Հայաստան

Հայրենադարձման Համակարգման Ուղիով

ՀՀ դեսպաններն ու հյուպատոսները պետք է ճանաչեն/հավաքագրեն իրենց տարածաշրջանի ներուժը, շփվեն իրենց շրջանի մշակութային կենտրոնների և գործարարների հետ ու անընդհատ հայրենադարձության կամ Հայաստան այցելության կոչ անեն ու տեղեկացնեն թե հայրենիքը մասնագիտական/ներդրումային ինչ կարիքներ ու հնարավորություններ ունի:

Հարութ Քալաջյան

Մաս տասնմեկերորդ՝ «Մեր Ուղինի» հարցազրույցը հասարակական գործիչ Հարութ Քալաջյանի հետ

Հայաստանը գրավիչ դարձնել ոչ միայն հայի, այլև օտարի համար

1. Պարոն Քալաջյան, Դուք, թեև հիմա բնակվում եք ՀՀ-ում, բայց երկար տարիներ եղել եք նաև Սփյուռքի բնակիչ: Որպես երկարամյա գործիչ, ի՞նչ կարող եք ասել Սփյուռքի և մասնավորապես Սփյուռքի երիտասարդության մասին: 

-Երկար տարիներ ապրել ու գործել եմ Միջին Արևելքում, այնուհետև Կանադայում և հիմա՝ Հայաստանում։ Բավարարաչափ ճանաչում եմ սփյուռքը իր տարբեր ելևէջներով, գաղութային յուրահատկություններով և կարողականություններով։ Այսօր, հետադարձ մտասևեռումով՝ կարող եմ կատարել մի ցավոտ հաստատում, որ հանձնառու եւ որակյալ երիտասարդության թվաքանակը սփյուռքյան հասարակական կառույցներում հասել է չափազանց մտահոգիչ աստիճանների։ Անցյալում ևս եղել են երիտասարդության ներգրավման խնդիրներ, անցյալում ևս Սփյուռքը ազգային հարցերում ինտեգրելու խնդիրներ են գրանցվել, բայց այսօր Սփյուռքը բավական տարակույս վիճակում է, իր պատկերացումները ազգային հարցերի մասին ավելի լղոզված են, իսկ երիտասարդությունն ավելի քիչ ներգրավում և մասնակցություն/տեղեկացվածություն ունի:

2. Ո՞րն եք համարում Ձեր նշած խնդիրների հիմնական պատճառը: Առավելապես երիտասարդության մասնակցության և ներգրավածության հարցերը: Ի՞նչն է նրանց խանգարում կամ հետ պահում ավելի ազգային լինելուց:

– Այդ երևույթի գլխավոր պատճառներից են ուղղորդող/կաղապարված ղեկավարություններն ու կանոնադրությունները, երիտասարդության տագնապների եւ հետաքրքրությունների նկատմամբ մակերեսային մոտեցումները և Հայաստանի իրականության և արժեքներին անտեղյակ կամ ապատեղեկացված լինելը: Նաև պետության հետ գաղութային տրամաբանությամբ առնչվելու իրողությունը։ Այդ ուղղորդվող ղեկավարությունները չեն կարողանում նորմալ, լուրջ և իրական հայեցակարգ մտածել, ինչի կարիքը սփյուռքում շատ կա և արդեն տրամաբանական է, որ նման պայմաններում Սփյուռքի երիտասարդությունն առնչվում է անհասկանալի կանոնադրությունների, անհասկանալի նպատակների ու որ ավելի ցավոտ է՝ ոչ տրամաբանական պահվածքի: Այդ իրավիճակներում չենք կարող մեղադրել երիտասարդությանը, քանի որ վերջինս և՛ այնտեղ կայանալու կարիք ունի, և՛ միաժամանակ լավ հայ մնալու ներքին պահանջ: Բայց երբ դրսում ապրող հայ երիտասարդությունը հայտնվում է նման լղոզված կազմակերպությունների ձեռքում, որոնք դեռևս չեն հասկացել պետության գոյության կարևորությունը և ՀՀ-ին վերաբերվում են այնպես, ինչպես մի գաղթօջախը՝ մյուսին, ապա նրանք կարող են լրիվ տրամաբանորեն սխալ պատկերացումների և թյուրիմացությունների զոհ դառնալ, այդպիսով և՛ թուլացնելով Սփյուռքի կարողունակությունը, և՛ հայությունը: Կարծում եմ, որ նաև ՀՀ կողմից շատ մեծ ջանքեր պետք է ներդրվեն, որպեսզի կարողունակ Սփյուռքահայը զգա հայկական պետության շունչն իր թիկունքին, զգա նրա ներկայությունը:

3. Իսկ ինչպե՞ս է հնարավոր Ձեր նշած հարցերը լուծել, կամ գոնե լուծման հնարավոր տարբերակները մշակել: Միայն Սփյուռքն ինքն իր ուժերով զորո՞ւ է սթափվել, իրականությանը նայել պարզ և հստակ աչքերով: Ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս:

-Այո՛, բավական բարդ իրավիճակ է, բայց ես խորապես հավատում եմ, որ Սփյուռքի Հանձնակատարը կամ Նախարարը պետք է այն բնիկ սփյուռքահայը լինի, որ պետության իմաստի իր ամբողջական ընկալումին առընթեր ունենա նաև սփյուռքի բազմաշերտ ճանաչողությունը եւ գաղութները հայաստանացնելու, համախմբելու և գործընկերության սկզբունքով՝ միաժամանակ թե Հայաստանին և թե Սփյուռքին ծառայեցնելու նպատակադրումով, կրթական, տնտեսական, մշակութային եւ բոլոր մնացյալ ոլորտներում անխտիր։ Ինչպես արդեն նշեցի, այս առումով ՀՀ կողմից շատ լուրջ ջանքեր պիտի ներդրվեն, քանի որ հարցը ոչ թե միայն որևէ տեղային մանր խնդրի է վերաբերվում, այլ հայության, տարբեր երկրներում գտնվող մեծ զանգվածների, որոնք գրեթե մի-մի փոքր Հայաստանի ուժ ունեն: Ցանկալի չէ կորցնել նման ուժը, հատկապես հիմա, երբ Հայաստան պետության խնդիրները քառակի աճել ու ծանրացել են:

4. Այսինքն ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ վերաբերմունքը Սփյուռքի հանդեպ այդ առումով: Որևէ մեկ ընդհանրական ծրագի՞ր, թե ավելի անհատական/տարածքային մոտեցում է պետք:

-Մեկ ընդհանուր ծրագիրը վատ չի հնչում, բայց պետք է հասկանալ, որ Սփյուռքը միատարր մարմին չէ: Սփյուռքը ևս շատ բազմազան է՝ թե՛ իր հնարավորություններով, թե՛ նաև իր տրամադրվածությամբ ու հասկացողությունով: Կարծում եմ, որ ամենից առաջ ՀՀ դեսպաններն ու հյուպատոսները պետք է  ճանաչեն/հավաքագրեն իրենց տարածաշրջանի ներուժը, շփվեն  իրենց շրջանի մշակութային կենտրոնների և գործարարների հետ ու անընդհատ հայրենադարձության կամ Հայաստան այցելության կոչ անեն ու տեղեկացնեն թե հայրենիքը մասնագիտական/ներդրումային ինչ կարիքներ ու հնարավորություններ ունի: Եթե դա իրական դառնա, մենք նախ և առաջ կունենանք լուրջ ուսումնասիրություն/անալիզ, որը մեզ հնարավորություն կտա արդեն պրակտիկ առումով հասկանալ, թե ինչ է ներկայացնում Սփյուռքն իրենից և՛ ընդհանուր, և ռեգիոնալ առումներով: Իսկ երբ մեզ համար պարզ լինի այդ ամենը, շատ ավելի հեշտ և տրամաբանված կլինի աշխատանք սկսել ամեն հայ համայնքի հետ անհատապես՝ այդ ամենը միավորելով Հայրենիք-Սփյուռք մեծ ծրագրում: 

5. Շատ լավ, իսկ եթե փորձենք այդ ամենը փոքր ինչ ավելի գործնական հողի վրա դիտարկել, ապա ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենի արդեն գործընթացային իրավիճակը, հատկապես եթե խոսք է գնում նաև հայրենադարձության անհրաժեշտության մասին:

-Իրականության մեջ հայրենադարձությունը հանգրվանային գործընթաց է՝ 3 հիմնական պատճառներով՝

ա- Այսօրվա պայմաններով, Հայաստանը տնտեսապես ի վիճակի չէ զանգվածային ներգաղթողներին պատշաճորեն ներգրավելու/ամրագրելու։

բ- Թե՛ տեկատվական և թե՛ հոգեբանական իմաստով՝ Սփյուռքը պատրաստ չէ ներգաղթելու գաղափարի իրականացման։ Այստեղ շատ ավելի լուրջ և նուրբ մոտեցում է պետք կիրառել:

գ- Համակարգային տրամաբանությամբ էլ Հայաստանը պատրաստ չէ գոհացում տալու սփյուռքահայ կենցաղային նվազագույն պահանջներին։ Օրինակի համար, միջակ կարգի սփյուրքահայի առաջնահերթություններից  են բնակարանը, առողջապահական ապահովագրությունը և գոնե առաջիկա տարիների ընթացքում նոր միջավայրին ընտելանալու/հարմարվելու օժանդակությունները: Չեմ կարծում, որ ՀՀ Կառավարությունը վերոհիշյալ պահանջներով ի վիճակի է այսօր, Աշտարակի Ակադեմիական Քաղաքի (44 հազար բնակիչ) նման Հայաստանի մարզերից մեկում մեջ սփյուռքահայ մի ավան կառուցել։

Մի խոսքով, հայրենադարձության ծրագրի համար՝ Հայաստանը նախապատրաստական հսկա աշխատանք ունի կատարելու և շատ կարևոր է որ ներգաղթի առաջին հանգրվանը պսակվի փայլուն հաջողությամբ՝ երկրորդի ապահովագրման ակնկալիքով։ Այլապես տեղի կունենա այն, ինչ եղավ ԽՍՀՄ ժամանակ, երբ հազարավոր սփյուռքահայեր եկան Հայկական ԽՍՀ, բայց կարճ ժամանակ անց նրանց մի մեծ մաս հետ վերադարձավ, քանի որ բախվեց վերը նշված խնդիրներին: Այսինքն հայրենադարձությունը չպետք է տեղի ունենա հենց այնպես, գլխաքանակ հաշվելու համար: Եթե մենք կազմակերպված հայրենադարձություն ենք ուզում, ապա պիտի պատրաստ լինենք նաև դրա ծանրության տակ մտնելու: Ու նաև պետք է հասկանալ, որ եկողները օտարներ ու հակառակորդներ չեն, եկողները մեր ազգի մի մասն են, մեր անցյալի տառապանքը կիսողները, մեր եղբայրները: Մոտեցումից շատ բան է կախված:

6. Մենք Սփյուռքի մասին խոսելիս նաև նշում ենք, որ Սփյուռքը դրսում գործելով ևս մեծ ուժ է, որ պետք է գործել այնպես, որ այդ ուժը որևէ կերպ չթուլանա և այստեղ տեղափոխվելով պահպանի իր կարողունակությունը:

-ՀՀ դեսպաները, հյուպատոսներն ու հանձնակատարի անձնակազմը պետք է ձգտեն սփյուռքը դարձնել Հայաստանի Փափուկ Ուժը (Soft Power) ոչ միայն քաջալերելով ու հայ գործարարներ ներգրավելով երկրի տնտեսության մեջ այլ նաև մասնակից դարձնել մանավանդ օտարներին, որոնց գործունեությունը Հայաստանում անվտանգային հզոր ազդակ է հայության համար, որ հզոր տնտեսության կողքին և նոր փոքրամասնություններ ներգրավելով հայրենադարձության գործընթացը հետզհետե կդառնա հեզասահ եւ բնական երևույթ։

7. Իսկ մենք կկարողանա՞նք այդ վիթխարի գործը չտապալել: Հարցը շատ լուրջ է դրված:

 -Հայաստանի իշխանությունները վերջին 2 տասնամյակների ընթացքում հայրենադարձության 2 ոսկե առիթներ բաց թողեցին իրենց անկազմակերպ եւ անլուրջ մոտեցումների հետևանքով՝ դրանք Լիբանանի և Սիրիահայության արտագաղթողներն էին, ովքեր հազարներով նախընտրեցին գնալ արմտյան երկրներ, ուր անմիջապես ստացան սոցիալական, առողջապահական ապահովագրումներ և ֆինանսական ժամանակավոր աջակցություններ։ Մինչդեռ Հայաստանը բացառիկ հնարավորություններ ուներ իրականացնելու այդ ամենը և չկորցնել այդ մարդկանց: Ի՞նչը ստիպեց այդ մարդկանց Հայաստանի փոխարեն մեկնել արևմուտք: Նշածս խնդիրների բաց լինելը, քանի որ ՀՀ բնակչությունն ինքն էլ տառապում էր իշխանությունների անկազմակերպ կառավարման հետևանքով: Բնական է, որ մի դժվարությունից փախչողը չէր ցանկանա գալ և ընկնել նույն խնդրի մեջ: 

8. Դուք նշեցիք, որ հայրենադարձության հետ մեկտեղ նաև պիտի հնարավոր լինի այնպիսի կազմակերպչական գործողություններ անել, որ օտարներին ևս ներգրավենք մեր տնտեսության մեջ՝ այդկերպ նաև հզորացնելով Հայաստանի անվտանգային վահանը:

Միանգամայն ճիշտ է: Հայաստանը պետք է գրավիչ լինի ո՛չ միայն հայերի, այլև օտաերկրացիների համար: Պատկերացրեք, եթե Հայաստանն այնքան կայուն երկիր դառնա, որ օտարները ձգտեն գալ, աշխատել, ներդրումներ կատարել, դա կնշանակի, որ Հայաստանը ոչ միայն հայրենիք է, որ կարելի է սիրել և տառապել, այլև Հայաստանը երկիր է, ուր կարելի է գալ, հարստանալ ու հարստացնել: Երբ օտարը իր կամքով քայլելով գա Հայաստան, հայը վազելով կվերադառնա: Հայաստանը պիտի դառնա երազանքի երկիր, ուր շատերը կձգտեն: Ու եթե ավելի կոնկրետ հարցերով դիտարկենք այդ միտքը, ապա Հայաստանից ներս գործող հայրենադարձության գերատեսչությունը պետք է լինի այնքան մասնագիտացած ու կազմակեպված, որ գոնե առաջին տարվա ընթացքում կարողանա հարենադարձվողին արագորեն մատուցել նախնական այն կարևոր օժանդակությունները, որ կապ ունեն ապաստանային, առողջապահական, կրթական, արևելահայերենի տիրապետման, վարորդական արտոնագրի, աշխատանքի հայթայթման և սոցիալական այլ անմիջական ոլորտների հետ։ Շատ անգամ այս հարցերը մակերեսային են թվում, բայց գրեթե միշտ հենց այս հարցերն են, որոնց օդում առկախ մնալը ամենից բացասական վերաբերմունքն է առաջացնում, իսկ երբ այդ հարցերին պատշաճ մոտեցում ցուցաբերվի, կարող ենք համարել, որ հայրենադարձության խնդրի մեկնարկին, գոնե սկզբունքային առումով պատրաստ ենք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *