Հայաստան

Ուկրաինական Հակագրոհն Ու Կովկասյան Սպասումները

Ուշադրության է արժանի այն, որ Արևմուտքը միարժեք անընդունելի էր համարել այդ մոտեցումը, այն դեպքում, երբ Զելենսկին հայտարարել էր, թե չինական առաջարկները կարող են արժանի լինել ուշադրության: Իհարկե դա ամենևին չի նշանակում, որ Զելենսկին ընդունում էր դրանք, բայց, որ ներկայացրեց Պեկինի հետ խաղի հայտ, ակնառու էր:

Հակոբ Բադալյան

Զելենսկի-Սի Ցզինպին. Կովկասը ուկրաինական հակագրոհի ճակատագրի ծիրում

Ուկրաինայի զինված ուժերը ունեն «վաղուց սպասվող» հակագրոհի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ սարքավորումներ, սպառազինություն, զինտեխնիկա, հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զինուժի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին: Նա հայտարարել է նաև, որ երբ էլ սկսվի հակագրոհը, ուկրաինական զինուժի գործողությունները չեն արգելակվի սպառազինությունների թերմատակարարման պատճառով: Ամերիկացի գեներալի հայտարարությունը բավականին ուշագրավ է: Այն իհարկե պարունակում է Ուկրաինային աջակցության ավանդական շեշտադրումները, սակայն նոր երանգ է այն, որ բարձրաստիճան զինվորականը հնչեցնում է՝ Ուկրաինան ունի հակագրոհի համար անհրաժեշտ ամեն ինչ: Այստեղ հանգամանքը ուշագրավ է նրանով, որ գործնականում նույն շեշտադրումը արել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը հայտարարել է, որ Ուկրաինան ստացել է խոստացված ծանր տեխնիկայի ամբողջ ծավալը՝ նվազագույնը դրա 98 տոկոսը: Այս հայտարարությունների երանգներում ակնառու է առանցքային մեսիջը՝ Ուկրաինան ստացել է հակագրոհի համար անհրաժեշտ ամեն ինչ, հետևաբար չունի «չհակագրոհելու» հիմք: Սա ուշագրավ է երկու հանգամանքի առումով: 

Նախ, անցնող ամիսների և շաբաթների ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին, նաև զինվորականներ, նրա աշխատակազմի ներկայացուցիչներ տարբեր կերպ ակնարկում էին, որ չեն ստանում իրենց ամբողջապես բավարարող սպառազինություն, դրանով թերևս ակնարկելով, թե ինչու՞ է Կիևը ձեռնպահ մնում հակագրոհից: Այն, որ Կիևի ու Արևմուտքի, մասնավրապես Վաշինգտոնի միջև առաջանում էին այդ առնչությամբ, և ընդհանրապես իրադարձությունների զարգացման քայլերի և մոտեցումների առնչությամբ որոշակի տարբեր պատկերացումներ, ակնառու էր նաև Բախմուտի վերաբերյալ գննահատականներից, երբ Վաշինգտոնը հայտարարում էր, որ դրա կորուստը Ռուսաստանին կտա միայն խորհրդանշական արդյունք, իսկ Զելենսկին հայտարարեց, որ Բախմուտի կորուստը կլինի հետագա շղթայական կորուստների սկիզբ: Այստեղ անշուշտ առկա են բավականին նուրբ քաղաքական մոտիվներ, որոնց ևս մեկ վկայություն եղավ նաև Վաշինգտոնում գաղտնի փաստաթղթերի արտահոսքը: Մյուս ուշադրության արժանի հանգամանքը այն է, որ Ուկրաինային հակագրոհի համար անհրաժեշտ ամեն ինչ հատկացված լինելու մասին հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի մասին: Ընդ որում, Զելենսկին ինքը գնահատել էր այդ հեռախոսազրույցը օգտակար: Իսկ հարցն այն է, որ Չինաստանը մարտի կեսերին հանրայնացրեց ուկրաինական կարգավորման, և միջազգային հարաբերությունների իր պատկերացում-պլանը, որտեղ առաջարկում էր կրակի դադարեցում առանց նախապայմանի, ասել կուզի՝ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ որ անցնում է ճակատի գիծը: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Արևմուտքը միարժեք անընդունելի էր համարել այդ մոտեցումը, այն դեպքում, երբ Զելենսկին հայտարարել էր, թե չինական առաջարկները կարող են արժանի լինել ուշադրության: Իհարկե դա ամենևին չի նշանակում, որ Զելենսկին ընդունում էր դրանք, բայց, որ ներկայացրեց Պեկինի հետ խաղի հայտ, ակնառու էր: 

Եվ ահա, հեռախոսազրույցը վկայում է, որ խաղը սկսվում է, կամ առնվազն կողմերը դուրս են գալիս խաղադաշտ: Չինաստանի արտգործնախարարը հեռախոսազրույցը գնահատել է դրական, ասելով, որ կարգավորումն այլընտրանք չունի և Պեկինի մոտեցումն այն է, որ չպետք է կրակի վրա յուղ լցնել: Անկասկած է, որ այդ հաղորդագրությունն ուղղված է Արևմուտքին: Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Պեկինը կշարունակի կարգավորմանն ուղղված շփումները կողմերի հետ: Ինչ խոսք, կասկածից վեր է, որ Զելենսկիի համար Չինաստանի հանգամանքը նվազագույնը, իսկ գուցե և առավելագույնը՝ Արևմուտքի հետ իր հարաբերությունում սեփական գինը բարձրացնելն է, հատկապես երևան եկած տարբեր պատկերացումների և մի շարք այլ խորհրդապահական իրողությունների համատեքստում, որոնք Ուկրաինայի նախագահի մոտ կարող էին առաջացնել վախեր: Օրինակ, Միացյալ Նահանգները գործնականում սկսեց բաց խոսել այն մասին, որ Կիևում յուրացվում են պաշտխպանության համար տրամադրվող ամերիկյան հարյուրավոր միլիոն դոլարները: Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցով Զելենսկին անկասկած ունի Վաշինգտոնի հետ հարաբերությունում իր ձայնը ավելի լսելի դարձնելու խնդիր, առավել ևս այն պայմաններում, երբ այնտեղ ավելի ու ավելի գերակա է դառնալու նախընտրական ներքին պայքարը, իսկ այն կլինի բավականին անկանխատեսելի, և ըստ այդմ բարդ է լինելու հաշվարկել, թե Վաշինգտոնին այդ ներքին պայքարի տրամաբանությամբ ինչ արտաքին շրջադարձեր պետք կլինեն: Միևնույն ժամանակ, ասել, թե Սի Ցզինպինի հետ հաղորդակցությունն ուներ լոկ այդ նպատակը, կլինի իհարկե մոլորություն: 

Առավել ևս, որ Զելենսկին հազիվ թե գնա Պեկինի հանդեպ այդօրինակ պարզունակ և անգամ աննհարգալից քայլի: Միևնույն ժամանակ, եթե ամրանա Պեկինի կոմունիկացիան, կարող է օրակարգից ընդհանրապես դուրս գալ հակագրոհի հարցը: Իսկ սա մարտահրավեր է Արևմուտքի համար: Միով բանիվ, Ուկրաինայի շուրջ կարծես թե ձևավորվում են «որակապես» նոր միտումներ, որոնք անկասկած իրենց ազդեցությունը թողնելու են նաև մեր ռեգիոնի վրա, եթե արդեն իսկ չեն թողել: Բանն այն է, առնվազն, որ Ուկրաինայում մարտահրավերներ ստանալու դեպքում, Արևմուտքը կարող է մտածել այլ ռեգիոնում դրանց «հակադարձելու» մասին: Իսկ այդպիսի ռեգիոններից է նաև Կովկասը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *