Վերջապես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկացությունը կա՞ այդպիսի հասկացություն, թե՞ ոչ, հայ ժողովուրդ կա՞, թե՞ ամբոխ է։
Դավիթ Բաբայան
Պետք է բաց խոսենք, ի վերջո այդ չարաբաստիկ պայմանանագրի երաշխավորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգություն ապահովի. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահi խորհրդական – հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
-Պարոն Բաբայան, չնայած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ երկու ամիս առաջ արած պնդումներին, որ նոյեմբերի 9‑ի համաձայնագրով Արցախում անցակետ նախատեսված չէ տեղադրել, Ադրբեջանն այնտեղ անցակետ է տեղադրել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ռուսական կողմի կարծիքն արհամարհվում է։
-Նախևառաջ նշեմ, որ սա անընդունելի քայլ է Ադրբեջանի կողմից և ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի անցակետ չլինի։ Մենք իսկապես գտնվում ենք մի կարևոր խաչմերուկում, պետք է որոշենք մեր հետագա քայլերը, նաև հետագա պատմությունը՝ ի՞նչ պատմություն է ունենալու Արցախը, հայությունը։ Տարբեր հարցեր կան, որոնց պետք է ազնիվ պատասխաններ տրվեն։ Որևէ մեկից, նույնիսկ Ադրբեջանից չպետք է նեղանանք, որովհետև իրենք իրենց ազգային պետական շահն են առաջ տանում։ Այո՛, դա նացիզմ է, հայատյացություն, բայց իրենք իրենց շահերն են առաջ տանում։
Այս համատեքստում պետք է շատ ազնիվ, կոշտ, բաց քննարկում ունենանք՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, մի շարք այլ երկրների ու կառույցների, ինչպես նաև՝ Երևանի հետ, ներհայկական քննարկում է պետք։ Վերջապես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկացությունը կա՞ այդպիսի հասկացություն, թե՞ ոչ, հայ ժողովուրդ կա՞, թե՞ ամբոխ է։ Պետք է այդ երկրների առաջ համապատասխան հարցադրումներ դնենք, որովհետև այդ բոլոր երկրները համանախագահողներ են։ Այո՛ Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում և ինքն առաջին հերթին պետք է նման բաներ թույլ չտա, բայց ԱՄՆ‑ն ու Ֆրանսիան էլ աշխարհով մեկ ժողովրդավարության ջատագովներ են, իրենք են այդ մասին հայտարարում։ Բոլորին պետք է հարցնենք՝ ի՞նչ եք դուք ուզում Արցախից, ընդունելի՞ է ցեղասպանությունը ձեզ համար, թե՞ ոչ։ Ժողովուրդն էլ պետք է տեսնի ու կողմնորոշվի, ազգովի կողմնորոշման խաչմերուկում ենք։
-Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը կարող է թքած ունենալ ռուսական կողմի միջնորդության վրա և անել այն, ինչ ի՞նքն է ցանկանում, թե՞ Ռուսաստանը գիտի, բայց չունի բավարար ուժ ձայն հանելու համար։
-Այստեղ կա մի նրբություն։ Պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ հզոր պետությունների, կայսրությունների, ուժային կենտրոնների հետ։ Պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք բոլորի նկատմամբ։ Օրինակ՝ ես անթույլատրելի եմ համարում այնպիսի ցիրկն, ինչպիսին է Պուտինին կամ Բայդենին ձերբակալելը։Դա պատվազրկության նման մի բան է, նորմալ ազգ պետք է լինենք։ Հետևաբար պետք է ասենք՝ ի՞նչէ կատարվում, փաստորեն Ադրբեջանը կարողանում է ձեզ հետ այդպե՞ս արվել, թքել այդ պայմանագրի վրա՞, անպատվել Ռուսաստանին, ԱՄՆ‑ն ու Ֆրանսիային՝ որպես համանախագահողներ, գերտերություններ։ Նորմալ զրույց անենք բոլորի հետ, ներհայկական դիսկուրս անենք՝ հասկանանք ինչ ենք կարողանում անել։ Բոլորի համար պետք է պարզ լինի, որ պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումների, բացի մեկից՝ Ադրբեջանի կազմում լինելուց։ Աշխարհն էլ պետք է լավ իմանա՝ ինչն է մեզ համար ընդունելի, ինչը՝ ոչ։
-Պեսկովը նշում է, որ իրավիճակը Ռուսաստանի կողմից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը Ձեր կարծիքով։
-Թող գործադրեն, բայց հարցը պետք է կարգավորվի՝ ի վերջո այդ չարաբաստիկ պայմանագրի երաշխավորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգությունը իրականացնի, Ռուսաստանը՞, ուրեմն Ադրբեջանն իրավունք չունի նման կերպ վարվել։ Հետևաբար պետք է գնանք խոսանք։ Դրա համար եմ ասում՝ անթույլատրելի է ցիրկով, ապուշություններով զբաղվելը, հային ու պետական գործչին ոչ վայել հայտարարություններ անել։ Մենք ծանր վիճակում ենք գտնվում, ցանկացած խոսք, ցանկացած կապիկություն կարող է ճակատագրական լինել։
-Հնարավո՞ր է, որ սա արվում է հենց Ռուսաստանի իմացությամբ ու թողտվությամբ։
–Այդ հարցերի պատասխանը մենք պետք է կարողանանք պարզել, որովհետև ի վերջո՝ աշխարհում միայն Ռուսաստան գոյություն չունի։ Ռուսաստանն էլ իր շահերն ունի, մենք պետք է նայենք՝ մեր շահը որն է։ Նրանք կարող են Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ծաղրել։ Որոշ հայկական ազգանունով մարդիկ, նույնիսկ պատգամավորներ ասում են, թե Ադրբեջանի հետ խնդիր չունեն, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մյուսն էլ այլ գժություն ասում։ Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք ուզում։ Դրա համար էլ նշում եմ՝ խաչմերուկի վրա ենք կանգնած։ Ի վերջո՝ եթե Արցախի հետ մի բան լինի, Աստծո պատժից որևէ մեկը չի խուսափելու, ուզում է գերտերություն լինի կամ պատահական պատգամավոր դարձած մեկը։
Հոդվածը՝ 1in.am կայքից։
