ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հետընթաց Բոլոր Ուղղություններով

Ինչո՞ւ է Փաշինյանը գրեթե արդարացնում թուրքերի պահվածքը ու այնպիսի օրինագծի հավանություն տալիս, որ հենց թուրքերի ցանկությունների դեմ է: Կամ ընդդիմությունը: Իրենց հայտարարում են հայրենասեր, պետականամետ ու ձեռնպահ են քվեարկում պետականամետ օրինագծի:

Մեր Ուղին

Այն, որ ՀՀ ԱԺ-ը վերածվել է աբսուրդի թատրոնի, ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ: 2021թ. ընտրված Ազգային Ժողովը հենց իր առաջին նիստից էլ ցույց տվեց, որ ոչ մի արդյունավետ աշխատանք չի կատարվելու: Այնտեղ հայտնված խմբակցությունները իրենց վարքով ցույց են տալիս, որ իրենց միակ գործը մյուսներին հակաճառելն և ընդդիմանալն է: Ընդ որում այդ մտայնությունը երբեմն հասնում է գրեթե խելագարության, երբ նույնիսկ իրենք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ են խոսում և ինչու:

ԱԺ-ը իրոք վերածվել է խեղկատակության կենտրոնի: Ով ինչ ուզում անում է: Ով ինչ ուզում խոսում է: Ո՛չ իշխանությունն է իրեն հաշիվ տալիս, թե ինչ է խոսում, ո՛չ ընդդիմությունը, թե ինչին է դեմ ու ինչու: 

Հերթական առիթը, որի ժամանակ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ցույց տվին իրենց անադեկվատ էությունը՝ երկու երևույթ էր:

Առաջինը «Նեմեսիսին» նվիրված հուշարձանին անդրադարձն էր: Թուրքիան կարծես թե նեղվել է, որ Երևանում բացվել է մի հուշարձան, որը նվիրված է թուրք մարդակերներին ոչնչացրած հերոսներին և փակել է օդային ճանապարհը Հայաստանի համար՝ հայտարարելով, որ ուրիշ միջոցառումներ ևս ձեռք կառնվեն: Եվ ահա, ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից այնպիսի մեղմ տոնով է խոսում այդ արձանի տեղադրման ու թուրքերի նեղացածության մասին, ասես հայերը իրոք վատ բան են արել արձանը տեղադրելով ու թուրքերն էլ իրոք առիթ ունեն նեղանալու: Դրանով վարչապետն իհարկե առիթ տվեց քաղաքական հակառակորդներին, որ իրեն հերթական անգամ դավաճան հանեն: Չավուշօղլուն, իր խոսքերում նշել է, որ այդ արձանը նվիրված է ահաբեկիչներին, որոնք 1920-ականներին Թուրքիայի քաղաքացիների ու մի շարք ադրբեջանցիների են սպանել: Չավուշօղլուն իհարկե մոռանում է, որ այդ «քաղաքացիները» հայոց ցեղասպանության կազմակերպիչ մարդասպաններ էին, ոչ թե խաղաղ մարդիկ և փորձում է վիրավորվածի դեր խաղալ: Մի խոսքով սելի փոխարեն սելվորն է ճռռում: Բայց եթե թուրքերի պահվածքը հասկանալի է, ապա Նիկոլ Փաշինյանի պահվածքը բոլորովին հասկանալի չէ: Նա իր խոսքում գրեթե արդարացնում է թուրքերի գործողությունները, նա ասում է, որ այնպես չէ, որ այդ արձանների պատճառով խնդիրներ չեն ունենում:

Այսինքն ի՞նչ է ստացվում: Թուրքերը նեղացել են, իսկ ՀՀ վարչապետն էլ չգիտես ինչու նրանց փաստաբանությունն է անում, ըստ էության ասելով, դե մարդիկ նեղացել են, դուրները չի եկել: Լավ, ասենք թե թուրքերը նեղացել են այդ արձանի պատճառով: Իսկ եթե վաղը նրանց դուրը մեր դրոշի գույներն էլ չգա: Վարչապետը հրամայելու է փոխե՞լ դրոշի գույները: Կամ եթե թուրքերի տրամադրությունն ընկնի ինչ որ պատճառով, վարչապետը գալու է և արդարացնի՞ նրանց պահվածքը: Իշխող մեծամասնությունը գոնե հասկանո՞ւմ է, որ իր քաղաքական լիդերը հերթական հիմարությունն է դուրս տվել, որով յուղ է լցնում իրենց դավաճան համարողների կրակին: Կամ էլ, մի որոշ ժամանակ անց Փաշինյանը կարդարանա՝ ասելով, որ բոլորովին ուրիշ բան նկատի ուներ և բոլորովին ուրիշ բան էր ցանկանում տեղ ասել, բայց իր խոսքերն աղավաղել են: Մի մարդ, ով առավոտից իրիկուն զբաղված է խոսքեր աղավաղելով, բողոքում է, որ իր խոսքերն աղավաղել են: ԱԺ մեծամասնությունը լավ կանի հիացական դեմքերով ծափահարելու փոխարեն իր քաղաքական լիդերին ուշքի բերի, որովհետև ՀՀ վարչապետի կողմից նման անադեկվատ պահվածքը շատ կասկածելի է կամ գոնե շատ տհաճ:

Հաջորդ երևույթն այն է, որ ԱԺ մեծամասնությունը, որի առաջնորդը գրեթե արդարացրեց թուրքերի նեղանալը, ընդունեց բավական պետականամետ մի օրինագիծ, ըստ որի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվեն ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով, իսկ բռնություն պարունակող հրապարակային կոչերի համար՝ վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։ Իրոք որ անհասկանալի է: Մի կողմից վարչապետը չգիտես, թե ինչեր է խոսում, մյուս կողմից էլ նրա թիմն անում է շատ կարևոր մի բան: Եվ հիմա ընդդիմության հերթն է:Այդ նույն ընդդիմությունը, որ Փաշինյանին հերթական անգամ դավաճան համարեց Նեմեսիսի հուշարձանի պահով  պահը չի կորցնում իրեն Հայաստանի փրկիչ հայտարարելու, չգիտես ինչու…ձեռնպահ քվեարկեց վերը նշված օրինագծին, որը խիստ պատիժ է սահմանում պետական ինքնիշխանությանը սպառնալու կոչերի ու գործողությունների համար:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ո՛չ իշխանությանն ես կարողանում հասկանալ, ո՛չ ընդդիմությանը: Եվ իրոք: Ինչո՞ւ է Փաշինյանը գրեթե արդարացնում թուրքերի պահվածքը ու այնպիսի օրինագծի հավանություն տալիս, որ հենց թուրքերի ցանկությունների դեմ է: Կամ ընդդիմությունը: Իրենց հայտարարում են հայրենասեր, պետականամետ ու ձեռնպահ են քվեարկում պետականամետ օրինագծի: 

Ոչ այն է ծիծաղես, ոչ այն է լաս: Կարծես, թե ամենքն էլ խելքները թռցրել են ու ընդհանրապես չեն հասկանում իրենց ասած-արածի տարբերությունն ու նշանակությունը: Նման պայմաններում ցանկանում ես ԱԺ խմբակցություններին հայրենիքի փրկության մեդալ շնորհել ու արտաքսել երկրից: Այլ կերպ հնարավոր չէ արձագանքել տեղի ունեցող աննորմալությանը: Երկրի թիվ մեկ դահլիճում մանկապարտեզային մակարտակի կռիվներ են ամեն օր: Գերհարուստ պաշտոնյաներ, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, թշնամուն արդարացնող վարչապետ, վարչապետին ատող ու միաժամանակ պետականամետ նախագծին ձեռնպահ քվեարկող ընդդիմություն, միայնակ մնացած ու դրանից մեծամտացած իշխանություն, որին արդեն թվում է, թե ինքն Աստծուց է ու ամիսներով աշխատանքի չեկող, բայց աշխատավարձ ստացող ընդդիմություն, որի միակ գործը գոռալ է: Իշխանության ներկայացուցիչ, ով թքում է մարդկանց երեսին և ընդդիմության ներկայացուցիչ, ով շիշ է շպրտում մյուսների վրա: Այո՛, երկար ժամանակ պետականություն չունենալը ազդել է հայ ժողովրդի վրա: Ազդել է այնքանով, որ արդեն չի հասկանում, թե ում է մանդատ տալիս և իր գլխին կառավարիչներ նշանակում, որոնք էլ հետո պատուհաս են դառնում իր գլխին:  1991թ առ այսօր ոչ մի գումարման ԱԺ գոնե մի տոկոսով չի արդարացրել իր գոյությունը  հիմա էլ չգիտես ինչով է զբաղված:

Այստեղ միայն ընտրողները պիտի խոսեն: Նրանք ովքեր մանդատ են տվել իշխանությանն ու ընդդիմությանը, նրանք պիտի լրջություն պահանջեն իրենց ընտրյալներից, այլապես վերջիններս շարունակելու են իրենց անպատասխանատու և մանկամիտ պահվածքը: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *