ԱՄՆ‑ն կարող է դառնալ թե՛ խաղաղության երաշխավորը, թե՛ անվտանգության որոշակի կոմպոնենտ, կառուցակարգ ձևակերպի Արցախում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկա իմպոտենտությունը և դրանից բխող ծանր հետևանքները, որոնց առերեսվում ենք, օրինակ՝ անցակետի տեղադրումով։ Ապագան ցույց կտա։
Ռոբերտ Անանյան
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Չափազանց կարևոր է, որ ինտենսիվ բանակցություններ են սկսվում՝ օրեր տևողությամբ։ Բայց առավել կարևոր է, որ ԱՄՆ‑ն գտնվելու է բանակցային սեղանին՝ որպես բալանսավորող միջնորդ։
ԱՄՆ‑ի ներկայությունը ինտենսիվ բանակցությանը մի քանի անգամ կբարձրացնի բանակցության արդյունավետությունը։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի հաղթանակի էյֆորիայի ներքո է գտնվում, և ուզում է ստանալ զիջումներ, որոնք կատարելու դեպքում սպառնալիքներ կստեղծվեն Հայաստանի պետականությանը։ Երբ Հայաստանը և Ադրբեջանը մենակ են հայտնվում բանակցության սեղանի շուրջ, Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը ռազմական շանտաժի, սպառնալիքի լեզվով է խոսում։ ԱՄՆ‑ն կբալանսավորի, և հուսանք՝ առավել կմոտեցնի հավասարակշռված խաղաղությունը։ ԱՄՆ‑ն սեփական ծրագիրը չունի՝ խաղաղության հասնելու, կողմերը պետք է գան համաձայնության, բայց ԱՄՆ‑ի ներկայությունն ինքնին ծանրակշիռ գործոն է։
Հիշեցի Քեմփ Դեյվիդի եգիպտա-իսրայելական համաձայնությունները։ Եվ հարց է առաջանում՝ կհաջողվի՞ ԱՄՆ-ին կրկնել Քեմփ Դեյվիդի հաջողությունը, և հակամարտող կողմերին հաշտեցնել՝ երկարաժամկետ բանակցությունների արդյունքում։
Քեմփ Դեյվիդյան համաձայնագրերը պատմական խաղաղության համաձայնագրեր էին, որոնք ստորագրել էին Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարներ Անվար Սադաթը և Մենախեմ Բեգինը՝ 1978 թվականի սեպտեմբերի 17-ին:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդում տեղի ունեցան հանդիպումներ՝ համաձայնագրերի շուրջ բանակցելու համար: ԱՄՆ-ից մասնակցում էր նախագահ Ջիմի Քարտերը։ Երկարատև կոնֆլիկտը հանգուցալուծվեց խաղաղությամբ։ Բայց մինչև Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի կնքումը, երկարատև արյունալի պատերազմներ էին Իսրայելի և Եգիպտոսի միջև։
1967 թվականին Իսրայելը վեց օր շարունակ պատերազմեց Եգիպտոսում, Սիրիայում և Հորդանանում: Իսրայելը հաղթեց պատերազմում, վերահսկողություն հաստատեց Գազայի հատվածում և Սինայի թերակղզում:
1970 թվականին Անվար Սադաթը դարձավ Եգիպտոսի նախագահ: Նա ցանկանում էր վերականգնել վերահսկողությունը Սինայի վրա և դադարեցնել պատերազմը Իսրայելի հետ: 1973-ին Եգիպտոսը հարձակվեց Իսրայելի վրա և փորձեց հետ գրավել Սինայի թերակղզին։ Իսրայելը հաղթեց պատերազմում, բայց իր համարձակ ռազմական հարձակման համար Սադաթը քաղաքական հեղինակություն ձեռք բերեց տարածաշրջանում:
1978 թվականին նախագահ Քարտերը ԱՄՆ հրավիրեց Եգիպտոսի և Իսրայելի ղեկավարներին: Նրանք գաղտնի հանդիպեցին Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդի նախագահական նստավայրում: Բանակցությունները լարված էին: Դրանք տևեցին 13 օր: Նախագահ Քարտերը կարևոր դեր է խաղացել բանակցությունների ընթացքում երկու կողմերի հետ խոսելու գործում:
1978 թվականի սեպտեմբերի 17-ին Եգիպտոսը և Իսրայելը համաձայնության եկան և ստորագրեցին համաձայնագրերը: Պայմանագրերը հիմք են դրել երկու երկրների և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Սինան վերադարձվեց Եգիպտոսին։ Կնքվեց խաղաղության պայմանագիր, հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ Եգիպտոսի և Իսրայելի միջև։ Սուեզի ջրանցքը բացվեց իսրայելական նավերի համար:
Դա տեղի ունեցավ ո՛չ միայն ԱՄՆ‑ի կարգավորիչ դերի շնորհիվ, այլ նաև՝ քանի որ ԽՍՀՄ‑ի ազդեցությունը չեզոքացվեց պրոցեսի վրա։ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի մեծ շանս ունեն՝ հասնել խաղաղության, երբ չկա Ռուսաստանը բանակցություններում։ Պուտինի ռեժիմը արյան, պատերազմի, կոնֆլիկտների գեներատոր է, և հայ-ադրբեջանական խաղաղություն կլինի, եթե պրոցեսից բացակայում է Մոսկվան։ Կարծում եմ, որ ԱՄՆ‑ն կարող է դառնալ թե՛ խաղաղության երաշխավորը, թե՛ անվտանգության որոշակի կոմպոնենտ, կառուցակարգ ձևակերպի Արցախում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկա իմպոտենտությունը և դրանից բխող ծանր հետևանքները, որոնց առերեսվում ենք, օրինակ՝ անցակետի տեղադրումով։ Ապագան ցույց կտա։
Թե՛ Անվար Սադաթը, թե՛ Մենախեմ Բեգինն արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի 1978 թվականին: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի մնացած արաբական երկրները գոհ չէին Եգիպտոսից: Եգիպտոսը վտարվեց Արաբական լիգայից։ Նրան դատապարտեցին Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:
1981 թվականի հոկտեմբերի 6‑ին իսլամական ծայրահեղականների կողմից Անվար Սադաթը սպանվեց խաղաղ համաձայնագրերում իր մասնակցության համար: Եգիպտոսի նախագահն իր կյանքով վճարեց, բայց խաղաղություն բերեց եգիպտացիներին։
Ես կարծում եմ, որ պետությունների ղեկավարները պետք է ունենան խոհեմություն, և անելով անհնարինը՝ խաղաղություն բերեն իրենց ժողովուրդներին։ Կոնֆլիկտները, իհարկե, տարբեր են։ Եգիպտոսի և Իսրայելի հաջողությունը պարտադիր չէ, որ կրկնվի, ու Ադրբեջանի և Հայաստանի պարագայում նույնպես ստացվի խաղաղություն։ Բայց պետք է փորձել։
Պատերազմի տարբերակը միշտ կա։ Միայն հավասարակշռված խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հարատև լինել։ Ուժերի հարաբերակցությունը ստատիկ մեծություն չէ։ Միայն win-win բանաձևով է հնարավոր ունենալ խաղաղություն։ Մեկ կողմի լիարժեք հաղթանակի և մյուսի՝ ջախջախման հաշվին չի լինելու խաղաղություն։ Չի կարող թույլի հաշվին հասնել խաղաղության։ Եթե կողմերը փորձեցին կապիտուլյացիայի տրամաբանությամբ գործել, կպարտվեն երկուսն էլ։ Այսօր Հայաստանն է պարտված կողմ, վաղը կարող է Ադրբեջանը լինել։
Կարելի է հազար փաստարկ բերել, թե ինչու չի ստացվելու խաղաղություն Ադրբեջանի հետ։ Թերահավատությունը Բաքվի նկատմամբ գալիս է օբյեկտիվ իրականությունից, պատերազմական շարունակվող հանցագործություններից։ Հազար պատճառ էլ ես կարող եմ բերել՝ խաղաղության անհնարինությունը հիմնավորող, բայց պատերազմները մի օր ավարտվում են, և հուսանք՝ մոտենում ենք այդ օրվան։ Կարող եք չհամաձայնվել։ Ես էլ շատ լավատես չեմ, և չգիտեմ՝ նոր պատերազմո՞վ, թե խաղաղությամբ կավարտվի այս պրոցեսը։ Սակայն գիտեմ, որ ժողովուրդները երբեք չեն խմում պատերազմի կենացը, այլ՝ խաղաղության։ Ինձ համար կա անառարկելի ճշմարտություն՝ երկրների առաջնորդներից պահանջվում է աննախադեպ բարձր կամք, խելամտություն, հեռատեսություն։
Այս նկարները պատահաբար հայտնաբերեցի։ Հետաքրքիր էր՝ դրանց նմանությունը։ Այս մի ընդհանրությունը այսօրվա հայ-ադրբեջանական պրոցեսի և եգիպտա-իսրայելական հաշտության միջև արդեն կա։ Կտեսնենք, կյանքը ցույց կտա։
Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։
