Հայաստան

Ո՞րն Է Հայաստանի Զենքը

Ամեն դեպքում Բաքուն ստիպված է հաշվի առնել, որ խոսքը գնում է Եվրամիության խորհրդի նախագահի, երկու ամենահզոր պետությունների ղեկավարների մասին, ուստի մերժել նրանց մասնակցությունը, մանավանդ երբ արդեն նախադեպ եղել է, իմ կարծիքով, դրան Ադրբեջանը չէր գնա։

Բորիս Նավասարդյան

Հայաստանին ձեռնտու է Շոլցի ու Մակրոնի ներկայությամբ հանդիպումն Ալիևի հետ. այլ զենք, քան միջազգային սկզբունքներն են, Երևանը չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

-Պարոն Նավասարդյան, ամերիկյան «Financial Times» պարբերականը հայտնել է, որ բացի բրյուսելյան Փաշինյան-Ալիև հանդիպումը,  նախատեսվում է նաև, որ Փաշինյանը, Միշելն ու Ալիևը հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիևը դեմ էր Մակրոնի մասնակցությանը բանակցություններին, հնարավո՞ր է Շոլցի ներգրավման անհրաժեշտությունը պնդել է հենց Ադրբեջանը։

Խոսքը Քիշնեևում հունիսի 1-ին հանդիպման հնարավորության մասին է։ Պետք է հասկանալ, որ դա հատուկ Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ այլ խաղացողների մասնակցությամբ հանդիպում չէ։ Դա եվրոպական համայնքի պլանավորած միջոցառումն է, որ նախաձեռնվել էր  Մակրոնի կողմից և  առաջին անգամ կայացել է Պրահայում։Սա փաստորեն երկրորդ հանդիպումն է։ Քանի որ առաջին հանդիպման ժամանակ արդեն խոսվելէ  հայ-ադրբեջանական խնդիրների մասին՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ, սա փաստորեն այդ հնարավորության շարունակությունն է։Հաշվի առնելով նաև, որ դա եվրոպական համայնքի գագաթնաժողովն է, Եվրամիության երկու ամենահզոր երկրները կարևորագույն դերակատարություն ունեն այդտեղ։ Ըստ իս՝ հենց դրանով է պայմանավորված Մակրոնի ու Շոլցի ներկայությունը։ Չեմ կարծում, թե Ադրբեջանը հատուկ նախապայմաններ է ներկայացրել, քանի որ եթե դիտարկենք Բաքվի քաղաքականությունը՝դա  երրորդ կողմերի մասնակցությունը կամ ինչ-որ սկզբունքների ներկայացման մերժում է։ Ամեն դեպքում Բաքուն ստիպված է հաշվի առնել, որ խոսքը գնում է Եվրամիության խորհրդի նախագահի, երկու ամենահզոր պետությունների ղեկավարների մասին, ուստի մերժել նրանց մասնակցությունը, մանավանդ երբ արդեն նախադեպ եղել է,  իմ կարծիքով, դրան Ադրբեջանը չէր գնա։

-Հայաստանին հնգակողմ բանակցություններն ինչքանո՞վ են ձեռնտու։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ձեռքում շատ քիչ փաստարկներ կան և Հայաստանը շատ քիչ բան կարող է ինքնուրույն պնդել, մեզ համար այո՛, կարևոր է, որ միջազգային տարբեր հեղինակավոր ներկայացուցիչներ ներգրաված լինեն այդ հարցում։Մանավանդ, երբ խոսքը գնում է այնպիսի ներկայացուցիչների մասին, որոնք հետևում են միջազգային իրավունքի ու միջազգային հարաբերությունների որոշակի սկզբունքների և դրանք այսօր  այն հիմնական փաստարկներն են, որոնք կարող է ներկայացնել Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում։ Մենք ո՛չ ռազմական ուժ, ո՛չ էլ տնտեսական հնարավորություններ կարող ենք ցույց տալ, ինչպես դա անում է Ադրբեջանն ու Թուրքիան։ Մեր հիմնական փաստարկն այսօր միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների սկզբունքներն են, որոնք պետք է կիրառվեն հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարման գործընթացում։Մանավանդ որ  մենք շատ լավ հիշում ենք, որ  հենց Շոլցն է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ  հիշեցրել միջազգային իրավունքի այն սկզբունքները, որը  ներառում է  նաև ինքնորոշման հարցը… այնպես որ  ես չեմ կարծում, որ Հայաստանը  կարող է դեմ լինել Շոլցի մասնակցությանն այս բազմակողմ հանդիպմանը։

-Իսկ Գերմանիան Հայաստանի համար կարո՞ղ է դառնալ այն բարեկամ երկիրը, ինչպիսին Ֆրանսիան է։ Կարո՞ղ ենք Բեռլինից այս հարցում քաղաքական աջակցություն ակնկալել։

-Խոսքն այստեղ բարեկամների ներգրավման մասին չէ, այլ միջազգային իրավունքի սկզբունքի պնդման։ Այստեղ այն երկրները,կազմակերպությունները, որոնք քիչ թե շատ հետևողական են միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների սկզբունքների պաշտպանման գործում, իսկ դա Եվրամիությունն է, Ֆրանսիան, Գերմանիան,  կարևոր են։ Համոզված եմ, որ Հայաստանին ձեռնտու է իրենց ներգրավումը։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *