Հայաստան

Ո՞վ Է Ի Վերջո Տեր Կանգնելու

Վերջապես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկացությունը կա՞ այդպիսի հասկացություն, թե՞ ոչ, հայ ժողովուրդ կա՞, թե՞ ամբոխ է։

Դավիթ Բաբայան

Պետք է բաց խոսենք, ի վերջո այդ չարաբաստիկ պայմանանագրի երաշխավորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգություն ապահովի. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի  նախագահi խորհրդական – հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, չնայած ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ երկու ամիս առաջ արած պնդումներին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախում անցակետ նախատեսված չէ տեղադրել, Ադրբեջանն այնտեղ անցակետ է տեղադրել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ռուսական կողմի կարծիքն արհամարհվում է։

-Նախևառաջ նշեմ, որ սա անընդունելի քայլ է Ադրբեջանի կողմից և ամեն ինչ պետք է արվի, որ այդպիսի անցակետ չլինի։ Մենք իսկապես գտնվում ենք մի կարևոր խաչմերուկում, պետք է որոշենք մեր հետագա քայլերը, նաև հետագա պատմությունը՝ ի՞նչ պատմություն է ունենալու Արցախը, հայությունը։ Տարբեր հարցեր կան, որոնց պետք է ազնիվ պատասխաններ տրվեն։ Որևէ մեկից, նույնիսկ Ադրբեջանից չպետք է նեղանանք, որովհետև իրենք իրենց ազգային պետական շահն են առաջ տանում։ Այո՛, դա  նացիզմ է, հայատյացություն, բայց իրենք իրենց շահերն են առաջ տանում։

Այս համատեքստում պետք է շատ ազնիվ, կոշտ, բաց  քննարկում ունենանք՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի, մի շարք  այլ երկրների ու կառույցների, ինչպես նաև՝ Երևանի հետ, ներհայկական քննարկում է պետք։ Վերջապես պետք է տեսնենք՝ հայն ո՞վ է, ի՞նչ է Հայաստան հասկացությունը կա՞ այդպիսի հասկացություն, թե՞ ոչ, հայ ժողովուրդ կա՞, թե՞ ամբոխ է։ Պետք է այդ երկրների առաջ համապատասխան հարցադրումներ դնենք, որովհետև այդ բոլոր երկրները համանախագահողներ են։ Այո՛ Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում և ինքն առաջին հերթին պետք է նման բաներ թույլ չտա, բայց ԱՄՆ-ն ու Ֆրանսիան էլ աշխարհով մեկ ժողովրդավարության ջատագովներ են, իրենք են այդ մասին հայտարարում։ Բոլորին պետք է հարցնենք՝ ի՞նչ եք դուք ուզում Արցախից, ընդունելի՞ է ցեղասպանությունը ձեզ համար, թե՞ ոչ։  Ժողովուրդն էլ պետք է տեսնի ու կողմնորոշվի, ազգովի կողմնորոշման խաչմերուկում ենք։

-Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը կարող է թքած ունենալ ռուսական կողմի միջնորդության վրա և անել այն, ինչ ի՞նքն է ցանկանում, թե՞ Ռուսաստանը գիտի, բայց չունի բավարար ուժ ձայն հանելու համար։

-Այստեղ կա մի նրբություն։ Պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ հզոր պետությունների, կայսրությունների, ուժային կենտրոնների հետ։ Պետք է հավասարակշռված մոտեցում ունենանք  բոլորի նկատմամբ։ Օրինակ՝ ես անթույլատրելի եմ համարում այնպիսի ցիրկն, ինչպիսին է Պուտինին  կամ Բայդենին ձերբակալելը։Դա պատվազրկության նման մի բան է, նորմալ ազգ պետք է լինենք։ Հետևաբար պետք է ասենք՝ ի՞նչէ  կատարվում,  փաստորեն Ադրբեջանը կարողանում է ձեզ հետ այդպե՞ս արվել, թքել այդ պայմանագրի վրա՞, անպատվել Ռուսաստանին, ԱՄՆ-ն ու Ֆրանսիային՝ որպես համանախագահողներ, գերտերություններ։ Նորմալ զրույց անենք բոլորի հետ, ներհայկական դիսկուրս անենք՝ հասկանանք ինչ ենք կարողանում անել։ Բոլորի համար պետք է  պարզ լինի, որ պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր զարգացումների, բացի մեկից՝ Ադրբեջանի կազմում լինելուց։ Աշխարհն էլ պետք է լավ  իմանա՝ ինչն է մեզ համար ընդունելի, ինչը՝ ոչ։

-Պեսկովը նշում է, որ իրավիճակը Ռուսաստանի կողմից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում։ Ինչի՞ մասին է խոսքը Ձեր կարծիքով։

-Թող գործադրեն, բայց հարցը պետք է կարգավորվի՝ ի վերջո այդ չարաբաստիկ պայմանագրի երաշխավորն ո՞վ է, ո՞վ պետք է անվտանգությունը իրականացնի, Ռուսաստանը՞, ուրեմն Ադրբեջանն իրավունք չունի նման կերպ վարվել։ Հետևաբար պետք է գնանք խոսանք։ Դրա համար  եմ ասում՝ անթույլատրելի է ցիրկով, ապուշություններով  զբաղվելը, հային ու պետական  գործչին ոչ վայել հայտարարություններ անել։ Մենք ծանր վիճակում ենք գտնվում, ցանկացած խոսք, ցանկացած կապիկություն կարող է ճակատագրական լինել։

-Հնարավո՞ր է, որ սա արվում է հենց Ռուսաստանի իմացությամբ ու թողտվությամբ։

Այդ հարցերի պատասխանը մենք պետք է կարողանանք պարզել, որովհետև ի վերջո՝ աշխարհում միայն Ռուսաստան գոյություն չունի։ Ռուսաստանն էլ իր շահերն ունի, մենք պետք է նայենք՝ մեր շահը որն է։ Նրանք կարող են Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ծաղրել։ Որոշ հայկական ազգանունով մարդիկ, նույնիսկ պատգամավորներ ասում են, թե Ադրբեջանի հետ խնդիր չունեն, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մյուսն էլ այլ գժություն ասում։ Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք ուզում։ Դրա համար էլ նշում եմ՝ խաչմերուկի վրա ենք  կանգնած։ Ի վերջո՝ եթե Արցախի հետ մի բան լինի, Աստծո պատժից որևէ մեկը չի խուսափելու, ուզում է գերտերություն լինի  կամ պատահական պատգամավոր դարձած մեկը։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *