ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անսպասելի Ու Անակնկալ Հարցազրույց

Ի՞նչ են մտածում դաշնակցականները իրենց երկարամյա առաջնորդի և ուժեղ դեմքի այս հարցազրույցի մասին, ում խոսքը դեռևս շատ ծանրակշիռ է և գոնե այս հարցազրուցում խորքային առումով տարբերվում է ՀՅԴ պաշտոնական պահվածքից:

Մեր Ուղին

YerkirMedia-ն հյուրընկալ էր դաշնակցական, ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանին: Զրույցի ընթացքում հիմնական թեմաները եղել են Հայաստանի ու Արցախի հնարապետությունների շուրջ ստեղծված վիճակը, դրանցից դուրս գալու ելքերը:

Հրանտ Մարգարյանը հաղորդման ընթացքում բովանդակային առումով անդրադարձել է հայ ժողովրդի միասնության անհրաժեշտության, միահամուռ ուժերով թշնամու դեմ պայքարելուն և նշել, որ հայերը դասալիք ու վախկոտ չեն, ինչպես որ փորձում են մեզ համոզել: Ինքը արցախյան պայքարի դեռ առաջին օրերից ներկա է եղել ամենաթեժ կետերում, մասնակցել է պայքարին բոլոր փուլերում և շատ լավ գիտե, որ հայը կռվող, կայուն և ամուր ազգ է:

Կարելի է ասել, որ ողջ հարցազրույցն ընթացել է ազգային դիմադրության ճակատ ձևավորելու, թշնամու դեմ պայքարի, ազգ-բանակ կառուցելու տրամաբանությամբ: Խոշոր հաշվով այս հարցազրույցը կարելի էր համարել հերթական մտահոգ ու բարի ցանկություններով լցված ողջունելի հարցազրույց և այն այդպես էլ կա, բայց կա նաև աչքի զարնող մի երևույթ: Դա վերաբերմունքն էր իշխանության հանդեպ:

Գաղտնիք չէ, որ իշխանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» և «ՀՅԴ» կուսակցությունները մեղմ ասած ատում են իրար ու մեղադրում հնարավոր ու անհնար ամեն ինչում: Իշխանական քպ-ականների ու ընդդիմադիր հյդ-ականների ջուրը այդպես էլ մի առվով չի հոսել: Քպ-ականները մեղադրում են ՀՅԴ-ին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին իշխանամետ լինելու, երկիրը թալանելու, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, իսկ ՀՅԴ-ն(ինչպես և ընդդիմադիր այլ կուսակցություններ ու դաշինքներ), ՔՊ-ին և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան կապիտուլյանտ, ովքեր գիտակցաբար ու դավաճանորեն ամեն ինչ արեցին, որ ռուսների հետ հարաբերությունները վատանան, պատերազմում պարտվենք, ինչպես նաև Արցախի յոթ շրջանները ծախելու մեջ: ՀՅԴ-ականները նաև հենց այսօր քպ-ականներին ու Նիկոլ Փաշինյանին թուրք են համարում, դավաճան ծախվածներ, ովքեր ցանկանում են Հայաստանը վերածել թուրքական նահանգի: ՔՊ-ն էլ խոսքի տակ չի մնում ու ՀՅԴ-ին ևս ակնարկներով համարում է Քոչարյանի վարձկաններ, հինգերորդ շարասյուն, ռուսական գործակալներ, ովքեր միտք ունեն Հայաստանը ռուսական մարզ դարձնել:

Մի խոսքով քաղաքական թշնամանքը առկա է և երևի բոլորն էլ հիշում են, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո հատկապես սրված ցույցերի ժամանակ ինչ արտահայտություններ էին հնչեցնում ընդդիմադիրները իշխանության հասցեին: Մինչև վերջերս էլ ԱԺ-ում տուրուդմբոցները չեն դադարում:

Եվ այս ամենի ֆոնին ելույթ ունեցող Հրանտ Մարգարյանը ոչ մի բառ չի հնչեցնում իշխանության ու Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նրան չի անվանում թուրք, դավաճան, գործակալ և այլն: Ավելին, Հրանտ Մարգարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ցանկանում, որ սերունդներն իրեն դավաճան համարեն: Հրանտ Մարգարյանը նույնիսկ խոսում է Նիկոլ Փաշինյանի փրկության մասին, ասելով, որ նրա փրկությունը Հայաստանի փրկության մեջ է: Հրանտ Մարգարյանը ոչ միայն չհայհոյեց և չանիծեց ՀՀ իշխանություններին, այլև խուսափեց որևէ վիրավորական բառ ասելուց և նրա քննադատությունն իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին ուղղված, ավելի շատ մեղմ հանդիմանության էր նման:

Սա իրոք, որ զարմանալի է: Հրանտ Մարգարյանը ոչ թե ինչ որ անհայտ մարդ է, այլ ՀՅԴ երկար տարիների առաջնորդը, ականավոր կուսակցական, ում խոսքը դեռևս շատ ծանրակշիռ է ողջ ՀՅԴ-ում, անկախ նրանից, թե նա կուսակցությունում պաշտոն ունի, թե ոչ: Հրանտ Մարգայանը նաև շատ ժամանակ համարվել է կուսակցության իրական, ստվերային տերերից մեկը, մարդ, ով մատի մի շարժումով կուսակցության արտաքին քաղաքականություն կարող է փոխել: Ընդ որում Հրանտ Մարգայանին նաև իր քաղաքական հակառակորդները մեղադրել են ՀՅԴ-ն իշխանամետ դարձնելու, գաղափարական նահանջի մեջ: Հրանտ Մարգարյանը անձամբ ևս առանձնապես հաշտ և խաղաղ վերաբերմունք չի ունեցել դեպի ՔՊ-ը և Փաշինյանն անձնապես: 

Եվ ահա շատ զարմանալի է, որ Հրանտ Մարգարյանը, ում կուսակիցներն առավոտից իրիկուն անիծում են Փաշինյանին Հայաստանը ծախելու, Արցախն անդամահատելու, թուրք ու դավաճան լինելու մեջ, իր հարցազրույցում չի կիրառում նման բառապաշար, ավելի շատ միասնության կոչ է անում և շատ մեղմ հանդիմանում իշխանությանը՝ համարելով, որ նրանք թույլ են, բայց ոչ ավելին: Ի՞նչ են մտածում դաշնակցականները իրենց երկարամյա առաջնորդի և ուժեղ դեմքի այս հարցազրույցի մասին, ում խոսքը դեռևս շատ ծանրակշիռ է և գոնե այս հարցազրուցում խորքային առումով  տարբերվում է ՀՅԴ պաշտոնական պահվածքից:

Ի՞նչ է վկայում Հրանտ Մարգարյանի այս զուսպ կեցվածքը, երբա նա խոսում է միայն միասնության մասին, խոսում է ազգային ուժերի կոնսոլիդացիայի և ոչ մի բառ իշխանափոխության, մասին, ոչ մի տառ այն մասին, որ պիտի հեռացնեն «թուրք Փաշինյանին», այն ինչ ողջ օրը կրկնում են իր կուսակիցները:

Արդյո՞ք Հրանտ Մարգարյանը ցանկանում է ակնարկել այն մասին, որ ՀՅԴ-ն փոխում է իր արտաքին քաղաքական վեկտորը: Արդյո՞ք այս հարցազրույցից հետո «Հայաստան» դաշինքում ոչինչ չի փոխվի: Իսկ գուցե Հրանտ Մարգարյանը ինչ որ բան է հասկացնում ներկուսակցական հակառակորդներին: Հետաքրքիր կլիներ լսել ՀՅԴ այսօրվա ղեկավարության մեկնաբանությունն այս հարցազրույցի վերաբերյալ, մանավանդ, որ ՀՅԴ-ում Հրանտ Մարգարյանին քննադատելու կամ հայհոյելու համարձակություն դժվար թե որևէ մեկն ունենա:

Այս ամենից բացի մնում է միայն ողջունել միասնության կոչն ու ազգային միահամուռ ուժերով թշնամու դեմ ճակատ կազմելու կոչերը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *