ ուժեղ գյուղատնտեսությունից էլ վախենում է Եվրոպան ու թույլ չի տալիս, որ Թուրքիան մտնի Եվրամիություն, որովհետև եվրոպական երկրները լուրջ մրցակից կունենան, որը կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել նրանց համար: ՀՅԴ-ն դեռևս 2009թ. բավական ծավալուն ուսումնասիրություն-աշխատանք էր ներկայացրել այդ մասին, բայց արդեն երկար ժամանակ է անցել: Շատ բան է փոխվել ու պետք է հաշվի առնել տեղի ունեցած փոփոխությունները, ռիսկերի վերաձևումները և այլն: 

Վիգեն Հովսեփյանը նաև անդրադարձավ Արցախի հարցին: Հատապես, թե Սփյուռքն ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը, ինչ ակնկալիքներ կան: Նա նշեց, որ խոշոր հաշվով իմաստ չունի ետ նայել ու քննարկել,թե անցյալում ինչ իրավիճակ էր: Հիմա իրավիճակն ուրիշ է: Երանի մենք տասը տարի առաջ կարողանայինք հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու: Այդ ժամանակ հավանաբար ինչ որ բան կձեռնարկեինք, կհամախմբեինք: Որովհետև ընդամենը տասը տարի առաջ աշխարհը շատ ուրիշ էր, այսօր հիմնովին փոխվել է ամեն ինչ: Ադրբեջանն այն ժամանակ այդքան հզորացած չէր: Նրանք 20 տարուց ավելի համբերեցին, ծանր գնով հզորացան, Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան ընդհանուր լեզու գտնել սիրիական կոնֆլիկտի հարցով, Արցախն ի՞նչ էր, որ չպայմանավորվեին: Սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմ, մեր դաշնակցի հաշիվները իրար են խառնվել, մտահոգությունները՝ փոխվել: Հայերն այլևս չունեն այն քաշն ու դերը, որ ունեին տասը տարի առաջ: Շատ բան է փոխվել, շատ խնդիրներ են ծանրացել ու առաջացել, որ հարկավոր է հաշվի առնել: Հատկապես Արցախի ապագայի հարցով: Պատերազմն այս պահին մեզ համար շատ ծանր կլինի, չենք կարող ռազմապես մրցակցել: Ուստի միջազգային օրենքում պետք է ինչ որ փրկարար ելքեր գտնել: Օրինակ ոչ միանշանակ ընկալվող «անջատում հանուն փրկության» բանաձևը: Թեկուզ Կոսովոյի օրինակով: Եթե աշխարհը ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա արդեն պիտի ընդունի նաև, որ այդ պետությունը թշնամաբար է տրամադրված իր տարածքի բնակչության մի մասի նկատմամբ, որ ցեղասպանության վտանգ կա, որ հովանավոր պետությունը ցեղասպան է: Այդ ամենը բավարար հիմք է, որ բանաձևը կիրառվի, իսկ դա իրագործելու համար պետք են մեծ չափի միջազգային ճնշումներ և այդ ուղղությամբ տարվող ահռելի շատ աշխատանքներ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *