Հնարավոր է նոր ձևաչափի ստեղծում, ես պայմանագրի ստորագրմանը չեմ հավատում։ Գուցե ինչ-որ ճանապարհային քարտեզի շուրջ պայմանավորվածություն լինի, ինչը ևս կարող ենք հաջողություն համարել։ Բայց նույնիսկ դա ոչ թե շաբաթների, այլ ամիսների հարց է։ Գուցե լինի ինչ-որ հռչակագիր՝ բավականին զգուշավոր ձևակերպումներով, իրավաբանորեն չպարտադրող:
Վադիմ Դուբնով
Ղարաբաղի կարգավիճակի հարցում Մոսկվան ու արևմուտքը տարաձայնություն չունեն. Հայաստանի համար «լավ տարբերակներ» չկան. Դուբնով
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
-Պարոն Դուբնով, հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կիրակի օրը հանդիպելու են Բրյուսելում, ապա հունիսի 1-ին նաև Մոլդովայում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա հաջորդում է արտգործնախարարների ամերիկյան բանակցություններին, կարո՞ղ ենք ենթադրել, որ պրոցեսն ամբողջությամբ տեղափոխվում է արևմուտքի հովանու ներքո։
–Ես չեմ կարծում, որ գործընթացն ամբողջությամբ տեղափոխվում է արևմուտք, գործընթացները «4 կամ 6 ձեռք են ընթանում»։Սա բավականին բարդ «նվագախումբ է», գործընթացները միմյանց հետ համաձայնեցվում, նաև մրցակցում են։ Այնտեղ կան և՛ ներդաշնակության և՛ դիսոնանսի տարրեր։ Մի խոսքով՝ սա բավականին բարդ խաղ է, որտեղ անտագոնիզմն ավելի քիչ է, քան ընդունված է համարել։ Մոսկվայի և արևմուտքի միջև կան օրակարգի բաժանումներ։ Մոսկվան ու արևմուտքն ունեն տարբեր առաջնահերթություններ, տարբեր նպատակներ, բայց վերջին հաշվով դրանք իրար միացվելու են։
Եթե գնահատենք վաշինգտոնյան բանակցությունները՝ սկեպտիկորեն կամ լավատեսությամբ նայելու սանդղակով, ապա ես ավելի մոտ եմ երկրորդ տարբերակին։ Ինձ թվաց, որ 4 օրվա ընթացքում մարդիկ եթե ոչ փոխըմբռնում, ապա գոնե խնդիրների հասկացվածություն ձեռք բերեցին՝ առ այն, թե խնդիրը որ ուղղությամբ է շարժվելու։ Իմ դիտարկմամբ՝ 4 օր արտգործնախարարները քննարկել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության թեման, նաև ամենաբարդ հարցը՝ Ղարաբաղի հայերի կարգավիճակը։
Չմոռանանք, որ Մոսկվայում ևս հանդիպում է նախատեսված, ինչը ևս բավականին կարևոր է։
-Վերջին փուլում պայմանագիրն ու՞մ հովանու ներքո կստորագրվի, հնարավո՞ր է հենց այդ փուլում հակառակ կողմը խոչընդոտներ ստեղծի և գործընթացը տապալվի։
-Հարցն այն է, թե մենք ինչ նկատի ունենք ասելով՝ ինչ-որ մեկի հովանի։ Եթե հարցն այն է, թե որ կողմն է բերելու ստորագրման համար գրիչները, դա մի հարց է, որն այնքան էլ կարևոր չէ։ Իսկ եթե ինչ-որ մեկի մասին հիշատակումը՝ դա այլ։ Բայց հիմա այնքան վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին, որ նույնիսկ ակտուալ էլ չէ այդ հարցը քննարկելը։
-Կարծում եք՝ որևէ պայմանագրի ստորագրումը, թեկուզ շրջանակային, մոտ ապագայում հավանական չէ՞։
-Հնարավոր է նոր ձևաչափի ստեղծում, ես պայմանագրի ստորագրմանը չեմ հավատում։ Գուցե ինչ-որ ճանապարհային քարտեզի շուրջ պայմանավորվածություն լինի, ինչը ևս կարող ենք հաջողություն համարել։ Բայց նույնիսկ դա ոչ թե շաբաթների, այլ ամիսների հարց է։ Գուցե լինի ինչ-որ հռչակագիր՝ բավականին զգուշավոր ձևակերպումներով, իրավաբանորեն չպարտադրող։ Մենք գիտենք, որ եռակողմ համաձայնագիրը նույնպես իրավաբանական ուժ չուներ, բայց այսքան ժամանակ քիչ թե շատ աշխատում էր։ Ուստի հիմա հնարավոր է նոր ձևաչափի ստեղծում, բայց ոչ ավելին։
-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանն ու արևմուտքը տարբե՞ր պատկերացումներ ունեն Ղարաբաղի հայերի ապագայի մասին։ Կա՞ մի տարբերակ, որն ավելի ձեռնտու է Հայաստանին։
-Հայաստանին «լավ տարբերակներ» չեն մնացել, խոսքը մանրուքների մասին է, ոչ ավելին։ Թե՛ Մոսկվան և թե՛ արևմուտքը հասկանում են, որ Ղարաբաղի ապագան այսպես թե այնպես կապված են նրա հետ, ինչ մենք կոչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ես կարծում եմ, որ Լաչինի անցակետն արդեն ոչ մի տեղ չի անհետանա։ Այս սերունդը կապրի դրա հետ, իսկ հաջորդ սերունդների մասին դեռ չենք կարող խոսել։ Հիմա հարցն այն է, թե այս ամենն ինչ ձևակերպումներ կստանա և խոսքը մեծամասամբ այն մասին է, թե Մոսկվան այդ առևտրի արդյունքում ինչ կունենա՝ հիմնականում կոմունիկացիոն հարցերի հետ կապված։ Ըստ իս՝ սկզբունքային տարաձայնություններ չկան, կան միայն մանրուքներ։ Ինչ էլ ասեն՝ Ղարաբաղն աշխարհի ամենավերջին կետն է, որտեղ Մոսկվան ու արևմուտքը վառ արտահայտված անտագոնիզմ չունեն։
Հոդվածը՝1in.am կայքից։