Հայաստան

Մայիսի 9՝ Տո՞ն, Թե՞ Խաբկանք

Երկրորդ համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի կամքով ու ցանկությամբ բռնկված չէր, հայ ժողովուրդը մասնակից կողմ չէր: Այսինքն հայերը չէին ընտրել այդ պատերազմին մասնակցելը՝ հասկանալով հանդերձ, որ զոհեր են լինելու ու հաղթանակի դեպքում էլ պարգևներ են լինելու: Ի՞նչ է ստացել հայ ժողովուրդն այդ պատերազմից հետո: Ոչինչ: Ինչո՞վ է փոխհատուցվել հայ ժողովրդի ծանրագույն զոհը մի պատերազմում, որը նա չէր սկսել, բայց որին ստիպեցին մասնակցել, ընդ որում այդ մասնակցությունը եղավ շատ դաժան կերպով: Ոչնչով:

Հրանտ Տէր Աբրահամեան

1inAM-ի եթերում «Քաղաքական տեսություն» հաղորդաշարի շրջանակներում պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանն անդրադարձել է մայիսի 9-ին, փորձ արել հասկանալու օրվա խորհուրդը և ըստ այդմ հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում մայիսի 9-ը, ինչպես ենք մենք վերաբերվել այդ օրվան:

Տէր-Աբրահամյանը նախ անդրադարձավ այն բանին, որ Հայաստանում անկախություից ի վեր ԽՍՀՄ կողմից Գերմանիայի դեմ տարած հաղթանակը նշվել է շատ մեծ շուքով ու միաժամանակ փորձ է արվել այդ օրվան սոսնձել նաև արցախյան պատերազմում տարած հաղթանակը: Մայիսի 9-ը, որ մեզ մոտ ավանդաբար նշվում է և՛ որպես «հայրենական պատերազմում» ձեռքբերված հաղթանակի օր, և՛ որպես Արցախյան հաղթանակ, որոշակիորեն պարզեցման հարց ունի: Նախ և առաջ այն պարզ հանգամանքով, որ մենք այդպես էլ չունեցանք արցախյան ազատամարտի հաղթանակի ազգային տոն, այլ այն դարձրինք Շուշիի ազատագրման օրը, մինչդեռ Շուշիի ազատագրումով պատերազմը չվերջացավ, այն մոտ երկու տարի ևս տևեց, այնպես, որ մենք պետք է ոչ թե Շուշիի ազատագրումը դարձնեինք ազգային հաղթանակի օր, այլ իրավմամբ սահմանել օր, որը կնշանավորեր հայերի հաղթանակը արցախյան պատերազմում: Բայց ոչ, այդպես չեղավ ու արցախյան հաղթանակը մտցվեց երկրորդ համաշխարհայինում գերմանացիների դեմ տարած ռուսական հաղթանակի տակ: Ընդ որում այդ «հայրենական» պատերազմի նկատմամբ մենք զարմանալիորեն ունենք այնպիսի դրական վերաբերմունք, ասես այն հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը լիներ: Իրականում այդ պատերազմը գերտերությունների կողմից մղվող հերթական գիշատիչ պատերազմն էր, որին հայ ժողովուրդը մասնակցեց ոչ թե իր կամքով, այլ ստիպողաբար:

Հրանտ Տէր-Աբրահամյանը հարկ համարեց անդրադառնալ հպարտություն համարվող զոհերի թվին: Մեզանում մի տեսակ այլասերված ազգասիրությամբ ուրախանում ենք, որ այդ պատերազմում ունեցել ենք մոտ  երեք հարյուր հազար զոհ: Իսկ առանձնապես ուրախանալու բան չկա, քանի որ այդ պատերազմում հայ ժողովուրդը ստացավ ժողովրդագրական վերջին ծանր հարվածը, որից հետո ծնելիության մակարդակը ծայրահեղորեն նվազեց ու հիմա հայերը միջին կարգի եվրոպական ժողովրդի նման են՝ քիչ ծնելիության մակարդակով, ցածր ժողովրդագրական աճով:

Ինչ վերաբերվում է այդ երեք հարյուր հազարին, հարկ է առանձնացնել նախ և առաջ մի քանի երևույթ: Առաջին հերթին այն, որ երկրորդ համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի կամքով ու ցանկությամբ բռնկված չէր, հայ ժողովուրդը մասնակից կողմ չէր: Այսինքն հայերը չէին ընտրել այդ պատերազմին մասնակցելը՝ հասկանալով հանդերձ, որ զոհեր են լինելու ու հաղթանակի դեպքում էլ պարգևներ են լինելու: Ի՞նչ է ստացել հայ ժողովուրդն այդ պատերազմից հետո: Ոչինչ: Ինչո՞վ է փոխհատուցվել հայ ժողովրդի ծանրագույն զոհը մի պատերազմում, որը նա չէր սկսել, բայց որին ստիպեցին մասնակցել, ընդ որում այդ մասնակցությունը եղավ շատ դաժան կերպով: Ոչնչով:

Երկրորդ՝ պատերազմին մասնակցած հայ ժողովուրդը տոկոսային առումով տվել է ավելի շատ զոհ, քան օրինակ անգլիացիները կամ ամերիկացիները: Հաշվի առնելով նաև այն, որ եթե Անգլիան ու Ամերիկան առանձին պետություններ էին, որոնք իրենց կամքով մասնակցեցին այդ պատերազմին ու պատերազմում հաղթանակից հետո ստացան շատ մեծ պարգևներ, օրինակ ԱՄՆ-ը ստացավ համաշխարհային տիրապետության առաջին մեծ հնարավորություները, ապա թվաքանակով նրանց տասնապատիկ անգամներ զիջող հայերը, որոնք նույնիսկ պաշտոնապես պատերազմող կողմ էլ չէին, իրենց թվաքանակի համեմատ տվեցին ծանրագույ զոհեր ու փոխարենը ոչինչ չստացան: Ու եթե նույնիսկ մասնակից երեք հարյուր հազար հայերը ոչ թե միայն հայկական ԽՍՀ-ից էին, այլ ողջ ԽՍՀՄ տարածքից, դրանից առանձնապես բան չի փոխվում: 1939թ. դրությամբ պաշտոնական տվյալներով, ըստ ԽՍՀՄ երկրորդ մարդահամարի արդյունքների՝ մոտ 1 մլն, 2 հարյուր հազար էր, որից ենթադրենք զոհվել է ոչ թե 300 հազար, այլ 200 կամ նույնիսկ 100 հազար մարդ: Այդ թիվը ահռելի է, այն գրեթե փոքր ցեղասպանություն է հայ ժողովրդի նկատմամբ: 

Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ պատմության մեջ երբեք ոչ մի ազգային պայքարի համար հայերը նման ծանրագույն զոհեր չեն տվել: Ահռելիագույն զոհեր եղել են առաջին և երկրորդ համաշխարհայինների ժամանակ, երբ հայերը տվել են ամենածանր զոհերը, ստիպված մասնակցել են պատերազմներին և ոչինչ չեն շահել:

Պատմաբանն այստեղ կարևորեց այն, որ անկախության գոյության պայմաններում, երբ ունես սեփական պետություն, դու կարող ես ընտրել քո ապագան, ընտրում ես, թե ինչին մասնակցես, ինչին՝ ոչ: Ու եթե նույնիսկ ստիպված ես մասնակցել որևէ գործընթացների, ապա, համապատասխանաբար ունենում ես քո սեփական ձեռքբերումները և կորուստները, իսկ երբ չունես անկախություն և պետություն, ապա, ամենաշատը, որ կարող ես ստանալ՝ ժամանակավոր անվտանգության պատրանք, ոչ ավելին ու դրանից հետո տալ ավելի ծանր ու սարսափելի զոհեր, քանի եթե դա լիներ քո գիտակցված ընտրությունն ու պայքարը: Հրանտ Տէր-Աբրահամյանն ասաց, որ ընդամենը երեք տարի առաջ տեղի ունեցած պատերազմում մենք կորցրել ենք մոտ չորս հազար զինվոր և շատ ծանր ենք տանում դա: Այս փոքր երկրի համար չորս հազար զոհը մեծ հարված է, որը մենք մինչև հիմա չենք կարողանում մարսել: Իսկ ի՞նչ կլիներ, եթե մեր այս պայմաններում մենք պատրաստ լինեինք 100 հազար զոհ տալու: Իրավիճակն իհարկե բացարձաապես ուրիշ կլիներ: Բաքվում թեյ խմելն էլ ավելի իրական: Հրանտ Տէր-Աբրամյանը նաև հիշատակեց 1920թ. Կարսի անկումը, նշելով, որ նույնիսկ ոչ թե 100, այլ 50 հազար կազմակերպված ու չնահանջող զորք ունենալու դեպքում պատմության անիվը բոլորովին ուրիշ կերպ կընթանար: Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ 50, 100 ու առավելապես 300 հազար զոհը կատակ բան չէ: Մեզ համար ողբերգություն է չորս հազար զոհը, բայց մենք տարօրինակ հպարտություն ունենք, որ 300 հազար զոհ ենք տվել մի պատերազմում, որը մերը չէր ու որից մենք ոչինչ չշահեցինք: Միակ հետևանքը, որ եղավ այն էր, որ ստացանք ծանրագույն ժողովրդագրական հարված: Շատ գյուղեր պարզապես վերացան, որովհետև այնտեղ այլևս տղամարդ չէր ապրում: Այդ ահռելի զոհերի հետևանքով շատ երեխաներ այլևս չծնվեցին, որոնք կծնվեին: Ուրախանալու շատ քիչ բան կա: Ընդ որում պետք է հիշել ևս մեկ, ոչ պակաս սարսափելի երևույթի՝ հայոց ցեղասպանության մասին: Պետք է հիշել, որ 1900-ականների սկզբում հայ ժողովուրդը բավական մեծ ծնելիության մակարդակ ուներ, որ հատկապես նկատելի էր արևմտյան Հայաստանում ու նման տեմպերով հայերը դարավերջին քանակով գերազանցելու էին նաև թուրքերին: Բայց եղավ հայոց Ցեղասպանությունը միլիոն ու կես զոհ տված ժողովուրդը ցրիվ եկավ ողջ աշխարհով մեկ՝ նաև ձևավորելով ՀԽՍՀ բնակչության մի մեծ մասը: Չմոռանանք նաև, որ առաջին համաշխարհային պատերազմում և՛ թուրքերի, և՛ ռուսների կողմից կռվել են հայ զինվորներ, այդտեղ ևս մեծ զոհեր տալով: Դրանից ընդամենը մոտ 20-25 տարի առաջ թուրքերի կողմից ոչնչացվել էր ևս մոտ 300 հազար բնակչություն արևմտյան Հայաստանում: Եվ ահա, ընդամենը 30-40 տարում երկու մլն-ից ավել զոհ տված ժողովրդի բեկորներ, ովքեր պատսպարվել էին Խորհրդային Հայաստանում և ենթարկվել էին ստալինյան բռնաճնշումներին ու բռնկվում է նմանը չունեցող համաշխարհային պատերազմ, որին ստիպված մասնակցում է հայ ժողովուրդը՝ տալով ևս մի քանի հարյուր հազար զոհ՝ վերջնականապես ավերելով հայ ժողովրդի գենոֆոնդը և թաղվելով ժողովրդագրական դժոխքում:

Եվ այդ պատերազմում հայ ժողովրդի տված ծանրագույն զոհերի մասին մենք այսօր խոսում ենք մեծ ոգևորվածությամբ, կարծես, թե չհասկանալով խոսքն իրականում ինչի մասին է:

Հրանտ Տէր-Աբրահամյանն ընդգծեց, որ երկրորդ համաշխարհայինում հայերի մասնակցությունը կոմունիստական քարոզչությամբ մշտապես  ներկայացվել է այնպես, որ հայերը սեփական կամքով ու մեծ ոգևորվածությամբ գնացին պայքարելու ֆաշիստական գաղափարախոսության դեմ: Պատմաբանը նշեց, որ այնպես չէ, որ հայերը չմասնակցեին այդ պատերազմին, ֆաշիզմը հաղթելու էր: Ընդ որում հայերը պարտավոր էլ չէին իրենց վրա վերցնելու ֆաշիզմի դեմ պայքարի նման ծանրություն:

Հաջորդը, որի մասին խոսեց Հրանտ Տէր-Աբրահամյանը, Թուրքիան էր: Խորհրդային պատմագրության մեջ մեծ չափով արծարծվում էր մի թեզ, ըստ որի Թուրքիան պատրաստվում էր ներխուժել ԽՍՀՄ տարածք՝ ավելի կոնկրետ Խորհրդային Հայաստան և արդյունքում հայության վերջին հատվածը ցեղասպանվելու էր: Հրանտ Տէր-Աբրահամյանն ասաց, որ ինքը ոչ փոքր ուսումնասիրություն է անցկացրել այդ թեմայով այլ, ոչ խորհրդային հավաստիացումներ գտնելու համար, բայց չի գտել: Բացի խորհրդային պատմագրությունից, առանձնապես տվյալներ չկան առ այն, որ Թուրքիան պատրաստվում էր ներխուժել ԽՍՀՄ: Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ այո, Թուրքիան փորձում էր ինչ որ մի պահ լավացնել իր հարաբերությունները Գերմանիայի հետ և հավանական է, որ գերմանացիների հաղթանակի դեպքում փորձեր օգտվել, բայց պատմաբանը հավանական չի համարում, որ եթե Ստալինգրադում գերմանացիները հաղթեին, ապա Թուրքիան ներխուժելու էր ԽՍՀՄ տարածք: Այո՛, թուրքերը որոշ քանակով զորք էին կուտակել Թուրքիա-ԽՍՀՄ սահմանին, բայց արդյո՞ք այն հարձակման համար էր: Հրանտ Տէր-Աբրահամյանը խոսեց նաև այն մասին, որ գերմանացիները ունեին նաև Թուրքիան գրավելու պլան՝ «Գերտրուդան»: Գարեգին Նժդեհը, Դրոն գերմանացիների հետ համագործակցում էին հավանաբար հենց այս պլանի շրջանակներում: Գերմանացիները չէին ցանկանա Անդրկովկասը զիջել թուրքերին: Նախ հարձակումը պետք է լինել դեպի Թուրքիա, բայց հհետագայում ԽՍՀՄ-ի վրա արշավանքը առաջին պլան մղվեց և հավանական է, որ Ստալինգրադից հետո գերմանական ջոկատները երկու ճակատով արշավեին հենց Թուրքիա: Բայց սա արդեն դուրս է գալիս փաստագրությունից:

Հրանտ Տէր-Աբրահամյանը, ամփոփելով իր ասելիքը, թե ինչ հետևանք ունեցավ երկրորդ համաշխարհայինը, ինչպիսի վնասներ հասցրեց հայ ժողովրդին կոնկրետ և փոխարենը ոչինչ չտվեց: Այսօր մայիսի 9-ն է և մենք խոշոր հաշվով տոնելու բան չունենք: Այն արցախյան պատերազմի հաղթանակի օրը չէ, որովհետև հաղթանակը եղավ Շուշիի գրավումիվ երկու տարի հետո: Օրը կարելի է նշել, որպես Շուշիի գրավման օր: Ինչ վերաբերում է երկրորդ համաշխարհայինին, ապա այն կարող են նշել ոչ թե պետական մասշտաբով, այլ անհատական՝ այն մարդիկ, ովքեր մասնակցել են այդ պատերազմին, նրանց ժառանգները: Բայց այն պետական տոն չէ:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *