Երբ հասարակության մեջ որևէ խումբ կտրուկ դեմ է արտահայտվում որևէ բանի, ակվարիումի բնակիչները մեղմ տոնով հորդորում են նախ քննարկել, ապա՝ նոր ոչինչ չանել։
Արայիկ Մկրտումյան
Մեր մտավորականների մի մեծ մասը իսկական ակվարիումային ձեռնասուն կենդանիներ են։ Խոսում են միայն անվնաս թեմաներից, իսկ նրանց հայրենասիրության չափը Մոսկվան ու Վաշինգտոնն են որոշում։ Նրանք պատրաստ են ժամերով վիճել խորն անցյալի, բայց լռել հենց այդ պահին կատարվողի մասին։ Նույնիսկ երբ թշնամին գոռում է, որ առաջին իսկ առիթով մորթելու է բոլորին, մեր մտավորականների ակվարիումային մասը շաբաթներով քննարկում է՝ հավն է առաջացել, թե ձուն ու հանգում այն եզրակացության, որ ամեն ինչում մենք ենք մեղավոր, քանի որ այդպես էլ քաղաքացիական հասարակություն չձևավորեցինք։
Երբ հասարակության մեջ որևէ խումբ կտրուկ դեմ է արտահայտվում որևէ բանի, ակվարիումի բնակիչները մեղմ տոնով հորդորում են նախ քննարկել, ապա՝ նոր ոչինչ չանել։
Ակվարիումականները ամեն ինչում մեղադրում են իրենց ազգին, նույնիսկ եթե թշնամին անմարդկային է, մեղավորը քաղհասարակության բացակայությունն է։
Նրանք շատ են սիրում մանր մունր միջոցառումներ, սերտիֆիկատներ ու հազար անգամ տրորված ճանապարհը նորից անցնել, բայց երբեք նոր բան չանել, խեղդել ցանկացած նորություն, որովհետև դա կքանդի իրենց փոքր ակվարիումը, որտեղ կոմֆորտ զոնա է, որտեղ կերն ու պատիժը հավասարաչափ են, որտեղ ոչ մի աղետ տեղի չի ունենում, որտեղ ամեն ինչ արդեն վաղուց որոշված է։
Նրանք իդեալական հպատակներ են, իսկական ծառաներ։ Նրանք հավատարիմ են, որովհետև երբեք ինքնուրույն չեն կարող լինել, երկրորդական դերերի համար անկրկնելի են, առաջին դերերից իրենք են փախչում։
Նրանք իսկական գաղութային որդեր են, խխունջներ, որ փակված իրենց խեցիներում ապրում են խեղճ ու լղոզվսծ մի իրականություն, իսկ երբ փոթորիկը քանդում է ամեն ինչ, նրանք ընդհատակ են անցնում և սպասում, որ աղմուկն անցնի։
Մեր ակվարիաումականները անկրկնելի ծառաներ են, իդեալական ստրուկներ։ Նրանց համար հայրենիքը մի գեղեցիկ միֆ է, անկախությունը՝ բարի մի կատակ։ Այս մարդիկ մյուսների համար թմրանյութ են դառնում։ Նրանց պատճառով են 19֊րդ դարից մինչև 1923թ դիմադրելու ունակները կոտորվել և հիմալ էլ սպանում են մարդկանց մեջ հասկանալու և ապրելու հոգին։
Համակերպվել՝ այս է ակվարիումականի կարգախոսը։ Համակերպվել և քարանալ
Գրառումը՝ Արայիկ Մկրտումյանի էջից։