ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մայիսի Մեկ՝ Տո՞ն, Թե Ծաղր

Այն մարդիկ, ովքեր պետք է բռնեին անարդարության ձեռքը, իրենք սկսեցին սրիկայություններ անել: Նրանք, ովքեր պիտի կանխեին շահագործումը, իրենք դարձան շահագործողներ, նրանք, ովքեր պիտի պաշտպանեին աշխատավոր մարդու իրավունքները, իրենք սկսեցին խախտել դրանք: Արհամարհելով ու թքելով հասարակ մարդու իրավունքների վրա, նրանք բացեիբաց ցույց տվին բոլորին, որ մարդը ոչ մի արժեք էլ չի ներկայացնում իրենից, որ մարդն ընդամենը արտադրական միավոր է, որին պետք է քամել մինչև վերջ ու դեն նետել:  Ընդ որում նրանք ողջ հասարակությանը ցույց տվին, որ աշխատանքը կարելի է չհարգել, որ մարդուն, հայրենակցին կարելի է գաղութարարի նման ճզմել: 

Արայիկ Մկրտումյան

Այսօր մայիսի մեկն է՝ աշխատավորի օրը: Հրաշալի է հնչում «աշխատավորի օր», այսինքն օր, որը նվիրված է աշխատող մարդուն: Նվիրված չէ որևէ առասպելական հերոսի, որևէ արնախում աստծո կամ գերագնահատված առաջնորդի, որի վրա էլեգանտություն է քսվել, այլ նվիրված է հասարակ աշխատող մարդուն: Ընդ որում այս օրվա խորհուրդը համամարդկային է և ժամանակից դուրս, որովհետև աշխատող մարդը ի սկզբանե եղել է ամեն ինչի հիմքը, իսկ աշխատանքը՝ ամենից կարևորը մարդկության պատմության մեջ: Եվ ահա, 19-րդ դարից սկսվեց մի զարմանալի բան: Աշխատող մարդիկ, ովքեր հազարամյակներով աշխատել, ստեղծել են ու  փոխարենը միայն տանջանք ստացել, նրանցից խլել են գրեթե ամեն ինչ, որոշեցին, որ բավական է այդպես: Ու Հայաստանի համար կորած մոլորված Ավստրալիայում 1856թ. աշխատողները սկսեցին խոսել իրենց իրավունքների մասին ու մի քանի տասնամյակ տևած ծեծ ու ջարդից հետո վերջապես աշխարհում սկսեցին ընդունել, որ աշխատող մարդը իրավունքներ ունի և մայիսի մեկը դարձավ աշխատողի օրը:

Թվում է, թե հրաշք պատահեց ու վերջապես մարդկությունը, թեև շատ մեծ դժվարությամբ, բայց հասավ նրան, որ հասարակ աշխատող, ստեղծող մարդն այլևս չնույնացվի ստրուկի հետ, ունենա քնելու և հանգստանալու, ինչպես նաև իր կատարած աշխատանքը վայելելու, դրա դիմաց վարձատրվելու իրավունք:

Բայց իրո՞ք այդպես եղավ ու այդպես է:

Այսօր մայիսի մեկն է ու աշխարհի շատ երկրներում շատերն են իրար շնորհավորում, իսկ այ Հայաստանում այդ տոնն ավելի շատ քմծիծաղ է առաջացնում, քան ոգևորություն: Պարզ է, թե ինչու: Հայաստանն այն երկրներից մեկն է, որտեղ աշխատող մարդը ունի պարտականություններ ու շատ քիչ իրավունքներ: Չլիներ ԽՍՀՄ-ի սոցիալիստական ժառանգությունը, հայ գործատուները հավաբար հաճույքով կանցնեին ցարական ժամանակների փառավոր անցյալին, երբ բանվորին շահագործում էին 12-15 ժամ, գյուղացուն՝ պլոկում մինչև վերջին շապիկը և շատ գոհ էին: Բայց քանի որ աշխարհը մի քիչ զարգացավ ու հայկական միջավայրը, որի ավագ սերունդը կարոտով է հիշում, թե ինչ ճոխ էին նշում մայիսի մեկը ԽՍՀՄ օրոք ու բոլորն էլ աշխատանք ունեին, ստիպված է գոնե առերևույթ պաշտպանել աշխատողի իրավունքները: Ինչո՞ւ առերևույթ, որովհետև իրականում աշխատողի շահերը ոչ միայն չեն պաշտպանվում, այլև ոտնահարվում են հնարավոր բոլոր ձևերով: Ընդ որում զավեշտ է այն, որ ստրկատիրոջ հոգեբանությամբ մարդկանց տանջել ու չվճարելու կեղտոտ ոճը շատ լավ յուրացրին հենց ԽՍՀՄ կարգերը փառաբանող մարդիկ: Դե բնական է, եթե առաջ պետությունը բոլորին էր շահագործում, հիմա մի փոքր մասը՝ մյուսին:

Բայց թողնենք ագահ գործատուին ու անցնեն փոքր ինչ ավելի խորը դաշտ՝ օրենսդրություն և օրենսդիրներ: Բանն այն է, որ հիմա Հայաստանում բոլոր կուսակցությունները այս կամ այն չափով սոցիալիստ են, եթե նույնիսկ անունն ու տեսակը չի շոշափում այդ բառերը: Սոցիալիստ են այնքանով, որ բոլորն էլ ընդունում են աշխատող մարդու իրավունքները, պատրաստակամ են պաշտպանել այդ ամենը, որովհետև Սահմանադրությունը, որից ոչ ոք բան չի հասկանում, ասում է, որ Հայաստանը, ի թիվս այլ բաների, նաև ՍՈՑԻԱԼԱԿԱՆ պետություն է: Ինչևէ: Հիմնական զավեշտն այն է, որ այդ սոցիալականը հասկացող կուսակցություններում կան և՛ ծայրահեղ հարուստներ, և՛ ծայրահեղ աղքատներ: Հայաստանում քաղաքական գործիչների մի մասը մշտապես եղել է լավ ապահովված, կերած խմած մարդ, ում բիզնեսներում աշխատել են հաճախ իր կուսակիցները, հաճախ էլ այլ քաղաքացիներ, որոնց վարձատրել են շատ քիչ, ընդ որում աշխատավարձ վճարելը լավություն ներկայացնելով: Սոցիալական երկրի սոցիալական անհավասարությունը իր դեմքը ցույց տվեց 1991թ. սկսած, երբ մի խումբ մարդիկ ու նրանց արբանյակները սկսեցին ունենալ ամեն ինչ, իսկ լայն զանգվածները հայտնվեցին խորը աղքատության մեջ: Ու այդպես շարունակվեց տասնամյակներ: Լայն զանգվածները տեսնում էին, թե ինչպես են այս ու այն կողմից հարուստներ հայտնվում, գործարանատերեր, սեփականատերեր ու իրենք իրենց հարցնում, թե ինչպես այդ ամենը պատահեց: Չէ որ դրանից ընդամենը մի քանի տարի առաջ իրենք բոլորն էլ պետական աշխատողներ էին ու ոչ ոք սեփականատեր չէր: Ինչպե՞ս պատահեց, որ մեկը հանկարծ դարձավ խոշոր բիզնեսմեն, իսկ մյուսը՝ աղքատ մարդ: Եվ ինչպե՞ս պատահեց, որ քաղաքական կուսակցությունները, որոնք սկսեցին երկիր կառավարել, թքեցին իրենց կանոնադրության վրա էլ, աշխատողի իրավունքների վրա էլ ու Հայաստանում մարդուն աշխատեցնել ու փողը չտալ, կամ գոնե հազար դրամ պակաս տալը դարձավ նորմալ մի երևույթ: Ինչպե՞ս պատահեց, որ մի ողջ ժողովուրդ հաշտվեց այդ այլանդակության հետ: Ինչպե՞ս պատահեց որ իրենց սոցիալիստ հռչակած սարդերը սկսեցին իրենց պահել ցարական ժամանակների կապիտալիստների նման: 1991թ. առ այսօր քանի՞ հասարակ աշխատողի իրավունքներ են խախտվել ու քանի՞ անգամ: Քանի քանիսն են աշխատել ու գումար չստացել կամ չափից ավելի քիչ ստացել: Երևի մի քանի միլիոն: Քանի՞ մարդ է ստիպված եղել շատ աշխատել, քիչ ստանալ ու մի կերպ դիմանալ: Տասնյակ հազարներ: Թեև այլ կերպ չէր էլ լինի: Իրեն սոցիալիստ հռչակած կուսակցության մեջ եթե կան հարուստներ ու չքավորներ, այդ կուսակցությունն արդեն իսկ ձախողված է: Ինչպե՞ս կարող է նա երկրում սոցիալական արդարություն հաստատել, եթե անգամ իր շարքերում կա ամենամեծ սոցիալական անհավասարությունը:

Ամեն անգամ երբ հայաստանյան աշխատաշուկայի աղաղակող անարդարություններին ես բախվում ու փորձում ես հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը, ուզած-չուզած նայում ես օրենսդիր-գործադիրին: Որովհետև այն մարդիկ, ովքեր պետք է բռնեին անարդարության ձեռքը, իրենք սկսեցին սրիկայություններ անել: Նրանք, ովքեր պիտի կանխեին շահագործումը, իրենք դարձան շահագործողներ, նրանք, ովքեր պիտի պաշտպանեին աշխատավոր մարդու իրավունքները, իրենք սկսեցին խախտել դրանք: Արհամարհելով ու թքելով հասարակ մարդու իրավունքների վրա, նրանք բացեիբաց ցույց տվին բոլորին, որ մարդը ոչ մի արժեք էլ չի ներկայացնում իրենից, որ մարդն ընդամենը արտադրական միավոր է, որին պետք է քամել մինչև վերջ ու դեն նետել:  Ընդ որում նրանք ողջ հասարակությանը ցույց տվին, որ աշխատանքը կարելի է չհարգել, որ մարդուն, հայրենակցին կարելի է գաղութարարի նման ճզմել: Աշխատանքի նկատմամբ արհամարհանքը արմատավորվեց հենց այդ սոցիալ-կապիտալիստների պատճառով: Տեսնելով նրանց գործողությունները՝ ավելի մանր չարչիները մորեխի նման վրա տվին ու սկսեցին ամեննաստորացուցիչ առաջարկներն ու պայմանները տալ մարդկանց:

Տասնամյակներով նման իրավիճակը հանգեցրեց հասարակական մեծ սթրեսի, մեծ անհավասարության, անարդարության, բարիքների անհավասար բաշխման: Սկսեց ծաղկել կոռուպցիան՝ ավերելով և՛ տնտեսությունը, և՛ մարդկանց հավատը: Բնական է, որ նման պայմաններում քրեական բարքերը շատ արագ հաստատուն տեղ գտան՝ այլասերելով հասարակությանը: Սկսեց իշխել չաշխատելու, ապօրինի ճանապարհով հարստանալու տենչը ու հասարակ աշխատող մարդիկ սկսեցին բառի բուն իմաստով տանջվել ու շատ քիչ ստանալ: Հայաստանի բնակչության գերակշիռ մասը տարիներով ի վիճակի չեղավ անգամ մի քանի օրով որևէ տեղ մեկնել հանգստանալու, մեծ թիվ կազմեց թերասնումը։ Ողջ օրը հագեցած էր միայն ծանր աշխատանքով։ Չկար հնարավորություն, ժամանակ, տրամադրություն և միջոցներ, տրամադրություն, որ հասարակ մարդը իր կյանքը նաև հոգևոր արժեքներով լցնի։ Նման կյանքով ապրող հասարակությունը դյուրագրգիռ է, լարված, կասկածամիտ, անհանգիստ, չվստահող, հուսահատ, դեմոտիվացված որևէ բան անելու։ Մեծահասակները չգիտեն, թե ինչպես ապրեն չնչին թոշակով, երիտասարդները՝ քիչ աշխատավարձով։ Սա նշանակում է հասարակությանը խելագար դարձնել։ Սա նշանակում է ուղղակիորեն հիմքից պոկել պետության ապագայի ամեն հույս։ Եթե հասարակությունը խոշոր հաշվով միայն զրկանքներ է կրում, նրանից հնարավոր չէ քաղաքական գրագիտություն, մեծ հայրենասիրություն ու գաղափարական խորություն պահանջել։ Մարդկանցից շատերը թքած ունեցան ամեն ինչի վրա, որովհետև միայն հացի մասին մտածողը չի կարող ավելի բարձր մտածել։ Իսկ հացի մասին ստիպված են մտածել։ Համակարգային աղքատությունը Հայաստանի ամենածանր խնդիրներից դարձավ։ 

Ընթացքում կես-քրեական, կես-բիզնես կուսակցություններն ավելի ընդարձակեցին իրենց ունեցվածքը՝ հաստատելով մենաշնորհ: Հայաստանից տեղի ունեցավ ծանրագույն արտագաղթ: 20-25 տարվա ընթացքում երկրից մեկնեց ու չվերադարձավ միլիոնից ավել մարդ՝ ծանր հարված հասցնելով Հայաստանի կադրային հնարավորություններին: 

Տասնյակ տարիներով նման խայտառակ վիճակի պահպանում բնականաբար աղետալի հետևանքներ ունեցավ ողջ երկրի տնտեսության համար և մայիսմեկյան շնորհավորանքը վերածվեց սարկազմի, սև հումորի: 

Այսօր, երբ հերթական անգամ շնորհավորանք է հղվում աշխատավորի տոնի առթիվ, մարդկանցից շատերը այդ շնորհավորանքի հետևում տեսնում են աղքատության, անարդարության, անհավասարության ու կեղծիքի ստվերը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *