Հայաստան

Նոր Հայց Ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանի փաստարկներն ուժեղ են, իրավական ասպեկտով մենք ամուր դիրքերում ենք, որովհետև մենք ներկայացնում ենք իրականությունը, ոչ մի մանիպուլյացիա չենք անում: Ես վստահ եմ, որ Հաագայի դատարանը կընդունի վարույթը: Բնականաբար, Ադրբեջանը կառարկի, փորձելով ասել, որ չկա ոչ մի շրջափակում, դա հայերի հնարածն է, բայց փաստն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակները չեն կարողանում այդ տարածք այցելել:

Արա Ղազարյան

Հաագայի դատարանում նոր վարույթ կհարուցվի. Մեր փաստարկներն ուժեղ են. ավելի առարկայական են զարգացումները ԵԽԽՎ-ում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է միջազգային իրավունքիմասնագետ Արա Ղազարյանը:

-Պարոն Ղազարյան, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Ինչ հեռանկար ունի այս գործը և ինչ կարելի է ակնկալել միջազգային դատարանից այս իրավիճակում: 

Ըստ էության, նոր վարույթ կհարուցվի, որի կոնտեքստը բավականին ուժեղ է, քանի որ դա Հայաստանի հիմնական գանգատն է և այդ բոլորը կապ ունեն լաչինի միջանցքի հետ: Հաագայի դատարանում հարուցված վարույթը մեկ իրավական փաստաթղթի հիման վրա է՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմքով: Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքի փակման փաստերով Հաագայի դատարան նյութեր ներկայացնելիս պետք է շեշտը դնել ռասայական խտրականության նպատակի վրա: Եթե այդ հիմքով ներկայացվի, ինձ թվում է՝ վարույթ կընդունվի, որովհետև մինչև հիմա ներկայացվել են շատ փաստեր և այդ բոլոր փաստերը Հաագայի դատարանի կողմից ընդունվել են: Բայց պետք է նաև զուգահեռ հարթակ ունենալ: Սկսվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ նախօրեին նաև այս հարցի վերաբերյալ քննարկումներ են եղել: ԵԽԽՎ ներկայացուցիչները, մասնավորապես, Դունյա Միյատովիչը հայտարարեց, որ նույնիսկ հնարավորություն չունեն մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղը ԵԽ տարածք է և դրանով էլ հաստատվում է, որ այդ տարածքը բլոկադայի մեջ է: Միյատովիչն ասում է՝ ես կարող եմ այցելել անգամ պատերազմական գոտիներ, օրինակ, Ուկրաինա, բայց չեմ Լեռնային Ղարաբաղ չեմ կարող այցելել: Բնականաբար, այս ամբողջը ճնշում է Ադրբեջանի վրա: Հիմա թե որքան կկարողանա դիմակայել Ադրբեջանը, դժվար է ասել, մինչև հիմա հաջողությամբ դիմադրում է: Բայց եթե իրավական գործընթացի մասին ենք խոսում, արդեն ապացուցված է, որ այնտեղ առկա է շրջափակում և միակ բացատրությունը էթնիկ զտումն է, թեև Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այդ ամենն արվում է կարգուկանոնի նպատակով:

Մյուս կողմից Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ կամ ընդունեք քաղաքացիություն, կամ գնացեք այս երկրից, դա էթնիկ զտման քաղաքականության արտահայտություն է: Հայաստանի փաստարկներն ուժեղ են, իրավական ասպեկտով մենք ամուր դիրքերում ենք, որովհետև մենք ներկայացնում ենք իրականությունը, ոչ մի մանիպուլյացիա չենք անում: Ես վստահ եմ, որ Հաագայի դատարանը կընդունի վարույթը: Բնականաբար, Ադրբեջանը կառարկի, փորձելով ասել, որ չկա ոչ մի շրջափակում, դա հայերի հնարածն է, բայց փաստն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակները չեն կարողանում այդ տարածք այցելել:

Եղիշե Կիրակոսյանը նաև հայտարարել է, որ եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է Բաքուն խախտում դատարանի որոշումը։ Սա ինչ է նոր իրավիճակ է ստեղծում: 

Փոխում է, որովհետև իրավաբանորեն արդեն պաշտոնատար անձինք են ճանապարհը փակել: Այսինքն ոչ թե մասնավոր անձինք, անհատներ են փակել, և պետությունը պարտավոր է հարգել նրանց հավաքներ անցկացնելու ազատությունը, թեոև դա անօրինական է: իսկ այս դեպքում արդեն զինված ուժերն են կամ ներքին գործերի աշխատակիցներն են, հետևաբար, նրանց արարքը ոչ միայն վերագրվում է, այլ կազմակերպվում է պետության կողմից: Այսինքն Ադրբեջանը չի կարող ասել՝ այնտեղ ինչ-որ մարդիկ են, որոնց իրավունքը ես պարտավոր եմ հարգել: Այս դեպքում պետությունը ճանապարհը փակում է և ուղեկալ է տեղադրում՝ խախտելով ընդունված օրենքը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Դա կարգավորող նորմ է, միջազգային իրավունք է ձևավորված, որը Ադրբեջանը պարտավոր է հարգել:

Իսկ այս հարցը կարո՞ղ է արագացված կարգով քննվել: 

Այո, կարող է, բայց արագացված ասվածը հարաբերական է: Մենք այստեղ խոսում ենք ոչ թե օրերի, այլ ամիսների մասին: Դատարանը դրանից ավելին չի կարող անել: Ամենաշատը կարող է մեկ ամսում անել: Բնականաբար, Հայաստանը գանգատին կից կներկայացնի հրատապ միջոցի դիմում, որը կարող է մեկ ամսում քննության առնվել: Սովորաբար շատ ձևեր կան այս դատարանի որոշումները շրջանցելու կամ ձգձգելու համար; Ավելի առարկայական կարող են լինել ԵԽԽՎ-ի նստաշրջանում ընթացող զարգացումները:

Ընդհանրապես, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն ի՞նչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կարողանում է չկատարել դատարանի որոշումը, շրջանցել այն:

Այո, բայց միաժամանակ Ադրբեջանը ձախողումներ է ունենում: Հիշենք հունվարի ձախողումը, որտեղ Ադրբեջանը փորձում էր իրավական կեղծիքներ ստեղծել, թե իբր հայկական զինված ուժերը կատարում են պատերազմական հանցագործություններ՝ ականներ տեղադրելով, քաղաքացիական բնակավայրերում և դրանք թակարդ ականներ են, որոնք արգելված են հումանիտար իրավունքով: Եվ դա արվում է Լաչինի և Քելբաջարի սահմանամերձ տարածքներում ընդհուպ մինչև 15-20 կմ խորությամբ, այս ամենն ամբողջությամբ հերքվեց, մերժվեց Հաագայի դատարանի կողմից: Ադրբեջանը փորձում էր նախապատրաստել հարձակվելու ինքնապաշտպանության կեղծ իրավական հիմքով, որը չստացվեց: Դա շատ կարևոր որոշում էր: Հիմա դժվար թե Ադրբեջանը երրորդ փորձը անի ականների կեղծ թեզն առաջ տանելու համար: Ադրբեջանն ուզում է իրավական բանաձև դուրս բերել, որ ինքը ինքնապաշտպանության քողի տակ հարձակողական գործողությունների դիմի: Բայց փաստերը նրանց օգտին չեն, որովհետև այդ ամբողջը կեղծիքի վրա է:

Հոդվածը՝ 1in.am կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *