Հենց Ռուսաստանն է խոչընդոտում այդ գործընթացին, քանի որ չի պատկերացնում լիովին ինքնիշխան և անկախ Հայաստան։
Առնոլդ Բլեյան
Zarkerak News‑ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Առնոլդ Բլեյանի հետ։ Զրույցի ընթացքում
Նա վերլուծում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը՝ շեշտադրելով անցումը ռուսական ազդեցությունից դեպի եվրոպական և արևմտյան կառույցներ: Բլեյանը քննարկում է ռուսական սահմանափակումների դրական ազդեցությունը հայ գործարարների վրա, ովքեր սկսել են գտնել ավելի վճարունակ և հուսալի շուկաներ, միաժամանակ մատնանշելով Եվրամիության աջակցությունը հիբրիդային պատերազմների դեմ պայքարում: Կարևորվում է նաև ներքին քաղաքական սուվերենության խնդիրը, որտեղ Բլեյանը կոչ է անում զտել քաղաքական դաշտը օտարերկրյա շահեր սպասարկող ուժերից և հաստատել ազատ ու արդար ժողովրդավարական արժեքներ: Զրույցը նշում է, որ անհրաժեշտ է տարածաշրջանային խաղաղություն և տնտեսական փոխգործակցություն՝ որպես Հայաստանի հարատևման և զարգացման միակ երաշխիք։
Բլեյանը անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին, նշեց, որ դրանից առաջ կարևոր հանդիպում էր տեղի ունեցել Բաքվում, որտեղ հայտարարվել էր տարածաշրջանի համար նախատեսվող շուրջ 200 միլիոն դոլարի դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք կարող են լրացուցիչ մինչև մեկ միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել։ Նրա կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները տարածաշրջանի վերաբերյալ ունեն գրեթե նույնական պատկերացում՝ խաղաղության, տնտեսական փոխկապակցվածության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության շուրջ։

Բլեյանը դիտարկեց, որ ֆոն դեր Լայենի երևանյան այցը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը բախվել է Ռուսաստանի սահմանափակումներին։ Նա նույնիսկ դրական գնահատեց այդ իրավիճակը՝ նշելով, որ դրա շնորհիվ հայ տնտեսվարողները ստիպված են եղել նոր շուկաներ որոնել և գտնել ավելի վճարունակ գործընկերներ։ Քաղաքական գործչի համոզմամբ՝ եվրոպական աջակցությունը վերաբերում է ոչ միայն ֆինանսական միջոցներին, այլև փորձի փոխանցմանը, որը կարող է նպաստել հայկական արտադրության ստանդարտների արագ բարձրացմանը։
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Առնոլդ Բլեյանը ասաց, որ Հայաստանի գործարար համայնքը վերջապես հասկանում է, որ ռուսական շուկան երկարաժամկետ ծրագրավորման համար հուսալի հենարան չէ։ Նա նշեց, որ Ռուսաստանը սահմանափակել է ոչ միայն հայկական ապրանքների մուտքը, այլև իր տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը։ Նրա գնահատմամբ՝ փաստացի սառեցվել է Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին, քանի որ չի գործում ապրանքների ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ երկար տարիներ հասարակության մեջ ձևավորվել էր այն ընկալումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կբերի տնտեսական աղետի։ Սակայն, նրա խոսքով, իրականությունն այլ է․ հայկական արտադրանքը շարունակվում է արտահանվել եվրոպական, արաբական և բազմաթիվ այլ շուկաներ։ Նա հիշեցրեց Վրաստանի և Մոլդովայի փորձը՝ ընդգծելով, որ եվրոպացիները նման իրավիճակներում նախապես համաձայնեցված աջակցություն են ցուցաբերում գործընկեր երկրներին։
Խոսելով Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային ազդեցությունների մասին՝ Բլեյանը նշեց, որ այդ գործընթացները չեն ավարտվել և շարունակվելու են նաև առաջիկայում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը մշտապես կատարելագործում է իր մեթոդները, ուստի Հայաստանին անհրաժեշտ է շարունակական համագործակցություն եվրոպական կառույցների հետ, այդ թվում՝ արագ արձագանքման մասնագիտացված խմբերի միջոցով։ Նա համոզված է, որ քանի դեռ գոյություն ունի Պուտինյան Ռուսաստանը, Հայաստանը շարունակելու է ենթարկվել նման ճնշումների։
Առնոլդ Բլեյանը նաև ընդգծեց, որ ազգային անվտանգության տեսանկյունից անընդունելի է համարում այն քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք, իր գնահատմամբ, բացահայտորեն պաշտպանում են Ռուսաստանի շահերը կամ խոսում են նոր միութենական նախագծերի մասին։ Նրա համոզմամբ՝ հայկական քաղաքական դաշտը պետք է կազմված լինի բացառապես Հայաստանի պետականությանն ու ինքնիշխանությանը հավատարիմ ուժերից։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանում քննվող ընտրական գործերին՝ նա նշեց, որ ակնկալում է սահմանադրաիրավական գնահատական ընտրակաշառքների և ընտրական գործընթացների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ։ Բլեյանը շեշտեց, որ դատարանից չի պահանջվում քրեական գնահատական, սակայն անհրաժեշտ է իրավական եզրակացություն, որը կհաստատի, թե արդյոք բոլոր քաղաքական ուժերն ազատ և արդար պայմաններում են մասնակցել ընտրություններին։
Նրա կարծիքով՝ մի շարք ընդդիմադիր ուժեր կապ չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական շահերի հետ և ներկայացնում են այլ կենտրոնների ազդեցությունը։ Նա պնդեց, որ այդ ուժերի ներկայությունը քաղաքական դաշտում երկարաժամկետ վտանգ է ստեղծում երկրի ժողովրդավարական զարգացման համար։
Խոսելով ընդդիմության կողմից մանդատներ վերցնելու կամ չվերցնելու հարցի մասին՝ Առնոդ Բլեյանը նշեց, որ խնդիրը հենց ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողությունն է։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է հաշվետու լինեն սեփական քաղաքացիներին, այլ ոչ թե արտաքին կենտրոններին։
Սամվել Կարապետյանի հայտարարությունների վերաբերյալ Բլեյանը նշեց, որ իշխանության գալու միակ լեգիտիմ ճանապարհը ընտրություններն են։ Նա կարծում է, որ «գաղտնի պլանի» մասին հայտարարությունները պետք է հետաքրքրեն իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր են պարզել նման արտահայտությունների բովանդակությունը։ Միաժամանակ նա քննադատեց Կարապետյանի քաղաքական ու մտավոր մակարդակը՝ նշելով, որ վերջինս երիտասարդների համար օրինակ ծառայել չի կարող։
Անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ քաղաքական գործիչը շնորհակալություն հայտնեց այդ որոշման համար, սակայն ընդգծեց, որ Հայաստանի համար առավել կարևոր են գործնական հարաբերությունները։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիր է Թուրքիայի հետ սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և տնտեսական համագործակցության զարգացումը։ Նույն տրամաբանությամբ նա կարևորեց նաև Իսրայելի հետ լիարժեք հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ Հայաստանում դեսպանության բացումը։
Բլեյանը կարծում է, որ Իսրայելի քայլը պայմանավորված է միաժամանակ թե՛ սեփական միջազգային հեղինակության խնդիրներով, թե՛ Հայաստանի աճող քաղաքական կշռով։ Նրա համոզմամբ՝ դա չպետք է դիտարկվի որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հակասող գործընթաց։
Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Առնոլդ Բլեյանը նշեց, որ Ռուսաստանի խորքային շրջաններում իրականացվող հարվածները կարևոր ազդակ են ռուսական էլիտայի համար։ Նրա կարծիքով՝ հենց ռուս հասարակությունն ու քաղաքական վերնախավը պետք է պատասխանատվություն կրեն իրենց ղեկավարության քաղաքականության համար։
Նա հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս կառուցվածքը հիմնված է տարբեր ժողովուրդների վերահսկման վրա և երկարաժամկետ հեռանկարում ենթակա է վերափոխման։ Բլեյանի համոզմամբ՝ 21-րդ դարում պետությունների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն տնտեսական համագործակցության և փոխկապակցվածության, այլ ոչ թե կայսերական նկրտումների հիման վրա։

Քաղաքական գործիչը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը ներկայացրեց որպես օրինակ, թե ինչպես կարելի է պատմական թշնամանքը փոխարինել համագործակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ հենց Ռուսաստանն է խոչընդոտում այդ գործընթացին, քանի որ չի պատկերացնում լիովին ինքնիշխան և անկախ Հայաստան։ Բլեյանը եզրափակեց՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում հաջողության հիմքը ոչ թե պատերազմն ու կայսերական հավակնություններն են, այլ խաղաղությունն ու տնտեսական զարգացումը։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
