16.3 C
Yerevan

Դաշնակցության Առա­ջացման Պատմա­կան Պայմաննե­րը Եւ Նրա Բնութա­գի­րը. Գարե­գին Նժդեհ

Վերջին Մաս

Անկում են ապրում բոլոր այն ժողո­վուրդներն ու կուսակցություննե­րը, որոնք թեթեւամտո­րեն են վերա­բերվում սեփա­կան հերո­սա­կա­նությանն ու հերոսնե­րին: Այդ հոգեւոր վայրա­գությունը մեր երի­տա­սարդ սերնդի վրա թողեց առա­վել քայքա­յիչ ազդե­ցություն:

Դաշնակցությունը, ինչպես նաեւ նրա քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը‘ հնչակներն ու ռամկա­վարնե­րը, անուղղա­կիո­րեն խթա­նում են հայե­րի, մասնա­վո­րա­պես, նրա երի­տա­սարդ սերնդի ուծա­ցումը: Իր մեջ պառակտված ժողո­վուրդն ավե­լի շատ ցուցա­բե­րում է սեփա­կան բնա­վո­րության բացա­սա­կան գծե­րը, այդ պատճա­ռով էլ դառնում ավե­լի վանող այն ժողովրդի աչքում, որի երկրում նա ժամա­նա­կա­վո­րա­պես ապաստա­նել է: Երբ օտա­րերկրա­ցի­նե­րի նկատմամբ ատե­լությունը դառնում է գերիշխող երեւույթ, տարրա­կան իմաստությունը եւ ազգա­յին արժա­նա­պատվությունը հայ քաղա­քա­կան կուսակցություննե­րից պահանջում են լինել առա­վել շրջա­հա­յաց:

Մեր ժողո­վուրդը ոչ միայն քաղա­քա­կա­նա­պես խաբված է, այլեւ բարո­յա­պես զրպարտված Եվրո­պա­յում եւ Ամե­րի­կա­յում: Այդ պատճա­ռով հայը պարտա­վոր պիտի լինի հանդես գալ որպես «ցեղո­րեն գիտա­կից էակ», այսինքն, ինչպես ասում է Մարքսը, «էակ, որը ցեղին (ժողովրդին) վերա­բերվում է այնպես, ինչպես իր սեփա­կան անձին»: Դա է պահանջվում կենսա­բա­նո­րեն բարո­յա­կան ժողովրդից: Սեփա­կան ինքնա­պաշտպա­նությունը դժվա­րեցնող ժողո­վուրդն արժա­նի է արհա­մարհանքի, արժա­նի է իր ճակա­տագրին‘ ինչքան էլ որ այն ծանր լինի: Այս տեսանկյունից‘ Դաշնակցությունը, որպես հզոր գաղութա­յին կազմա­կերպություն, ունի ամե­նա­մեծ մեղքը: Այն, ինչն արտա­սահմա­նում կոչում են հայկա­կան քարոզչություն, ոչ այլ ինչ է, քան գթասրտություն աղերսող լալկան նվնվոց, որն արտա­սահմանցի­նե­րի մոտ առա­ջացնում է լոկ խղճա­հա­րություն եւ շարունակ աճող արհա­մարհանք: Դաշնակցա­կան ղեկա­վա­րությունն իսկա­կան քարոզչության մասին հասկա­ցո­ղություն չունի: Նա ցուցադրում է իր այժմյան հոգեւոր ցնցո­տի­քը‘ անվա­նե­լով այն քարոզչություն:

Նա չկա­րո­ղա­ցավ օգտա­գործել հայ ժողովրդի պոտենցիալ ուժը հեղա­փո­խության շրջա­նում, քանզի չէր ճանա­չում սեփա­կան ժողովրդին, եւ այժմ ի վիճա­կի չէ տանել ազգա­յին իրա­կան արժեքնե­րի քարոզչությունը, որովհե­տեւ հիմնա­վոր չգի­տի հայոց պատմությունը, այդ պատմության փիլի­սո­փա­յությունը:

Եթե նույնիսկ, վերջին քառորդ դարում, որեւէ եվրո­պա­կան լեզվով լույս է տեսել այս կամ այն հայա­մետ գիրքը, ապա հեղի­նա­կը արտա­սահմանցի է եղել:

Այսպես կոչված հայա­սեր քարոզչության համար Դաշնակցությունը ոչինչ չի արել: Ժամա­նակ չուներ: Նա զբաղված էր Անդրա­նի­կին սեւացնե­լու անշնորհա­կալ գործով: Անդրա­նի­կին վարկա­բե­կե­լու համար, Դաշնակցության պատվե­րով հրա­տա­րակվեց նրա դեմ ուղղված մոտ 1000 էջա­նոց երկհա­տոր աշխա­տություն: Ամբողջո­վին Անդրա­նի­կին նվիրված Սեպուհի հուշե­րը հանդի­սա­նում են այդ ազգա­յին հերո­սին իր փառքի բարձունքից տապա­լե­լու դատա­պարտե­լի փորձ: Հենց որ Անդրա­նի­կը հեռա­ցավ Դաշնակցությունից, միանգա­մից դարձվեց «հարբե­ցող», «անկիրթ», «վախկոտ», «այս կամ այն ճակա­տում իր մասնակցության համար նախօ­րոք սակարկող», «աննշան գործո­ղություննե­րի ճանա­պարհով մեծ դափնի­ներ քաղող» եւ այլն:

Բոլոր ջանքե­րը ներդրվե­ցին Անդրա­նի­կին «զարդա­րե­լու» քաջնա­զարյան (դոնքի­շոտյան) որա­կումնե­րով, չգի­տակցե­լով, որ դրա­նով իրա­կա­նում ծիծա­ղում են հայ ազա­տագրա­կան շարժման վրա, քանզի ժողո­վուրդն Անդրա­նի­կին համա­րում է հայ ազա­տագրա­կան պայքա­րի խորհրդա­նիշ:

Անկում են ապրում բոլոր այն ժողո­վուրդներն ու կուսակցություննե­րը, որոնք թեթեւամտո­րեն են վերա­բերվում սեփա­կան հերո­սա­կա­նությանն ու հերոսնե­րին: Այդ հոգեւոր վայրա­գությունը մեր երի­տա­սարդ սերնդի վրա թողեց առա­վել քայքա­յիչ ազդե­ցություն:

1921թ., Զանգե­զուրից իմ հեռա­նա­լու հաջորդ օրը, Արաքսի պարսկա­կան ափին ես թույլ տվե­ցի «անտակտություն»‘ պատժե­լով երկու դաշնակցա­կան նախա­րարնե­րի‘ Հակոբ Տեր-Հակոբյա­նին ու Եփրեմ Սարգսյա­նին, միա­ժա­մա­նակ եւ‘ Բյուրո­յին փոխա­րի­նած Գերա­գույն մարմնի անդամնե­րին: Այդ դեպքից մի քանի օր անց ես Ս. Վրացյա­նից ստա­ցա նամակ, որում ասվում էր.

«Դու թո՛ղ քո այդ անդրա­նիկյան արարքնե­րը: Անդրա­նի­կը պահում էր իրեն այնպես, ինչպես դու, իսկ այժմ անօգնա­կան թափա­ռում է Եվրո­պա­յում: Կուսակցությունը որոշ հույսեր էր կապում քո անվան հետ: Լսիր քո հին ընկերնե­րին, չլսես‘ քեզ համար վատ: Միայն գիտեմ, որ մարդիկ բարձրա­նում են մեծ դժվա­րությամբ, շատ տարի­նե­րի ընթացքում, բայց ընկնում են մեկ վայրկյա­նում»:

Այսպի­սով, ինձ հետ արդեն անշնորհա­կալ էին վերա­բերվում, սպառնում սեւացնել մեկ ակնթարթում, գահընկեց անել, որովհե­տեւ ես մտրա­կով ծեծել էի երկու վախկո­տի: Այո, ես հաշվի չէի առել, որ դաշնակցա­կան ղեկա­վարնե­րը օգտվում են մի տեսակ արտոնյալ դիրքից եւ ազատ են ամեն կարգի պատասխա­նատվությունից:

Ինձ սպառնում էին Անդրա­նի­կի ճակա­տագրով:

Վերը նշված նամա­կի ստացման օրը ես խորա­պես ափսո­սա­ցի, որ մտրա­կե­լու փոխա­րեն չգնդա­կա­հա­րե­ցի Դաշնակցության Գերա­գույն մարմնի այդ երկու անդամնե­րին: Նույն օրը ես զգա­ցի ինձ հոգե­պես հեռա­ցած, կտրված Դաշնակցությունից:

8. «Դաշնակցությունը‘ Դաշնակցության համար»: Հայաստա­նից դուրս‘ Բյուրոն հավա­տա­րիմ մնաց այս լոզունգին: Էմիգրա­ցիա­յում նա չուներ որո­շա­կի հետեւո­ղա­կան քաղա­քա­կան գիծ կամ, ավե­լի ճիշտ, այն հետեւո­ղա­կան էր միայն ինքնա­պահպանման գործում‘ գաղա­փա­րա­պես մնա­լով ռուս նարոդնիկնե­րի հին «ճանա­պարհնե­րին»: Դաշնակցությունն իր քաղա­քա­կան գիծը չէր պայմա­նա­վո­րում հայ ժողովրդի բացա­ռիկ դրությամբ: Իր հանցա­գործ անփութությամբ Դաշնակցությունն արհա­մարհեց մեր ժողովրդին սպառնա­ցող թուրքա­կան (Երկրի հայե­րի համար) եւ ուծացման (արտա­սահմա­նի հայե­րի համար) վտանգնե­րը:

Նրա շատ անդամներ համոզված են, որ Հայաստա­նի ցուցադրա­կան անկա­խացման գաղա­փա­րը կարող է դառնալ նրա գերեզմա­նա­փո­րը: Նրանք դա գիտեն, բայց մինչ այժմ ինքնանպա­տակ կուսակցա­կա­նությունը եւ կուսակցա­կան եսա­պաշտությունը չեն թույլատրել դաշնակցա­կան ղեկա­վա­րությա­նը խելա­միտ հարա­բե­րություննե­րի մեջ մտնել սովե­տա­կան իշխա­նության հետ:

Ճշմա­րիտ չէ այն հայրե­նա­սե­րը, ով իր հայրե­նա­սի­րությունը բոլոր դեպքե­րում կապում է հայրե­նի­քում այս կամ այն վարչա­կարգի հետ:

Անձամբ ես քարո­զել եմ սովետնե­րի դեմ, բայց իմ անբարյա­ցա­կամ վերա­բերմունքը սովե­տա­կան իշխա­նության հանդեպ պայմա­նա­վորված էր ոչ թե Հայաստա­նում գոյություն ունե­ցող վարչա­կարգով, այլ բացա­ռա­պես այն բարե­հա­ճությամբ, որ սովետնե­րը ցուցա­բե­րում էին Թուրքիա­յի նկատմամբ:

Բացի այդ, իմ քարոզչությունը ոչ մի անգամ չի կրել հակա­հա­յաստանյան բնույթ, ընդհա­կա­ռա­կը‘ ես արտա­սահմա­նի հայե­րին համա­րել եմ Հայաստա­նի հպա­տակներ ու մարտիկներ‘ անկախ նրանց սոցիա­լա­կան, քաղա­քա­կան եւ կրո­նա­կան պատկա­նե­լությունից: Այս ճշմարտության վկան է հանդի­սա­նում Ցեղակրոն ուսմունքը: Մեր ազգա­յին բարո­յա­կա­նության նշված հայե­ցա­կարգն ինձ էմիգրա­ցիա­յում թույլ չի տվել երբեւէ թեկուզ մեկին այս կամ այն առա­քե­լությամբ Հայաստան ուղարկել:

Դաշնակցությունը պաշտո­նա­պես չմտավ «Պրոմեթեւս»-ի մեջ (դրան խոչընդո­տե­ցին կուսակցության շարքա­յին անդամնե­րը), բայց, վերջին պատե­րազմի նախօ­րեին, դաշնակցա­կան բյուրո­յի կողմից հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի վերա­նայման հարցի շուտա­փույթ քննարկումը հաստա­տեց, որ նրան տրված չէ սեփա­կան սխալնե­րից դասեր քաղե­լու կարո­ղություն: Նա այժմ թուրքե­րի հետ մերձե­նա­լու փորձեր է անում‘ հաշվի չառնե­լով, որ ներկա­յիս պայմաննե­րում թուրքե­րի հետ ընդհա­նուր լեզու գտնե­լու փորձե­րը նշա­նա­կում են բարո­յա­պես տանուլ տալ հայկա­կան հարցը: Սեփա­կան թուլությամբ թելադրված այս քաղա­քա­կան ակտը արտա­սահմա­նի հայե­րի մոտ առա­ջացնում է խորը բարո­յազրկում, իսկ քաղա­քա­կիրթ մարդկության մոտ‘ նողկանք: Այն հանգա­մանքը, որ Անգլիան այժմ հանդի­սա­նում է Թուրքիա­յի բարե­կա­մը, ամե­նեւին էլ չի արդա­րացնում Դաշնակցության ուխտադրժությունը (ուրա­ցությունը): Որպես առաջնա­կարգ իմպե­րիա­լիստա­կան տերություն, Անգլիան շարունա­կում է վարել իր ավանդա­կան գաղութա­յին քաղա­քա­կա­նությունը. ընդ որում, նա թուրքե­րին հովա­նա­վո­րե­լու ոչ քիչ հիմքեր ունի‘ ի հաշիվ հայե­րի արյան: Ավե­լի քան 100 տարի Անգլիան պարբե­րա­բար հայտա­րա­րում է, որ իր դրո­շը ծածանվում է Միջին Արեւելքի ծովե­րի վրա, որպեսզի ապա­հո­վի եւ պաշտպա­նի իր հին դաշնակցի‘ Թուրքիա­յի անկա­խությունը: «Որտեղ հասնում են մեր թնդա­նոթնե­րը, այնտեղ մեր դաշնա­կիցնե­րը պիտի վայե­լեն հարգանք», — գրում էին անգլիա­կան թերթե­րը Ղրի­մի ռուս-թուրքա­կան պատե­րազմի օրե­րին:

Եթե հայե­րը ցանկա­նա­յին, որ անգլիա­կան թնդա­նոթնե­րը հասնեն մինչեւ Արաքսի ափե­րը, ապա իրենք, որպես թույլ կողմ, ստիպված պիտի լինեն հարգել Թուրքիա­յի‘ Անգլիա­յի դաշնակցի կամքը:

Այժմ Դաշնակցությունը գտնվում է «ո՞ւմ հետ լինե­լու» երկընտրանքի առջեւ‘ թուրքե­րի՞, թե՞ ռուս մեծ ժողովրդի: Նա դավա­ճան կլի­ներ, եթե վճռա­կա­նո­րեն չպա­տասխա­ներ. «Ռուսնե­րի հետ‘ Թուրքիա­յի դեմ»:

Հենց այս քաղա­քա­կան կողմնո­րո­շումն են պահանջում մեր ազգա­յին եւ մարդկա­յին արժա­նա­պատվությունն ու հայ ժողովրդի ֆիզի­կա­կան գոյության ապա­հովման շահը:

9. Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմում դաշնակցա­կան բյուրոն հանդես եկավ պառակտված ճակա­տով: Ինչո՞վ էր դա պայմա­նա­վորված‘ արկածախնդրությա՞մբ, թե՞ կանխամտածված երկե­րե­սա­նի քաղա­քա­կա­նությամբ: Այս հարցում ես հակված եմ երկրորդ տարբե­րա­կին. դաշնակցա­կան ղեկա­վա­րությա­նը հատուկ է թեթեւամտությունը:

Այն հանգա­մանքը, որ Դրոն Բալկաննե­րում, Փարի­զում, Բեռլի­նում բազմիցս ժողովներ գումա­րեց եւ ստեղծեց քաղա­քա­կան կոմի­տե, ապա­ցուցում է, որ նրան չհա­ջողվեց ապա­հո­վել Բյուրո­յի պաշտո­նա­կան հավա­նությունն իր արկա­ծախնդրա­կան նախա­ձեռնություննե­րին: Մինչ Սարգիս Արա­րատյա­նի հետ ընդհա­րումը եւ դրա­նից հետո, Դրոն չդա­դա­րեց ջանալ ապա­հո­վել իր թիկունքն անհա­ջո­ղության դեպքում: Նա կանգ չառավ նույնիսկ Հայաստա­նի ժողովրդին սադրե­լու փորձի դեմ: Արդյունքում‘ նա հասավ մինչեւ հայրե­նա­դա­վության:

10. Մեր ժողովրդին բաժին ընկած աննա­խընթաց դժբախտություննե­րի պատճա­ռը, ինչպես պատմա­կան անցյա­լում, այնպես էլ նոր ժամա­նակնե­րում, հանդի­սա­նում է հայկա­կան տխրահռչակ, անհաղթե­լի անհա­տա­պաշտությունը‘ պայմա­նա­վորված մեր պատմա­կան կյանքի ու տեղագրա­կան առանձնա­հատկություննե­րով, դարե­րով ապրած ստրկությամբ: Այս հոգեւոր հատկա­նի­շը, հատկա­պես այնպի­սի փոքր ազգե­րի մոտ, որպեսզին մենք ենք, դառնում է չարիքնե­րի աղբյուր‘ անհա­տին վերա­ծե­լով անարխիստի‘ բառիս առա­վել բացա­սա­կան իմաստով: Վերջին շրջա­նի դաշնակցա­կան մտա­վո­րա­կա­նությունը, լինե­լով եվրո­պա­կա­նության գերին, փոխա­րեն հաղթա­հա­րի իր մեջ անհա­տա­պաշտությունը, հռչա­կեց այն որպես հոգեւոր դրա­կան հատկա­նիշ եւ ջանում էր իր մեջ ավե­լի զարգացնել այդ անհա­տա­կան-անիշխա­նա­կան տարերքը:

Ժողովրդի համար չկա ավե­լի մեծ չարիք, քան անհա­տա­պաշտություն դավա­նող ղեկա­վա­րը: Նա հեշտությամբ է դառնում կոլեկտիվ ջանքե­րի ու շահե­րի թշնա­մին: Այդպի­սի ղեկա­վարն ավե­լի շուտ ընկնում է սեփա­կան իրա­վունքնե­րի, քան պարտա­կա­նություննե­րի հետեւից: Նրա իդեա­լը մեկուսի անձնա­կան երջանկությունն է:

Այսօր այդպի­սին են նրանք, որոնք կոչված են ղեկա­վա­րե­լու Քրիստա­փո­րի ու Ռոստո­մի կուսակցությունը:

11. ա) Աշխարհա­յացքի անո­րո­շություն,

բ) քաղա­քա­կան անկա­րո­ղություն,

գ) ոչ բավա­րար պատասխա­նատվության զգա­ցում. ահա այն երեք չարիքնե­րը, որոնցից աղե­տա­լի կերպով տուժել է մեր ժողո­վուրդը եւ ինքը‘ Դաշնակցությունը:

Դաշնակցությունն այժմ հանդի­սա­նում է որպես մեռնող երեւույթ: Նրա գոյությունն այսուհետ անօ­գուտ է, անտրա­մա­բա­նա­կան, ոչ անհրա­ժեշտ: Նա գտնվում է հակա­սության մեջ ներկա ժամա­նա­կաշրջա­նի հետ: Նա պե՛տք է հեռա­նա:

Այս գիտակցումով էլ ես հեռա­ցա Դաշնակցությունից:

Աղբյուրը՝ Տեր-Հարությունյան Գ., թարգմա­նություն ռուսերենից, հունվար, 1947թ, Հայկա­կան ՍՍՀ ՊԱն ներքին բանտ

ՀԱՐՔ

Հոդվածն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ