Հայաստան

Թուրքիայի Մասին

Ինչպես Ռուսաստանի, Ադրբեջանի հետ հարաբերություններում, այնպես էլ Թուրքիայի պարագայում Հայաստանը պետք է գործի՝ քաղաքական ռացիոնալ հաշվարկներ կատարելով։

Ռոբերտ Անանյան

Թուրքիան չափազանց վտանգավոր պետություն է։ Հայաստանի պես համեստ ռազմական, տնտեսական, քաղաքական ռեսուրսներ ունեցող պետության համար վտանգավոր է ունենալ այսպիսի ագրեսիվ հարևան, և հարաբերվել նրա հետ, փորձել հարաբերություն կառուցել։ Տեսեք, թե քանի պետություն է ներխուժել Թուրքիան, և չնայած արժանացել է միջազգային հանրության քննադատություններին, անպատիժ է մնացել։ Ահա մի քանի օրինակներ.

Սիրիա. Թուրքիան ներգրավված է Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ 2011 թվականից: 2016 թվականին Թուրքիան սկսեց «Եփրատի վահան» գործողությունը՝ աջակցելու սիրիական ընդդիմության ուժերին՝ Իսլամական պետության և Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական աշխարհազորայինների դեմ պայքարում: 2018 թվականին Թուրքիան սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ Սիրիայի Աֆրին շրջանում քուրդ զինյալներին թիրախավորելու համար: 2019 թվականին Թուրքիան սկսել է «Խաղաղության աղբյուր» գործողությունը՝ Սիրիայի հյուսիսում «անվտանգ գոտի» ստեղծելու և քրդական ուժերին թիրախավորելու համար։

Իրաք. Թուրքիան Հյուսիսային Իրաքում մի քանի ռազմական գործողություններ է իրականացրել իր կողմից ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ Վերջին գործողությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին։

Կիպրոս. 1974 թվականին Թուրքիան ներխուժեց և գրավեց Կիպրոսի հյուսիսային մասը՝ կիպրահույն ազգայնականների պետական հեղաշրջումից հետո, որոնց աջակցում էին հույն զինվորականները:

Լիբիա. 2019 թվականին Թուրքիան զորքեր և զինտեխնիկա ուղարկեց Լիբիայում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը (GNA) աջակցելու նպատակով՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի դեմ, որը վերահսկում էր Լիբիայի արևելյան և հարավային մասերը:

Լեռնային Ղարաբաղ. 2020 թվականին Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում հաղթելու նպատակով։ Թուրքիան Հայաստանի կողմից օբյեկտիվորեն մեղադրվում է սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու, և նրանց պատերազմի մեջ ներգրավելու հարցում։

Չկա որևէ երաշխիք, որ Թուրքիան մի օր չի ներխուժի նաև Հայաստան։ Միայն Հայաստանում բնակվող հայաստանցիներն են, որ էականորեն զգում են այս վտանգը, և առաջին հարվածն են ընդունելու թուրքական հարձակման պարագայում։ Իմ համոզմամբ՝ Ռուսաստանի բանակը, որ գտնվում է հայ-թուրքական սահմանին, ունի սիմվոլիկ բնույթ, և ռազմական ոչ մի կարևորություն, ուժ չի ներկայացնում՝ հատկապես այսօր։

Ռուսաստանը չի՛ պաշտպանելու Հայաստանին, եթե Թուրքիան մեկ օր հարձակվի մեզ վրա։ Եթե Ռուսաստանը մեզ չի աջակցել իրենից փոքր Ադրբեջանի հարձակումների պարագայում, չի աջակցելու նաև Թուրքիայի հարձակման պարագայում։ Իսկ որ Թուրքիան ցանկության դեպքում կարող է մեկ օր կեղծ հայտարարել, որ մի խումբ քուրդ ահաբեկիչներ են անցել Հայաստանի սահմանը, և ինքը զորքով գալիս է նրանց հետևից, հուսամ՝ ոչ ոք չի կասկածում կեղծարարության նրանց տաղանդի վրա։

ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրամիության երկրներում ապրող իմ շատ սիրելի հայրենակիցները հեռվից շատ հանգիստ ընդունում են այս իրավիճակը, որում այսօր հայտնվել ենք։ Երբ Հայաստանը վտանգվի, նրանք ցույցեր, պիկետներ կանեն թուրքական դեսպանատների առաջ, գուցե նաև դրամահավաք անեն Հայաստան հիմնադրամի խողովակով, որոշները՝ գուցե գան մեզ հետ պատերազմելու։ Բայց 44-օրյա պատերազմն արդյո՞ք 10 միլիոն հայերի պատերազմ էր Ադրբեջանի դեմ։ Հարցին հենց պատասխանեք, կհասկանաք, թե քանի հոգով ենք Թուրքիայի հնարավոր հարձակմանը դիմագրավելու։ Այո, եթե Թուրքիան մտադիր լինի մեկ օր հարձակվել Հայաստանի վրա՝ առանց մեր կողմից առիթներ տալու էլ դա կանի, ինչպես դա արել է Լիբիայի, Սիրիայի, Կիպրոսի, Իրաքի, Լեռնային Ղարաբաղի պարագաներում, բայց Հայաստանը չպետք է Թուրքիային նույնիսկ փոքր շանս տա՝ հարձակման, վնասելու պատրվակ գտնելու։

Չի՛ կարելի կեղծ փաստարկների թուրքական զինանոցը ավելացնել՝ թեկուզ մեկ փամփուշտով, որը մեզ վրա կարող են կրակել։

Ինչպես Ռուսաստանի, Ադրբեջանի հետ հարաբերություններում, այնպես էլ Թուրքիայի պարագայում Հայաստանը պետք է գործի՝ քաղաքական ռացիոնալ հաշվարկներ կատարելով։ Չի՛ կարելի այսքան դժվարին, բարդ աշխարհաքաղաքական, անվտանգային իրավիճակում Թուրքիային տալ հնարավորություն՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու։ Դա թուլացնում է մեր երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։ Եթե մենք ուզում ենք ապրել Հարավային Կովկասում՝ որպես պետություն, և ոչ թե որպես ռուսական գուբերնիա կամ թուրքական վիլայեթ, պետք է իրականացնենք հաշվարկված արտաքին քաղաքականություն։ Չի կարելի ընտրել այսրոպեական շահը, հայրենասիրական քայլ կատարել՝ և չափազանց ծանր վնասներ կրել երկարաժամկետ հեռանկարում։

Հայաստանը անկախ պետություն է, և պետք է հավերժ գոյություն ունենա։ Չափազանց տխուր է, երբ մենք ենք հնարավորություն տալիս ուրիշներին՝ մեզ վրա ճնշումներ գործադրել, գործիքներ կիրառել։ Մի բան է, երբ հանիրավի մեղադրում են քեզ անիրական քայլերի մեջ, մեկ ուրիշ բան, երբ դու ես առիթ ստեղծում՝ քեզ սպառնալու, պատասխան քայլեր կատարելու սպառնալիք տալու։ Ինչպե՞ս հնարավոր եղավ գլխի ընկնել, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ից լուրջ վտանգներ կստեղծի, բայց նույնը հնարավոր չեղավ կանխատեսել հիմա։ Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիային առնչվող հարցերում մենք կարողանում ենք ասել, որ մենք ինքնիշխան պետություն ենք, և դա մեր ներքին գործն է, իսկ Ռուսաստանին վերաբերող հարցերում՝ լռում ենք։ Եթե այդ սկզբունքը չի գործադրվում մի պարագայում, ի՞նչ հաշվարկով եք գործադրում էն մյուսի դեպքում։ Սա վկայում է մեր՝ ոչ հասուն, տաքարյուն, երբեմն՝ մանկամիտ գործելաոճի մասին։ Պետք է ուղղակի Հայաստան պետության համար դասավորել առաջնահերթությունները։

Իմ համոզմամբ՝ մեզ համար առաջնահերթը պետք է լինի Հայաստանի պետական շահը, և բոլոր հարցերը պետք է բխեն Հայաստանի պետական շահը պաշտպանելու տրամաբանությունից։ Ես մերժում եմ հայրենասիրության այն տեսակները, որոնք վտանգում են իմ պետականությունը, նոր սպառնալիքներ են ստեղծում։ Դա արկածախնդիր պահվածք է, ոչ թե հայրենասիրական զգացումներից բխած գործողություն։ Իմ կարծիքով՝ Հայաստանի պետական շահն անվտանգ, ազատ, ինքնիշխան և հավերժ ապրելն է այս ռեգիոնում։

Դուք ազատ եք, և իրավունք ունեք ձեր սեփական մեկնաբանությունը տալ Հայաստանի պետական շահին։ Ինչպես ուզում եք՝ վարվեք, բայց նայեք մեր պատմությանը, և գիտակցեք ձեր ընտրության հետևանքները։ Չեմ վախեցնում, ուղղակի նայեք մեր պատմությանը, թե ինչպես է հայ ժողովրդի բնօրրանը կրճատվել հարյուրամյակների ընթացքում՝ զրկվել ենք Արևմտյան Հայաստանից, Նախիջանից, Արցախի մի մասից, Ադրբեջանի տարածքում գրեթե կես միլիոն հայի ներկայությունից (քաղաքական լրջագույն գործիքից), հիմա էլ կանգնած ենք բուն Արցախի հայաթափման վտանգի առաջ։ Ու էլի խելքի չենք գալիս՝ էմոցիոնալ ենք անհաշվարկ, տգետ։ Մնացյալը՝ հեքիաթներ են։ Հերթը մի՛ բերեք-հասցրեք Հայաստանին։

Հոդվածը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *