Մաս առաջին ՝«Մեր Ուղինի» հարցզրույցը ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ.
Պետք է ստեղծել մաքուր պետություն
Յուրաքանչյուր հայ պետք է իր առջև խնդիր դնի ինքն իրեն նորովի հայտնագործել, ինքն իրեն գերազանցել՝ ազատ ու կոնկրետ մտածելակերպ որդեգրելով: Ամենևին չունենալով արտասովոր և անիրատեսական գաղափարներ՝ հայը պետք է ապրի իր աշխարհում և հեռու չմնա աշխարհից։ Որովհետև հայերի վատագույն թշնամին նրանց կործանարար երևակայությունն է։ Նրանք պետք է ապրեն իրական աշխարհում և նախ մտածեն «Մեր տունը» վերակառուցելու մասին՝ նկուղից մինչև ձեղնահարկ։
Կայծ Մինասյան
Մեր Ուղին-ի Չորս Հարցերը
1. Ինչպես կարգավորել Հայաստանի և Արցախի ժողովրդագրական (demographic) խնդիրները։ Ի՞նչ հիմնական
դրսևորումներ ունի այդ խնդիրը և որո՞նք են դրա լուծմանն ուղղված ամենից առաջնային գործողությունները։
Իշխանությունները պետք է ժողովրդագրական նոր քաղաքականություն որդեգրեն, որը հիմնված կլինի պետության համապարփակ զարգացման ռազմավարության վրա։ Առանց համապարփակ զարգացման, ռազմավարության բնակչության աճն անհնարին է, քանի որ վերջինս կարգավորվում է ներգաղթի ճիշտ ռազմավարությամբ՝ բնակարանի և աշխատանքի ապահովմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով, բնակչության գնողունակության պահպանմամբ։ Այսպիսով, առաջին բանը, որ պետք է անել, նշյալ համապարփակ ռազմավարության մշակման համար, պետական մակարդակով աշխատանքային հանձնաժողով ստեղծելն է, որը մեկ տարվա ընթացքում իր հաշվետվությունը կներկայացնի իշխանություններին: Այն պետք է ներառի ազդեցիկ անձանց Հայաստանից (իշխանական մեծամասնությունից և ընդդիմությունից), քաղաքացիական հասարակությունից, ինչպես նաև արտերկրից՝ ծագումով հայերի կամ ոչ հայերի: Մեզ իրական փորձաքննություն է պետք։ Անհրաժեշտ կլինի նորարարություն դրսևորել՝ նպաստելու Մերձավոր Արևելքի (Սիրիա, Լիբանան, Իրաք, Իրան) հայ բնակչության հայրենադարձությանը, որը դժվար իրավիճակում է, ինչպես նաև այնպիսի նոր մոտեցում ցուցաբերել, ինչպիսին է դեպի Հայաստան միգրացիոն քաղաքականության ընդունումը Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար (ասորի-քաղդեացիներ, ղպտիներ և արևելքի այլ քրիստոնյաներ), ինչու չէ՝ նաև Հայաստանի դաշնակից Հնդկաստանի քրիստոնյաների համար։ Երբ այդ միգրացիոն ռազմավարությունը գործի դրվի, այն ժամանակ կխոսենք կոնկրետ ձեռքբերումների մասին։
2. Ինչպե՞ս ամրապնդել Հայաստան/Սփյուռք փոխներգործությունը կազմակերպչականորեն (structurally)։
Ինչի՞ց է պետք սկսել առաջին հերթին:
Կարևոր է ընթանալ երկու ճանապարհով՝ նախ, Հայաստանի Հանրապետության և աշխարհի հայության կապերին նվիրված համաժողով հրավիրել՝ դիմելով հասարակական գիտությունների և փիլիսոփայության հայտնի դեմքերին: Ամենակարևորը հայկական կենտրոնացված պետության հետ աշխարհասփյուռ հայերի հասարակական կապն իմաստավորելն է: Այնուհետև, երբ կայանա հումանիտար գիտությունների և փիլիսոփայության գիտակներին համախմբող այդ համաժողովը, անհրաժեշտ կլինի ստեղծել խառը աշխարհագրական հանձնաժողովներ (Հայաստանում և Հայաստանից դուրս) և խառը թեմատիկ հանձնաժողովներ (գործարարներ, քաղաքագետներ, բժիշկներ, անվտանգության և պաշտպանության մասնագետներ, և այլն): Կրկին մեկ տարի կպահանջվի, որպեսզի յուրաքանչյուր հանձնաժողով իր հաշվետվությունը ներկայացնի իշխանություններին։ Այնուհետև Հայաստանի Հանրապետությունն աշխարհասփյուռ հայերի համաժողով կկազմակերպի՝ հանձնաժողովների հաշվետվությունների հիման վրա առաջնահերթություններ և ճանապարհային քարտեզ մշակելու համար։ Իշխանությունները պետք է ստանձնեն վերոնշյալ ամբողջ համակարգի ստեղծման գործը՝ օգտագործելով դեսպանատների ռեսուրսները և յուրաքանչյուրի ներուժը: Մենք պետք է նորովի հայտնագործենք ինքներս մեզ, ներառական լինենք և ճկուն միտք ունենանք:
3. Ինչպե՞ս գրավիչ դարձնել Հայաստանը աշխարհի համար։ Որո՞նք են այն առավելությունները, որ Հայաստանը
կարող է առաջարկել աշխարհին:
Առաջին առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության, կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումն է։ Սա է առաջին ճանապարհային քարտեզը։ Դրա համար պետք է ստեղծել մաքուր պետություն՝ հիմնված կառավարողների և կառավարվողների փոխվստահության վրա։ Մաքուր պետությունը հարկերի հետագծելիության երաշխիքն է։ Պետք է օգտագործել նաև Հայաստանի առավելությունները՝ արևի ջերմությունը (300 արևային օր 365-ից), զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, ժողովուրդների միջև կամուրջ հանդիսացող հայ ժողովրդի գաղափարն ու պատմությունը։ Հայաստանը պետք է դառնա երկխոսության տարածք պայքարող բոլոր ժողովուրդների համար։ Հայաստանը պետք է դարձնել խաղաղության և հակամարտությունների կարգավորման վայր։ Հայաստանն ունի այդ կարողությունը։ Այն կարող է կապել ամերիկացիներին ու իրանցիներին, իսրայելցիներին ու պաղեստինցիներին, հույներին ու թուրքերին և ուրիշներին։ Հայաստանը պետք է վերածվի աշխարհում խաղաղության ապահովման համար լծակներ և ազդեցություն ունեցող երկրի։ Հանուն պատմության և մարդասիրության։ Հայկական հարցը ոչ աջերինն է, ոչ՝ ձախերինը, Հայկական հարցն ընդհանուր համաձայնության, մարդասիրական և միջազգային հարց է։ Մենք պետք է հիմնվենք ձեռքբերումների վրա և ունենանք ինքնության դրական պատկեր։ Սակայն հայկական կազմակերպությունները մեր ինքնության ամենավատ ներկայացուցիչներն են։ Նրանք չգիտեն ինչպես բարելավել հայկական ինքնությունը, հակառակ դեպքում դա ժողովրդական բանահյուսություն է, կույր պաշտամունք և ազգայնական ավանդապահություն։
4. Ինչպե՞ս եք պատկերացնում հայրենադարձություն/պետություն փոխ-կապակցությունը։ Ի՞նչ հիմնական
վտանգներ ու ռիսկեր կան դրա իրագործման ճանապարհին:
Հիմնական խոչընդոտը հենց հայերն են հավաքական առումով։ Քանի դեռ նրանք մնում են միջակության, կույր պաշտամունքի ու սիրողականության մակարդակում, միայն պարտություններ ու հիասթափություններ կլինեն։ Յուրաքանչյուր հայ պետք է իր առջև խնդիր դնի ինքն իրեն նորովի հայտնագործել, ինքն իրեն գերազանցել՝ ազատ ու կոնկրետ մտածելակերպ որդեգրելով: Ամենևին չունենալով արտասովոր և անիրատեսական գաղափարներ՝ հայը պետք է ապրի իր աշխարհում և հեռու չմնա աշխարհից։ Որովհետև հայերի վատագույն թշնամին նրանց կործանարար երևակայությունն է։ Նրանք պետք է ապրեն իրական աշխարհում և նախ մտածեն «Մեր տունը» վերակառուցելու մասին՝ նկուղից մինչև ձեղնահարկ։ Հայկական կազմակերպությունները մեր տունը միասին կառուցելու փոխարեն անհանդուրժողականության, պառակտման ու հավաքական հիմարության մարմնացումն են։ Մենք պետք է համախմբվենք մեր պետության, մեր ընդհանուր ունեցվածքի, մեր հավաքական ճակատագրի շուրջ։ Եկե՛ք վերջ տանք հիմար վեճերին և զարգանանք՝ ժողովրդավար, արդար և ներառական Հայաստանում արժանի մարդիկ դառնալու համար։ «Բոլորը հանուն Հայաստանի և Հայաստանը բոլորի համար»։